ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՈՍՈՎՈՅԻ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԸ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
14 նոյեմբերի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի ուժերի գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու մասին փոխըմբռնման հուշագրում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով Փոխըմբռնման հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի ուժերի գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու մասին փոխըմբռնման հուշագիրը երկու երկրների անունից ստորագրվել է 2003 թ. սեպտեմբերի 3-ին` Երևանում: Հուշագիրը կարգավորում է Կոսովոյում միջազգային անվտանգության ուժերի շրջանակներում Կոսովոյում հունական առաքելության կազմում հայկական զինված ուժերի հրաձգային դասակի ներգրավման հետ կապված երկկողմ իրավահարաբերությունները:
2. Ըստ Փոխըմբռնման հուշագրի` Կոսովոյում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրաձգային դասակը շարունակելու է մնալ Հայկական կողմի ուղղակի հրամանատարության ներքո. Հունական կողմն իրականացնելու է միայն դասակի օպերատիվ հսկողությունը:
Հունական կողմը պարտավորվում է դասակի անձնակազմին ապահովել անհրաժեշտ կենսապայմաններով և վճարել բոլոր նյութական ծախսերը:
Հայկական կողմն ստանձնում է հրաձգային դասակն անհատական սարքավորումներով ապահովելու, դասակին զենք ու զինամթերք մատակարարելու, ինչպես նաև դասակի անձնակազմի առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու պարտավորություն:
Քննության առարկա հուշագրի Կողմերը պարտավորվում են ապահովել երկկողմ շփումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների գաղտնիությունը: Կողմերը սահմանել են նաև ստանձնած պարտականությունները կատարելու ընթացքում տեղի ունեցած ոչ դիտավորյալ բնույթի գործողությունների արդյունքում իրենց անձնակազմին պատճառված վնասների հատուցման կարգը:
3. Փոխըմբռնման հուշագրի անբաժանելի մասն է կազմում Կոսովոյի ուժերի գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում հունական գումարտակի կազմում ներգրավելու վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի 7-րդ հոդվածի արձանագրությունը, որը սահմանում է հրաձգային դասակի անձնակազմի վարձատրության չափը և կարգը:
4. Կոսովոյում միջազգային անվտանգության ուժերի, այդ թվում նաև` հունական զինված ուժերի գումարտակի ներկայության իրավազորությունը հիմնվում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1999 թ. հունիսի 10-ին ընդունված 1244 (1999) բանաձևի, ինչպես նաև Միջազգային անվտանգության ուժերի (KFOR) և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության ու Սերբիայի Հանրապետության միջև 1999 թ. հունիսի 9-ին ստորագրված ռազմատեխնիկական համաձայնագրի վրա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ելնելով միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար իր հիմնական պատասխանատվությունից և նկատի ունենալով, որ չեն կատարվել Կոսովոյի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված` Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևեր, 1999 թ. հունիսի 10-ին ընդունված 1244 (1999) բանաձևով որոշել է Կոսովոյում ՄԱԿ-ի հովանու ներքո ծավալել միջազգային քաղաքացիական և միջազգային անվտանգության ներկայություն: Նույն բանաձևի 7-րդ կետով ՄԱԿ-ը լիազորում է անդամ պետություններին և համապատասխան միջազգային կազմակերպություններին Կոսովոյում հաստատել միջազգային անվտանգության ներկայություն` իրենց պարտականությունները կատարելու համար բոլոր անհրաժեշտ միջոցներով, ինչպես նաև պահանջում է բոլոր անդամներից (8-րդ կետ) լիարժեք կերպով աջակցել Կոսովոյում քաղաքացիական և միջազգային անվտանգության ներկայության ծավալմանը:
Նշված բանաձևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաև արձանագրում է Հարավսլավիայի Հանրապետության համաձայնությունը` Կոսովոյում միջազգային անվտանգության ներկայության կապակցությամբ: Հարավսլավիայի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կողմից այդ համաձայնությունն արտահայտվել է Միջազգային անվտանգության ուժերի (KFOR) և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև 1999 թ. հունիսի 9-ին ստորագրված ռազմատեխնիկական համաձայնագրի կնքման միջոցով: Ըստ նշված համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի` Հարավսլավիայի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության իշխանությունները համաձայնում են, որ միջազգային անվտանգության ուժերը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերոհիշյալ բանաձևի ընդունումից հետո, Կոսովոյում կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը քաղաքացիների համար անվտանգ միջավայր ստեղծելու համար:
5. Հայաստանի Հանրապետությունը` որպես Միավորված ազգերի կազմակերպության անդամ, լինելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ հիմնադրված փոխադարձ կոլեկտիվ անվտանգության համակարգի մասնակից, այդ միջազգային կազմակերպության Կանոնադրության 43 հոդվածի համաձայն պարտավոր է, միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը նպաստելու նպատակով, Անվտանգության խորհրդի պահանջով և հատուկ համաձայնության հիման վրա նրան տրամադրել զինված ուժեր:
ՄԱԿ-ի կանոնադրության 48 հոդվածի համաձայն` Անվտանգության խորհրդի` միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման վերաբերյալ բանաձևերի կատարման համար պահանջվող գործողություններն իրականացվում են Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամների կամ դրանց մի մասի կողմից:
6. Քննության առարկա Փոխըմբռնման հուշագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև 1996 թ. հունիսի 17-ին ստորագրված` Համաձայնության, բարեկամության և համագործակցության պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին: Մասնավորապես, այդ պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն Կողմերը պայմանավորվել են միավորել իրենց ջանքերը միջազգային անվտանգությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և պետությունների հարաբերություններում միջազգային իրավունքի նորմերը հարգելու նպատակով:
7. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի արգելում Հայաստանի Հանրապետությանն իր միջազգային իրավական պարտավորությունների շրջանակում զինված ուժերն օգտագործել Հանրապետության տարածքից դուրս:
8. Փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված` պետության արտաքին քաղաքականությունը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան իրականացնելու սկզբունքին:
9. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայությունը Կոսովոյում միջազգային իրավունքի տեսանկյունից իրավազոր է, բխում է Հայաստանի Հանրապետության` ՄԱԿ-ի շրջանակներում փոխադարձ կոլեկտիվ անվտանգության համակարգին մասնակցությունից, ՄԱԿ-ի կանոնադրության պահանջներից, ինչպես նաև այլ միջազգային իրավական փաստաթղթերով Հանրապետության ստանձնած պարտավորություններից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի ուժերի գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու մասին փոխըմբռնման հուշագրում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|