ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վերջին շրջանում Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական կազմակերպության արկածախնդիր, հակաօրինական գործողությունների պատճառով խիստ սրվել է իրադրությունը հանրապետությունում, ինչը բնականաբար հանգեցրել է ադրբեջանական կողմի ակտիվացմանը: Նոյեմբերյանում, Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանում, իսկ այսօր արդեն Գետաշենում տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև Ղազախ-Երևան գազամուղի և Ղազախ-Իջևան երկաթգծի փակումը ուղղակի հետևանք են այդ ազգադավ գործողությունների: Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Հայոց Ազգային Բանակը ոչ միայն մտադիր չէ դադարեցնել իր վտանգավոր գործունեությունը, այլև գնալով դիմում է ավելի հանդուգն քայլերի:
1990 թվականի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատները անցել են բացահայտ տեռորիստական գործողությունների: Առանց պետհամարանիշի մեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել և ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել ժողովրդական պատգամավոր Ռ. Իշխանյանը: Գնդակոծվել է Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ: Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից: Դրա հետևանքով վիրավորվել են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գ. Միքայելյանը և ժողովրդական պատգամավոր Վ. Այվազյանը, որոնք մի քանի ժամ հետո մահացել են:
Ելնելով շարադրված փաստերից և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու քաղաքացիների անվտանգության շահերից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է`
1. Հանրապետության ողջ տարածքում մտցնել արտակարգ դրություն` սահմանելով պարետային ժամ` ժամը 22-ից մինչև 6-ը:
2. Լուծարքի ենթարկել Հայոց Ազգային Բանակ ռազմական կազմակերպությունը:
3. Կոչ անել ՀԱԲ-ի մարտիկներին մինչև 1990 թվականի օգոստոսի 29-ի ժամը 22-ը հանձնել իրենց ունեցած զենքն ու ռազմամթերքը, զբաղեցրած շենքերը, հափշտակած ռազմական տեխնիկան և տրանսպորտային միջոցները:
4. Սույն որոշման պահանջները կատարող անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, իսկ չենթարկվողները կձերբակալվեն և կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
5. Սույն որոշման իրականացումը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրության և նրան ենթակա ներքին զորքերի ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի, ինչպես նաև միլիցիայի կառուցվածքներում ընդգրկված հասարակական կարգի պահպանության ջոկատների վրա:
6. Սույն որոշման իրականացման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի վրա:
7. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` |
ա. սահակյան |
29 օգոստոսի 1990 թվականի, քաղ. Երևան Հ. Ն.-0095-1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.09.1990, հ. Ն.-0108-1 | 05.09.1990, Հ. Ն.-0095-1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|