Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-287
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.02.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2002/2
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
27.02.2001
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
27.02.2001
Дата вступления в силу
27.02.2001

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

27 փետրվարի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2000 թվականի հունիսի 20-ին Մոսկվայում ստորագրված` «1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի հունիսի 20-ին Մոսկվայում` 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքները հաստատելու նպատակով:

2. Համաձայնագիրն ստորագրել են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից բոլոր պետությունները:

Համաձայնագրով Կողմերն արտոնյալ պայմաններով ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներն իրականացնում են 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի գործնական իրականացման նպատակով հավաքական անվտանգության տարածաշրջաններում բազմակողմ ուժերի ու միջոցների կազմում առանձնացված ազգային զինվորական կազմավորումների շահերից ելնելով, եթե այլ բան չի նախատեսված համապատասխան միջազգային պայմանագրերով:

Նշված մատակարարումներն իրականացվում են Կողմերի ռազմատեխնիկական համագործակցության սուբյեկտների միջև կնքված կոնտրակտներով (պայմանագրերով)` Կողմերի լիազոր մարմինների համաձայնեցրած և Հավաքական անվտանգության խորհրդի հաստատած ցանկերի հիման վրա:

Սույն համաձայնագրի իրականացման նպատակով արտոնյալ պայմաններով ռազմական նշանակության արտադրանքի արտադրության և մատակարարումների ֆինանսավորման համար ստացվող ավանսային վճարումներն ավելացված արժեքի հարկով չեն հարկվում:

3. Սույն համաձայնագրով Կողմերը պարտավորվում են հավաքական անվտանգության տարածաշրջաններում բազմակողմ ուժերի և միջոցների կազմում առանձնացված ազգային զինվորական կազմավորումներից համաձայնագրի շրջանակներում արտոնյալ պայմաններով մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքը, ինչպես նաև համաձայնագրում նշված կոնտրակտների կատարման ընթացքում արտոնյալ պայմաններով ձեռք բերված և/կամ ստացված ռազմական նշանակության արտադրանքը չվաճառել կամ չփոխանցել այլ ազգային զինվորական կազմավորումների, օտարերկրյա պետություններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց կամ միջազգային կազմակերպություններին` առանց մատակարարող Կողմի նախնական գրավոր համաձայնության:

Ըստ համաձայնագրի` մատակարարող Կողմն իրավունք ունի վերահսկողություն իրականացնելու սույն համաձայնագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման նկատմամբ: Նման վերահսկողության մեխանիզմը պետք է սահմանվի առանձին արձանագրությամբ, որը կդառնա սույն համաձայնագրի անբաժանելի մասը:

Կողմերը պարտավորվում են ապահովել սույն համաձայնագրի իրականացման ընթացքում ստացված տեղեկությունների պաշտպանությունը, որոնք Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիք են համարվում:

Համաձայնագիրն ամրագրում է իր դրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ վեճերի լուծման, կատարվող փոփոխությունների և լրացումների ընթացակարգերը:

4. Համաձայնագրի 6 և 14 հոդվածները պարունակում են դրույթներ, որոնք կարող են ընկալվել որպես առանձին արձանագրության ստորագրում կամ համաձայնագրի փոփոխություններ ու լրացումներ` առանց հետագա վավերացման ընթացակարգի: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն համաձայնագրում կատարվող յուրաքանչյուր հավելում կամ փոփոխություն Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ կստանա միայն համաձայնագրի վավերացման ընթացակարգն անցնելուց հետո:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2000 թվականի հունիսի 20-ին Մոսկվայում ստորագրված` «1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


27 փետրվարի 2001 թվականի
ՍԴՈ-287