Գլխավոր տեղեկություն
Номер
N 14-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 20.11.2024
Принят
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата принятия
14.11.2024
Подписан
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата подписания
14.11.2024
Дата вступления в силу
30.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«14» նոյեմբերի 2024 թ.
ք. Երևան

N 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ԹԻՎ 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի «Օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները սահմանելու մասին» N 06-Ն հրամանի՝

1) 1-ին կետը լրացնել նոր 8-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«8) խմելու, տեխնիկական և հանքային ստորերկրյա ջրերի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը՝ համաձայն N 8 հավելվածի։»:

2) Հրամանը լրացնել նոր հավելվածով համաձայն՝ հավելված N 8-ի:

 

Նախարար`

 

11/14/2024

Գ. Սանոսյան

 

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների

նախարարի 2024 թվականի նոյեմբերի 14-ի թիվ

14-Ն հրամանի

 

 

«Հավելված N 8»

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2021 թվականի օգոստոսի 11-ի N 06-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ԽՄԵԼՈՒ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Խմելու, տեխնիկական և հանքային (բացառությամբ՝ արդյունաբերական և ջերմաէներգետիկ) ստորերկրյա ջրերի (այսուհետ՝ Ստորերկրյա ջրեր) հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ՝ Հրահանգ) կանոնակարգվում են խմելու, տեխնիկական և հանքային՝ բացառությամբ արդյունաբերական և ջերմաէներգետիկ, ստորերկրյա ջրերի հանքավայրերի (տեղամասերի, երևակումների) ջրաերկրաբանահետախուզական համալիր աշխատանքները:

2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1480-Ն որոշմամբ հաստատված «Ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման» (այսուհետ` Դասակարգում)՝ ստորերկրյա ջրերի պաշարների հաշվարկման, դրանք ըստ կարգերի տարանջատման, ինչպես նաև ըստ նպատակային նշանակության դրանց օգտագործման ոլորտների առանձնացման օբյեկտներ են հանդիսանում Ստորերկրյա ջրերի հանքավայրերը (տեղամասերը) կամ ընդերքի մասերը:

3. Հանքավայրերի սահմաններում և ընդերքի մասերում ստորերկրյա ջրերի պաշարների հաշվարկը իրականացվում է առանձին ջրատար հորիզոններով (համալիրներով) և այլ ջրատար ջրաերկրաբանական (հիդրոերկրաբանական) միավորներով, որոնք պարունակում են իրենց որակական հատկանիշներով տրված նպատակային նշանակությամբ օգտագործման համար պիտանի ստորերկրյա ջրեր։ Ընդ որում.

1) ստորերկրյա ջրերի պաշարների հաշվարկ հասկացությունը անհրաժեշտ է ընկալել որպես ջրառման (ջրհան) կառույցների (նախագծվող կամ գործող, այդ թվում վերակառուցման ենթակա)՝ տրված ռեժիմի և շահագործման պայմանների դեպքում, երկրաբանատեխնիկապես հիմնավորված, հնարավոր հաշվարկային արտադրողականության, ինչպես նաև շրջակա միջավայրի պահանջների ու սահմանափակումների հաշվառմամբ, ջրհան կառույցների շահագործման հաշվարկային ժամկետի ընթացքում, համապատասխան նպատակային նշանակությամբ օգտագործման համար ներկայացող պահանջներին բավարարող ջրի որակի որոշումը։

2) հանքավայրի (տեղամասերի) սահմաններում կամ ընդերքի մասերում (այսուհետ՝ Հանքավայր) երկու կամ ավելի ջրատար հորիզոնների (համալիրների) և այլ ջրատար միավորների առկայության դեպքում՝ ստորերկրյա ջրերի պաշարների հաշվարկը պետք է իրականացվի յուրաքանչյուր ջրատար միավորի համար՝ առանձին և գումարային՝ բոլոր այդ ջրատար միավորների համար:

3) պաշարների հաշվարկման ժամանակ ջրառման (ջրհան) կառույցների շահագործման ժամկետը, որպես կանոն, սահմանվում է մինչև 25 տարի:

4) պաշարների հաշվարկը, տարվա կամ օրվա ընթացքում անհավասարաչափ ջրառի պայմաններում, կատարվում է ջրառի (ջրի ծախսի) մեծությունը հավասարաչափ ջրառի բերելով. հաշվարկվում է միջին տարեկան ջրառի քանակը։

4. Ստորերկրյա ջրերի պաշարների հաշվարկ, ըստ հետախուզվածության կարգերի բաժանում և ըստ նպատակային օգտագործման հնարավորության պայմանների խմբերի առանձնացում, կատարվում է հետևյալ դեպքերում.

1) ընդերքօգտագործման նպատակով տրամադրված ընդերքի մասերում երկրաբանական ուսումնասիրման կամ ուսումնասիրման և արդյունահանման արդյունքներով պաշարների գնահատման (հաշվարկման)։

2) ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրերում (տեղամասերում) ստորերկրյա ջրերի պաշարների վերագնահատման (վերահաշվարկման)։

5. Ստորերկրյա ջրերի պաշարների վերագնահատման դեպքում, կարող է իրականացվել ստորերկրյա ջրերի հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների դուրսգրում։

6. Ստորերկրյա ջրերի պաշարների հաշվարկ, դրանք ըստ հետախուզվածության կարգերի բաժանում և ըստ իրենց նպատակային օգտագործման հնարավորության պայմանների այդ ջրերի պաշարների խմբերի առանձնացում իրականացվում է հետևյալ սահմաններում.

1) ընդերքի մասերում՝ պետական միջոցների հաշվին երկրաբանական ուսումնասիրման համար տրամադրված.

2) ընդերքի մասերում՝ ընդերքօգտագործողներին սեփական միջոցներով (այդ թվում՝ ներգրավված) արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությամբ տրամադրված.

3) ընդերքի մասերում՝ ընդերքօգտագործողներին սեփական (այդ թվում՝ ներգրավված) միջոցներով արդյունահանման թույլտվությամբ տրամադրված.

4) ընդերքի մասերում՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված, որտեղ իրականացվող աշխատանքները ուղեկցվում են ցամաքուրդային (դրենաժային) ջրի արդյունահանմամբ, որն էլ կարող է օգտագործվել որպես խմելու կամ տեխնիկական ջուր։

7. Ստորերկրյա ջրերի պաշարները հաշվարկելիս և վերագնահատելիս պետք է կիրառվեն երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման առավել արդյունավետ մեթոդներ, պաշարների և դրանց ձևավորման աղբյուրների (հիդրոդինամիկական, հիդրավլիկ, համակցված, մաթեմատիկական մոդելավորման, հաշվեկշռային և այլ) գնահատման տարբեր մեթոդներ: Հաշվետու նյութերում պետք է գնահատվեն ջրաերկրաբանական պարամետրերի և պաշարների հաշվարկման վերջնական արդյունքների արժանահավատությունը։

8. Դասակարգման համաձայն՝ Ստորերկրյա ջրերի կանխատեսումային ռեսուրսների հաշվարկման օբյեկտ են հանդիսանում ջրատար հորիզոնները (համալիրները) և այլ ջրատար ջրաերկրաբանական միավորները։ Ընդ որում.

1) ջրատար ջրաերկրաբանական միավորների համար կանխատեսումային ռեսուրսների հաշվարկն իրականացվում է տարբեր կարգերի ջրաերկրաբանական կառույցների սահմաններում կամ դրանց մասերում (արտեզյան ավազաններ, ջրաերկրաբանական ծալքավոր տարածքներ, ջրաերկրաբանական զանգվածներ և այլն), գետային ավազաններում (հովիտներում) և այլն.

2) կանխատեսումային ռեսուրսները կարող են հաշվարկվել նաև Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների տարածքներում, ինչպես նաև այնպիսի մակերեսներում (ընդերքի մասերում), որոնք հեռանկարային են Ստորերկրյա ջրերի հանքավայրերի հայտնաբերման համար.

3) կանխատեսումային ռեսուրսների հաշվարկ կարող է իրականացվել հետախուզված կամ գնահատված ստորերկրյա ջրերի հանքավայրերի թևերում, ինչպես նաև ստորերկրյա ջրերի հանքավայրերի առանձին ոչ բավարար ուսումնասիրված ջրաերկրաբանական միավորների սահմաններում.

4) համապատասխան ջրաերկրաբանական կառույցների սահմաններում կամ տարածքներում հետախուզված կամ գնահատված հանքավայրերի կանխատեսումային ռեսուրսների և ստորերկրյա ջրերի պաշարների հանրագումարը հանդիսանում է ստորերկրյա ջրերի ռեսուրսային ներուժը:

9. Ստորերկրյա ջրերի հանքավայրերը կապված են ժամանակակից և թաղված գետահովիտների սահմաններում, արտեզյան ավազններում, նախալեռնային շլեյֆների և միջլեռնային իջվածքների արտաբերման կոներում, սահմանափակ կառուցվածքներում կամ ճեղքային-կարստային ապարների զանգվածներում ու տեկտոնական խախտումների գոտիներում, անապատների ու կիսաանապատների ավազային զանգվածներում, վերմորենային (վերսառցաբերուկային) և միջմորենային (միջսառցաբերուկային) ջրային-սառցադաշտային հանքավայրերում, հավերժական սառցային ապարների զարգացման շրջանի հալուտային (հավիտենական սառածության) գոտիներում տարածված ջրատար հորիզոնների հետ։

10. Ստորերկրյա ջրերի հանքավայրերի տարբեր տիպերի ջրաերկրաբանական պայմանների բարդությունը որոշվում է ջրատար հորիզոնների տեղադրման բնույթով ու կառուցվածքով, ջրատար ապարների հզորության և ֆիլտրացիոն հատկությունների փոփոխականությամբ, ջրերի շահագործական պաշարների ձևավորման աղբյուրների առանձնահատկություններով և ջրաքիմիական իրավիճակով։

11. Ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործական պաշարներ կարող են ապահովվել.

1) շահագործվող և դրա հետ հիդրավլիկորեն կապված հարակից ջրատար հորիզոնների ստորերկրյա ջրերի բնական պաշարներով և բնական ռեսուրսներով.

2) շահագործման գործընթացում մակերևութային ջրերի ներգրավմամբ.

3) հիդրոտեխնիկական շինարարության, հողերի ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման (ջրման), անգամ ջրառների արհեստական սնուցման արդյունքում առաջացած արհեստական պաշարներով և ռեսուրսներով.

12. Ծակոտիներում, ճեղքերում, կարստերում և լեռնային ապարների այլ դատարկություններում կուտակված, ինչպես նաև շերտային ճնշման իջեցման ժամանակ ճնշումնային ջրատար հորիզոնից ազատված ջրի առաձգական պաշարները հանդիսանում են բնական պաշարներ։

13. Ստորերկրյա ջրերի շահագործմամբ չխախտված ջրաերկրաբանական պայմաններով ջրատար հորիզոնի սնման ծավալները հանդիսանում են բնական ռեսուրսներ։ Բնական ռեսուրսները հավասար են ջրատար հորիզոնի հաշվեկշռի բոլոր մուտքային տարրերի գումարին. մթնոլորտային տեղումների ինֆիլտրացում (ծծանցում), մակերևութային ջրավազանների (ջրամբարների) և ջրհոսքերի ջրերի ներգրավում, հարակից ջրատար հորիզոններից հոսունահաղորդում, ջրատար հորիզոնով ստորերկրյա ջրերի ներհոսք և այլն։ Դրանք կարող են որոշվել նաև ջրատար հորիզոնների հաշվեկշռի բոլոր ծախսային տարրերի՝ գոլորշացում, աղբյուրային հոսք, ստորգետնյա հոսք դեպի գետեր, հանքավայրի սահմաններից դուրս ստորերկրյա ջրատար հորիզոնով ջրերի արտահոսք և այլն, գումարով։ Բնական ռեսուրսների քանակը կարող է տարվա եղանակներին և բազմամյա ժամանակահատվածում փոփոխվել կախված ջրատար հորիզոնի սնման ինտենսիվությունից:

1) Ստորերկրյա ջրերի շահագործմամբ խախտված ջրաերկրաբանական պայմաններով ջրատար հորիզոնի սնումը կարող է մեծանալ մթնոլորտային տեղումների ինֆիլտրացիայի պայմանների բարելավմամբ, մակերևույթից գրունտային ջրերի գոլորշացման և տրանսպիրացիայի նվազեցմամբ և այլ գործոնների հաշվին։

 

2. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

 

14. Ըստ իրենց նպատակային օգտագործման հնարավորության պայմանների՝ Ստորերկրյա ջրերի պաշարների խմբավորումը (հաշվեկշռային և արտահաշվեկշռային)` իրականացվում է, ընդերքի երկրաբանական ուսումնասիրության արդյունքներով, ինչպես նաև ընդերքի մասերում գործող ջրառման կառույցների շահագործման փորձով որոշված՝ ստորերկրյա ջրերի կազմի այդ ջրերին ներկայացվող պայմաններին համապատասխանությունից ելնելով: Ընդ որում.

1) խմելու ստորերկրյա ջրերի հանքավայրերի (տեղամասեր) ջրի որակին ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանով (կամ СанПиН 2.1.4.1074-01) («Խմելու ջուր: Կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի ջրի որակի հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն») փաստաթղթով:

2) խմելու ստորերկրյա ջրերի հանքավայրերի (տեղամասեր) ջրի որակին ներկայացվող պահանջները սահմանվում են СанПиН 2.1.4.1175-02 («Ոչ կենտրոնացված ջրամատակարարման ջրի որակի հիգիենիկ պահանջներ: Աղբյուրների սանիտարական պաշտպանություն») փաստաթղթով:

3) բնակչության կենտրոնացված և ոչ կենտրոնացված ջրամատակարարման համար օգտագործվող ստորերկրյա ջրերում քիմիական նյութերի (տարրերի) թույլատրելի կոնցենտրացիաների (քանակների) վերաբերյալ պահանջները սահմանվում են ГН 2.1.5.1315-03 («Տնտեսական-խմելու, կուլտուր-կենցաղային ջրօգտագործման ջրային օբյեկտներում քիմիական նյութերի սահամանային թույլատրելի կոնցենտրացիաները (այսուհետ՝ ՍԹԿ)») փաստաթղթով:

4) խմելու ստորերկրյա ջրերի պաշարների հաշվարկման (գնահատման) կամ վերահաշվարկման (վերագնահատման) ժամանակ անհրաժեշտ է գնահատել ջրառման նախագծային կառույցների սանիտարական պաշտպանության գոտիներ ստեղծելու հնարավորությունը։ Սանիտարական պաշտպանության գոտիների հնարավոր չափերը գնահատվում են համաձայն СанПиН 2.1.4.1110-02 («Ջրամատակարարման աղբյուրների ու տնտեսական-խմելու ջրերի ջրամատակարարման խողովակաշարերի սանիտարական պաշտպանության գոտիները») փաստաթղթի պահանջների:

5) Պաշարների հաշվարկման նյութերում ստորերկրյա ջրերի կազմի գործող սանիտարահամաճարակային պահանջներին համապատասխանության աստիճանի և սանիտարահիգիենիկ պաշտպանության գոտիներ ստեղծելու հնարավորության գնահատումն իրականացվում է լիազոր մարմինների կողմից: Ընդ որում, հաշվետության նյութերի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից կազմվում են եզրակացություններ՝ ըստ ընդերքի տեղամասերի և հանքավայրերի (հանքավայրերի մասերի):

6) Գործող ջրառման կառույցների տեղակայման վայրերի ընդերքի մասերի պաշարները հաշվարկելիս կիրառվում են այդ ջրառման կառույցների համար լիազոր մարմնի կողմից տրված սանիտարահամաճարակային եզրակացությունները:

7) Արդյունաբերական օբյեկտների տեխնոլոգիական ջրամատակարարման համար նախատեսված տեխնիկական ստորերկրյա ջրերի որակի նկատմամբ պահանջները սահմանվում են տեխնիկական պայմաններով՝ մշակված այդ նպատակով օգտագործման համար նախատեսված ընդերքի մասերի համար, կամ գերատեսչական (ոլորտային) նորմատիվատեխնիկական փաստաթղթերով:

8) Դասակարգման համաձայն, տեխնիկական ստորերկրյա ջրերի արտահաշվեկշռային պաշարներ չեն առանձնացվում: Պետական հաշվեկշռում ներառվում են տեխնիկական ստորերկրյա ջրերի միայն այն պաշարները, որոնք կոնկրետ ընդերքօգտագործողների կողմից օգտագործվում են կամ նախատեսված են օգտագործման համար:

15. Ստորերկրյա ջրերի հանքավայրերի (տեղամասերի) պաշարների վերագնահատման արդյունքների հիման վրա պաշարները հաշվեկշռայիններին կամ արտահաշվեկշռայիններին վերագրելիս, բացի լիազոր մարմինների կողմից տրված եզրակացությունները, անհրաժեշտ է հաշվի առնել նաև հանքավայրերը (տեղամասերը) իրենց մեջ ներառող հողերի կարգավիճակը: Եթե հանքավայրերը (տեղամասերը) գտնվում են մասնավոր սեփականություն կամ երկարաժամկետ վարձակալության օբյեկտ հանդիսացող հողամասերում, ապա ստորերկրյա ջրերի պաշարները պետք է վերագրվեն արտահաշվեկշռայիններին՝ անկախ այլ պայմաններից։

16. Ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում) հանքային ստորերկրյա ջրերի որակի ուսումնասիրությունը ջրերի որակի լրացուցիչ ուսումնասիրությունն իրականացվում է ԳՕՍՏ 13273-88-ի՝ «Հանքային խմելու, բուժիչ և բուժիչ-սեղանի ջրեր: Տեխնիկական պայմաններ», պահանջներին համապատասխան։

1) Ստորերկրյա ջրերի վերագրումը հանքային ջրերին իրականացվում է հատուկ բժշկական եզրակացությունների հիման վրա (այսուհետ՝ հանքաջրաբուժական (ջերմուկաբուժական, բալնեոլոգիական) հաշվետվություններ կամ հաշվետվություններ և կոնդիցիաների մասին տեղեկանքներ:

2) Հանքաջրաբուժական եզրակացություններով սահմանվում են գնահատվող ստորերկրյա ջրերում բուժիչ հատկությունների առկայությունը: Հանքային բուժիչ ջրերի կոնդիցիաներով սահմանվում են համապատասխան բաղադրիչների պարունակության փոփոխության սահմանները, որոնց միջակայքերում պահպանվում են ջրի բուժիչ հատկությունները։

3) Պաշարների հաշվարկման նյութերում լեռնասանիտարական պահպանության շրջանի գոտիների չափերի ընտրության և դրանց կազմակերպման հնարավորությունների մասին առաջարկությունները մշակելիս առաջնորդվում են բժշկական-առողջարանային և հանգստի գոտիների լեռնասանիտարական պահպանության պահանջները սահմանող փաստաթղթերով։

4) Պաշարների հաշվարկման նյութերում հանքավայրերի (տեղամասերի) լեռնասանիտարական պահպանության շրջանների հիմնավորումները կրում են խորհրդատվական բնույթ: Լեռնասանիտարական պահպանության շրջանների վերջնական եզրագծերը սահմանվում են այդպիսի շրջանների նախագծերում` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

5) Հանքային ջրերի պաշարների վերագրումը հաշվեկշռայիններին կամ արտահաշվեկշռայիններին կատարվում է պետական ընդերքաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ հանքաջրաբուժական եզրակացությունների (կոնդիցիաների մասին տեղեկանքի), իսկ լեռնասանիտարական պահպանության շրջաններում՝ նաև համապատասխան լիազոր մարմինների եզրակացությունների հաշվառմամբ, և հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով։

17. Դասակարգման համաձայն, հանքավայրերի (տեղամասեր) ստորերկրյա ջրերի արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հանրապետական հաշվեկշռում հաշվառվում են, եթե առկա են ջրի մաքրման մեթոդների զարգացման այնպիսի հեռանկարներ, որոնք կարող են ստորերկրյա ջրերի որակը բերել կարգավորող նորմատիվային փաստաթղթերով սահմանված պահանջներին: Ընդ որում.

