ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1947 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
28 սեպտեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1947 թվականի հուլիսի 11-ին Ժնևում ստորագրված` Արդյունաբերությունում և առևտրում աշխատանքի տեսչության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվել է 1947 թ. հուլիսի 11-ին` արդյունաբերական և առևտրի ձեռնարկություններում աշխատանքի տեսչության համակարգ ներդնելու նպատակով:
2. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են արդյունաբերական և առևտրի ձեռնարկություններում ստեղծել աշխատանքի տեսչության համակարգ, որը կոչված է ապահովելու աշխատանքի ընթացքում աշխատողների աշխատանքային պայմաններին և պաշտպանությանը վերաբերող իրավանորմերի կիրառումը:
3. Կոնվենցիան սահմանում է տեսչության անձնակազմին, աշխատանքային տեսուչներին ներկայացվող հիմնական պահանջները, նրանց իրավունքներն ու պարտականությունները: Պայմանավորվող կողմերը պարտավորվում են աշխատանքային տեսուչներին տրամադրել կոնվենցիայով նախատեսված իրավունքները:
4. Տեսչական ստուգումները ձեռնարկություններում իրականացվում են այնպիսի հաճախականությամբ, որքանով դա անհրաժեշտ է համապատասխան իրավական դրույթների արդյունավետ կիրառումն ապահովելու համար:
Աշխատանքային տեսուչներն իրավասու են ձեռնարկելու համապատասխան միջոցներ` որևէ շինությունում կամ աշխատանքային մեթոդներում հայտնաբերված` աշխատողների առողջությանը կամ անվտանգությանը սպառնացող թերությունները վերացնելու նպատակով: Պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրությամբ պետք է նախատեսվեն և կիրառվեն արդյունավետ պատժամիջոցներ այն իրավական դրույթների խախտման համար, որոնց կատարումը հսկում են աշխատանքային տեսուչները:
5. Կողմերը կրում են Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22 հոդվածին համապատասխան ներկայացվող տարեկան զեկույցում` կոնվենցիայի դրույթների կատարմանն ուղղված օրենքների և ենթաօրենսդրական ակտերի մասին ամբողջական տեղեկություններ ներառելու պարտավորություն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1947 թ. հուլիսի 11-ին Ժնևում ստորագրված` Արդյունաբերությունում և առևտրում աշխատանքի տեսչության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|