ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1952 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՀԱՏՄԱՆ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
26 օգոստոսի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «1952 թվականի հունվարի 10-ին Ժնևում ստորագրված` Երկաթուղով փոխադրվող բեռների սահմանահատման դյուրացման մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով միջազգային կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն կոնվենցիան ստորագրվել է 1952 թ. հունվարի 10-ին` Ժնևում, և ուժի մեջ մտել 1953 թ. ապրիլի 1-ին: Այն բաց է Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող պետությունների միանալու համար (ՀՀ-ն անդամակցում է 30 հուլիսի 1993 թ.):
Կոնվենցիայի նպատակը երկաթուղով միջազգային բեռնափոխադրումների դյուրացման և հատկապես սահմանահատման միասնական ընթացակարգի ձևավորումն է:
2. Կոնվենցիայի հավելվածն է կազմում միջազգային մաքսային հայտարարագրի ստանդարտ ձևը:
3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.
- սահմանակից պետությունների իրավասու իշխանությունների հետ համատեղ ուսումնասիրել սահմանը հատող երկաթուղային գծի վրա սահմանին մոտ կայարան նշանակելու հնարավորությունը և այդ կայարանում ստեղծել այնպիսի գոտի, որում սահմանակից տարածքի պետության իրավասու մարմինների աշխատակիցներն իրավունք ունեն ստուգելու ցանկացած ուղղությամբ սահմանը հատող բեռները,
- անհրաժեշտ գործունեության համար ժամանակավորապես ներմուծվող և վերարտահանվող սարքավորումներն ազատել մաքսային բոլոր հարկումներից և գանձումներից,
- չկիրառել ներմուծումը կամ արտահանումն արգելակող կամ սահմանափակող կանոնակարգեր,
- սահմանակից պետության իրավասու մարմինների ստուգումներ իրականացնող աշխատակիցներին ազատել անձնագրային ձևակերպումներից,
- տեղակայման կայարանի պետությունում բնակվող` սահմանակից պետության աշխատակիցներին երկկողմ համաձայնագրերի հիման վրա ազատել հարկերից և տուրքերից,
- փոխադարձաբար ճանաչել մաքսային մարմինների կնիքները,
- սահմանակից պետության սահմանային կայարանների միջև ստեղծել երկաթուղային ծառայության ուղիղ հեռախոսային գիծ,
- երկաթուղու, մաքսային և շահագրգիռ այլ մարմինների անձնակազմերի աշխատանքային ժամերը հարմարեցնել գնացքների ժամանակացույցին և երթևեկության պահանջներին,
- փոստի, հեռագրատան, հեռախոսային կետերի բացման ժամերը հարմարեցնել համապատասխան մաքսային գրասենյակների աշխատանքային ժամերին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1952 թվականի հունվարի 10-ին Ժնևում ստորագրված` Երկաթուղով փոխադրվող բեռների սահմանահատման դյուրացման մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|