Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-490
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.05.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2005/ 1
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
07.05.2004
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
07.05.2004
Дата вступления в силу
07.05.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ

 

Քաղ. Երևան

7 մայիսի 2004 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1996 թվականի դեկտեմբերի 20-ին Ժնևում ստորագրված` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հեղինակային իրավունքի պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հեղինակային իրավունքի պայմանագիրն ստորագրվել է 1996 թ. դեկտեմբերի 20-ին` Ժնևում: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2002 թ. մարտի 6-ին:

Պայմանագրի նպատակն է գրական և գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ հեղինակների իրավունքների պաշտպանության հնարավորին չափ արդյունավետ և միասնական զարգացումն ու պահպանումը:

2. Քննության առարկա պայմանագիրը Գրական և գեղարվեստական երկերի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի (այսուհետև` Բեռնի կոնվենցիա) հիման վրա ստեղծված Միության երկրների միջև կնքված հատուկ համաձայնագիր է, որն ընդլայնում է գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակների իրավունքների պաշտպանության շրջանակը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Գրական և գեղարվեստական երկերի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել 2000 թ. հունվարի 11-ին:

3. Պայմանագիրը, հաշվի առնելով տնտեսական, սոցիալական, մշակութային և տեխնոլոգիական զարգացումները, ճշգրտում է հեղինակային իրավունքի պահպանության, հեղինակային իրավունքի օբյեկտների շրջանակը:

Պայմանագիրն ամրագրում է գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակների` իրենց ստեղծագործությունների բնօրինակներն ու կրկնօրինակները հանրամատչելի դարձնելու, դրանք հանրությանը հաղորդելու թույլտվություն տալու, ինչպես նաև համակարգչային ծրագրերը, կինոմատոգրաֆիկ ստեղծագործությունները և հնչյունագրերում ամրագրված ստեղծագործությունները վարձույթով տալու բացառիկ իրավունքները:

Պայմանագիրը Պայմանավորվող կողմերին հնարավորություն է տալիս նախատեսել գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակներին տրամադրվող իրավունքների սահմանափակումներ և բացառություններ` որոշ հատուկ դեպքերում, որոնք, սակայն, չեն խոչընդոտում տվյալ ստեղծագործության բնականոն օգտագործմանը և անհիմն կերպով չեն վնասում հեղինակի օրինական շահերը: Այս շահերի պաշտպանությունը պետք է երաշխավորվի նաև այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմը կիրառում է Բեռնի կոնվենցիայով նախատեսված իրավունքների սահմանափակումներն ու բացառությունները:

4. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկել անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ` ապահովելու համար պայմանագրի կիրառումը և հեղինակների արդյունավետ պաշտպանությունը` սույն պայմանագրով ու Բեռնի կոնվենցիայում նախատեսված իրավունքները խախտող գործողություններից:

Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի պատշաճ իրավական պահպանություն և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ ընդդեմ գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակների` պայմանագրով և Բեռնի կոնվենցիայով նախատեսված իրավունքները խախտող գործողությունների:

5. Բեռնի կոնվենցիայով հիմնված Ասամբլեան, համաձայն սույն պայմանագրի, ստանում է հավելյալ իրավասություններ, մասնավորապես` զարգացող երկրների պատվիրակների մասնակցությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը դիմելու հնարավորություն: Պայմանագրին առնչվող վարչական գործառույթները շարունակում է իրականացնել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրոն:

6. Պայմանագրի 11-րդ հոդվածի հայերեն թարգմանությունն իրավակիրառական պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտալու համար անհրաժեշտ է այն խմբագրական շտկումներով առավել համապատասխանեցնել բնագրի տեքստին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. 1996 թ. դեկտեմբերի 20-ին Ժնևում ստորագրված` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հեղինակային իրավունքի պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Նախագահող

Գ. Հարությունյան


7 մայիսի 2004 թվականի
ՍԴՈ-490

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան