Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-128
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.10.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 1999/1
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
06.10.1998
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
06.10.1998
Дата вступления в силу
06.10.1998

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՄԱՆ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

6 հոկտեմբերի 1998 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական տարածքի կազմավորման ուղղությամբ համագործակցման մասին 1997 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Մկրտչյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրը կնքվել է կրթության բնագավառում մասնակից պետությունների միջև հարաբերություններն էլ ավելի զարգացնելու, միասնական կրթական տարածք կազմավորելու նպատակով:

Համաձայնագրի Կողմերը պայմանավորվել են համակարգել կրթական, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և նրանց որակավորման աշխատանքները, սահմանել համատեղ նախագծերի իրականացման մեխանիզմներ և ֆինանսատնտեսական չափանիշներ, ապահովել այդ բնագավառներում տեղեկատվության ազատ փոխանակում, մշակել անհրաժեշտ իրավական հիմք` կրթության, գիտական աստիճանների և կոչումների մասին փաստաթղթերի համարժեքության փոխադարձ ճանաչման պահանջների սահմանման հարցերի ուղղությամբ:

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է կազմում Կրթության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցման խորհրդի կանոնակարգը, որով կարգավորվում են խորհրդի կազմավորման, գործառույթների իրականացման և ֆինանսավորման կարգն ու պայմանները:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ` կապված Կրթության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցման խորհրդի նիստ անցկացնելու, ինչպես նաև այդ խորհրդի անդամների գործուղման ծախսերի հատուցման հետ:

Համաձայնագրում նախատեսված են նաև դրույթներ համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դադարելու վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից, հիմք ընդունելով ներկայացված համաձայնագրի բնօրինակը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված հատուկ կարծիքը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Անկախ պետությունների համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական տարածքի կազմավորման ուղղությամբ համագործակցման մասին 1997 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


6 հոկտեմբերի1998 թվականի
ՍԴՈ-128