Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-190
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.12.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2000/4
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
10.12.1999
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
10.12.1999
Дата вступления в силу
10.12.1999

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

10 դեկտեմբերի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` հրավիրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) և 56 հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Զինվորական կադրերի պատրաստման բնագավառում համագործակցության զարգացման մասին 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված` 24.11.1999 թ.):

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թ. մարտի 6-ին` Մոսկվայում: Այն անհրաժեշտ իրավական պայմաններ է ստեղծում զինվորական կադրերի պատրաստման բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության համար: Համաձայնագիրն ուղղված է զինվորական կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման համակարգի կատարելագործմանը, Կողմերի ռազմաուսումնական հաստատություններում միմյանց կուրսանտների և ունկնդիրների պատրաստման համակարգմանը: Համաձայնագիրը նաև պայմաններ է ստեղծում ազգային ռազմաուսումնական հաստատությունների զարգացման և նորերի հիմնադրման բնագավառում փոխշահավետ համագործակցության համար:

Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի զինվորական կադրերի ուսուցման, նրանց իրավական կարգավիճակի, նյութական, ֆինանսական և բժշկական ապահովման կարգը:

Համաձայնագրով կարգավորվում են կադրերի պատրաստման և ուսուցման դիմաց վճարումների կատարման, թեկնածուների ընտրության, տրված ավարտական փաստաթղթերի և գիտական աստիճանների ու կոչումների փոխադարձ ճանաչման հարցերը:

Համաձայնագիրը կնքված է մեկ բնօրինակով` ռուսերեն լեզվով:

Համաձայնագիրը չեն ստորագրել Ադրբեջանը, Մոլդովան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան: Համաձայնագիրը Վրաստանի կողմից ստորագրվել է վերապահումով, իսկ Ղազախստանի ու Հայաստանի կողմից` դիտողություններով և առաջարկություններով, որոնք, ինչպես նաև Պաշտպանության նախարարների խորհրդի առաջարկությունը հանդիսանում են սույն համաձայնագրի անքակտելի մասը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Զինվորական կադրերի պատրաստման բնագավառում համագործակցության զարգացման մասին 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


10 դեկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ-190

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան