Գլխավոր տեղեկություն
Номер
N 556
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.10.1993-24.09.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.10.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
30.10.1993
Дата вступления в силу
30.10.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.06.1998

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 1993 թվականի N 556

 

քաղ. Երևան

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 23-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշման, և, հաշվի առնելով հանրապետության տարածքում առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների, հատկապես ոչ պետական ձեռնարկությունների` դրամարկղային հաշվիչ-վերահաշվիչ ապարատներով ապահովման հետ կապված աշխատանքների խիստ անբավարար ընթացքը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների կողմից (անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից), բացառությամբ կրպակների, տաղավարների, շրջիկ առևտրական կետերի, նախնական պատվերի կտրոնով հացի վաճառք իրականացնող մասնագիտացված խանութների ու բաժինների, ինչպես նաև Հայկոոպի համակարգի` գյուղական բնակավայրերում տեղաբաշխված մեկ աշխատանքային տեղ ունեցող խանութների, առանց հաշվիչ-վերահաշվիչ ապարատների մանրածախ վաճառքի իրականացումը համարվում է եկամուտների հաշվառման սահմանված կարգի ու առևտրի կանոնների կոպիտ խախտում և նրանց նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում`

ա) առաջին անգամ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 50 նվազագույն աշխատավարձի չափով.

բ) երկրորդ անգամ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 200 նվազագույն աշխատավարձի չափով.

գ) երրորդ և ավելի անգամ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 500 նվազագույն աշխատավարձի չափով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նախատեսված տուգանքները մուծում են խախտում թույլ տված ձեռնարկությունները:

3. Առանց հաշվիչ-վերահաշվիչ ապարատների մանրածախ վաճառք իրականացնող անհատ ձեռներեցները և ձեռնարկությունների պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ և քրեական օրենսգրքով սահմանված կարգով:

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում մանրածախ առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններում հաշվիչ-վերահաշվիչ ապարատների ապարատների օգտագործման կարգը (կցվում է):

5. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության ժողովրդական սպառման ապրանքների որակի ու առևտրի պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` հսկիչ-դրամարկղային մեքենաների առկայության և շահագործման նկատմամբ 1993 թվականի նոյեմբերի 1-ից սահմանել անհրաժեշտ վերահսկողություն:

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության ժողովրդական սպառման ապրանքների որակի ու առևտրի պետական տեսչության գործունեության խրախուսման և նրա նյութատեխնիկական բազայի ամրապնդման նպատակով սույն որոշման 1-ին կետով նախատեսված խախտումների համար բռնագանձված տուգանքների գումարի 5 տոկոսը հատկացվում է տեսչությանը:

7. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, 10-օրյա ժամկետում մշակել կրպակներում, տաղավարներում և շրջիկ առևտրական կետերում վաճառքի թույլատրվող պարենային և ոչ պարենային ապրանքների տեսականին և ցանկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` 5-օրյա ժամկետում համատեղ հաստատել առևտրի և սպասարկման ոլորտներում հաշվիչ-վերահաշվիչ ապարատների շահագործման կանոնները:

 9. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, Հայկոոպի վարչությանը` 15-օրյա ժամկետում կազմել իրենց համակարգերի մանրածախ առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների ցանկը, իսկ պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ոչ պետական մանրածախ առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների ցանկը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության ժողովրդական սպառման ապրանքների որակի ու առևտրի պետական տեսչություն:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 23-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշման 6-րդ կետի, ինչպես նաև սույն որոշման գործողությունը 1994 թվականի հունվարի 1-ից տարածել հասարակական սննդի ոլորտում ծառայություններ իրականացնող ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից), ինչպես նաև անհատ ձեռներեցների վրա:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1993 թ. 
հոկտեմբերի 30-ի N 556 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ-ՎԵՐԱՀՍԿԻՉ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Բնակչության հետ հաշվարկները հաշվիչ-վերահսկիչ դրամարկղային ապարատներով իրականացնող ձեռնարկությունները պետք է պարտադիր կարգով գնորդին տան նրանից կանխիկ գումարն ընդունելու փաստը հաստատող վճարագիր (դրամարկղային չեկ):

2. Դրամարկղային վճարագրերը մարվում են գնորդին ապրանքը հանձնելու հետ միաժամանակ` դրոշմելու կամ համապատասխան տեղում կտրելու միջոցով:

Դրամարկղային վճարագրերի վրա պետք է լինեն պայմանական ծածկագրեր, դրոշմներ` դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների համարների և կանխիկ դրամի ընդունման ու ստացման ամսաթվերի նշմամբ:

3. Բոլոր դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատներն աշխատանքի ընթացքում պարտադիր կարգով պետք է ունենան հսկիչ ժապավեններ:

Հսկիչ ժապավենները, վճարագրերի կրկնօրինակները (պատճենները) և ընդունված կանխիկ գումարները հաստատող այլ փաստաթղթեր ձեռնարկությունում պետք է պահվեն փաթեթավորված վիճակում` 15 օր, վերջին գույքագրման անցկացման և ապրանքային հաշվետվության ստուգման օրվանից հաշված:

Ապրանքային հաշվետվությունները և դրանց կից խիստ հաշվառման փաստաթղթերը ձեռնարկությունում պահվում են 3 տարուց ոչ պակաս ժամկետով:

Սույն կետի երկրորդ պարբերությունում թվարկված փաստաթղթերի` սահմանված ժամկետներում պահպանման համար պատասխանատվությունը կրում են ձեռնարկության ղեկավարը կամ նրան փոխարինողը:

4. Դրամարկղային գործառնությունների ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետությունում դրամարկղային գործառնությունների վճարման կարգին համապատասխան:

5. Պարենային և ոչ պարենային ապրանքների կոմիսիոն առևտրով զբաղվող խանութներում և բաժիններում իրը (ապրանքը) վերադարձնելիս կոմիտենտից ապրանքների պահպանման դիմաց գանձված գումարի համար գանձապահն ամեն օր կազմում է մուտքի հաշվարկային տեղեկագիր:

Օրվա վերջին տեղեկագրում նշված գումարներն ամփոփվում են, տեղեկագիրը ստորագրում են խանութի ղեկավարը, գանձապահն ու հաշվապահը, և ընդհանուր գումարի համար դուրս է գրվում մեկ մուտքի օրդեր, որը տեղեկագրի հետ միասին կցվում է դրամարկղային հաշվետվությանը և հանձնվում հաշվապահություն: Նշված տեղեկագրերի բլանկները համարվում են խիստ հաշվառման բլանկներ:

Վաճառված ապրանքի դիմաց կոմիտենտին կանխիկ դրամի վճարումը կատարվում է կոմիտենտային քարտում` նրա ստորագրելուց հետո:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.05.1998, N 298 09.06.1998, N 556
24.09.1996, N 310 24.09.1996, N 556
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան