ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 1992 թվականի N 405
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և Անկախ պետությունների համագործակցության միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության միջև կնքված Հայաստանի Հանրապետության իրավասությանը քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինները, հաստատությունները և զորամասերը հանձնելու մասին համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության շտաբի զինծառայողների ծառայությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության «Զինապարտության մասին» օրենքին համապատասխան` նրանց վրա տարածելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սահմանված իրավունքները, արտոնությունները և առավելությունները:
2. Հաստատել քաղաքացիական պաշտպանության շտաբի և նրա համակարգի զինծառայողների աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը` 3 մլն. 400 հազար ռուբլու չափով: Վարձատրությունը կատարել սկսած 1992 թվականի մայիսի 1-ից:
3. Քաղաքացիական պաշտպանության շտաբների աշխատակիցների (ոչ զինծառայողների) պաշտոնեական դրույքները սահմանել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1989 թվականի հոկտեմբերի 7-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թվականի սեպտեմբերի 29-ի «Պետական կառավարման մարմինների ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության կատարելագործման մասին» N 803 որոշումը» N 511 որոշմանը համապատասխան, հաշվի առնելով պաշտոնեական դրույքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինդեքսավորման գործակիցները:
4. Սահմանամերձ շրջանների բնակչության հուսալի պաշտպանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության շտաբի անձնակազմի թվաքանակի հաշվին ստեղծել տարածքաշրջանային (ռեգիոնալ) շտաբներ` Երևանի, Արարատյան (քաղ. Հոկտեմբերյան), Զանգեզուրի (քաղ. Գորիս), Լոռու (քաղ. Վանաձոր), հյուսիս-արևելյան (քաղ. Իջևան), նախալեռնային (քաղ. Հրազդան), Շիրակի (քաղ. Գյումրի) և Սևանի (քաղ. Մարտունի):
Համապատասխան տարածքաշրջանային շտաբների ռազմական մասնագետների ուժերով ամրապնդել սահմանամերձ շրջանների քաղաքացիական պաշտպանության շտաբները:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության շտաբին` մեկամսյա ժամկետում քաղաքացիական պաշտպանության շտաբի կանոնադրության նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչություն` հաստատման:
6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել քաղաքացիական պաշտպանության մեքենայացված գումարտակի ստեղծման և Հայաստանի Հանրապետության կառավարության կառավարման պահեստային կետի կանոնադրության մասին:
7. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել քաղաքացիական պաշտպանության տարածքաշրջանային (ռեգիոնալ) շտաբների տեղավորման և զինծառայողներին բնակարանների հատկացման հարցերը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, N 405 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|