Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-496
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.06.2004-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2004/4
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
11.06.2004
Подписан
ՀՀ Ներքին գործերի նախարար
Дата подписания
11.06.2004
Дата вступления в силу
11.06.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ԱՅԼ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

11 հունիսի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված` Բարձրագույն արբիտրաժային, տնտեսական և տնտեսության ոլորտում վեճեր լուծող այլ դատարանների նախագահների խորհուրդ կազմավորելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2002 թ. հոկտեմբերի 7-ին` Քիշնևում: Համաձայնագրի նպատակն է Բարձրագույն արբիտրաժային, տնտեսական և տնտեսության ոլորտում վեճեր լուծող այլ դատարանների նախագահների խորհրդի ստեղծումը, ինչը կնպաստի Կողմերի տնտեսավարող սուբյեկտների միջև տնտեսական վեճերով փոխադարձ իրավական օգնության ընդլայնմանը, տնտեսական օրենսդրության և դատավարական նորմերի կիրառման փորձի փոխանակմանը:

2. Համաձայնագրով Կողմերը կազմավորում են Բարձրագույն արբիտրաժային, տնտեսական և տնտեսության ոլորտում վեճեր լուծող այլ դատարանների նախագահների խորհուրդ (այսուհետև` Խորհուրդ), որը գործում է համաձայնագրի անբաժանելի մասը կազմող Կանոնադրության հիման վրա:

Կողմերին իրավունք է վերապահվում դուրս գալ համաձայնագրից` դրանում սահմանված կարգով:

3. Խորհրդի կանոնադրությամբ սահմանվում են Խորհրդի հիմնական գործառույթները, այն է` տնտեսական վեճերի լուծման և տնտեսական օրենսդրության կիրառման բնագավառում իրավական տեղեկատվության ակտիվ փոխանակման ապահովում, այդ ոլորտում համաձայնեցված մոտեցումների և դիրքորոշումների մշակման նպատակով փոխադարձ խորհրդատվությունների անցկացում:

Խորհրդի կանոնադրությունը սահմանում է նաև Խորհրդի աշխատանքների կազմակերպման, նախագահի ընտրության, որոշումների ընդունման կարգը, որոշումների բնույթը և տեսակները:

4. Քննության առարկա համաձայնագրով Կողմերը, մասնավորապես, պարտավորություն են ստանձնում կրել Խորհրդի նիստերին մասնակցելու համար Խորհրդի` իրենց անդամների գործուղման ծախսերը, ինչպես նաև Խորհրդի նիստի` տվյալ Կողմի տարածքում անցկացվելու դեպքում կրել Խորհրդի նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական-տեխնիկական ծախսերը:

5. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները բխում են ՀՀ միջազգային իրավական այլ պարտավորություններից, մասնավորապես` Անկախ պետությունների համագործակցության 1993 թ. հունվարի 22-ի կանոնադրությամբ, «Տնտեսական դաշինքի ստեղծման մասին» 1993 թ. սեպտեմբերի 24-ի համաձայնագրով, «Տնտեսական գործունեության իրագործման հետ կապված վեճերի լուծման կարգի մասին» 1992 թ. մարտի 20-ի համաձայնագրով ստանձնած պարտավորություններից և կոչված են ապահովելու Կողմերի միջև հարաբերությունների զարգացումը ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված` արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2002 թ. հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված` Բարձրագույն արբիտրաժային, տնտեսական և տնտեսության ոլորտում վեճեր լուծող այլ դատարանների նախագահների խորհուրդ կազմավորելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


11 հունիսի 2004 թվականի
ՍԴՈ-496

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան