ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
22 հունիսի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գ. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «2001 թվականի սեպտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված` Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2001 թ. սեպտեմբերի 28-ին` Մոսկվայում: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թ. դեկտեմբերի 11-ին: Համաձայնագրի նպատակն է կարգավորել մշակութային արժեքների արտահանմանը և ներմուծմանը վերաբերող հարաբերությունները:
2. Համաձայնագիրը նախատեսում է անդամ պետությունների տարածքներով մշակութային արժեքների տարանցման, այդ տարածքներից մշակութային արժեքների արտահանման, այդ թվում` ժամանակավոր արտահանման և ներմուծման, ինչպես նաև դրանց թույլտվությունների տրամադրման կարգը:
3. Համաձայնագիրը նախատեսում է նաև, որ մշակութային արժեքներն արտահանելիս պահանջվում է ներկայացնել արտահանման երկրի իրավասու մարմինների կողմից տրված թույլտվությունը և հայտարարագրել արտահանվող մշակութային արժեքը:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է` փոխադարձության սկզբունքի հիման վրա`
- մյուս Կողմերին տրամադրել տեղեկատվություն անդամ պետությունների սահմաններով մշակութային արժեքների տեղափոխման կարգը սահմանող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, մշակութային արժեքների կատեգորիաների ցանկերի, ինչպես նաև նշված կարգի կամ օրենսդրության բոլոր փոփոխությունների մասին,
- արգելել այն մշակութային արժեքների ներմուծումը, որոնց նկատմամբ հայտարարված է հետախուզում,
- առգրավել հետախուզման մեջ գտնվող մշակութային արժեքները` օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված օրինական սեփականատերերին վերադարձնելու համար,
- մյուս Կողմերին տեղյակ պահել ՀՀ տարածքից մշակութային արժեքների արտահանման թույլտվության ձևի մասին,
- ՀՀ տարածքում մաքսային կամ այլ իրավապահ մարմինների կողմից ապօրինի տեղափոխման կասկածանքով առգրավված մշակութային արժեքները ենթարկել պարտադիր փորձաքննության,
- ապահովել համաձայնագրի իրականացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների անցկացումը` ներառյալ համապատասխան օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախապատրաստումն ու ընդունումը,
- համաձայնագրի կիրառմանը կամ մեկնաբանմանն առնչվող վիճելի հարցերը լուծել մյուս Կողմերի հետ խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով և այլն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2001 թ. սեպտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված` Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|