ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 դեկտեմբերի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56, 67 և 21 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի հունվարի 19-ին` Երուսաղեմում:
Համաձայնագրի նպատակն է Կողմերի տարածքներում գործարար նախաձեռնությունների խթանումը, տնտեսական համագործակցության ամրապնդումը, կապիտալ ներդրումների խրախուսումն ու փոխադարձ պաշտպանությունը` երկկողմանի շահավետության հիման վրա:
Համաձայնագրի դրույթներն ապահովում են արդար և հավասար պայմաններ` Կողմերի ներդրողների և ներդրումների համար, որոնք պետք է լինեն ոչ պակաս բարենպաստ, քան սեփական և երրորդ երկրների ներդրողներին տրամադրվող պայմանները:
2. Ըստ համաձայնագրի` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին և եկամուտներին պարտավորվում է տրամադրել բարենպաստ ռեժիմ` ինչպես իր սեփական և երրորդ երկրի ներդրողների ներդրումներին և եկամուտներին` ներդրումների ընդլայնման, կառավարման, իրագործման, գործարկման և օտարման կամ տնօրինման առումով:
Համաձայնագրով սահմանվում են երաշխիքներ` ազգայնացման և օրենսդրական փոփոխությունների դեպքում ներդրողների իրավունքների պաշտպանության և կորուստների փոխհատուցման համար, ինչպես նաև երաշխավորվում է ներդրումներից ստացվող եկամուտների ազատ տնօրինումը և փոխանցումը կապիտալի ծագման երկիր և այլ երկրներ:
3. Ըստ համաձայնագրի` պայմանավորվող ցանկացած Կողմի յուրաքանչյուր ներդրողի ներդրումները չեն կարող օտարվել կամ ենթարկվել այնպիսի միջոցառումների, որոնք համարժեք են օտարման մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բխում է այդ Պայմանավորվող կողմի հասարակական շահերից և կատարվում է Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգով: Գործողությունների իրականացումն այդպիսի դեպքերում պետք է պահպանի անխտրականության սկզբունքը, և օտարումը պետք է ուղեկցվի նախնական, արդյունավետ և համարժեք փոխհատուցմամբ:
4. Համաձայնագիրը նաև նախատեսում է ներդրումային վեճերի լուծման` միջազգային պրակտիկայում ընդունված ընթացակարգեր:
5. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8, 9 և 28 հոդվածների պահանջներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին 2000 թվականի հունվարի 19-ին Երուսաղեմում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|