ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ TF 025354 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ (ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵԿՏՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ)» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ «1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ TF 025354 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ (ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵԿՏՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
25 փետրվարի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1999 թվականի փետրվարի 22-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Ճապոնական TF 025354 դրամաշնորհի (Մասնավոր սեկտորի զարգացման ծրագրի համար)» համաձայնագրում և «1999 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Ճապոնական TF 025354 դրամաշնորհի (Մասնավոր սեկտորի զարգացման ծրագրի համար) համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Դրամաշնորհի համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը պարտավորվում է խորհրդատվական ծառայությունների մատուցման միջոցով աջակցել Մասնավոր սեկտորի զարգացման ծրագրի նախապատրաստմանը` հետևյալ բնագավառներում.
- հետսեփականաշնորհման գործընթացի զարգացման,
- փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման,
- օտարերկրյա ներդրումների խրախուսման գործունեության զարգացման:
Վերոհիշյալ խնդիրների իրականացման նպատակով Միջազգային զարգացման ընկերակցության կողմից տրամադրվող գումարը կազմում է 209.075 ԱՄՆ-ի դոլար: Նախատեսված աշխատանքների կատարման վերջնական ժամկետը 2001 թվականի դեկտեմբերի 31-ն է:
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է համաձայնագրով նախատեսված աշխատանքների պատշաճ կատարման համար համագործակցել Ընկերակցության ներկայացուցիչների հետ, ստեղծել անհրաժեշտ պայմաններ, տրամադրել տեղեկատվություն, ինչպես նաև գնահատել կատարված աշխատանքների արդյունքները:
Դրամաշնորհի համաձայնագրով նախատեսված են նաև դրույթներ դրամաշնորհի միջոցների օգտագործման, հաշվեքննության իրականացման կարգի և պայմանների, ինչպես նաև համաձայնագրի գործողության դադարման վերաբերյալ:
1999 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Ճապոնական TF 025354 դրամաշնորհի (Մասնավոր սեկտորի զարգացման ծրագրի համար) համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրով սահմանվել են դրամաշնորհի, ինչպես նաև` դրամաշնորհի հատուկ հաշվին ավանդագրման ենթակա գումարի չափերը, նախատեսված աշխատանքների կատարման վերջնական ժամկետը, կատարվել են մասնակի փոփոխություններ դրամաշնորհի համաձայնագրի հավելվածում:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի պահանջներով, ուսումնասիրելով օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին հետսեփականաշնորհման, ինչպես նաև մասնավոր սեկտորի զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ ձևավորված իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը նաև պարզեց.
Հայաստանի Հանրապետությունում հետսեփականաշնորհման բնագավառի հիմնախնդիրների լուծմանը, մասնավոր սեկտորի, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված են եղել նաև վարկային ու դրամաշնորհային միջոցներ, այդ թվում` Միջազգային զարգացման ընկերակցության կողմից տրամադրված Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության առաջին վարկային ծրագրի, ՏԱՍԻՍ ծրագրի, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Ձեռնարկությունների զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի, Լինսի հիմնադրամի վարկային ծրագրի և համանման այլ ծրագրերի միջոցներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Ճապոնական TF 025354 դրամաշնորհի (Մասնավոր սեկտորի զարգացման ծրագրի համար) 1999 թվականի փետրվարի 22-ին Երևանում ստորագրված համաձայնագրում և դրանում փոփոխություններ կատարելու մասին 1999 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|