ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
8 հոկտեմբեր 1999 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` հրավիրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) և 56 հոդվածներով,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին 1999 թվականի մայիսի 20-ին Երևանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան, մուտքագրված` 22.09.1999 թ.:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Հարությունյանի գրավոր բացատրությունը, Ա. Պետրոսյանի պարզաբանումները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Պայմանագիրն ստորագրվել է 1999 թ. մայիսի 20-ին` Երևանում:
Պայմանագիրը սերտորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության` ԱՊՀ-ի շրջանակներում իրականացվող ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը:
Պայմանագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության կոնկրետ ոլորտները, դրա իրականացման հստակ ձևերը և դրանից բխող` Կողմերի ստանձնած պարտավորությունները:
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը հիմնվում է կողմերի ինքնիշխանության, իրավահավասարության, փոխշահավետության սկզբունքների վրա:
Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում միջոցառումների իրականացման հետ կապված ֆինանսական ծախսերը Կողմերն իրականացնում են փոխադարձ հիմունքներով:
Պայմանագիրը կնքված է երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Պայմանագրի դրույթների մեկնաբանման դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:
Պայմանագրում նախատեսված են նաև դրույթներ` պայմանագրի ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետի վերաբերյալ:
Պայմանագրի դրույթները չեն հակասում ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածի և «ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության մասին» 1992 թ. մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրված պայմանագրի պահանջներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին 1999 թվականի մայիսի 20-ին Երևանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|