ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ (ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
10 ապրիլի 1998 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Պետրոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև զարգացման վարկի (կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումների ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Պետրոսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի փետրվարի 4-ին` ԱՄՆ-ում: Ըստ համաձայնագրի, Զարգացման միջազգային ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը պարտքով տրամադրելու է 11 միլիոն 100 հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (SDR) գումար` կրթության համակարգում որոշակի ծրագրեր (այդ թվում` կառուցվածքային բարեփոխումներ, դասագրքերի տպագրություն ու բաշխում և այլն) իրականացնելու նպատակով: Վարկառուն պետք է ընկերակցությանը վճարի պարտավճար` յուրաքանչյուր տարվա համար կես տոկոսը չգերազանցող դրույքաչափով, ինչպես նաև` սպասարկման վճար, որը տարեկան կազմելու է վարկի հիմնական գումարի սահմանված վճար, որը տարեկան կազմելու է վարկի հիմնական գումարի սահմանված և չմարված մասի երեք քառորդ տոկոսը: Պարտավճարը և սպասարկման վճարը պետք է մուծվեն յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին: Վարկառուն պետք է վարկի հիմնագումարը հետ վճարի 2007-2032 թթ. ժամանակահատվածում` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին:
Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում 5 հավելվածները:
Առաջին հավելվածը վերաբերում է վարկի միջոցների առհանմանը: Երկրորդ հավելվածում տրված է ծրագրի նկարագրությունը: Երրորդ հավելվածում ընդգրկված են դրույթներ` ապրանքների և աշխատանքների ձեռքբերման, խորհրդատուների աշխատանքների վերաբերյալ: Ծրագրի իրականացումն արծարծված է չորրորդ հավելվածում, իսկ հինգերորդ հավելվածը վերաբերում է հատուկ հաշվին:
Համաձայնագրում սահմանված են ծրագրի իրականացման վերահսկման կարգն ու պայմանները, ինչպես նաև յուրաքանչյուր փուլում նախատեսված է անկախ հաշվեքննություն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև զարգացման վարկի (կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումների ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|