ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 1992 թվականի N 592
քաղ. Երևան
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐՈՎ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԻՑ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ ու քննչական ստորաբաժանումների կողմից հարուցված գործերով դատարանի դատավճիռներով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքի բռնագրավումից և իրացումից ստացված միջոցները (հաշվի առնելով առևտրական զեղչը) ամբողջությամբ հաշվանցվում են Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվառումը, գնահատումն ու իրացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ և քննչական ստորաբաժանումների նյութատեխնիկական և ֆինանսական վիճակն ապահովելու նպատակով նրանց հատկացվում է սույն որոշման 1-ին կետում նշված գույքի իրացումից բյուջե մուտք եղած միջոցների 15 տոկոսը: Նշված միջոցների օգտագործումն իրականացվում է բյուջետային միջոցների օգտագործման համար սահմանված կարգով` համաձայն հաստատված նախահաշվի:
Հատկացված միջոցների հաշվառումը և օգտագործման մասին հաշվետվությունը տարվում է պետական բյուջեով պահվող հիմնարկությունների և կազմակերպությունների համար սահմանված կարգով:
4. Սույն որոշման 3-րդ կետում նշված միջոցները (15 տոկոս) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հատկացվում է կիսամյակը մեկ անգամ, համաձայն համապատասխան նախարարության և պետական վարչության կողմից ներկայացվող հիշյալ ստորաբաժանումների վարույթում եղած գործերով դատարանի դատավճիռների հիման վրա բռնագրավված գույքի գնահատության, բյուջեին դրանց իրացումից հասանելիք և բյուջե փաստացի մուտք եղած գումարների մասին ամփոփ տեղեկանքի:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությունն ամփոփ տեղեկանքը կազմում են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ և քննչական ստորաբաժանումներից ստացված համապատասխան հաշվետվությունների հիման վրա, որոնք հաստատվում են գույքի բռնագրավման մասին վճիռ կամ որոշում կայացնող դատարանների և վերը նշված գույքի իրացումից առաջացած միջոցների բյուջե գանձումն ապահովող մարմնի կողմից:
6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` երկշաբաթյա ժամկետում մշակել սույն որոշման 5-րդ կետում նշված հաշվետվության ձևը և նրա լրացման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ, և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաստատմանը:
7. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ և քննչական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վարչությանը առաջնային իրավունք վերապահել դատարանների դատավճիռներով կազմակերպված հանցավոր խմբերից բռնագրավված ավտոտրանսպորտային, ռադիոէլեկտրոնային միջոցների, տեսաձայնագրման տեխնիկայի, էլեկտրոնային հաշվիչ սարքավորումների, կազմտեխնիկայի և այլ գույքի ձեռքբերման համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, N 592 | |
16.12.1997, N 587 | 04.01.1998, N 592 | |
01.08.1994, N 355 | 01.08.1994, N 592 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|