Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-426
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.06.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2004/1
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
16.06.2003
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
16.06.2003
Дата вступления в силу
16.06.2003

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 33 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

16 հունիսի 2003 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ`սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 33 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ենոք Ավետիսյանի ներկայացուցիչներ Ա. Լալազարյանի, Վ. Գաբուզյանի, Գ. Բոյաջյանի,

պատասխանող կողմի` թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Աբրահամյանի, հանձնաժողովի քարտուղար Ռ. Հովհաննիսյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով և 101 հոդվածի 3 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 20 հոդվածի առաջին մասով, 21 հոդվածով, 25 հոդվածի 3 կետով և 57 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 33 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ե. Ավետիսյանի դիմումն է սահմանադրական դատարան:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2003 թվականի հունիսի 6-ի նիստում քննարկելով Ե. Ավետիսյանի դիմումը, կայացրել է աշխատակարգային որոշում, ըստ որի` գործն ընդունվել է քննության և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40, 41 և 57 հոդվածներին համապատասխան պատասխանող կողմ է ճանաչվել թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. 2003 թ. մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 28.05.2003 թ. թիվ 69 որոշմամբ պատգամավոր է ընտրվել առավելագույն «կողմ» ձայներ ստացած Խաչիկ Բորիսի Պետրոսյանը:

2. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ե. Ավետիսյանը սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշում է, որ 2003 թ. մայիսի 25-ին կայացած` ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ընթացքում թիվ 33 ընտրատարածքում խախտվել են ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջներ, որոնք, ըստ դիմումատուի` ազդել են ընտրությունների արդյունքների վրա: Դիմումատուն մասնավորապես նշում է, որ մի շարք տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից խախտվել է կնիքների պահպանման և օգտագործման կարգը, բազմաթիվ տեղամասերում կատարվել է բաց քվեարկություն, եղել են դեպքեր, երբ քաղաքացիներն ընտրել են ոչ իրենց ընտրատեղամասերում և այլն:

Դիմումատուն նշում է նաև, որ թիվ 33 ընտրատարածքում տեղ գտած ընտրախախտումներն իր վստահված անձանց կողմից բողոքարկվել են թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, իսկ վերջինիս կայացրած որոշումները` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն, թե' ընտրատարածքային և թե' կենտրոնական ընտրական հանձնաժողովները նրանց պահանջները չեն բավարարել:

3. Պատասխանող կողմը գտնում է, որ դիմումատուի պահանջն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ դիմումում նշված ընտրախախտումները տեղի չեն ունեցել, դրանց վերաբերյալ ապացուցողական հիմքերը բացակայում են:

Դիմումատուի վստահված անձանց կողմից թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվել մի շարք դիմում-բողոքներ, որոնք վերաբերել են ոչ թե քվեարկության արդյունքներին, այլ ընտրությունների կազմակերպմանը, և չհիմնավորված լինելու պատճառով հանձնաժողովի որոշումներով մերժվել են:

Պատասխանող կողմի կարծիքով` թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գործել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան և ընտրության արդյունքներով կայացրել է հիմնավոր որոշում:

4. Գործի նախնական ուսումնասիրման և դատաքննության ընթացքում պարզվել է, որ դիմումատուի վստահված անձանց կողմից թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացված դիմում-բողոքների քննարկումը նշված հանձնաժողովի 22.05.03թ., 27.05.03թ., 29.05.03թ. որոշումներով մերժվել է, նկատի ունենալով, որ դրանք չեն բավարարում ԿԸՀ 2003 թ. մայիսի 12-ի թիվ 128-Ա որոշման 2-րդ կետի պահանջները:

Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները բողոքարկվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն իր` 30.05.2003 թվականի թիվ 649 որոշմամբ նույնպես չի քննարկել դիմում-բողոքները` փաստելով, որ դրանք քննարկվել են թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում և դիմումատուին տրվել են պատասխաններ:

Դիմումատուն սահմանադրական դատարանում հիմնականում փորձեց քննության առարկա դարձնել գործին առնչվող առանձին փաստական հանգամանքներ, որը հակասում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածի պահանջներին:

5. Դիմումատուի կողմից ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում արձանագրված և դիմումում ներկայացված իրավախախտումների փաստերի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում դատական բողոքներ և հայցադիմումներ ընդհանուր իրավասության դատարաններ չեն ներկայացվել: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը նույնպես դատական կարգով չեն բողոքարկվել և հիմնավորվել:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ներկայացված հայցադիմումը վերաբերել է ԿԸՀ-ի անգործության բողոքարկմանը, որը դատարանը մերժել է, քանի որ դիմումատուն ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածով սահմանված կարգով թեկնածուի գրանցման և դրան առնչվող` ԸԸՀ-ի որոշումները կամ գործողությունները դատական կարգով չի բողոքարկել:

Թիվ 33 ընտրատարածքի թվով 43 տեղամասերից տեղամասային ընտրական հանձնաժողովի որևէ անդամ քվեարկության արդյունքների վերաբերյալ հատուկ կարծիք չի ներկայացրել, ինչպես նաև որևէ վստահված անձ ՀՀ ընտրական օրենսգրքի 40 և 62 հոդվածներով սահմանված կարգով ստուգումների վերաբերյալ պահանջ չի ներկայացրել:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 33 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Ե. Ավետիսյանի` ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած փաստարկները բավարար հիմք չեն ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 33 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի` պատգամավորի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


16 հունիսի 2003 թվականի
ՍԴՈ-426