Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-536
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.12.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2005/2
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
03.12.2004
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
03.12.2004
Дата вступления в силу
03.12.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ԳՈՐԾԱՏՈՒԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

3 դեկտեմբերի 2004 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1992 թվականի հունիսի 23-ին Ժնևում ընդունված` Գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.


1. Կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (այսուհետև` Կազմակերպություն) Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1992 թ. հունիսի 23-ին Ժնևում` գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության նպատակով:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1995 թ. հունիսի 6-ից:

Կոնվենցիան իր 3 հոդվածի 6-րդ և 7-րդ կետերի սահմաններում վերանայում է «Աշխատավարձի պաշտպանության մասին» 1949 թ. կոնվենցիան, որը, սակայն, մնում է բաց վավերացման համար: Կազմակերպության անդամ պետության կողմից քննության առարկա կոնվենցիայի 2-րդ բաժնի պարտավորությունների ընդունումը տվյալ անդամի համար դադարեցնում է «Աշխատավարձի պաշտպանության մասին» 1949 թ. կոնվենցիայի 11 հոդվածից բխող պարտավորությունների գործողությունը:

2. Հայաստանի Հանրապետությունը, կոնվենցիայի 3 հոդվածին համապատասխան, կոնվենցիային միանում է հայտարարությամբ, որի համաձայն գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության մասին կոնվենցիայի 3 հոդվածի 1-ին կետին համապատասխան, հայտարարում է, որ պարտավորություններ է ստանձնում նշված կոնվենցիայի երկրորդ և երրորդ բաժիններով:

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները վերաբերում են բոլոր կատեգորիայի աշխատողներին և տնտեսական գործունեության բոլոր ճյուղերին` առանց որևէ բացառության:

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է գործատուի անվճարունակության դեպքում ապահովել աշխատողների աշխատանքային հարաբերություններից բխող պահանջների բավարարումն արտոնությունների միջոցով, այսինքն` այն ձևով, որ անվճարունակ գործատուի ակտիվներից այդ պահանջները բավարարվեն մինչև ոչ արտոնյալ պարտատերերի պահանջների բավարարումը:

Հայաստանի Հանրապետությունը միաժամանակ պարտավորվում է գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների բավարարումն ապահովել երաշխիքային հաստատությունների միջոցով: Երաշխիքային հաստատությունների կազմակերպման, կառավարման, գործունեության և ֆինանսավորման կարգը սահմանվում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությանը և պրակտիկային համապատասխան:

Կոնվենցիան սահմանում է դրա շրջանակներում պաշտպանության ենթակա աշխատողների պահանջները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. 1992 թ. հունիսի 23-ին Ժնևում ընդունված` Գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Նախագահող

Վ. Հովհաննիսյան


3 դեկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ-536