ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՊԼԱՍՏԻԿ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՇՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
14 դեկտեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1991 թվականի մարտի 1-ին Մոնրեալում ստորագրված` Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմադրման մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1991 թ. մարտի 1-ին` Մոնրեալում: Կոնվենցիայի նպատակն է ապահովել պայթուցիկ նյութերի դրոշմադրումը, ինչը հնարավորություն կտա հայտնաբերելու այդ նյութերը և զգալի չափով կնպաստի դրանց կիրառմամբ ահաբեկչական ակտերի կանխմանը:
2. Կոնվենցիայի համար իրավական հիմք են հանդիսանում Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1989 թ. հունիսի 14-ի 635 բանաձևը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1989 թ. դեկտեմբերի 4-ի 44/29 բանաձևը, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ասամբլեայի Ա 27-8 բանաձևը, որոնք ընդգծում են պլաստիկ կամ շերտավոր պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմադրման միջազգային ռեժիմ ստեղծելու անհրաժեշտությունը:
3. Պայթուցիկ նյութերի դրոշմադրումն այդ նյութերում` դրանք հայտնաբերման համար ենթակա դարձնելու նպատակով դրոշմադրող նյութերի ընդգրկումն է: Պայթուցիկ և դրոշմադրող նյութերի ցանկը սահմանված է կոնվենցիայի անբաժանելի մասը կազմող տեխնիկական հավելվածում: Կոնվենցիան սահմանում է այդ հավելվածում փոփոխություններ կատարելու կարգը:
4. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ.
- չդրոշմավորված պայթուցիկ նյութերի արտադրությունը, իրենց տարածք նման նյութերի ներմուծումը և իրենց տարածքից դրանց արտահանումն արգելելու և կանխելու համար,
- իրենց համար կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց առաջ արտադրված կամ իրենց տարածք ներմուծված չդրոշմավորված պայթուցիկ նյութերի տիրապետման նկատմամբ խիստ և արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար,
- իրենց տարածքում հայտնաբերված այն չդրոշմավորված պայթուցիկ նյութերի շուտափույթ ոչնչացման համար, որոնք չեն գտնվում իրենց զինվորական կամ ոստիկանական գործառույթներ իրականացնող լիազոր մարմինների տիրապետության ներքո և որպես բաղկացուցիչ մաս ներառված չեն պատշաճ կերպով թույլատրված ռազմական սարքավորումների մեջ:
Պայմանավորվող կողմերը կոնվենցիայի դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին պետք է տեղեկատվություն տրամադրեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդին:
5. Կոնվենցիայով հիմնադրվում է Պայթուցիկ նյութերի գծով միջազգային տեխնիկական հանձնաժողով: Կոնվենցիան սահմանում է հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները, հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը, հանձնաժողովի գործառույթները:
6. Կոնվենցիան վերապահում է թույլատրում միայն 11 հոդվածի առնչությամբ, որը վերաբերում է կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման հետ կապված վեճերի կարգավորման միջոցներին: Հայաստանի Հանրապետությունը, կոնվենցիայի պահանջներին համապատասխան, հայտարարում է, որ իրեն պարտավորված չի համարում կոնվենցիայի 11 հոդվածի 1-ին կետի 2-րդ նախադասությամբ, այն է` չի ընդունում կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման հետ կապված վեճը Միջազգային դատարան փոխանցելու հնարավորությունը: Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմադրման մասին կոնվենցիայի 13-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ արտադրող պետություն չէ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1991 թ. մարտի 1-ին Մոնրեալում ստորագրված` Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմադրման մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|