ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻ «ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ» ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
7 հունվարի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Ա. Արամյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2000 թվականի հոկտեմբերի 20-ի Ֆլորենցիայի «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայում» ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիան Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ստորագրման համար բացվել է 2000 թ. հոկտեմբերի 20-ին, Ֆլորենցիայում` լանդշաֆտի պահպանությանը, կառավարմանը և պլանավորմանը նպաստելու, ինչպես նաև այդ ոլորտում եվրոպական համագործակցությունը կազմակերպելու նպատակով:
2. Քննության առարկա կոնվենցիայով Պայմանավորվող պետությունները պարտավորվում են ձեռնարկել ընդհանուր և կոնկրետ միջոցառումներ, որպիսիք, մասնավորապես, ներառում են լանդշաֆտների պահպանությանը, կառավարմանը և պլանավորմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը, այդ գործընթացին շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովումը, լանդշաֆտները շրջանային և քաղաքաշինական պլանավորման քաղաքականության մեջ ներառելը, հանրության իրազեկության բարձրացումը, համապատասխան ուսուցողական և կրթական միջոցառումների իրականացումը, լանդշաֆտների ճանաչումն ու գնահատումը:
Կոնվենցիայով Պայմանավորվող պետություններն ստանձնում են նաև միմյանց հետ համագործակցելու պարտավորություն` տեխնիկական և գիտական աջակցություն տրամադրելու, մասնագետների և տեղեկատվության փոխանակման միջոցով:
3. Կոնվենցիան նախատեսում է միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողության համակարգ և որպես խրախուսման միջոց սահմանում Եվրոպայի խորհրդի լանդշաֆտային մրցանակ` լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման լավագույն քաղաքականության և միջոցառումների համար:
4. Կոնվենցիան կնպաստի շրջակա միջավայրի պահպանության և վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների բանական օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10 հոդվածում ամրագրված սահմանադրաիրավական պարտավորության կատարմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2000 թ. հոկտեմբերի 20-ի Ֆլորենցիայի «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայում» ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|