Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-506
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.09.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2004/4
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
06.09.2004
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
06.09.2004
Дата вступления в силу
06.09.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

6 սեպտեմբերի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանի,

հրավիրված` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2004 թվականի ապրիլի 5-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին Կովկասյան նախաձեռնության շրջանակներում համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2004 թ. ապրիլի 5-ին` Երևանում: Համաձայնագրի նպատակն է ՀՀ կառավարությանը կամ ՀՀ և ԳԴՀ կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից (KFW) վարկ ստանալու հնարավորություն ընձեռելը:

2. Համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից (KFW) ստանալ մինչև 4.700.000 (չորս միլիոն յոթ հարյուր հազար) եվրո ընդհանուր գումարի վարկ (այսուհետ` վարկ)` «Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի հաղորդման տարածաշրջանային համակարգ» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) իրականացման համար, եթե Ծրագրի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ տվյալ Ծրագիրը խրախուսման արժանի է:

3. Քննության առարկա համաձայնագիրը կիրառվում է.

- Ծրագրի իրականացման համար ստացվելիք վարկերի նկատմամբ,

- ՀՀ և ԳԴՀ կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ նշված Ծրագրի փոխարեն ընտրված այլ նախագծի իրականացման համար ստացվելիք վարկերի նկատմամբ,

- ԳԴՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը հնարավորություն ընձեռելու դեպքում նշված Ծրագրի նախապատրաստման նպատակով հետագայում ևս ստացվելիք վարկերի կամ դրամաշնորհների նկատմամբ:

Նշված դրամաշնորհները, դրանց ոչ նպատակային օգտագործման դեպքում, փոխարկվում են վարկի:

4. Ըստ համաձայնագրի` վարկի գումարի օգտագործումը, վերջինիս տրամադրման պայմանները, ինչպես նաև կապալ տալու կարգը սահմանվում են Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի (KFW) և վարկառուի միջև հետագայում կնքվելիք պայմանագրով, որը ենթակա է ԳԴՀ գործող իրավական նորմերին:

Վարկի գումարի տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե տրամադրման տարվանից սկսած 8 տարվա ընթացքում վարկի տրամադրման մասին համապատասխան պայմանագիր չի կնքվում:

Համաձայնագրով որպես վարկի գումարի համար ժամկետ սահմանվում է 2011 թ. դեկտեմբերի 31-ը:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- ստացված վարկի դիմաց Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի (KFW) օգտին կատարել վճարումներ` ի կատարումն Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի (KFW) և Հայաստանի Հանրապետության միջև հետագայում կնքվելիք պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների,

- երաշխավորել երկու կառավարությունների համատեղ ընտրած այլ վարկառուի կողմից Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի (KFW) օգտին բոլոր վճարումները եվրոյով` ի կատարումն Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի (KFW) և այդ վարկառուի միջև հետագայում կնքվելիք պայմանագրով վարկառուի ստանձնած պարտավորությունների,

- Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկը (KFW) ազատել բոլոր հարկերից և պետական այլ վճարումներից` կապված Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի (KFW) և Հայաստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետությունում կնքվելիք պայմանագրի կնքման և իրականացման հետ:

6. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ համաձայն ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ա. Սիմոնյանի և հրավիրված` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի` սահմանադրական դատարանում տված պարզաբանումների` նախատեսվող վարկային ռեսուրսներն օգտագործվելու են բացառապես Կովկասյան նախաձեռնության շրջանակներում` ՀՀ էներգետիկայի զարգացման նպատակով, և այդ միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ սահմանված կարգով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2004 թվականի ապրիլի 5-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին Կովկասյան նախաձեռնության շրջանակներում համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


6 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ-506

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան