ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 1995 թվականի N 100
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ՆԱԽԱԳԾՄԱՆ) ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Պետական բյուջեից ֆինանսավորվող կապիտալ ներդրումների օգտագործման արդյունավետության բարձրացման, շինարարության մասնակիցների միջև իրական մրցակցության ապահովման և նրանց պատասխանատվության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել պետական բյուջեից կապիտալ շինարարության ֆինանսավորման, ծրագրի կազմման և օբյեկտների շինարարության (նախագծման) պատվիրատուների ընտրության կարգը (կցվում է) և այն կիրարկել 1996 թվականի հունվարի 1-ից:
2. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը`
ա) ապարատի պահպանման տարեկան ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում վարչության կենտրոնական ապարատում ստեղծել կապիտալ շինարարության վարչություն, նրա վրա դնելով`
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված առանձին օբյեկտների շինարարության (նախագծման) պատվիրատուի պարտականությունները,
Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, գործադիր իշխանության տեղական մարմինների կողմից ներկայացվող` օբյեկտների շինարարության տիտղոսացուցակների փորձաքննության անցկացումը,
կատարողական ակտերի փորձաքննության անցկացումը և դրանք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը.
բ) հաստատել կապիտալ շինարարության վարչության կանոնադրությունը և կառուցվածքը:
Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության կանոնադրության մեջ համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին.
գ) մեկամսյա ժամկետում հաստատել շինարարության արժեքի հաշվարկման նոր մեթոդիկա` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ.
դ) երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, հաստատել օբյեկտների շինարարության (նախագծման) պատվիրատուների ընտրության մրցույթի կարգը, հիմք ընդունելով սույն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 16-ի «Շինարարության պատվերի տեղադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի հաստատման մասին» N 572 որոշմամբ հաստատված կարգի դրույթները, ինչպես նաև նշված մրցույթում հաղթող ճանաչված պատվիրատուի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության կապիտալ շինարարության վարչության պետը միաժամանակ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության պետի տեղակալ:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը, Հայաստանի Հանրապետության մյուս նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին և գործադիր իշխանության տեղական մարմիններին` 1996 թվականի կապիտալ շինարարության ծրագրի նախագիծը կազմելիս ղեկավարվել սույն որոշմամբ հաստատված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերում ընդգրկված օբյեկտների շինարարության ֆինանսավորումը 1995 թվականի ապրիլի 1-ից իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության կողմից ներկայացված կատարողական ակտերի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ՆԱԽԱԳԾՄԱՆ) ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
1. Կապիտալ շինարարության պետական պատվերի տարեկան ծրագրի նախագիծը (այսուհետև` ծրագիր) կազմում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և այն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախորդ տարվա նոյեմբերի 15-ին:
2. Ծրագիրը պետք է ընդգրկի`
ա) կապիտալ ներդրումների ընդհանուր սահմանաչափը, այդ թվում հանրապետական բյուջեի, տեղական բյուջեների միջոցների և պետական ինվեստիցիոն վարկերի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ծրագրերը.
(փոփ. 06.07.95 N 470 որոշում)
բ) կապիտալ ներդրումների բաշխումն ըստ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և գործադիր իշխանության տեղական մարմինների.
գ) կառուցման և նախագծման ենթակա օբյեկտների ցանկը` հատկացվող կապիտալ ներդրումների սահմանաչափով.
դ) գործարկման ենթակա հզորությունները և ժամկետները:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ծրագիրը կազմում է Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության կողմից համաձայնեցված օբյեկտների շինարարության տիտղոսացուցակների հիման վրա:
Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությունը վերլուծում է Հայաստանի հանրապետության ճյուղային նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և գործադիր իշխանության տեղական մարմինների ներկայացրած առաջարկությունները (ճշտում է փորձաքննություն անցած նախագծերի առկայությունը, դրանց համապատասխանությունը գործող նորմերին, մնացորդային նախահաշվային արժեքները, կառուցման նպատակահարմարությունը և այլն) և դրանք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին:
Հայաստանի Հանրապետության ճյուղային նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները և գործադիր իշխանության տեղական մարմինները տիտղոսացուցակները` անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչություն են ներկայացնում մինչև նախորդ տարվա սեպտեմբերի 1-ը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ծրագրի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները և գործադիր իշխանության տեղական մարմինները, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության մասնակցությամբ, մեկամսյա ժամկետում անցկացնում են օբյեկտների շինարարության (նախագծման) պատվիրատուների ընտրության մրցույթ` ըստ օբյեկտների, եթե ծրագրով այլ բան չի նախատեսված:
Մրցույթի արդյունքները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մրցույթի արդյունքների հաստատումից հետո մրցույթում հաղթող ճանաչված օբյեկտների շինարարության (նախագծման) պատվիրատուների և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև 5-օրյա ժամկետում կնքվում է համապատասխան պայմանագիր:
6. Մրցույթում հաղթող ճանաչվելու կամ մրցույթի չկայացման դեպքում տվյալ օբյեկտի շինարարության (նախագծման) պատվիրատուն որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
7. Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները և գործադիր իշխանության տեղական մարմիններն օբյեկտների շինարարության (նախագծման) պատվիրատուների ընտրության մրցույթն անցկացնում են Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության կողմից հաստատված կարգի համաձայն, հիմք ընդունելով`
ա) պատվիրատուի` նախորդ երեք տարիների գործունեության արդյունքները (օբյեկտների շահագործման հանձնման ժամկետները, շինարարության արժեքը, պայմանագրային պարտավորությունների կատարումը և այլն).
բ) պատվիրատուի գույքի վերաբերյալ տեղեկանքը.
գ) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման առաջարկվող ժամկետները.
դ) սարքավորումների և նյութերի մատակարարման վերաբերյալ առաջարկությունները.
ե) տեխնիկական վերահսկողության իրականացման հնարավորությունները, վերահսկողների մասնագիտական մակարդակը (աշխատանքային ստաժը, կրթությունը, այն օբյեկտների ցանկը, որոնց շինարարությանը մասնակցել են).
զ) օբյեկտը շահագործման հանձնելու ժամկետը.
է) պատվիրատուի ծառայության պահպանման ծախսերի սահմանաչափը.
ը) պատվիրատուի վճարունակության վերաբերյալ սպասարկող բանկի տեղեկանքը:
8. Օբյեկտների շինարարության (նախագծման) պատվիրատուների ընտրության մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ճյուղային նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, գործադիր իշխանության տեղական մարմինները, պետական և ոչ պետական ձեռնարկությունները, ինչպես նաև օտարերկրյա ձեռնարկություններն ու կազմակերպությունները:
9. Մրցույթով ընտրված օբյեկտի շինարարության (նախագծման) պատվիրատուն օբյեկտի շինարարության (նախագծման) պատվերը տեղաբաշխում է մրցութային հիմունքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 16-ի «Շինարարության պատվերի տեղադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի հաստատման մասին» N 572 և 1995 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 16-ի N 572 որոշմամբ հաստատված կարգի մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 13 որոշումներին համապատասխան:
Մրցույթի արդյունքները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հաստատմանը:
Եթե օբյեկտների շինարարության (նախագծման) պատվիրատուների ընտրության մրցույթում հաղթող է ճանաչվել կապալառու (նախագծային) կազմակերպությունը, ապա օբյեկտի շինարարության (նախագծման) պատվերի տեղաբաշխումը կարող է կատարվել առանց մրցույթի:
10. Մրցույթով ընտրված կապալառու (նախագծային) կազմակերպության և օբյեկտի շինարարության (նախագծման) պատվիրատուի միջև կնքվում է կապալի պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական պատվերի օբյեկտների կապիտալ շինարարության կապալի պայմանագրերի կնքման և կատարման կարգի ժամանակավոր հիմնադրույթների հաստատման մասին» N 150 որոշման:
11. Օբյեկտների շինարարության (նախագծման) պատվիրատուները, կապալառու (նախագծային) կազմակերպությունների հետ համատեղ, համաձայն կնքված պայմանագրերի, կազմում են օբյեկտների շինարարության տարեկան ֆինանսավորման ժամկետացանկեր և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը օբյեկտների շինարարությունը ֆինանսավորում է հիմք ընդունելով նշված ժամկետացանկերը:
12. Օբյեկտների շինարարության (նախագծման) պատվիրատուներն ամենամսյա կատարողական ակտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչություն:
Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությունը մեկշաբաթյա ժամկետում ստուգում է կատարողական ակտերի ճշտությունը (գները, հաշվարկման մեթոդիկան, առանձին դեպքերում` ֆիզիկական ծավալները), համաձայնեցնում դրանք և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.05.1997, N 141 | 23.05.1997, N 100 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|