Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-301
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.05.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2002/3
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
22.05.2001
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ
Дата подписания
22.05.2001
Дата вступления в силу
22.05.2001

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

22 մայիսի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ. Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1-ին կետի, 21(1) և 56 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Երիցյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի հոկտեմբերի 25-ին` Ստոկհոլմում` Կողմերի միջև կանոնավոր օդային հաղորդակցության հաստատման և իրականացման նպատակով:

Համաձայնագրով Կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնում` կապված ավիաընկերությունների նշանակման և լիազորման, ավիացիոն անվտանգության ապահովման, մաքսային տուրքերից և այլ գանձումներից ազատման, եկամուտների փոխանցման հետ:

Համաձայնագրում նշվում են փոխադարձ իրավունքների շրջանակները` Կողմերի տարածքով առանց վայրէջքի թռիչքներ իրականացնելու, ինչպես նաև կանգառելու իրավունք տվող պայմաններն ու նպատակները:

Համաձայնագրով նախատեսվում է նաև տարաձայնությունների կարգավորման, համաձայնագրում փոփոխությունների կատարման և դրա գործողության դադարեցման կարգը:

Համաձայնագիրը պարունակում է դրույթներ, որոնք վերաբերում են մուտքի պարզեցված կանոններին, գանձվող սակագներին, Կողմերի տարածքներում ավիաընկերությունների ներկայացուցչություններին և դրանց առևտրային գործունեության կարգավորմանը:

Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի միջև խորհրդակցությունների անցկացում և վեճերի կարգավորում` հաշտարար դատարան դիմելու միջոցով:

2. Համաձայնագիրն ունի հավելված, որում սահմանվում են Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները և այն իրավունքները, որոնցից օգտվում են այդ ավիաընկերությունները` միջանկյալ և միմյանց տարածքներից դուրս գտնվող վայրերում:

Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով` յուրաքանչյուրը հայերեն, նորվեգերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանության ընթացքում տարաձայնություններ ծագելու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

3. Համաձայնագրի դրույթները համահունչ են օդային հաղորդակցության ոլորտին առնչվող մի շարք բազմակողմ միջազգային կոնվենցիաներին, որոնց Հայաստանի Հանրապետությունը միացել է 1994-1996 թթ. ընթացքում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին 2000 թվականի հոկտեմբերի 25-ին Ստոկհոլմում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահի տեղակալ

Վ. Հովհաննիսյան


22 մայիսի 2001 թվականի
ՍԴՈ-301