1) այս դեպքում պաշարների հաշվարկման նյութերում անհրաժեշտ է հստակ նկարագրել այդ հեռանկարները, տալ դրանց մոտավոր բնութագիրը, բերել որակի կարգավորման տեխնոլոգիայի նկարագրությունը և պարամետրերը՝ իրենց ծախսային ցուցանիշներով։

2) Համանման մոտեցումները կիրառվում են նաև խմելու կամ հանքային ստորերկրյա ջրերի գնահատված կամ հետախուզված հանքավայրերի սահմաններում ջրառման նախագծային կառույցների սանիտարական (լեռնասանիտարական) պահպանություն շրջաններ և գոտիներ ստեղծելու հնարավորությունը գնահատելու համար:

18. Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ստորերկրյա ջրերի հաստատված պաշարներով հանքավայրերը՝ իրենց տեղամասերով, թվով 85-ն են.

1) Հայաստանի Հանրապետության Ստորերկրյա ջրերի հաստատված պաշարներով հանքավայրերի՝ ներառյալ դրանց տեղամասերի, վերաբերյալ ամփոփ տեղեկությունները բերված են աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

Հայաստանի Հանրապետության խմելու, տեխնիկական և հանքային ջրերի հաստատված պաշարներով հանքավայրերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

 

Օգտագործման

Ստորերկրյա ջրի հանքավայրը, հատ

Հաստատված պաշարների որակին ներկայացվող պահանջները

տեսակը

նպատակային նշանակությունը

ածխաթթվային հանքային ստորերկրյա ջրեր

քաղցրա-համ

Ընդամենը

Խմելու

խմելու-տնտեսական ջրամատակարարում

-

38

38

ԳՕՍՏ 2874-82

խմելու

-

4

4

ԳՕՍՏ 2874-82

Խմելու-տեխնիկական

խմելու-տնտեսական ջրամատակարարում, ոռոգում

-

7

7

ԳՕՍՏ 2874-73

խմելու, տեխնիկական

-

1

1

-

խմելու-տնտեսական և ջերմաէներգետիկ ջրամատակարարում

-

1

1

ԳՕՍՏ 2874-82

խմելու-տնտեսական, տեխնիկական ջրամատակարարում և ոռոգում

-

1

1

-

Տեխնիկական

տեխնիկական ջրամատակարարում

-

3

3

-

Հանքային

արդյունաբերական (շշալցման), բուժական,

4

-

4

ԳՕՍՏ 13273-73

արդյունաբերական (շշալցման)

6

-

6

ՀՍՏ 191-2000

արդյունաբերական (շշալցման), ածխաթթու գազի կորզում

2

-

2

ՀՍՏ 191-2000

բուժական

2

-

2

-

արդյունաբերական (շշալցման), բուժական, ածխաթթու գազի կորզում

16

-

16

ԳՕՍՏ 13273-73

Ընդամենը

30

55

85

-

2) Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով ստորերկրյա ջրերի հանքավայրերը բնութագրվում են տարբեր խոշորությամբ։ Ստորերկրյա ջրերի առավել խոշոր հանքավայրեր են հանդիսանում Արարատյան արտեզյան ավազանը՝ ներառյալ Գայ-Հայկաշենի հանքավայրը (հաշվեկշռային պաշարները՝ 73663 լ/վ), Մասրիկի գոգավորության հանքավայրը (հաշվեկշռային պաշարները՝ 3929 լ/վ), Վերին Ախուրյանի հանքավայրը (հաշվեկշռային պաշարները՝ 3330.4 լ/վ), Սարուխանի հանքավայրը (հաշվեկշռային պաշարները՝ 2056 լ/վ), Արտենիի հանքավայրը (հաշվեկշռային պաշարները՝ 1834 լ/վ), իսկ հանքային՝ Ջերմուկի հանքավայրը (18.6 լ/վ), Հանքավանի հանքավայրը (հաշվեկշռային պաշարները՝ 45.8 լ/վ), Լիճքի հանքավայրը (հաշվեկշռային պաշարները՝ 39.4 լ/վ), Սևանի հանքավայրը (հաշվեկշռային պաշարները՝ 32.5 լ/վ) և Բջնիի հանքավայրը (10.4 լ/վ)։

 

3. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՋՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

 

19. Հետախուզման գործընթացում Ստորերկրյա ջրերի հանքավայրերի ուսումնասիրման մանրամասնության անհրաժեշտ և բավարար աստիճանը որոշվում է՝ կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից և ջրաերկրաբանական պայմաններից։

20. Ստորերկրյա ջրերի ընդերքի մասերը և հանքավայրերը (տեղամասերը) ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության և ջրաերկրաբանական պայմանների բաժանվում են խմբերի։ Ընդ որում.

1) ընդերքի մասերի և հանքավայրերի (դրանց մասերի) երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև դրանց լեռնաերկրաբանական, բնապահպանական, ֆիզիկաաշխարհագրական, ջրատնտեսական և այլ պայմանները ու գործոնները։

2) նախորդ ենթակետում թվարկված պայմանների և գործոնների բարդության աստիճանը կանխորոշում է երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման մեթոդաբանությունը, պաշարների հաշվարկման և դրանց ձևավորման աղբյուրների գնահատման արժանահավատությունը:

21. Դասակարգման համաձայն՝ հանքավայրերը (տեղամասերը) և ընդերքի մասերը, ըստ ջրաերկրաբանական, ջրատնտեսական, երկրաէկոլոգիական, լեռնաերկրաբանական, ջրաքիմիական, երկրաջերմային պայմանների բարդության և հաշվարկային ջրաերկրաբանական պարամետրերի (ջրատար հորիզոնի արդյունավետ հզորություն, ջուր պարունակող ապարների ֆիլտրացիոն հատկություններ` ֆիլտրացիայի, ջրահաղորդականության, ճնշումահաղորդականության և մակարդակահաղորդականության գործակիցներ, ջրերի որակի ցուցանիշներ և մակարդակների դիրքեր, ստորերկրյա սնման և ստորերկրյա հոսքի գործակիցներ, ջրածախս և այլն) փոփոխականության աստիճանի, ստորաբաժանվում են 3 խմբի, որի համար կիրառվում են հետևյալ հիմնական չափանիշները.

1) շահագործական ջրատար հորիզոնների, ինչպես նաև այդ հորիզոնները ծածկող և հիմնատակող ջրատար և թույլ ջրաթափանց շերտերի տեղադրման և կառուցվածքի բնույթը.

2) ջրապարունակ ապարների ֆիլտրացիոն հատկությունների և հզորության փոփոխականությունը.

3) ջրաերկրաքիմիական իրադրության բարդությունը.

4) բնապահպանական, ջրատնտեսական իրադրության և լեռնաերկրաբանական պայմանների բարդությունը.

5) երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքներով ստորերկրյա ջրերի պաշարների ձևավորման հիմնական աղբյուրների, ջրերի որակի, ինչպես նաև ջրառման կառույցների շահագործման ընթացքում դրանց փոփոխությունների կանխատեսման արժանահավատությունը.

6) շրջակա միջավայրի և ընդերքի վրա ստորերկրյա ջրերի ջրառի ազդեցության կանխատեսման հուսալիությունը:

22. 1-ին խմբին են վերագրվում պարզ երկրաբանական կառուցվածքով, ջրաերկրաբանական, ջրատնտեսական, ջրաէկոլոգիական, լեռնաերկրաբանական, ջրաքիմիական, երկրաջերմային և այլ պայմաններով բնութագրվող հանքավայրերը (տեղամասերը) կամ ընդերքի մասերը, որոնց բնորոշ են ջրատար հորիզոնների հանդարտ (մերձհորիզոնական) և չխախտված տեղադրությունը, և դրանց ու մեկուսիչ թույլ թափանցելիությամբ շերտերի կայուն հզորությունն ու կառուցվածքը, ջուր պարունակող ապարների համասեռ ֆիլտրացիոն հատկությունները, հատակագծում և կտրվածքներում ջրաերկրաքիմիական (գազաջրաքիմիական) և ջերմաստիճանային օրինաչափությունների հաստատունությունը:

1) 1-ին խմբին վերագրվող հանքավայրերը (տեղամասերը) կամ ընդերքի մասերը սովորաբար հարում են պլատֆորմային կառուցվածքի (ստրուկտուրայի) արտեզյան ավազաններին, հազվադեպ՝ նախալեռնային գոգավորությունների և միջլեռնային իջվածքների նախալեռնային և միջլեռնային արտեզյան ավազաններին, ինչպես նաև գետահովիտային ջրատար հորիզոններին (համալիրներին), նախալեռնային արտաբերման կոներին և այլն։

2) Այս խմբի հանքավայրերի (տեղամասերի) կամ ընդերքի մասերի ջրերի շահագործական պաշարների ձևավորման հիմնական սնող աղբյուրները և շահագործման ժամանակ դրանց փոփոխությունները կարող են հետախուզման գործընթացում քանակապես հավաստիորեն ուսումնասիրվել: Հետախուզման ժամանակ կարող է կատարվել շրջակա միջավայրի վրա նախագծվող ջրառման կառույցի քանակական ու որակական հնարավոր ազդեցության հիմնավորված կանխատեսում:

3) Այս խմբի հանքավայրերում հետախուզական աշխատանքները կարող են կատարվել ստորերկրյա ջրերի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման ստանդարտ մեթոդների և տեխնոլոգիաների օգտագործմամբ: Ջրերի պաշարների յուրացումը չի պահանջում հատուկ տեխնոլոգիաների (ջրի պաշարների արհեստական համալրում, երկրաշրջապտուտային համակարգեր, բարդ կոնստրուկցիայի խորը հորատանցքեր, ճառագայթային ջրհան կառույցներ և այլն) կիրառում։

4) Հայաստանի Հանրապետությունում այս խմբին վերագրվող հանքային ջրերի հանքավայրեր հայտնի չեն։

5) Այս խմբի հանքավայրերում, հետախուզական աշխատանքների արդյունքներով, կարող են առանձնացվել և հաշվարկվել B, C1 և C2 կարգի պաշարներ, իսկ գործող ջրառման կառույցներով ընդերքի մասերի, հանքավայրերի (տեղամասերի) սահմաններում՝ դրանց պաշարները գնահատելիս և վերագնահատելիս նաև А կարգի պաշարներ:

6) Այս խմբի հանքավայրերի առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի փոփոխականության (վարիացիայի) գործակիցը մինչև 60 տոկոս է։

23. 2-րդ խմբին են վերագրվում բարդ երկրաբանական կառուցվածքով, ջրաերկրաբանական, ֆիզիկաաշխարհագրական, ջրատնտեսական, ջրաէկոլոգիական, լեռնաերկրաբանական, ջրաքիմիական, երկրաջերմային և այլ պայմաններով բնութագրվող հանքավայրերը (տեղամասերը) կամ ընդերքի մասերը, որոնց բնորոշ են ջրատար հորիզոնների ոչ հանդարտ և խախտված տեղադրությունը, անկայուն (փոփոխական) հզորությունը և շահագործական ջրատար հորիզոնների (ինչպես նաև մեկուսիչ ջրամերժ շերտերի) բարդացված ներքին կառուցվածքը, հատակագծում և կտրվածքներում ջուր պարունակող ապարների ոչ միատարր ֆիլտրացիոն հատկությունները, ջրաերկրաքիմիական և ջերմաստիճանային օրինաչափությունների անկայունությունը և ջրառման կառույցների շահագործման ընթացքում ջրի քանակի ու որակի փոփոխությունների կանխատեսման ոչ միանշանակությունը ու կարող են որոշվել միայն մոտավոր` հաշվարկային եղանակով:

1) 2-րդ խմբին վերագրվող հանքավայրերը (տեղամասերը) կամ ընդերքի մասերը առավել հաճախ հարում են նախալեռնային և միջլեռնային արտեզյան ավազաններին, սակայն կարող են հանդիպել նաև ճեղքավորված և ճեղքակարստավորված ապարներին հարող պլատֆորմային կառուցվածքի (ստրուկտուրաների), գետահովտային արտեզյան ավազաններում, իսկ առանձին դեպքերում՝ ջրաերկրաբանական զանգվածների սահմաններում և ջրաերկրաբանական ծալքային շրջաններում և այլն:

2) Այս խմբի հանքավայրերի (տեղամասերի) կամ ընդերքի մասերի ջրերի շահագործական պաշարների ձևավորման հիմնական սնող աղբյուրները և շահագործման ժամանակ դրանց փոփոխությունները հետախուզման գործընթացում քանակապես կարող են որոշվել մոտավոր՝ մասամբ և տարբեր աստիճանի հավաստիությամբ։ Հետախուզման ժամանակ հնարավոր է գնահատել բնական միջավայրի միայն առանձին բաղադրիչների փոփոխությունները։

3) Այս խմբի հանքավայրերի հետախուզական աշխատանքները հիմնականում կատարվում են ստորերկրյա ջրերի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման ստանդարտ մեթոդների և տեխնոլոգիաների օգտագործմամբ: Շահագործական պաշարների հետախուզման և յուրացման ժամանակ հատուկ տեխնոլոգիաների կիրառումը սահմանափակ է, որոշ դեպքերում անհրաժեշտ է օգտագործել ավելի բարդ տեխնոլոգիաներ՝ ներառյալ վերգետնյա երկրաֆիզիկական համալիր հետազոտությունների, առաջանցիկ փորձարարական հորատանցքերի հորատման՝ հորատահանուկի առբերմամբ, շարունակական խմբային արտամղումների իրականացմամբ և այլն:

4) Այս խմբին են վերագրվում Հայաստանի Հանրապետության հանքային ջրերի Ֆրոլովա-Բալկայի, Սոլակի, Քարաշամբի հանքավայրերը։

5) Այս խմբի հանքավայրերում, նախնական հետախուզական աշխատանքների արդյունքներով, կարող են առանձնացվել և հաշվարկվել C1 և C2  կարգի պաշարներ, մանրազնին հետախուզման արդյունքներով՝ B կարգի պաշարեր, իսկ գործող ջրառման կառույցներով ընդերքի մասերի, հանքավայրերի (տեղամասերի) սահմաններում՝ դրանց պաշարները գնահատելիս և վերագնահատելիս նաև А կարգի պաշարներ: Նախկինում հետախուզված հանքավայրերի (դրանց մասերի) սահմաններում դրանց պաշարների վերագնահատման ժամանակ կարող են առանձնացվել B, C1 և C2 կարգի պաշարներ։

6) Այս խմբի հանքավայրերի առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի փոփոխականության (վարիացիայի) գործակիցը 60-150 տոկոս է։

24. 3-րդ խմբին են վերագրվում երկրաբանական կառուցվածքով ջրաերկրաբանական, ֆիզիկաաշխարհագրական, երկրաէկոլոգիական, ջրատնտեսական, լեռնաերկրաբանական, ջրաքիմիական և երկրաջերմային պայմաններով՝ խմելու, տեխնիկական ու հանքային ջրերի շատ բարդ և հանքային ջրերի բացառապես բարդ, հանքավայրերը (տեղամասերը) և ընդերքի մասերը։

1) Այս խմբին վերագրվող հանքավայրերը ստորաբաժանվում են երկու ենթախմբի՝ 3ա և 3բ։

ա. 3ա ենթախմբին են վերագրվում ստորերկրյա հանքավայրերը (տեղամասերը) և ընդերքի մասերը, որոնց բնորոշ են նաև ջրատար հորիզոնների (համալիրների) զգալի խախտված տեղադրությունը, կտրուկ փոփոխական հզորությունն, բարդ ներքին կառուցվածքը, ճեղքավորված և կարստավորված ապարներում ջրատար հորիզոնների սահմանափակ տարածումը։ Բնութագրական են նաև ջուր պարունակող ապարների սահմանափակ չափերը, ֆիլտրացիոն հատկությունների խիստ փոփոխականությունը և բարդ ջրաերկրաքիմիական, ջերմաստիճանային ու երկրաջերմային պայմանները, և որպես հետևանք ջրառման կառույցների շահագործման ընթացքում ջրի քանակի ու որակի փոփոխությունների կանխատեսումների անորոշությունը և կարող են որոշվել միայն ընդհանուր ջրաերկրաբանական և ջրատնտեսական վիճակի վերլուծության հիման վրա կամ շահագործվող այլ հանքավայրերի համանմանությամբ:

բ. 3բ ենթախմբին են վերագրվում հանքային ջրերի այն հանքավայրերը (տեղամասերը) և ընդերքի մասերը, որոնց 3ա ենթախմբին բնորոշ առանձնահատկությունների հետ մեկտեղ հատուկ են նաև ջրատար գոտիների, հատակագծում և կտրվածքներում տարբեր ծագումնաբանություն ունեցող ապարների ճեղքավորվածության խիստ փոփոխականությունը և դրանց բացահայտման բարդությունը երկրաֆիզիկական և այլ մեթոդներով։

2) Այս խմբի.

ա. 3ա ենթախմբի հանքավայրերը (տեղամասերը) և ընդերքի մասերը հարում են ջրաերկրաբանական զանգվածներին, ջրաերկրաբանական ծալքավոր շրջաններին, ինչպես նաև միջլեռնային արտեզյան ավազաններին և կապված են տարբեր ծագումնաբանություն ունեցող ապարների ճեղքավորված ջրատար հորիզոնների կամ տարբեր ջրաերկրաբանական կառուցվածքների սահմանափակ մակերեսով կարբոնատային ապարների և կարստավորված զանգվածների հետ։

բ. 3բ ենթախմբի հանքավայրերը (տեղամասերը) և ընդերքի մասերը սովորաբար հարում են տեկտոնական խախտումների գոտիներում ֆլյուիդների խորքային բեռնաթափման գոտիներին։ Այս ենթախմբի հանքավայրերի տիպիկ օրինակ են հանդիսանում ջրաերկրաբանական ծալքավոր շրջաններին կամ արտեզյան ավազաններին սահմանակցող մասերի այսպես կոչված «ջրաներարկային (հիդրոինժեկցիոն) տիպի» հանքավայրերը։

3) Այս խմբի շահագործական պաշարները ձևավորող սնող աղբյուրների ջրածախսը.

ա. 3ա ենթախմբի հանքավայրերի դեպքում կարող է քանակապես գնահատվել մոտավոր, իսկ շրջակա միջավայրի փոփոխությունների հնարավոր հետևանքները կարող են կանխատեսվել ըստ ընդհանուր երկրաէկոլոգիական վիճակի վերլուծության և շահագործվող ուրիշ հանքավայրերի համանմանությամբ.

բ. 3բ ենթախմբի հանքավայրերի դեպքում կարող է քանակապես կամ կիսաքանակապես կանխատեսվել միայն երկարաժամկետ փորձարարական կամ փորձարարաշահագործական արտամղումների, ինչպես նաև փորձարարաարդյունաբերական շահագործման տվյալների հիման վրա։

4) Այս խմբի հանքավայրերի հետախուզական աշխատանքները հիմնականում կատարվում են ստորերկրյա ջրերի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման հատուկ, բարդ մեթոդների և տեխնոլոգիաների օգտագործմամբ: Ընդ որում.

ա. 3ա ենթախմբի հանքավայրերի դեպքում դրանք ներառում են վերգետնյա երկրաֆիզիկական հետազոտությունների տարբեր մեթոդներ, ճեղքավորված ապարների ջրատար հորիզոնների (համալիրների) և ջրատար գոտիների միջակայքային նմուշառում, շարունակական խմբային փորձարարական և փորձարարաշահագործական արտամղումներ և այլն.

բ. 3բ ենթախմբի հանքավայրերի դեպքում հետազոտությունների ստանդարտ մեթոդների կիրառումը չի կարող ապահովել շահագործական պաշարները սնող աղբյուրների ձևավորման արժանավահատ գնահատականը։

5) Այս խմբին են վերագրվում Հայաստանի Հանրապետության հանքային ջրերի գրեթե բոլոր հանքավայրերը, բացառությամբ սույն հրահանգի նախորդ կետի 4-րդ ենթակետում նշվածները, մասնավորապես Ծաղկամարգի, Լիճքի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրերը։

6) Այս խմբի.

ա. 3ա ենթախմբի հանքավայրերում, նախնական հետախուզական աշխատանքների արդյունքներով, առանձնացվում և հաշվարկվում են C2 կարգի պաշարներ, մանրազնին հետախուզման արդյունքներով՝ C1 կարգի պաշարներ, իսկ գործող ջրառման կառույցներով կամ նախկինում հետախուզված ու հաստատված պաշարներով հանքավայրերի (տեղամասերի) սահմաններում՝ դրանց պաշարները գնահատելիս և վերագնահատելիս նպատակահարմար է առանձնացնել նաև B կարգի պաշարներ.

բ. 3բ ենթախմբի հանքավայրերում, նախնական հետախուզական և մանրազնին հետախուզման աշխատանքների արդյունքներով, առանձնացվում և հաշվարկվում են C2 կարգի պաշարներ, իսկ փորձարարաարդյունաբերական շահագործման արդյունքներով՝ C1 կարգի պաշարներ։

7) Այս խմբի հանքավայրերի առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի փոփոխականության (վարիացիայի) գործակիցը 150 տոկոսից ավելի է։

 

4. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

25. Ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները բացահայտելու և հանքավայրերն առավել արդյունավետ ուսումնասիրության համար անհրաժեշտ է աշխատանքներն իրականացնել հետախուզման մեթոդների և տեխնիկական միջոցների ռացիոնալ համալիրի հիմնավորմամբ և կիրառմամբ` պահպանելով երկրաբանահետախուզական աշխատանքների սահմանված հաջորդականությունը (փուլայնությունը): Հանքավայրի ուսումնասիրության աստիճանը պետք է ապահովի համալիր գնահատման ամբողջականությունը, դրա համալիր յուրացման գնահատման հնարավորությունը` շրջակա միջավայրի պահպանության պահանջների պարտադիր հաշվառմամբ: Հանքավայրի ուսումնասիրվածության աստիճանը կարող է համարվել բավարար, եթե հաշվարկված պաշարները բավարարում են Դասակարգման (V գլխի) 25-րդ կետի պահանջներին։

1) Առանձին դեպքերում՝ հետախուզվածության աստիճանից, ջրաերկրաբանական պայմանների բարդությունից, ջրի պահանջարկից և հանքավայրը արդյունաբերական յուրացմանը նախապատրաստելու համար սահմանված ժամկետներից կախված, որոշ փուլեր կարող են դուրս գալ երկրաբանահետախուզման գործընթացի ընդհանուր սխեմայից կամ զուգակցվել մյուսների հետ:

2) Հանքավայրի ուսումնասիրվածությունը պետք է ապահովի բավարար տեղեկատվության ստացում՝ ստորերկրյա ջրերի պաշարների, դրանց որակի, շահագործման պայմանների արժանահավատ գնահատման և շահագործման նախագծի մշակման համար անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ՝ շրջակա միջավայրի պահպանության պարտադիր կատարման ենթակա պահանջներին համապատասխան։

3) Եթե երկրաբանահետախուզական աշխատանքները կատարվել են ուսումնասիրության ծրագրով սահմանված ծավալներով, սակայն դրանք բավարար չեն ջրերի շահագործական պաշարների օբյեկտիվ գնահատման և արդյունաբերական յուրացմանը նախապատրաստվածության գնահատման համար, ապա կախված դրանց ծավալից կարող է կազմվել ՏՏԶ՝ հանքավայրում մանրազնին հետախուզում իրականացնելու նպատակահարմարության մասին։

4) Եթե երկրաբանական ուսումնասիրման ծրագրով սահմանված են եղել ջրերի շահագործական պաշարների օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ և բավարար աշխատանքներ, սակայն այդ ծավալների ամբողջությամբ չկատարումը հանգեցրել է պաշարների օբյեկտիվ գնահատման անհնարինության, ապա ընդերքաբանական փորձաքննության ժամանակ կարող է եզրակացվել, որ նպատակահարմար է հանքավայրում իրականցնել մանրազնին երկրաբանահետախուզական աշխատանքներ, սակայն այն չի կարող իրականացվել այն ընդերքօգտագործողի կողմից, որը խախտել է նախօրոք սահմանված ծրագիրը։

5) Այն հանքավայրերում, որտեղ ավելի քան 10 տարի առաջ հաստատվել են ստորերկրյա ջրերի շահագործական պաշարներ, սակայն դրանք չի շահագործվել, ապա նախքան շահագործման նպատակով տրամադրելը վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման ժամանակ երկրաբանական ուսումնասիրության ծրագրում անհրաժեշտ է նախատեսել պաշարների հաստատման իրավական ակտում առկա թերությունների կամ լրացուցիչ ուսումնասիրման ենթակա աշխատանքների կատարում։

26. Երկրաբանահետախուզական աշխատանքների ծախսերի ռացիոնալացման նպատակով, Ստորերկրյա ջրերի նոր հանքավայրերի հայտնաբերման դեպքում, նախքան մանրազնին հետախուզման փուլը, խորհուրդ է տրվում կատարել նախնական հետախուզում՝ դրանց արդյունաբերական նշանակությունը հիմնավորելու նպատակով։ Նախնական հետախուզության արդյունքներով որոշվում է ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործական պաշարների ընդհանուր մեծությունը՝ ըստ C1 և C2 կարգերով, սահմանվում է դրանց հետագա ուսումնասիրման և օգտագործման տեխնիկատնտեսական նպատակահարմարությունը։ Մանրազնին ջրաերկրաբանական հետախուզական աշխատանքների իրականացման համար կատարվում է անհրաժեշտ տեղամասի և դրան բնորոշ ջրաերկրաբանական պայմաններում ռացիոնալ ջրառման համակարգի ընտրություն:

27. Մանրազնին ջրաերկրաբանական հետախուզական աշխատանքներն իրականացվում են այն դեպքում, երբ նախնական հետախուզման տվյալներով եզրակացվել է, որ նպատակահարմար է հանքավայրում իրականցնել մանրազնին երկրաբանահետախուզական աշխատանքներ կամ որոշ դեպքերում դրանք հնարավոր է զուգակցել նախնական հետախուզման աշխատանքների հետ։ Մանրազնին հետախուզման տվյալները պետք է ապահովեն.

