Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-573
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.05.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
30.05.2005
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
30.05.2005
Дата вступления в силу
30.05.2005

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

30 մայիսի 2005 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հ. Հովհաննիսյանի (Հովեյան),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի հոկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված` Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 2005 թվականի մայիսի 16-ին:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ընդունվել է 2003 թ. հոկտեմբերի 17-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի կողմից և նպատակ ունի ապահովելու ոչ նյութական մշակութային արժեքների պաշտպանությունը:

2. Ըստ կոնվենցիայի սահմանման` «ոչ նյութական մշակութային արժեք» հասկացությունը ներառում է սովորույթներ, արտահայտություններ, գիտելիքներ ու հմտություն, դրանց հետ կապված գործիքներ, առարկաներ, արվեստի գործեր և մշակութային տարածքներ, բանավոր ավանդություններ և արտահայտություններ, ներառյալ լեզուն, կատարողական արվեստներ, սովորույթներ, ծեսեր, տոնակատարություններ, բնությանը և տիեզերքին վերաբերող գիտելիքներ և սովորույթներ, ավանդական արհեստներ:

3. Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայով ստանձնում է մի շարք պարտավորություններ, այդ թվում`

- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իր տարածքում ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության համար (հ. 11, կետ ա),

- կազմել և պարբերաբար նորացնել իր տարածքում գոյություն ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր տարրերի մեկ կամ մի քանի ցուցակ (հ. 12),

- որդեգրել ընդհանուր քաղաքականություն` հասարակության մեջ ոչ նյութական մշակութային ժառանգության խթանման համար, ներառյալ համապատասխան ուսումնական հաստատությունների ստեղծումը, ապահովել այս խնդրի իրագործումը համապատասխան իրավական, տեխնիկական, վարչական և ֆինանսական միջոցներով, այդ ժառանգության պաշտպանության հարցերն ընդգրկել պլանավորված ծրագրերում,

- նշանակել կամ հիմնադրել ՀՀ տարածքում գոյություն ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության համար իրավասու մեկ կամ մի քանի մարմիններ,

- այս պարտավորությունների շրջանակում համագործակցել ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային համապատասխան կառույցների հետ,

- ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգությունն ստեղծող, պահպանող և փոխանցող համայնքների, խմբերի և անհատների հնարավորինս լայն մասնակցությունն այդ ժառանգության պաշտպանության և կառավարման գործին:

4. Կոնվենցիայով հիմնադրվում է Մասնակից պետությունների Գլխավոր վեհաժողով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում ստեղծվում է Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտե, որը նաև միջազգային աջակցություն է տրամադրում մասնակից պետություններին: Այդպիսի աջակցության դեպքում Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև հաշվետվություն ներկայացնել Կոմիտեին` տրամադրվող աջակցության օգտագործման մասին, ինչպես նաև պարբերական զեկույցներ ներկայացնել Կոմիտեին` կոնվենցիայի կիրառման համար ընդունած օրենսդրական և այլ ձեռնարկների մասին:

Կոնվենցիայով հիմնվում է նաև Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հիմնադրամ, որին Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է համապատասխան պարբերականությամբ և չափով մուծել անդամավճար:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ըստ կոնվենցիայի 31 հոդվածի` «մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը Կոմիտեն Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակի մեջ է ընդգրկում «Մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոցներ» հռչակված տարրերը», և որ «սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո որևէ Հռչակագիր չի ընդունվում»:

6. Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան առնչվում է ՀՀ Սահմանադրությանն առնվազն հետևյալ առումներով.

- ընդլայնում է Հայաստանի Հանրապետության հնարավորությունները` ավելի գործուն դարձնելու ՀՀ Սահմանադրության 11 հոդվածի 1-ին մասով սահմանված պետական գործառույթը, ըստ որի` «Պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո», հատկապես կոնկրետացնելով «մշակութային այլ արժեքներ» հասկացության բովանդակությունը,

- հավելյալ հնարավորություններ է ընձեռում պետությանը նաև միջազգային սկզբունքների և նորմերի շրջանակներում նպաստելու այլ պետություններում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, ինչը նախատեսված է ՀՀ Սահմանադրության հիշյալ հոդվածի 2-րդ մասով,

- նշված խնդիրների իրագործման համար նաև անձանց ներգրավման հնարավորության նախատեսումով կոնվենցիան նաև կնպաստի քաղաքացիների` հասարակության մշակութային կյանքին մասնակցելու սահմանադրական իրավունքի իրականացմանը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 36 հոդվածում, ակտիվացնելով նրանց դիրքորոշումը ոչ նյութական մշակութային արժեքների պաշտպանությանը միջամտելու առումով,

- լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում ավելի գործնականորեն կիրառելու ՀՀ Սահմանադրության 37 հոդվածը, որով հաստատագրված է ազգային փոքրամասնությունների ավանդույթների պահպանման, լեզվի և մշակույթի զարգացման իրավունքը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2003 թ. հոկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված` Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


30 մայիսի 2005 թվականի
ՍԴՈ-573 6