ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ԿԱԶՄՎԱԾ` ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1954 ԹՎԱԿԱՆԻ ՀԱԱԳԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
8 հուլիսի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67
հոդվածների, դռնբաց նիստում քննեց «1999 թվականի մարտի 26-ին Հաագայում կազմված` Զինված կոնֆլիկտների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով Երկրորդ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն Երկրորդ արձանագրությունը կազմվել է 1999 թ. մարտի 26-ին` Հաագայում: Այն բաց է միանալու համար 2000 թվականի հունվարի 1-ից: Երկրորդ արձանագրությունն ուժի մեջ է 2004 թվականի մարտի 9-ից:
Երկրորդ արձանագրությունը լրացնում է Զինված կոնֆլիկտների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի մայիսի 14-ի Հաագայի կոնվենցիան և որի նպատակն է համաշխարհային ժառանգություն հանդիսացող մշակութային արժեքների պաշտպանության ուժեղացված համակարգի ստեղծումը:
Հաագայի կոնվենցիային և արձանագրությանը (առաջին) Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թվականի հունիսի 22-ին:
2. Երկրորդ արձանագրությունը նախատեսում է մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության տրամադրման ընթացակարգը, այդպիսի պաշտպանության կասեցման և դադարման հիմքերն ու կարգը, մշակութային արժեքների նկատմամբ իրականացվող այն գործողությունները, որոնք պետք է դիտարկվեն որպես հանցագործություններ, տվյալ հանցագործությունների նկատմամբ պետությունների` իրենց իրավազորությունը սահմանելու, այդպիսի հանցագործություններ կատարած անձանց հանձնելու հիմքերը և կարգը:
3. Երկրորդ արձանագրությունը նախատեսում է նաև կազմակերպել Կողմերի հանդիպումներ և սահմանել դրանց գործառույթները, ստեղծել Մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտե և Մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամ:
4. Երկրորդ արձանագրությունը չի կիրառվելու խռովությունների, առանձին և եզակի բռնության դեպքերի ու նման բնույթի այլ գործողությունների նկատմամբ և մի շարք այլ դեպքերում:
5. Երկրորդ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.
- միջոցներ ձեռնարկել համոզվելու համար, որ հարձակման ենթակա օբյեկտները, Կոնվենցիայի 4-րդ հոդվածին համապատասխան, պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքներ չեն, ինչպես նաև այդ մշակութային արժեքները պատահականորեն վնաս պատճառելուց խուսափելու և նվազագույնի հասցնելու համար,
- որպես հակամարտության մասնակից` ռազմական օբյեկտների մոտակայքից հեռացնել շարժական մշակութային արժեքները կամ ապահովել դրանց պաշտպանությունը,
- բռնազավթված տարածքներում արգելել կամ կանխել մշակութային արժեքի ցանկացած անօրինական արտահանումը, այլ տեղափոխումը կամ սեփականության իրավունքի փոխանցումը, հնագիտական պեղումները, մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը,
- ապահովել ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը,
- ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Արձանագրության 15 հոդվածում նախատեսված գործողությունները քրեական հանցագործություններ ճանաչելու և այդպիսի հանցագործությունների համար համապատասխան պատժամիջոցներ սահմանելու համար,
- Կոնվենցիայի և Արձանագրության շրջանակներում հետապնդում իրականացրած անձի նկատմամբ երաշխավորել արդարացի վերաբերմունք ու արդար դատաքննություն,
- Կողմերի միջև փոխադարձ իրավական օգնության մասին փաստաթղթերի բացակայության դեպքում Արձանագրության 15 հոդվածում նշված հանցագործությունների առնչությամբ ցուցաբերել օգնություն` ներպետական օրենսդրության համաձայն,
- ընդունել այնպիսի օրենսդրական, վարչական կամ կարգապահական միջոցներ, որոնք անհրաժեշտ են մշակութային արժեքի առնչությամբ անօրինական գործողությունները կանխելու համար,
- իր զինված ուժերի կանոնադրությունում ընդգրկել մշակութային արժեքների պաշտպանությանն առնչվող ղեկավար ցուցումներն ու հրահանգները:
6. Երկրորդ արձանագրությամբ սահմանված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքներին, մասնավորապես 9 և 11 հոդվածների դրույթներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1999 թվականի մարտի 26-ին Հաագայում կազմված` Զինված կոնֆլիկտների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|