1) Դասակարգմամբ պահանջվող հարաբերակցությամբ, A, B և C1 կարգերով և քանակով ջրերի շահագործական պաշարների հաշվարկի արժանահավատ իրականացումը:

2) ապագայում ջրառման համակարգի ընդլայնման հնարավորությունը պարզելու նպատակով՝ ստորերկրյա ջրերի ընդհանուր շահագործական պաշարների՝ ներառյալ C2 կարգի, հաշվարկման հնարավորությունը:

28. Մանրազնին հետախուզման արդյունքներով, հետախուզվող հանքավայրի համար անհրաժեշտ է ունենալ դրա չափերին, երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին համապատասխանող մասշտաբի տեղագրական հիմք (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով։ Վերջինիս վրա գործիքային տեղակապման արդյունքներով անհրաժեշտ է արտացոլել բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (հորատանցքերը, հետախուզահորերը, հորանային ջրհորերը և ստորասրահները (գալերեա)), երկրաֆիզիկական պրոֆիլները և ջրաերկրաբանական դիտարկման կետերը, ինչպես նաև ստորերկրյա ջրերի բնական ելքերը։

1) Փոքր մասշտաբի տեղագրական հանույթի վրա պետք է արտացոլվի նաև ստորերկրյա ջրերի ջրահավաք ավազանի սահմանները։

2) Խոշոր մասշտաբի տեղագրական հանույթի վրա պետք է արտացոլվի նաև ստորերկրյա ջրերի ջրառման կառույցների սանիտարական գոտիների սահմանները։

29. Հանքավայրի շրջանի և հանքային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական և WGS-84 (ARMREF 02) կոորդինատների ցանցով ջրաերկրաբանական (անհրաժեշտության դեպքում նաև երկրաբանական) քարտեզ՝ համապատասխան կտրվածքներով, ինչպես նաև շրջանի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները և ջրատար հորիզոնների տարածման ջրաերկրաբանական պայմանները, դրանց բնական սահմանները, ստորերկրյա ջրերի որակի փոփոխության օրինաչափությունները, գործող ջրհան (ջրառման) կառույցների տեղադիրքը, ստորերկրյա ջրերի հետախուզված պաշարներով տեղամասերը, ջրաչափական նշագծերը, կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերի արտանետման տեղամասերը և ստորերկրյա ջրերի աղտոտման այլ աղբյուրները արտացոլող այլ գրաֆիկական նյութեր։ Գրաֆիկական նյութերի մասշտաբը պետք է ընտրվի այնպես, որ հնարավոր լինի ընթեռնելի կերպով արտացոլել նշված տեղեկատվությունը, սովորաբար այն կազմվում է 1։10000 կամ 1։25000, իսկ որոշ չափազանց մեծ չափերով շրջանների դեպքում 1։50000 մասշտաբներով:

1) Գծագրական նյութերը պետք է արտահայտեն նաև շրջանի ապարների քարաբանաապարագիտական (լիթոլոգապետրոգրաֆիական) համալիրները և տեղադրման պայմանները:

30. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը, ջրաերկրաբանական պայմանները, իսկ հանքային ստորերկրյա ջրերի դեպքում նաև երկրաքիմիական և երկրաջերմային պայմանները պետք է մանրազնին ուսումնասիրվեն նաև մասնագիտացված ջրաերկրաբանական քարտեզներում, դրանց կտրվածքներում (1:2000-1:10000 մասշտաբի (կախված չափերից և կառուցվածքի բարդությունից)), իսկ անհրաժեշտության դեպքում` երկրատեղեկատվական ծրագրային համալիրներով կազմված մոդելներում, արտացոլելով ջրատար հորիզոնների ու դրանք բաժանող ջրամերժ շերտերի տարածումը, հզորությունները, կառուցվածքը և տեղադրման պայմանները, ջրապարունակ ապարների քարաբանական (լիթոլոգիական) կազմը և ֆիլտրացիոն հատկությունների փոփոխականության բնույթը` հատակագծում (հանքավայրի մակերեսում) և կտրվածքում (ըստ խորության), ստորերկրյա և մակերևութային ջրերի մակարդակները, դրանց որակը և այլն:

31. Ստորերկրյա ջրերի որոնման և հետախուզման ժամանակ, երբ շահագործական պաշարների ձևավորման աղբյուրներից են հանդիսանում նաև մակերևութային ջրերը, պետք է իրականացվեն հիդրոլոգիական ուսումնասիրություններ և ձեռք բերվեն մակերևութային ջրային ռեսուրսների ընդհանուր քանակի և դրանցից ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների ձևավորմանը մասնակցող մասի գնահատման համար անհրաժեշտ նյութեր:

1) Հիդրոլոգիական ուսումնասիրությունները պետք է ապահովեն ջրային հոսքերի ձևաբանական բնութագրերի, դրանց մակարդակի ռեժիմի, հեղուկ և պինդ հոսքի ռեժիմի, մակերևութային ջրերի որակի, հունային գործընթացների, ջրհոսքի չորացման կամ սառչելու ժամանակ հոսքերի բացակայության տևողության, ողողահունում ջրի ելքի բացարձակ նիշերի, դրանց ջրածածկման տևողության և հաճախականության, ջրի առավելագույն և նվազագույն մակարդակների և ծախսերի միջին օրական ցուցանիշների գերազանցման հաշվարկային հավանականության մասին տվյալների ստացումը։

2) Հիդրոլոգիական հետազոտությունների կազմը և ծավալը որոշվում են ընդերքի մասի (տեղամասի) ջրաերկրաբանական առանձնահատկությունների և ջրահոսքերի ու ջրավազանների հիդրոլոգիական ռեժիմի համակցությամբ, որոնողագնահատման աշխատանքները սկսելուց առաջ շրջանի հիդրոլոգիական ուսումնասիրվածության մակարդակից և հանքավայրի մակերեսից կախված, նախագծային ջրառման և մակերևութային ջրային ռեսուրսների քանակների հարաբերակցությամբ, սակավաջուր ժամանակահատվածում բնական պաշարների հետագա վերականգնմամբ օգտագործման (մաշման, դատարկման) հնարավորությամբ։

32. Մանրազնին ջրաերկրաբանական հետախուզական աշխատանքների (փորվածքների տեղաբաշխման համակարգը, դրանց քանակը և խորությունը, փորձարարական աշխատանքների տեսակներն ու ծավալները, դրանց տևողությունը, իսկ հանքային ստորերկրյա ջրերի դեպքում նաև հորատանցքերի կառուցվածքը, դիտարկման հորատանցքերի տեղակայման խտությունը (ցանցը) և ստորերկրյա ջրերի ռեժիմային դիտարկումների տևողությունը, ջրաերկրաբանական, երկրաֆիզիկական և հետազոտման այլ հատուկ եղանակների տեսակները և ծավալները) իրականացման մեթոդաբանությունը որոշվում է ելնելով հանքավայրի ջրաերկրաբանական պայմանների բարդությունից՝ այնպես, որ ապահովեն Դասակարգման V գլխում (16-ից 22-րդ կետեր) սահմանված կարգերով և Դասակարգման V գլխում (25-րդ կետ) սահմանված հարաբերակցությամբ պաշարների հաշվարկման հնարավորությունը։

1) Նախնական ջրաերկրաբանական հետախուզական աշխատանքները առանձին փուլով իրականացված լինելու դեպքում, այն կապակցվում է առկա ջրառման կառույցի նախատեսված սխեմայի և Դասակարգման պահանջների հետ:

33. Ստորերկրյա խմելու և տեխնիկական ջրերի հանքավայրերում հորատանցքերը (փորվածքները) իրենց նշանակությամբ ստորաբաժանվում են որոնողականներ (քարտեզագրման), պարամետրային (հարաչափական), հետախուզական, հետախուզաշահագործական և դիտողական հորատանցքերի։

1) Ստորերկրյա ջրերի բոլոր տիպերի հանքավայրերի մանրազնին հետախուզման փուլում հետախուզական և հետախուզաշահագործական հորատանցքերը հիմնականում տեղադրվում են ջրառման տեղամասի սահմաններում՝ նախկինում հորատված և ջրառման նախանշված սխեմայում կիրառելի հորատանացքերի հաշվառմամբ։

2) Հետախուզաշահագործական հորատանցքերի կառուցվածքը պետք է ապահովի նախագծային արտադրողականությամբ դրանց հետագա շահագործման հնարավորությունը։ Այդպիսի հորատանցքերի հորատումը իրականացվում է լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ՝ հանքավայրի (տեղամասի) յուրացման ժամկետների հաշվառմամբ։

3) Ջրառման նախանշված սխեմայով հորատման ենթակա հորատանցքերի քանակը որոշվում է հանքավայրի բարդության խմբից և բուն սխեմայից կախված։ Այսպիսով, բարդության 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերի համեմատաբար համասեռ ֆիլտրացիոն հատկություններով հորիզոններում, ջրառի սխեմայում հետախուզական և հետախուզաշահագործական հորատանցքերի քանակը պետք է կազմի նախագծային շահագործական հորատանցքերի թվի 15-20%-ը։ Բարդության 3-րդ խմբի հանքավայրերում յուրաքանչյուր նախագծային շահագործական հորատանցքերի մոտ (կամ տեղում) պետք է հորատվեն հետախուզական կամ հետախուզաշահագործական հորատանցքեր:

34. Հանքային ջրերի հանքավայրերի հետախուզումը իրականցվում է հորատանցքերով, որոնք իրենց նշանակությամբ ստորաբաժանվում են որոնողական, հետախուզական, հետախուզաշահագործական և դիտողական հորատանցքերի։

1) Հորատանցքերի քանակի որոշման, դրանց տեղադրման սխեմայի մշակման և կառուցվածքի ընտրության ժամանակ անհրաժեշտ է տարբեր նպատակների համար նախատեսել միևնույն հորատանցքերի օգտագործման հնարավորությունը, իսկ բազմաշերտ հանքավայրերում՝ մեկ հորատանցքում մի քանի ջրատար հորիզոններից առանձին կամ առանձին-համատեղ փորձարկումների իրականացման հնարավորությունը։ Պետք է հաշվի առնվեն նաև հանքային ջրերի տարբեր տիպերի հանքավայրերի առանձնահատկությունները, դրանց բարդության և ուսումնասիրվածության աստիճանը, որոնողագնահատանքային աշխատանքների տարբեր փուլերում լուծվող խնդիրների բնույթը։ Բոլոր դեպքերում պետք է հաշվի առնվեն հետախուզվող մակերեսում նախկինում հորատված բոլոր հորատանցքերը, գնահատվեն դրանց փորձարարական կամ դիտողական նպատակներով օգտագործման հնարավորությունը և անհրաժեշտության դեպքում իրականացվեն դրանց վերանորգավերականգնողական աշխատանքներ։

