Գլխավոր տեղեկություն
Номер
N 93-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (22.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2021
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
09.12.2021
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
09.12.2021
Дата вступления в силу
30.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

09 դեկտեմբերի 2021 թ.

N 93-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

 1. Հաստատել արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 09-ի 

թիվ 93-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1.Սույն կարգով կարգավորվում են արտահիվանդանոցային (այսուհետ՝ Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման) և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 23.11.23 N 63-Ն)

2. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է բժշկական օգնության այն տեսակները, որոնց իրականացումը չի պահանջում շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում (այդ թվում` տնային կանչը) և ընդգրկում է կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ:

3. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող հաստատություններում:

4. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է ինչպես պետության կողմից երաշխավորված ամենամյա նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար հիմունքներով, այդպես էլ վճարովի հիմունքներով:

5. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կադրային և տեխնիկական հագեցվածության պահանջներն ու պայմանները սահմանված են Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման հավելված 12-ով:

(5-րդ կետը փոփ. 09.03.23 N 10-Ն)

6. Հայաստանի Հանրապետությունում արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է.

1) առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ծառայություններ մատուցող հաստատություններում (ներառյալ նրանց կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերում).

ա. պոլիկլինիկաներում (այդ թվում` բուժմիավորումների, բժշկական կենտրոնների կազմում գործող),

բ. առողջության կենտրոններում,

գ. բժշկական ամբուլատորիաներում,

դ. առողջության առաջնային պահպանման կենտրոններում,

ե. ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկա իրականացող բժշկական հաստատությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից,

զ. արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կաբինետներում,

2) դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող հաստատություններում (մասնագիտացված դիսպանսերների բացակայության դեպքում՝ պոլիկլինիկաներում կամ բուժմիավորումների, բժշկական կենտրոնների կազմում գործող պոլիկլինիկաներում),

3) հղիների հսկողություն իրականացնող կանանց կոնսուլտացիաներում (այդ թվում` բուժմիավորումների, բժշկական կենտրոնների, պոլիկլինիկաների կազմում գործող),

4) երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոններում (այդ թվում` բուժմիավորումների, բժշկական կենտրոնների, պոլիկլինիկաների կազմում գործող):

(6-րդ կետը փոփ., լրաց. 23.11.23 N 63-Ն)

7. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում բժշկական օգնությունը կազմակերպվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (տեղամասային թերապևտի, ընտանեկան բժշկի) կողմից և տվյալ բժշկի ուղեգրմամբ` նեղ մասնագետների (լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների համաձայն) կողմից:

8. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը, գրանցվող բնակչության թվաքանակները հաստատված են Առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանով:

(8-րդ կետը փոփ. 20.08.24 N 263-Ն)

9. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունները բնակչության առողջության վերաբերյալ գրառումները կատարում են Առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1752-Ն հրամանով հաստատված մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում և երեխայի (տղա) բժշկական հսկողության ամբուլատոր քարտում, երեխայի (աղջիկ) բժշկական հսկողության ամբուլատոր քարտում` հայերեն լեզվով և դրանք պահպանվում են տվյալ բժշկական հաստատություններում:

(9-րդ կետը լրաց. 23.11.23 N 63-Ն)

10. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատության մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի և երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտի վարման գործընթացը կազմակերպվում է Առողջապահության նախարարի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 17-Ն հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն:

(10-րդ կետը լրաց. 23.11.23 N 63-Ն)

11. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում բնակչության առողջության վերաբերյալ գրառումները էլեկտրոնային եղանակով կատարվում են էլեկտրոնային առողջապահության համակարգի «Պացիենտի էլեկտրոնային բժշկական պատմություն» էջում:

12. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում միջոցով անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերը տրամադրվում են Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշմամբ:

13. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունն իրականացվում է Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի թիվ 1024-Ն որոշման և Առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 7-ի թիվ 14-Ն և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2008 թվականի օգոստոսի 11-ի թիվ 109-Ն համատեղ հրամանի համաձայն:

14. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների (պոլիկլինիկաների) կողմից 18 տարեկան և բարձր տարիքի պացիենտների ցերեկային ստացիոնարների կազմակերպման ընթացակարգը և ցերեկային ստացիոնարներում պացիենտների բժշկական օգնության և սպասարկման դեպքերը սահմանված են Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 12-ի թիվ 19-Ն հրամանով:

15. Արտահիվանդանոցային պայմաններում դիսպանսերային (շարունակական) հսկողությունն իրականացվում է մասնագիտացված (հակատուբերկուլյոզային, հոգեբուժական/թմրաբանական, ուռուցքաբանական, արյունաբանական) հաստատություններում, իսկ վերջիններիս բացակայության դեպքում պոլիկլինիկաներում կամ բուժմիավորումների, բժշկական կենտրոնների կազմում գործող պոլիկլինիկաներում.

16. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները ` բժշկական հաստատություններն են, որտեղ բնակչությանը տրամադրվում է մասնագիտացված բժշկական օգնություն կիրառելով համալիր բժշկական միջոցառումներ, մասնավորապես, ախտորոշում, բուժում, շուրջօրյա բժշկական հսկողություն և հատուկ խնամք:

16.1. Բժշկական օգնության և սպասարկման գործընթացում պացիենտին կամ նրա կոնտակտային անձին կամ նրա օրինական ներկայացուցչին պացիենտի հիվանդության ախտորոշման, ինչպես նաև կոնտակտային անձին կամ օրինական ներկայացուցչին անձի մահվան մասին լուրը հայտնելու («վատ լուրերի» հաղորդման) մեթոդական ուղեցույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

(16.1-ին կետը լրաց. 15.11.24 N 341-Ն)

17. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների հիմնական նպատակն է այն դեպքերում բժշկական օգնության և սպասարկման տրամադրում, երբ հնարավոր չէ իրականացնել բուժում ամբուլատոր (արտահիվանդանոցային) պայմաններում կամ ախտորոշիչ հետազոտություններ և/կամ երբ պացիենտի առողջացումը կամ առողջական վիճակի բարելավումը հնարավոր է ապահովել միայն ստացիոնար պայմաններում և/կամ երբ պացիենտի մոտ առկա է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն:

18. Հայաստանի Հանրապետությունում բնակչությանը հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է.

1) հիվանդանոցային մաս ունեցող առողջության կենտրոններում,

2) մոնոպրոֆիլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում (այսուհետ` մոնոպրոֆիլ հիվանդանոց կամ բժշկական կենտրոն),

3) բազմապրոֆիլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում (այսուհետ` բազմապրոֆիլ հիվանդանոց կամ բժշկական կենտրոն),

4) շուրջօրյա բժշկական հսկողություն իրականացնող մասնագիտացված դիսպանսերներում,

5) ծննդատներում:

19. Առողջության կենտրոններում կամ մինչև 30 մահճակալ ունեցող բժշկական կենտրոններում գործող հիվանդանոցային մահճակալները նախատեսված են ընդհանուր պրոֆիլի բժշկական ծառայություններ մատուցելու համար (թերապևտիկ, վիրաբուժական ուղղվածության և մանկաբարձական):

20. Բազմապրոֆիլ հիվանդանոցները իրականացնում են մեկից ավելի ուղղվածության մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում` ստացիոնար պայմաններում, որոնց կազմում կարող են գործել նաև պոլիկլինիկական, շտապ բժշկական օգնության և մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություններ:

21. Մոնոպրոֆիլ հիվանդանոցներն ունեն նեղ մասնագիտական ուղղվածություն, որտեղ գործում են տվյալ մասնագիտության գծով ախտորոշիչ, բուժական և գիտական բաժանմունքներ (հոգեբուժական, նարկոլոգիական, ակնաբանական, ուռուցքաբանական, արյունաբանական, վնասվածքաբանական և այլն) և վերջիններիս գործունեությունն ուղղված է պացիենտների` տվյալ պրոֆիլի մասնագիտական տարբերակիչ ախտորոշմանը և բուժմանը, շուրջօրյա կամ ցերեկային ստացիոնարի պայմաններում:

22. Շուրջօրյա բժշկական հսկողություն իրականացնող մասնագիտացված դիսպանսերներն ունեն նեղ մասնագիտական ուղղվածություն և իրականացնում են պացիենտների բժշկական, հոգեբանական և աշխատունակության վերականգնմանն ուղղված միջոցառումներ:

22.1. Բժշկական գաղտնիքի մշակմանը ներկայացվող պահանջները սահմանվում են օրենքով: Բժշկական գաղտնիքի պատշաճ մշակման մեթոդական ուղեցույցը հաստատում է լիազոր մարմինը:

(22.1-ին կետը լրաց. 15.11.24 N 341-Ն)

23. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են ըստ մակարդակների: Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակները (այսուհետ` մակարդակներ) սահմանվում են (մակարդակավորումը կատարվում է) ըստ բժշկական օգնության և սպասարկման տեսակների` հիմք ընդունելով Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման հավելված 13-ով հաստատված հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական` սարքավորումների և բժշկական գործիքների ու մասնագիտական որակավորման` կադրային հագեցվածության պահանջները ու պայմանները, բացառությամբ սույն կարգի 23.1-րդ կետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակների:

(23-րդ կետը փոփ. 09.03.23 N 10-Ն, խմբ. 23.11.23 N 63-Ն)

23.1. Բժշկական օգնության և սպասարկման տեսակների նեղ մասնագիտական առանձնահատկություններից և տվյալ տեսակների բժշկական օգնությունն ու սպասարկումը ողջ ծավալով իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով` այդ տեսակների համար մակարդակները սահմանվում են` հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից սահմանված պահանջները: Այդ բժշկական օգնության և սպասարկման տեսակներն են`

1) մանկաբարձագինեկոլոգիական,

2) մանկաբուժական:

(23.1-ին կետը լրաց. 23.11.23 N 63-Ն, փոփ. 15.11.24 N 341-Ն)

(23.1-ին կետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակներ իրականացնող բժշկական հաստատությունները շարունակում են իրենց գործունեությունը իրականացնել ըստ տրամադրված գործող մակարդակների` մինչև այդ տեսակների համար մակարդակներին ներկայացվող 23.1-ին կետով նախատեսված լիազոր մարմնի ընդունած պահանջների ուժի մեջ մտնելը, և այդ պահանջների ուժի մեջ մտնելու օրվանից սկսած իրենց գործունեությունը իրականացնելու են որպես բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի առաջին մակարդակի բժշկական հաստատություն: 23.1-ին կետով նախատեսված լիազոր մարմնի ընդունած պահանջների համաձայն սահմանված մակարդակները բժշկական հաստատության ղեկավարը կարող է ստանալ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 93-Ն հրամանով հաստատված կարգով` համաձայն 23.11.23 N 63-Ն որոշման 3-րդ կետի)

24. Բժշկական հաստատության ղեկավարը` բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակն իրականացնելու համար լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում, գրավոր դիմում է ներկայացնում լիազոր մարմին` բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի համար մակարդակ ստանալու նպատակով:

(24-րդ կետը խմբ. 23.11.23 N 63-Ն)

25. Մակարդակները տրամադրում է լիազոր մարմինը` հիմք ընդունելով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակը գնահատող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) արձանագրությունը:

(25-րդ կետը փոփ. 23.11.23 N 63-Ն)

25.1. Մակարդակները տրամադրվում են հետևյալ պայմաններով`

1) մակարդակները կարող են վերագնահատվել սույն կարգի 29-րդ կետով սահմանված մակարդակ տրամադրելու հրամանի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած` յուրաքանչյուր տարին մեկ,

2) մակարդակները կարող են վերագնահատվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների ամփոփված արդյունքների կամ ավարտված վարչական վարույթի արդյունքների հիման վրա` սույն կարգի 23-րդ կետով սահմանված պահանջների ու պայմանների և 23.1-րդ սահմանված մակարդակների պահանջների խախտման դեպքում:

(25.1-ին կետը լրաց. 23.11.23 N 63-Ն)

25.2. Մակարդակների վերագնահատումն իրականացվում է լիազոր մարմնի նախաձեռնությամբ` սույն կարգի 25-րդ, 25.1-րդ կետերով, 27-րդ կետի 1-ին ենթակետով, 28-րդ-30-րդ կետերով սահմանված ընթացակարգով:

(25.2-րդ կետը լրաց. 23.11.23 N 63-Ն)

26. Հանձնաժողովը բաղկացած է`

1) մշտական անդամներից, որի կազմում ընդգրկվում են Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության (ելնելով գնահատման ենթակա բժշկական օգնության և սպասարկման տեսակից կամ ծառայությունից), մոր և մանկան առողջության պահպանման վարչության (ելնելով գնահատման ենթակա բժշկական օգնության և սպասարկման տեսակից կամ ծառայությունից), անձնակազմի կառավարման վարչության և լիցենզավորման գործակալության ներկայացուցիչները,

2) ոչ մշտական անդամներից (ըստ անհրաժեշտության), որի կազմում ընդգրկվում են համապատասխան բնագավառի Առողջապահության նախարարության խորհրդատուն (համաձայնությամբ) և/կամ Հայաստանի Հանրապետությունում գործող բժիշկ-մասնագետները (համաձայնությամբ):

(26-րդ կետը լրաց. 23.11.23 N 63-Ն)

27. Սույն կարգի 24-րդ կետում նշված դիմումը լիազոր մարմին ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի հրամանով`

1) ստեղծվում է Հանձնաժողով, հաստատվում է Հանձնաժողովի անհատական կազմը, ինչպես նաև սահմանվում են Հանձնաժողովի կողմից հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գնահատման աշխատանքների իրականացման և արձանագրության ներկայացման ժամկետները, կամ

2) մերժվում է դիմումը, եթե բժշկական հաստատությունը չունի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակն իրականացնելու համար լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիա:

(27-րդ կետը խմբ. 23.11.23 N 63-Ն)

28. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակը գնահատելու համար Հանձնաժողովը հիմք է ընդունում Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման հավելված 13-ով հաստատված հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները ու պայմանները, իսկ սույն կարգի 23.1-րդ կետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակների մակարդակները գնահատելու համար` լիազոր մարմնի կողմից սահմանված պահանջները:

(28-րդ կետը փոփ. 09.03.23 N 10-Ն, լրաց. 23.11.23 N 63-Ն) 

28.1. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գնահատման արդյունքներով Հանձնաժողովի կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Արձանագրությունը ստորագրում է նաև բժշկական հաստատության ղեկավարը, ում պատշաճ ծանուցմամբ հանձնվում է արձանագրության պատճենը և առկա է ծանուցումը հասցեատիրոջ կողմից ստանալու վերաբերյալ ապացույցը (հավաստումը):

(28.1-ին կետը լրաց. 23.11.23 N 63-Ն)

28.2. Բժշկական հաստատության ղեկավարի գրավոր դիմումի համաձայն Հանձնաժողովի կողմից կազմված հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գնահատման արձանագրությունը կարող է վերանայվել 15 աշխատանքային օրվա ընթացքում, պայմանով, որ վերանայման ժամկետը չի կարող գերազանցել Հանձնաժողովի կողմից արձանագրության ներկայացման համար սահմանված ժամկետը, ինչպես նաև բժշկական հաստատության կողմից սույն կարգի 23-րդ և 23.1-րդ կետերով նախատեսված պահանջները և պայմանները ապահովելու նախապայմանով:

(28.2-րդ կետը լրաց. 23.11.23 N 63-Ն)

28.3. Սույն կարգի 28.2-րդ կետում սահմանված ժամկետում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի պահանջները ապահովելու հավաստումը բժշկական հաստատության ղեկավարի կողմից պատշաճ ձևով ներկայացվում է Հանձնաժողովին, ինչի մասին նշում է կատարվում Հանձնաժողովի կողմից մինչև վերանայումը կազմված արձանագրության մեջ:

(28.3-րդ կետը լրաց. 23.11.23 N 63-Ն)

29. Հանձնաժողովի կողմից հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գնահատման արձանագրությունը լիազոր մարմնին ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի հրամանով բժշկական հաստատությանը տրամադրվում է հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակ կամ մերժվում է հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի տրամադրումը` նշելով մերժման պատճառների մասին:

(29-րդ կետը խմբ. 23.11.23 N 63-Ն)

30. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի տրամադրումը մերժվում է, եթե բժշկական հաստատությունը չի բավարարում Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման հավելված 13-ով հաստատված հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակին ներկայացվող անհրաժեշտ տեխնիկական` սարքավորումների և բժշկական գործիքների ու մասնագիտական որակավորման` կադրային հագեցվածության պահանջներին ու պայմաններին, իսկ 23.1-րդ կետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակի մակարդակի տրամադրման դեպքում` չի բավարարում լիազոր մարմնի կողմից սահմանված պահանջներին:

(30-րդ կետը փոփ. 09.03.23 N 10-Ն, խմբ. 23.11.23 N 63-Ն)

31. (կետն ուժը կորցրել է 23.11.23 N 63-Ն)

(հավելվածը փոփ. 09.03.23 N 10-Ն, փոփ., լրաց., խմբ. 23.11.23 N 63-Ն, փոփ. 20.08.24 N 263-Ն, լրաց., փոփ. 15.11.24 N 341-Ն) 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.11.2024, N 341-Ն 22.11.2024, N 93-Ն
20.08.2024, N 263-Ն 27.08.2024, N 93-Ն
23.11.2023, N 63-Ն 29.11.2023, N 93-Ն
09.03.2023, N 10-Ն 15.03.2023, N 93-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան