Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-454
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.11.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2004/2
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
11.11.2003
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
11.11.2003
Дата вступления в силу
11.11.2003

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1978 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

11 նոյեմբերի 2003 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` հետևյալ կազմով. նախագահող` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1978 թվականի մարտի 17-ին Ստրասբուրգում ստորագրված` Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը (կից հայտարարությամբ) և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 1978 թ. մարտի 17-ին, Ստրասբուրգում` նպատակ ունենալով դյուրացնել Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959 թ. ապրիլի 20-ին Ստրասբուրգում ստորագրված եվրոպական կոնվենցիայի կիրառումը ֆինանսական հանցագործությունների ոլորտում և լրացնել այդ կոնվենցիայի որոշ դրույթներ: Կոնվենցիան ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացվել է 2001 թ. նոյեմբերի 21-ին:

Հայաստանի Հանրապետության անունից արձանագրությունն ստորագրվել է 2002 թ. նոյեմբերի 8-ին:

2. Արձանագրության համաձայն` Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959 թ. ապրիլի 20-ին Ստրասբուրգում ստորագրված եվրոպական կոնվենցիայի գործողությունը տարածվում է նաև ֆինանսական հանցագործությունների նկատմամբ, ինչի արդյունքում Պայմանավորվող կողմերը պարտավորվում են կոնվենցիայով նախատեսված պայմաններով միմյանց տրամադրել իրավական օգնություն նաև այդպիսի հանցագործությունների կապակցությամբ:

Արձանագրության 2-րդ հոդվածը, ընդլայնելով կոնվենցիայով տրամադրվող իրավական օգնության շրջանակը, ներառում է նաև իրավական օգնության տրամադրումը` կապված դատավճիռների կատարման հետ:

Արձանագրության Կողմերը պարտավորվում են ընդլայնել իրավական օգնության բնագավառում կոնվենցիայով նախատեսված տեղեկատվության շրջանակները, նախատեսելով նաև Կողմերի արդարադատության նախարարությունների միջև գերատեսչական համագործակցություն:

3. Հայաստանի Հանրապետությունը մտադիր է կից հայտարարությամբ արձանագրությունը վավերացնել վերապահումով, համաձայն որի`

- չի կատարելու գույքի բռնագրավման վերաբերյալ հանձնարարությունները,

- չի ընդունում արձանագրության 2-րդ գլխի դրույթները:

Այս վերապահումներով արձանագրությունը վավերացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության համար չեն գործի արձանագրությամբ նախատեսված` գույքի բռնագրավման վերաբերյալ հանձնարարությունները կատարելու և դատավճիռների կատարման կապակցությամբ իրավական օգնություն տրամադրելու վերաբերյալ պարտավորությունները:

4. Քննության առարկա արձանագրության 5-րդ հոդվածի 1-ին կետը սույն արձանագրության վավերացման հնարավորությունը պայմանավորում է Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959 թ. ապրիլի 20-ին Ստրասբուրգում ստորագրված եվրոպական կոնվենցիայի նախօրոք կամ միաժամանակյա վավերացմամբ: Ընդ որում, կոնվենցիայի չեղյալ հայտարարումը հանգեցնում է արձանագրության չեղյալ հայտարարմանը:

5. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային համագործակցության վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1978 թվականի մարտի 17-ին Ստրասբուրգում ստորագրված` Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


11 նոյեմբերի 2003 թվականի
ՍԴՈ-454