ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
2 մայիսի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին 2002 թվականի հոկտեմբերի 6-ին Քիշնևում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Տ. Խաչատրյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի հոկտեմբերի 6-ին` Քիշնևում: Համաձայնագրի նպատակն է Կողմերի տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ եկամուտների և գույքի կրկնակի հարկման, հարկումից խուսափելու և հարկային խտրականության անթույլատրելիությունը, ինչպես նաև ապրանքների ու ծառայությունների շրջանառության և այլ հնարավորությունների զարգացումը:
2. Համաձայնագրով սահմանված են գործող հարկերի տեսակները, հարկման օբյեկտները, կրկնակի հարկումը բացառելու եղանակներն ու դեպքերը:
3. Համաձայնագրով կարգավորվում են նաև արվեստի բնագավառի աշխատողների, մարզիկների, պետական ծառայողների, պրոֆեսորների, ուսուցիչների, ուսանողների և այլ անձանց գործունեության արդյունքում հարկմանն առնչվող հարցերը:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.
- չհարկել Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներ և Մոլդովայի Հանրապետության ռեզիդենտներ հանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանց ձեռնարկատիրական գործունեությունից Հայաստանի Հանրապետությունում ստացված շահույթը, եթե այն չի ստացվել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատության միջոցով,
- հարկել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից Մոլդովայի Հանրապետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները, եթե գանձվող հարկը չի գերազանցում շահաբաժինների համախառն գումարի`
ա) 5 %-ը, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության կանոնադիր հիմնադրամի առնվազն 25 %-ը,
բ) 15 %-ը` բոլոր մնացած դեպքերում,
- հարկել Հայաստանի Հանրապետությունում առաջացող և Մոլդովայի Հանրապետության ռեզիդենտին վճարված ռոյալթին, եթե գանձվող հարկը չի գերազանցում ռոյալթիի համախառն գումարի 10 %-ը, իսկ վճարվող ռոյալթիի ստացումը կապված չէ Հայաստանի Հանրապետությունում գտնվող` Մոլդովայի Հանրապետության ռեզիդենտի մշտական հաստատության հետ,
- ծանուցել հարկային օրենքներում կատարված փոփոխությունների մասին,
- ապահովել համաձայնագրով նախատեսված գործողությունների փոխհամաձայնեցումը:
5. Համաձայնագրի դրույթները ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (մասնավորապես, հոդվածներ 4, 8, 9) կոչված են Կողմերի միջև հաստատելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսական գործունեության ազատության համար, ապահովել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և այլն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին 2002 թվականի հոկտեմբերի 6-ին Քիշնևում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|