Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-404
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.12.2002-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2003/4
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
27.12.2002
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
27.12.2002
Дата вступления в силу
27.12.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

27 դեկտեմբերի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սամվել Մարգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21 և 56 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Մարգարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի հուլիսի 18-ին Երևանում` երկու երկրների միջև օդային հաղորդակցությունները կարգավորելու նպատակով:

2. Համաձայնագրով Կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնում` կապված միմյանց տրամադրվող իրավունքների, ավիաընկերությունների նշանակման և լիազորման, ավիացիոն անվտանգության ապահովման, մաքսային տուրքերից և այլ գանձումներից ազատման, եկամուտների հարկման և փոխանցման, առաջացած տարաձայնությունների կարգավորման, համաձայնագրում փոփոխություններ կատարելու և դրա գործողության դադարեցման կարգի հետ:

3. Համաձայնագիրը պարունակում է դրույթներ, որոնք վերաբերում են նշանակած ավիաընկերությունների կողմից կիրառվող սակագների կարգավորմանը, ինչպես նաև երթուղիների ցուցակում սահմանված վայրերում գրասենյակներ, վարչական, առևտրային և տեխնիկական անձնակազմ ունենալուն:

4. Համաձայնագիրն ունի հավելված, որում սահմանվում են Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները և այն իրավունքները, որոնցից օգտվում են այդ ավիաընկերությունները` միջանկյալ և միմյանց տարածքներից դուրս գտնվող վայրերում:

5. Համաձայնագիրը կնքված է 2 բնօրինակով` հայերեն, իտալերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնություններ ծագելու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

6. Օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված համաձայնագրերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայիս դրությամբ օդային հաղորդակցության վերաբերյալ ստորագրել է 2 տասնյակից ավելի երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր:

7. Սահմանադրական դատարանը միաժամանակ նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը, միացած լինելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թ. դեկտեմբերի 7-ի Չիկագոյի, Օդանավերում կատարվող հանցագործությունների և մի շարք այլ ակտերի մասին 1963 թ. սեպտեմբերի 14-ի Տոկիոյի, Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին 1970 թ. դեկտեմբերի 16-ի Հաագայի, Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին 1971 թ. սեպտեմբերի 23-ի Մոնրեալի կոնվենցիաներին, որոնց վերաբերյալ սույն համաձայնագրում կան հղումներ, ստեղծել է միջազգային իրավական պատշաճ հիմք երկկողմ արդյունավետ պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար:

8. Սույն համաձայնագրի և գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 8 և 9 հոդվածների պահանջներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


27 դեկտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ-404

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան