Գլխավոր տեղեկություն
Номер
N 1596-XI
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.09.1989-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԽՍՀԳԽՏ 1989/18
Принят
ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
17.09.1989
Подписан
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
17.09.1989

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼՂԻՄ-Ի ՊՐՈԲԼԵՄԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Երկրորդ տարին է, ինչ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական դեպուտատների մարզային խորհրդի նստաշրջանը, ազատ ինքնորոշման իր անկապտելի ու անմարելի իրավունքն իրականացնող իր հայ ազգաբնակչության գերագույն իշխանությամբ, որոշում է ընդունել Ադրբեջանական ԽՍՀ կազմից մարզի դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միավորվելու մասին:

Ելնելով այն բանից, որ բոլոր ժողովուրդները իրավահավասար են և ունեն իրենց քաղաքական ստատուսը որոշելու իրավունք, և որ տերիտորիայի նկատմամբ պետության իրավունքը պետք է հիմնվի ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքի վրա, ժողովուրդներ, որոնք չեն կարող դիտվել որպես տերիտորիայի անբարբառ կցորդներ,

հաստատակամորեն և անվերապահորեն հանդես գալով ինքնորոշման լենինյան սկզբունքի պաշտպանությամբ, որն ամրապնդված է ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագրով և ԽՍՀՄ սահմանադրությամբ` որպես բազմազգ խորհրդային պետության մեջ ազգամիջյան հարաբերությունների հիմք,

նկատի ունենալով, որ խորհրդային ֆեդերացիան բոլոր մակարդակներով պետք է կառուցված լինի ժողովուրդների իրավահավասարության և ազատ ինքնորոշման հիման վրա, որոնք բացառում են մի ժողովրդի բռնությամբ մեկ այլ ժողովրդի իշխանության ներքո պահելը,

ելնելով նրանից, որ ժողովուրդների ինքնորոշումը նրանց բարեկամության աղբյուրն է, իսկ դրա մերժումը տանում է դեպի ազգամիջյան երկպառակություն,

հաշվի առնելով նաև, որ ազգամիջյան հարաբերությունների վերակառուցման իմաստը, նոր մտածողությունը և խորհրդային իրավական պետության ստեղծման գաղափարն անհամատեղելի են պետության սահմանների մեջ որևէ ժողովրդի կամ նրա մի մասը բռնությամբ պահելու հետ,

ելնելով այն բանից, որ ԽՍՀՄ սահմանադրությանը, խորհրդային ֆեդերացիայի կազմավորման մասին պայմանագրին, ՄԱԿ-ի կանոնադրությունից, Եվրոպայում անվտանգության և համագործակցության վերաբերյալ խորհրդակցության եզրափակիչ ակտից, ինչպես նաև միջազգային մի շարք այլ փաստաթղթերից բխող միջազգային-իրավական պարտավորություններին համապատասխան բոլոր պետությունները, առանց բացառության, այդ թվում խորհրդային ֆեդերացիայի սուբյեկտները, պարտավոր են պատշաճ հարգանք ցուցաբերել իր քաղաքական ստատուսի ընտրության հարցում ժողովրդի կամքի ազատ արտահայտման նկատմամբ և ակտիվորեն նպաստել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը առանց որևէ ճնշման, մարդու իրավունքների լիակատար պահպանման պայմաններում,

քանի որ ԼՂԻՄ-ի հարցը Հայաստանի Հարուցած հարցը չէ, այլ բարձրացրել է ԼՂԻՄ-ի ժողովուրդը, և այն պետք է դիտել որպես միայն ժողովրդի ինքնորոշման հարց,

քանի որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ է մտցվել ոչ իրավասու մարմնի` ՌԿ (բ) Կ Կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի անօրինական որոշման հիման վրա` այն ժամանակ մարզի բնակչության 95 տոկոս կազմող հայ բնակչության իրավունքների ոտնահարմամբ,

քանի որ ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի որոշումը բխում է մարզի ազգաբնակչության ինքնորոշման սահմանադրական իրավունքից, իսկ սումգայիթյան ոճրագործությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ փորձ` բռնության միջոցով ահաբեկել ԼՂԻՄ-ի բնակչությանը և հարցը տեղափոխել ազգամիջյան վեճերի բնագավառ,

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը արձանագրում է, որ ԼՂԻՄ-ի պրոբլեմը երկու հարևան հանրապետությունների միջև վեճի հարց չէ, այլ ԼՂԻՄ-ի ժողովրդի կամքն է և պետք է լուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Ելնելով վերոհիշյալից, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Դիմել Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Գերագույն խորհրդին սույն թվականի սեպտեմբերին կայանալիք նստաշրջանում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման իրավունքը, որն արտահայտված է ժողովրդական դեպուտատների մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների որոշումներում:

2. Ճանաչել ԼՂԻՄ-ի բնակչության լիազոր-ներկայացուցիչների համագումարում ընտրված Ազգային խորհուրդը որպես Արցախի բնակչության կամքն ու շահերը ներկայացնող ժողովրդաիշխանության մարմին` մինչև ժողովրդական դեպուտատների մարզային խորհրդի վերականգնումը:

3. Նկատի ունենալով, որ ռեգիոնում ծագած ազգամիջյան պրոբլեմների արմատները 1920-1921 թվականներին ապօրինաբար և միջազգային իրավունքի տարրական նորմաների կոպիտ խախտմամբ ընդունված պայմանագրերի ու որոշումների մեջ են, ստեղծել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հատուկ հանձնաժողով` այդ պայմանագրերն ու որոշումները ուսումնասիրելու և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հաջորդ նստաշրջանին առաջարկներ ներկայացնելու համար:

 

Հայկական ԽՍՀ
Գերագույն խորհրդի նախագահ

 


17 սեպտեմբերի 1989 թվականի,
քաղ. Երևան
N 1596-XI

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան