Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-381
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.09.2002-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2003/3
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
24.09.2002
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
24.09.2002
Дата вступления в силу
24.09.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2002 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

24 սեպտեմբերի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Վ. Այվազյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թ. հուլիսի 1-ին Երևանում ստորագրված զարգացման վարկային համաձայնագրում (Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Այվազյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայն քննության առարկա համաձայնագրի` Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը տարբեր տարադրամներով տրամադրում է 6.700.000 փոխառության հատուկ իրավունքներին (SDR) համարժեք գումար` բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացումը ֆինանսավորելու համար: Ծրագրի նպատակն է նպաստել բնական պաշարների կայուն կառավարմանը և Հյուսիսային Հայաստանի դեգրադացված լեռնային շրջանների գյուղական բնակչության չքավորության նվազեցմանը:

Բացի սույն համաձայնագրով ներգրավվող վարկային միջոցներից, Ծրագրի իրականացման համար դրամաշնորհային համաձայնագրերի հիման վրա հատկացվելու են նաև 4.100.000 փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար` Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի խնամառու հիմնադրամի կողմից և 10.000.000 շվեդական կրոն գումար` Շվեդական միջազգային զարգացման գործակալության կողմից:

2. Փոխառուն վարկի չառհանված հիմնագումարի դիմաց պարտավորվում է վճարել պարտագումար` Ընկերակցության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվելիք տոկոսադրույքով, բայց ոչ ավելի, քան տարեկան 1 %-ի 1/2-ի չափով, ինչպես նաև սպասարկման վարձ` վարկի հիմնագումարի առհանումների և մնացորդային գումարների դիմաց:

Փոխառուն վարկի գումարը մարելու է կիսամյակային մուծումներով` սկսած 2012 թվականից մինչև 2042 թվականը:

Փոխառուն պարտավորվում է նաև վարել վարկի ֆինանսական կառավարման համակարգ և պատրաստել ֆինանսական հաշվետվություններ` Ընկերակցության համար ընդունելի ձևով, որոնք ճշգրտորեն կարտացոլեն Ծրագրի հետ կապված գործառնությունները, միջոցները և ծախսերը: Բացի ընթացիկ հաշվետվություններից, փոխառուն պետք է ներկայացնի նաև ֆինանսական մոնիտորինգի հաշվետվություն` նշելով Ծրագրի միջոցների աղբյուրներն ու օգտագործումը, սույն համաձայնագրի հիման վրա տրամադրված միջոցները: Ֆինանսական մոնիտորինգի հաշվետությամբ պետք է նաև հիմնավորվի պլանավորված և փաստացի օգտագործված գումարների տարբերությունը:

3. Հայաստանի Հանրապետությունը, որպես փոխառու, պարտավորվում է նաև վարել այնպիսի քաղաքականություն, որը կապահովի Ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ շարունակական վերահսկողության և դրա գնահատման հնարավորությունը: Փոխառուն Ծրագրի իրականացման ողջ ընթացքում պետք է պահպանի Ծրագրի իրականացման գրասենյակ, ունենա Ծրագրի կառավարման խորհուրդ` Ծրագրի իրականացման համար պահանջվող վերահսկողությունն իրականացնելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետությունը որոշակի պարտավորություններ է ստանձնում համաձայնագրով նախատեսված առանձին միջոցառումներ իրականացնելու կապակցությամբ: Մասնավորապես, պետք է հզորացնել անտառային ծառայությունը` այն դարձնելով առավել արդյունավետ ու թափանցիկ, ընդունել և իրականացնել կառավարման պլաններ և այլն:

5. Համաձայնագրի հավելված 1-ով սահմանված են վարկի միջոցներից ֆինանսավորվելիք վճարումների կատեգորիաները, այն է` աշխատանքներ` 3.120.000 SDR, ապրանքներ` 700.000 SDR, խորհրդատվական ծառայություններ, ներառյալ աուդիտի ծառայությունները և վերապատրաստումը` 1.100.000 SDR, ենթադրամաշնորհներ` 140.000 SDR, աճողական ընթացիկ ծախսեր` 470.000 SDR, Ծրագրի նախապատրաստման կանխավճարի հատուցում` 360.000 SDR:

6. Համաձայնագրի հավելված 2-ը մանրամասնում է Ծրագրի բաղադրիչները: Ծրագրի բաղադրիչներն են` ջրհավաք ավազանների համայնքային կառավարումը, պետական ֆոնդի անտառների կատարելագործված կառավարումը, պահպանվող տարածքների կառավարումը և կենսաբազմազանության պահպանությունը, ինչպես նաև Ծրագրի կառավարման ու իրականացման աջակցությունը: Սահմանված են Ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի շրջանակներում իրականացվելիք միջոցառումները: Մասնավորապես, մշակվելու և իրագործվելու են Դիլիջանի պետական արգելոցի և «Սևան» ազգային ավազանի պահպանվող տարածքների կառավարման պլանները, Ծրագրի գործողության գոտում գտնվող` հատուկ պահպանվող տարածքների պահպանության, կառավարման և քաղաքականության ձևավորման նպատակով հզորացվելու է բնապահպանության նախարարությունը:

7. Ծրագրի վերոհիշյալ բաղադրիչներից յուրաքանչյուրի նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են տարբեր աղբյուրներից ներգրավված դրամաշնորհների և վարկային միջոցներով:

Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի նախապատրաստման որոշ ծախսեր ֆինանսավորվել են Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թ. մայիսի 7-ին ստորագրված` «Կանխավճար բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի նախապատրաստման համար» PPF Q320-0AM նամակ-համաձայնագրի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը տրամադրված 450.000 ԱՄՆ դոլարի չափով կանխավճարով: Վերջինս մասնավորապես նախատեսվել է Ծրագրի իրականացման նախապատրաստման նպատակներով իրականացվելիք փոքրածավալ շինարարական աշխատանքների ուսումնասիրության ու նախագծման, տեղական համայնքային խորհրդակցական խմբերի ստեղծման, դասընթացների կազմակերպման և տեխնիկական աջակցության տրամադրման համար:

8. Համաձայնագրի հավելված 3-ով կանոնակարգված է ապրանքների և աշխատանքների, խորհրդատուների ընտրության ընթացակարգը:

Ծրագիրն իրականացվելու է ըստ համաձայնագրի հավելված 4-ով նախատեսված` Ծրագրի իրականացման պլանի: Հավելվածը նախատեսում է նաև փոխառուի` ենթածրագրերի ընտրության, հաստատման, իրականացման և գնահատման, շահառուներին ենթադրամաշնորհների տրամադրման հետ կապված որոշակի պարտավորություններ:

Համաձայնագիրն ամրագրում է Ծրագրի նպատակների համար հատուկ հաշիվ բացելու փոխառուի իրավունքը, հատուկ հաշվին գումարների ավանդադրման և դրանից վճարումներ կատարելու կարգը:

9. Քննության առարկա համաձայնագրի ուժի մեջ մտնելը պայմանավորված է որոշակի հանգամանքներով, այն է` փոխառուի կողմից Ընկերակցությանը հավաստիացում ներկայացնելն առ այն, որ Ծրագրի իրականացման գրասենյակը համալրված է և կարող է գործել Ընկերակցության համար ընդունելի ձևով, մշակվել և ներկայացվել է Դրամաշնորհային համաձայնագիրը, բացված է Ծրագրի հաշիվը, կազմված է գործառնական ձեռնարկը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թ. հուլիսի 1-ին Երևանում ստորագրված զարգացման վարկային համաձայնագրում (Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


24 սեպտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ-381