2) Հանքային ջրերի հանքավայրերի հետախուզման ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ շատ դեպքերում պահանջարկը կարող է բավարարվել հատուկենտ հորատանցքերի շահագործմամբ։ Այդ դեպքերում, հանքային ջրերի բարդության 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերի հետախուզումը իրականցվում է առանձին (եզակի) հորատանցքերի հորատմամբ և նմուշարկմամբ։ Այդ պատճառով յուրաքանչյուր հետախուզական կամ հետախուզաշահագործական հորատանցքում պետք է իրականացվի հետազոտությունների այնպիսի համալիր, որը հնարավորություն կտա բացահայտել հետախուզվող հանքավայրի ջրաերկրաբանական և ջրաքիմիական հիմնական առանձնահատկությունները, իսկ հորատանցքերի կառուցվածքը հնարավորինս պետք է ապահովի հետագա շահագործման համար դրանց պիտանելիությունը։

35. Շահագործման հատուկ մեթոդներ (ճառագայթային ջրառման, սրահներով, ջրհորերով, ստորերկրյա ջրերի արհեստական սնուցմամբ) պահանջող հանքավայրերի հետախուզման ժամանակ անհրաժեշտ է կառուցել հետախուզաշահագործական ջրառման կառույցներ, որի նպատակով հորատանցքերի հորատմանը զուգընթաց անց են կացվում լեռնային փորվածքներ՝ հետախուզահորեր, հետախուզաառուներ, հորանային ջրհորեր, փոսորակներ։ Այդպիսի շինարարությունը իրականացվում է հանքավայրին բնորոշ ջրաերկրաբանական պայմաններով բնութագրվող տեղամասերում:

36. Ստորերկրյա ջրերի հանքավայրերի ուսումնասիրության ժամանակ օգտագործվում են երկրաֆիզիկական հետախուզության մեթոդներ՝ վերերկրյա և հորատանցքերում։

1) Վերերկրյա երկրաֆիզիկական հետազոտությունները, որպես կանոն, իրականացվում են մեթոդների համալիրով՝ հորատման և փորձարարական աշխատանքների հիմնական ծավալին առաջընթաց կերպով: Այս ուսումնասիրություններն իրականացվում են կտրվածքում քարաբանական (լիթոլոգիական) կազմի տարանջատման, ջրապարունակ ապարների տեղադրման պայմանների բացահայտման, ստորերկրյա ջրերի կուտակման համար առավել բարենպաստ պայմաններով ջրատար հորիզոնի տեղամասերի եզրագծման և դրանց ջրառի կամ բեռնաթափման հնարավորության բացահայտման, ջրապարունակ ապարների ֆիլտրացիոն հատկությունների և ստորերկրյա ջրերի հանքայնացման փոփոխականության, բնական և խախտված պայմաններում ստորերկրյա ջրերի մակարդակների գնահատման և այլ նպատակներով:

2) Հորատանցքերում երկրաֆիզիկական հետազոտություններն իրականացվում են երկրաբանական կտրվածքի ճշգրտման, ֆիլտրերի տեղադրման խորությունների որոշման, ջրապարունակ ապարների ֆիլտրացիոն հատկությունների և կտրվածքում ջրի որակի փոփոխականության առանձնահատկությունների բացահայտման, ջրատար հորիզոնների արդյունավետ հզորության և շահագործման ժամանակ ջրի մակարդակի իջեցման առավելագույն մեծության սահմանման, ջրատար հորիզոնների միջև և մակերևութային ջրերի հետ ունեցած փոխադարձ կապի ուսումնասիրման, ինչպես նաև փորձարարաֆիլտրացման աշխատնքների ժամանակ հորատանցքերի փողերի և ֆիլտրերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման համար և այլ նպատակներով։ Հանքային ստորերկրյա ջրերի հանքավայրերի դեպքում իրականացվում են նաև ամրակապող (շրջապահ) խողովակների տեղադրման և շերտափորձարկիչների իջեցման խորությունների որոշման, առանձին ճեղքավոր-երակային գոտիների առանձնացման և մի քանի ջրատար հորիզոնների բացման դեպքում ջրի ստատիկ մակարդակների սահմանման նպատակով։

37. Հետախուզման ժամանակ հորատված կամ վերակագնված հորատանցքերից և անցած լեռնային փորվածքներից կատարվում են ջրի փորձնական, փորձարարական (եզակի․ փնջային (կույտային), խմբային) և փորձարարական-շահագործական արտամղումներ (ճնշումային ջրերի դեպքում՝ բացթողումներ) ու (ներ)մղումներ (լցումներ):

38. Փորձնական արտամղումներ կամ բացթողումներ իրականացվում են ջրապարունակ ապարների՝ հատակագծում և ըստ խորության (կտրվածքում), ֆիլտրացիոն հատկությունների փոփոխականության, ջրատար հորիզոնների ջրի որակի նախնական գնահատման և հետախուզական ու հետախուզաշահագործական հորատանցքերի հնարավոր արտադրողականության որոշման համար անհրաժեշտ տվյալների ստացման նպատակով:

39. Փորձարարական արտամղումներ կամ բացթողումներ (եզակի, փնջային (կույտային) և խմբային) իրականացվում են ջրի մակարդակի իջեցումից կախված ծախսի (դեբիտի) կախվածության բնույթը սահմանելու, ջրաերկրաբանական պարամետրերի (ցուցնաիշների), սահմանային պայմանների և ջրատար հորիզոնների փոխադարձ կապի, մակերևութային և ստորերկրյա ջրերի միջև կապի որոշման, ժամանակի ընթացքում և հորատանցքերի փոխազդեցության ժամանակ մակարդակների (հանքային ջրերի դեպքում ծախսի և ջրի որակի) փոփոխման օրինաչափությունների բացահայտման, ինչպես նաև ստորերկրյա ջրերի որակի ուսումնասիրման և հորատանցքերի օպտիմալ շահագործական ծախսի (դեբիտի) սահմանման նպատակով:

1) Ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին խմբին վերագրվող հանքային ստորերկրյա ջրերի հանքավայրերի հետախուզման ժամանակ, որպես կանոն, սահմանափակվում են փորձարարական արտամղումների (բացթողումների) իրականցմամբ. դրանց դեբիտը պետք է մոտ լինի նախագծայինին։

40. Ջրառման սխեմայի համաձայն հորատված (անցկացված) մեկ հորատանցքից (փորվածքից) կամ հորատանցքերի (փորվածքների) խմբից փորձարարաշահագործական արտամղումներ կամ բացթողումներ իրականացվում են.

1) ստորերկրյա խմելու և տեխնիկական ջրերի.

ա. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 3-րդ խմբին վերագրվող հանքավայրերի հետախուզման դեպքում՝ նախագծայինին մոտ դեբիտով, երբ դրանց բարդ ջրաերկրաբանական և ջրաքիմիական պայմանները չեն կարող արտացոլվել հաշվարկային սխեմայի տեսքով։

բ. հանքավայրերում՝ արհեստական սնուցմամբ ջրառման կառույցների մանրամասն ուսումնասիրությունների դեպքում։

գ. հանքավայրերում՝ բարդ համակարգերով (հորիզոնական և ճառագայթային) ջրառման կառույցների հիմնավորման համար իրականացվող ուսումնասիրությունների դեպքում:

2) ստորերկրյա հանքային ջրերի.

ա. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 2-րդ և 3-րդ խմբերին վերագրվող հանքավայրերի հետախուզման դեպքում՝ նախագծայինին մոտ դեբիտով, երբ դրանց բարդ ջրաերկրաբանական, ջրաքիմիական և երկրաջերմային պայմանները չեն կարող արտացոլվել հաշվարկային սխեմայի տեսքով։

բ. հանքավայրերում՝ հանքային ջրերի քայքայող գործունեության, հորատանցքերում և արդյունագործական սարքավորումներում աղանստեցման գործընթացների ուսումնասիրությունների դեպքում։

3) ստորերկրյա խմելու և տեխնիկական ջրերի հանքավայրերի հետախուզման ժամանակ, տրված ջրառի դեպքում ստորերկրյա ջրերի մակարդակների կամ որակի փոփոխությունների էմպիրիկ կախվածությունների սահմանման, իսկ արհեստական սնուցմամբ ջրառման կառույցների կամ դրանց բարդ համակարգերի կիրառման դեպքում, տվյալ ջրաերկրաբանական պայմաններում, այդպիսի ջրառման կառույցների արդյունավետ աշխատանքի գնահատման նպատակով։

4) ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի հետախուզման ժամանակ, տրված ջրառի դեպքում ժամանակի ընթացքում հանքային ջրերի մակարդակների կամ որակի փոփոխությունների բնույթի (առանձին դեպքերում նաև տարբեր որակի ջրերի եզրագծերի շարժունակության (փոփոխությունների) աստիճանի) սահմանման նպատակով։

41. Փորձարարական արտամղումներին (բացթողումներին) ներկայացվող ընդհանուր պահանջներն են.

