Գլխավոր տեղեկություն
Номер
N 1419-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (08.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
07.03.2025
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
07.03.2025
Дата вступления в силу
08.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«07» մարտ 2025 թ.

N 1419-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԻՏԱՄԵԴՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴՄԻ-000152 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 01/2899-2025 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին միջնորդագիրը, համաձայն որի 2024 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24090516 հանձնարարագրի հիման վրա՝ «ՎԻՏԱՄԵԴՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն) (պետական գրանցման համարը՝ 278.110.1265350, ՀՎՀՀ` 00511515, գրանցման հասցե՝ ք. Երևան, Էրեբունի, Տիգրան Մեծի փ․, 74, 14 բն․, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա Շերամի 2 հասցե) իրականացված ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ վերջինս իրականացնում է դեղերի մեծածախ իրացում, սակայն չունի «Պատշաճ բաշխման գործունեության» հավաստագիր։

Այս մասով հարկ է նկատի ունենալ «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, համաձայն որոնց` դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի մեծածախ իրացումը իրականացնում են մատակարարները` ՀՀ առողջապահության նախարարության հաստատած «Պատշաճ բաշխման գործունեության» կանոնների համաձայն:

Համաձայն «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի` ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ստացած մատակարարին տալիս է «Պատշաճ բաշխման գործունեության» հավաստագիր` մասնագիտական ընդհանուր դիտարկման հաշվետվության հիման վրա:

Համաձայն «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի` Պատշաճ բաշխման գործունեության հավաստագիրը տրվում է առավելագույնը հինգ տարի ժամկետով...: Մեծածախ իրացման լիցենզիա ստանալուց հետո` առաջին երեք տարվա ընթացքում, դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մոտ մասնագիտական դիտարկումներն իրականացվում են ամեն տարի, այնուհետև` երկու տարին մեկ:

Համաձայն «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետի` դեղերի մեծածախ իրացման լիցենզիան, բացի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերից, կասեցվում է նաև «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դիտարկման և 8-րդ մասով սահմանված պարբերականությունն ապահովելու նպատակով հայտ չներկայացնելու դեպքում:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, 8-րդ մասը, «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ մասերը, 9-րդ մասի 2-րդ կետը և Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ՎԻՏԱՄԵԴՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի ապրիլի 7-ին տրված դեղերի մեծածախ իրացում իրականացնելու N Կ-ԴՄԻ-000152 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի գործողության կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը վարույթի մասնակիցներին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան