Գլխավոր տեղեկություն
Номер
N 76
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (14.02.1994-22.05.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.02.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
14.02.1994
Дата вступления в силу
14.02.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 փետրվարի 1994 թվականի N 76

քաղ. Երևան

 

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

2. Հաստատել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը  (կցվում է):

3. Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
փետրվարի 14-ի N 76 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ Ո Ւ Ն

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրին համապատասխան:

2. Սույն կանոնադրությունը կարգավորում է հանձնաժողովի գործունեության կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ծրագրերի մշակման և իրագործման, ինչպես նաև այդ գործում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների փոխհամագործակցության հետ կապված հարցերը:

3. Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

4. Հանձնաժողովն իր գործունեությամբ հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, հանձնաժողովի հաշվետվությունը լսվում է տարեկան մեկ անգամ:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում թմրաբիզնեսի և թմրամոլության կանխմանը և նվազեցմանը, ինչպես նաև այդ երևույթների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը.

բ) տանել աշխատանք Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պետական մյուս մարմինների, կազմակերպությունների կողմից թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ ակտիվ պայքար ծավալելու ուղղությամբ.

գ) կազմակերպել նպատակային քարոզչական աշխատանք` անչափահասների և երիտասարդության շրջանում թմրաբիզնեսի և թմրամոլության կանխման հարցերով:

6. Հանձնաժողովը իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`

ա) կոորդինացնում է թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի գործում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պետական մյուս մարմինների, կազմակերպությունների աշխատանքը.

բ) թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պետական մյուս մարմինների, կազմակերպություների կողմից մշակված գերատեսչական ծրագրերի հիման վրա մշակում և հաստատում է հանրապետական միջոցառումների համալիր ծրագրեր և վերահսկողություն իրականացնում դրա կատարման նկատմամբ.

գ) միջոցառումներ է իրականացնում թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի բոլոր փուլերում կանխարգելիչ, բժշկական, վերականգնողական, թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ ուղղված քարոզչության ու այդ բնագավառում հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ պետական մարմինների ու կազմակերպությունների ջանքերի համախմբման և համակարգման ուղղությամբ.

դ) կազմակերպում է թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի հարցերով հանրապետական, տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային գիտագործնական խորհրդաժողովներ, հանդիպումներ, մասնակցում է արտասահմանյան երկրներում անցկացվող համանման միջոցառումներին.

ե) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ուժեղացման նպատակով Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, համապատասխան միջպետական պայմանագրեր ու համաձայնագրեր մշակելու և կնքելու վերաբերյալ.

զ) քննարկում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ինչպես նաև տեղական իշխանության գործադիր մարմինների կողմից թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ուղղությամբ իրականացված միջոցառումների մասին հաղորդումները և որոշումներ ընդունում դրանց վերաբերյալ.

է) թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

ը) քննարկում է անչափահասների և երիտասարդության շրջանում թմրաբիզնեսի և թմրամոլության նվազեցման և կանխման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության տեղական իշխանության գործադիր մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների հետ կապված հարցերը և ընդունում համապատասխան որոշումներ.

թ) լսում է Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվության միջոցների ղեկավարների հաղորդումները թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ուղղությամբ տարվող քարոզչական աշխատանքի մասին և այդ աշխատանքի բարելավման նպատակով մշակում առաջարկություններ.

ժ) քննարկում և հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանները, փոփոխություններ և լրացումներ կատարում դրանցում, լսում է հանձնաժողովի անդամների հաշվետվությունները նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ.

ի) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` հանձնաժողովի կազմի համալրման կամ փոփոխման վերաբերյալ.

լ) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

խ) ուսումնասիրում և տարածում է թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ու տեղական իշխանության գործադիր մարմինների աշխատանքի դրական փորձը:

7. Իր առջև դրված խնդիրների իրագործման նպատակով հանձնաժողովն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից, տեղական իշխանության գործադիր մարմիններից, մյուս պետական հիմնարկներից և կազմակերպություններից պահանջելու թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի հարցերին առնչվող նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և հաղորդումներ:

Հանձնաժողովն իրավասու է, անհրաժեշտության դեպքում, համապատասխան ստուգումներ անցկացնել ՀՀ նախարարություններում, պետական վարչություններում, գերատեսչություններում, տեղական իշխանության գործադիր մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, ծանոթանալ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ տարվող պայքարի հետ առնչվող աշխատանքների վիճակին:

8. Ստուգումներ և ուսումնասիրություններ կատարելու նպատակով հանձնաժողովն իրավունք ունի այդ գործում ներգրավելու պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների մասնագետներին ու ներկայացուցիչներին:

Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ստեղծում է ժամանակավոր հանձնաժողովներ:

9. Հանձնաժողովի կողմից` իրավասության շրջանակներում ընդունված որոշումները պարտադիր են Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, տեղական իշխանության գործադիր մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների համար:

10. Հանձնաժողովն իրավունք ունի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի հարցերով համալիր ծրագրով նախատեսված միջոցառումների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների առջև հարց բարձրացնելու մեղավոր պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

11. Հանձնաժողովի որոշումները կարող են վերանայվել կամ վերացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

12. Հանձնաժողովն իր գործունեությամբ և ընդունած որոշումներով չի կարող միջամտել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, տեղական իշխանության գործադիր մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ընթացիկ գործունեությանը:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

 13. Հանձնաժողովի նախագահին պաշտոնի է նշանակում և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության նախագահը, իսկ հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

14. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ:

Արտահերթ նիստեր կարող են հրավիրվել հանձնաժողովի նախագահի կողմից կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:

Հանձնաժողովի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել նաև Հայաստանի Հանրապետության նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով:

15. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին հանձնաժողովի անդամները իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն 5 օր առաջ:

16. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են նրա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել են նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

17. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են անվճար:

18. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում նրա կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.

գ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.

դ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նրա գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը, գրագրությունները.

ե) ներկայացնում է հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և միջազգային հարաբերություններում.

զ) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

19. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի միջոցառումների համալիր ծրագրի, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.

բ) աջակցում են Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և քաղաքացիներին թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի գործում.

գ) ծավալում են քարոզչական աշխատանք թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի հարցերով:

Հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում, հանձնաժողովի անդամը պարտավոր է այդ մասին, հնարավորության դեպքում, նախապես տեղյակ պահել հանձնաժողովի նախագահին:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է լուծարման դեպքում: Հանձնաժողովը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից:

21. Հանձնաժողովի լուծարումից հետո նրա գործունեության հետ կապված բոլոր նյութերը, փաստաթղթերը ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: