ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ, ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1961 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
13 նոյեմբերի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային գործակալության պետ Ա. Ազիզյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի առաջին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի առաջին կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների իրավունքների պահպանության մասին 1961 թվականի հոկտեմբերի 26-ին Հռոմում ստորագրված միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Ազիզյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան ստորագրվել է 1961 թվականի հոկտեմբերի 26-ին` Հռոմում: Կոնվենցիայի նպատակն է պահպանել կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների իրավունքները:
2. Կոնվենցիայով յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է կատարողներին, հնչյունագրեր արտադրողներին և հեռարձակող կազմակերպություններին տրամադրել ազգային մոտեցում, եթե առկա է կոնվենցիայով նախատեսված պայմաններից որևէ մեկը:
Կոնվենցիան սահմանում է յուրաքանչյուր Մասնակից պետության կատարողներին, հնչյունագրեր արտադրողներին և հեռարձակող կազմակերպություններին ազգային մոտեցում տրամադրելու պայմանները:
Կոնվենցիայով նախատեսվում են. պահպանվող կատարումները, հնչյունագրերն ու հեռարձակումները, ինչպես նաև կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների իրավունքները:
Կոնվենցիան բովանդակում է նաև դրույթներ տրամադրվող պահպանության նվազագույն տևողության, թույլատրված բացառությունների, հատուկ սահմանափակումների, վերապահումների, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, այն վերանայելու, վեճերի կարգավորման ու այլ հարցերի վերաբերյալ:
3. Կոնվենցիայով ստեղծվում է միջկառավարական կոմիտե, որն ուսումնասիրելու է կոնվենցիայի կիրառման և գործողության հետ կապված հարցերը:
4. Կոնվենցիան ստորագրելիս Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հայտարարագիր կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով և 16-րդ հոդվածի 1-ին կետով ընձեռված հնարավորություններից օգտվելու մասին:
5. Կոնվենցիան կարող է նպաստել ազգային մշակույթի և արվեստի զարգացմանը: Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8, 9, 36 հոդվածների դրույթներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների իրավունքների պահպանության մասին 1961 թվականի հոկտեմբերի 26-ին Հռոմում ստորագրված միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Հովհաննիսյան |
|