Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-91
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.02.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
20.02.1998
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
20.02.1998
Дата вступления в силу
20.02.1998

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

20 փետրվարի 1998 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև սահմանային հարցերով համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Ս. Սարգսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի հուլիսի 29-ին` Կիևում: Համաձայնագրով Պայմանավորող կողմերը պարտավորվում են կանխել իրենց պետական սահմանով ահաբեկչական խմբերի, անօրինական միգրանտների և այլ հանցավոր տարրերի թափանցման, զենքի և զինամթերքի, պայթուցիկ, հրդեհիչ, թունավորող, ռադիոակտիվ, հոգեներգործող նյութերի, թմրանյութերի և ներմուծման ու արտահանման համար արգելված այլ ապրանքների և բեռների ապօրինի փոխադրումների փորձերը:

Պայմանավորվող կողմերն ապահովելու են պետական սահմաններում ստեղծվող իրադրության, սահմանային հարցերով նոր օրենսդրական ակտերի մասին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների ժամանակին փոխանակումը: Պայմանավորող կողմերը միմյանց օգնություն են ցուցաբերելու նյութատեխնիկական ապահովման, պետական սահմանի պահպանության տեխնիկական միջոցների և սպառազինության պատվերների տեղաբաշխման, մշակման, պատրաստման, ներդրման և նորոգման գործում:

Պայմանավորվող կողմերն անհրաժեշտության դեպքում կաջակցեն միմյանց սահմանապահ զորքերի սպայական կադրերի և կրտսեր մասնագետների պատրաստման հարցերում:

Համաձայնագիրն ստորագրվել է երեք լեզվով` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում, համաձայնագրի դրույթների մեկնաբանման նպատակով առավելությունը տրվում է ռուսերենին: Սակայն, համաձայնագրի հայերեն և ռուսերեն բնագիր տեքստերում առկա են թարգմանական անհամապատասխանություններ (4, 6 և 9 հոդվածներում) և բացթողումներ (15 հոդվածում), որոնք համաձայնագրի սահմանադրականության խնդրին չեն առնչվում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև սահմանային հարցերով համագործակցության մասին 1997 թվականի հուլիսի 22-ին Կիևում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահի տեղակալ

Վ. Հովհաննիսյան


20 փետրվարի 1998 թվականի
ՍԴՈ-91