ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 1994 թվականի N 376
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմում փաստաթղթերի ընդգրկման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` մինչև 1994 թվականի հոկտեմբերի 1-ը ապահովել համապատասխան փորձագիտական հանձնաժողովների կազմավորումը և կանոնակարգված գործունեությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1994 թ. օգոստոսի 16-ի N 376 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (ՀԱԱՖ) կազմում փաստաթղթերի ընդգրկման համար անցկացվում է դրանց փորձագիտական արժեքավորում:
2. Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորումը փաստաթղթերի արժեքավորման սկզբունքների ու չափանիշների հիման վրա դրանց ուսումնասիրությունն է` փաստաթղթերի պահպանության ժամկետները սահմանելու և դրանք պետական պահպանության համար առանձնացնելու նպատակով:
II. Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման սկզբունքներն ու չափանիշները
3. Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման սկզբունքներն են` պատմականությունը, ամբողջականությունը և համակողմանիությունը:
4. Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման սկզբունքները կիրառվում են` «Փաստաթղթի ծագում», «Փաստաթղթի բովանդակություն», «Փաստաթղթի արտաքին առանձնահատկություն» չափանիշների համադրմամբ:
5. «Փաստաթղթի ծագում» չափանիշին են վերաբերում`
ա) հասարակության կյանքում նախարարության, պետական վարչության, գերատեսչության, ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության (այսուհետև` հիմնարկի) կամ անձի զբաղեցրած տեղը.
բ) փաստաթղթում արտացոլված իրադարձության (երևույթի, փաստի, առարկայի) նշանակությունը.
գ) փաստաթղթի առաջացման (ծագման) տեղն ու ժամանակը:
6. «Փաստաթղթի բովանդակություն» չափանիշին են վերաբերում`
ա) փաստաթղթում արտացոլված տեղեկատվության նշանակությունը.
բ) տեղեկատվության կրկնվածությունն ուրիշ փաստաթղթերում.
գ) կազմման նպատակը.
դ) փաստաթղթի տեսակն ու տարատեսակը:
7. «Փաստաթղթի արտաքին առանձնահատկություն» չափանիշին են վերաբերում`
ա) փաստաթղթի իսկությունը.
բ) փաստաթղթի վրա մակագրության, նշագրման և նշումների առկայությունը.
գ) փաստաթղթի արտաքին տեսքը.
դ) փաստաթղթի բովանդակության հաղորդման ձևը.
ե) փաստաթղթի ձևակերպման ու վավերացման եղանակը (այդ թվում` փաստաթղթի գեղարվեստական, հնագրագիտական, լեզվական, ֆիզիկական առանձնահատկությունը և այլն):
3. Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման կազմակերպումը
8. Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորումն անցկացվում է`
ա) հիմնարկի գործավարությունում`
գործերի անվանակարգ կազմելիս.
գործերը ձևակերպելիս և փաստաթղթերը գործերում տեղադրելու ճշտությունն ստուգելիս.
գործերը գերատեսչական արխիվում պահպանության համար նախապատրաստելիս.
բ) գերատեսչական արխիվում` գործերը պետական պահպանության համար նախապատրաստելիս.
գ) պետական արխիվում`
չկարգավորված ֆոնդերը (հիմնականում անձնական ծագման) մշակելիս.
փաստաթղթերի նպատակային փորձագիտական արժեքավորում անցկացնելիս.
գործերը նկարագրելիս.
արխիվային գործերի ցուցակները վերամշակելիս:
9. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմի և փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման ու պետական պահպանության համար դրանց ընտրության հարցերը քննարկում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության կենտրոնական փորձագիտական-ստուգող հանձնաժողովը (ԿՓՍՀ), կենտրոնական, միջշրջանային և Երևան քաղաքի արխիվների մեթոդական փորձագիտական-ստուգող հանձնաժողովները (ՄՓՍՀ):
10. Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորումը և պետական պահպանման համար դրանց ընտրությունը կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև հիմնարկներում փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման անցկացման մեթոդական օգնությունն ու հսկողությունն իրականացնելու նպատակով նախարարություններում, պետական վարչություններում և գերատեսչություններում ստեղծվում են մշտական գործող կենտրոնական փորձագիտական հանձնաժողովներ (ԿՓՀ):
11. Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորումը և պահպանության համար դրանց առանձնացումը իրականացնում են նախարարություններում, պետական վարչություններում, գերատեսչություններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ստեղծված և մշտական գործող փորձագիտական հանձնաժողովները (ՓՀ):
12. Փորձագիտական հանձնաժողովների խնդիրները, գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության կողմից հաստատված կանոնադրություններով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.09.1999, N 559 | 10.10.1999, N 376 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|