1) ջրի ծախսի (մակարդակի իջեցման) տրված արժեքի դեպքում դրանց անընդհատությունը,

2) ջրի ծախսի կամ հորատանցքում ջրի մակարդակի իջեցման հաստատունությունը, անհրաժեշության դեպքում արտամղումները կամ բացթողումները կատարվում են ջրի ծախսի տրված փոփոխական ռեժիմով (շահագործման պայմանների համապատասխան),

3) փորձարարական և դիտողական հորատանցքերում արտամղումների կամ բացթողումների ավարտին ջրի մակարդակի իջեցման կայունացումը, չափման հնարավոր սխալանքի հաշվառմամբ (մակարդակը պետք է կայունացվի սխալանքի հնարավոր չափը գերազանցող նիշում)՝ հետագա հաշվարկների անհրաժեշտ ճշգրտությունն ապահովելու նպատակով,

4) արտամղումների կամ բացթողումների ավարտին փորձարարական և դիտողական հորատանցքերում ջրի մակարդակի վերականգնման պարտադիր դիտարկումների իրականացումը,

5) արտամղված ջրի հեռացումը նմուշարկվող ջրատար հորիզոնի արտամղումների ազդեցության գոտի դրանց հետադարձ ներթափանցումը բացառող հեռավորությամբ,

6) հանքային ջրերի արտամղումների կամ բացթողումների, հատկապես տևական բնույթ կրող, ժամանակ շրջակա միջավայրի պահպանության նպատակով, սահմանված կարգով համաձայնեցված, համալիր միջոցառումների իրականացումը։ Միևնույն ժամանակ նպատակահարմար է, որ արտամղվող հանքային ջրերը գործող հանգստյան գոտիների շրջանում ամբողջությամբ կամ մասնակի օգտագործվեն տեղական սպառողների կողմից։

42. Ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների բնական ջրային ռեսուրսներով ապահովվելու պայմաններում, անհրաժեշտ է իրականացնել ջրային հաշվեկշռի հետազոտություններ՝ ջրային հաշվեկշռի մուտքային և ելքային (ծախսային) տարրերի քանակական բնութագրերի ստացման նպատակով:

1) Ջրային հաշվեկշռի հետազոտությունների համալիրի կազմում ներառվում են մթնոլորտային տեղումների ներծծման (ինֆիլտրացիայի) ռեժիմի, ջրային մակերևույթից, ցամաքից և գրունտային ջրերի հայելուց գոլորշիացման, գետերի հուներից, մայրագծային (մայրուղային) և ոռոգման ջրանցքներից, ներմղման (տրանսսպիրացիայի), ներծծման (ֆիլտրացիայի), ոռոգման դաշտերից ներծծման, գետերի հուներում և աղբյուրային հոսքի տեսքով ստորերկրյա ջրերի բեռնաթափման, ստորերկրյա ջրերի ջրառման և այլ ուսումնասիրությունններ։

2) Հաշվարկներում օգտագործվում են ուսումնասիրվող տարածքի ջրային հաշվեկշռի տարրերի վերաբերյալ դիտարկումների առկա բոլոր նյութերը: Եթե այդ տվյալները բավարար չեն, անհրաժեշտ է իրականացնել բնական հիդրոօդերևութաբանական դրության ուսումնասիրություններ, որոնց արդյունքները կարող են ուղղակիորեն օգտագործվել ստորերկրյա ջրերի սնուցման և բեռնաթափման քանակները որոշելու, ինչպես նաև նմանատիպ ֆիզիկական և աշխարհագրական պայմաններում իրականացված դիտարկումների նյութերի օգտագործման իրավաչափությունը (ընդունելի լինելը) հիմնավորելու նպատակով։

43. Որոնողահետախուզական աշխատանքների ընթացքում պետք է ստացվեն, ինչպես ըստ տարվա եղանակների ու բազմամյա ժամանակահատվածում ստորերկրյա ջրերի բնական ռեժիմը, այնպես էլ գործող ջրառման կառույցների և ջրիջեցնող սարքերի շրջանում՝ խախտված ռեժիմը բնութագրող տվյալներ, որոնք ստացվում են հատուկ կահավորված (դիտողական հորատանցքերով, ջրաչափական դիտակետերով, դիտարկման ցանցի միջոցով և ստորերկրյա ջրերի բնական ելքերով)՝ հետևյալ նպատակներով.

1) մակերևութային և ստորերկրյա ջրերի, ինչպես նաև տարբեր ջրատար հորիզոնների ստորերկրյա ջրերի փոխադարձ կապի պայմանների ճշգրտում,

2) համապատասխան պայմաններում՝ ըստ տարվա եղանակների ջրատար հորիզոնի բնական սնուցման քանակների (հիմնված մակարդակի տատանումների ամպլիտուդի և ապարների հագեցվածության վերաբերյալ (ոչ բավարար լինելու) տվյալների վրա) գնահատում,

3) փորձարարական, փորձարարաշահագործական արտամղումների և ջրառման կառույցների շահագործման ընթացքում, ջրի մակարդակների իջեցման մեջ ուղղումներ (կարգաբերումներ) կատարելու նպատակով՝ մակարդակների բնական փոփոխությունների վերաբերյալ տվյալների ստացում,

4) վարարումների ազդեցությամբ կամ մթնոլորտային ճնշման փոփոխությամբ պայմանավորված ստորերկրյա ջրերի մակարդակների փոփոխության վերաբերյալ տվյալներով հաշվարկային ջրաերկրաբանական ցուցանիշների (պարամետրերի) (պիեզոհաղորդունակության կամ մակարդակահաղորդականության գործակիցների, բաժանարար թույլ ջրաթափանց շերտերի ֆիլտրացիայի գործակիցների և այլն) որոշում,

5) աղբյուրային հոսքի կամ հանքային ջրերի աղբյուրների սեզոնային և բազմամյա փոփոխությունների (եթե այդ աշխատանքները ներառված չեն հիդրոօդերևութաբանական հետազոտությունների համալիրում) որոշում,

6) տարվա ընթացքում և բազմամյա ժամանակահատվածում ստորերկրյա ջրերի որակի փոփոխության բնույթի ուսումնասիրում,

7) շահագործվող հանքային ջրերի հանքավայրերի լրահետախուզման ժամանակ նախքան փորձարարական աշխատանքների սկսելը հանքային ջրերի ջրառման քանակի և դրան համապատասխանող մակարդակի որոշում։

44. Ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի դեպքում՝ ստացիոնար (անշարժ) ռեժիմային դիտարկումները անհրաժեշտ է իրականցնել հետախուզական աշխատանքների սկզբից և ընդհանուր առմամբ դրանց տևողությունը պետք է լինի առնվազն 1 տարի։

45. Բոլոր դեպքերում, երբ ստորերկրյա ջրերի հետախուզական աշխատանքներն իրականացվում են գործող ջրառման կառույցներով տեղամասերում կամ շրջաններում, ջրաերկրաբանական ուսումնասիրությունները սկսում են դրանց շահագործաման փորձի ուսումնասիրմամբ՝ հետևյալ նպատակներով.

1) գործող ջրառման կառույցներով, չհաստատված պաշարներով տեղամասերում ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների գնահատում կամ նախկինում հաստատված պաշարներով ջրառման կառույցներով տեղամասերի պաշարների վերագնահատում՝ Դասակարգման 30-րդ և 31-րդ կետերի պահանջներին համապատասխան։

2) նոր հետախուզվող հանքավայրերի պաշարների գնահատման ժամանակ, նմանատիպ ջրաերկրաբանական պայմաններով հանքավայրերի շահագործման փորձի օգտագործում,

3) գոյություն ունեցող և նոր հետախուզված ջրառների փոխադարձ ազդեցության, ինչպես նաև մակերևութային ջրային աղբյուրների, բնապահպանական և տվյալ շրջանի այլ բնական պայմանների վրա ստորերկրյա ջրերի ջրառի ազդեցության գնահատում:

46. Հետախուզման ժամանակ պետք է ստացվեն ստորերկրյա ջրերի որակի վերաբերյալ տեղեկատվություն՝ առաջադրված նպատակով դրանց օգտագործման հնարավորության գնահատման համար։

1) Ջրի քիմիական կազմի, մանրէաբանական և զգայարանական (օրգանոլեպտիկ) ցուցանիշների հետազոտման համար անհրաժեշտ, հանքային ստորերկրյա ջրերի դեպքում նաև գազի (ազատ և լուծված) նմուշների նմուշառումը իրականցվում է ինչպես տարբեր նշանակությամբ արտամղումների (բացթողումների), այնպես էլ գնահատվող և դրա հետ հարակից ջրատար հորիզոնների ստորերկրյա ջրերի, մակերևութային ջրհոսքերի ու ջրավազանների ռեժիմային դիտարկումների ժամանակ։ Մանրազնին հետախուզվող տեղամասի սահմաններում հետախուզվող ջրատար հորիզոններից ջրի նմուշառում անհրաժեշտ է իրականացնել պաշարների գնահատման ժամանակ օգտագործվող բոլոր հորատանցքերից, ինչպես նաև ջրառման կառույցի ազդեցության գոտում գտնվող մյուս բոլոր փորվածքներից, աղբյուրներից և մակերևութային ջրհոսքերից (ջրավազաններից):

2) Ջրի, հանքային ստորերկրյա ջրերի դեպքում նաև գազի նմուշառման հաճախականությունը և դրանց քանակը որոշվում է հիդրոքիմիական պայմանների բարդությամբ: Հետազոտությունների քանակը և տեսակները, ինչպես նաև որոշման ենթակա բաղադրիչների ցանկը սահմանվում է կախված տեղամասի ջրաերկրաբանական ու հիդրոքիմիական պայմաններից և ստորերկրյա ջրերի նպատակային օգտագործումից՝

ա. խմելու ջրերի դեպքում՝ ԳՕՍՏ 2874-82-ի ու ԳՕՍՏ 17.1.3.03.77-ի պահանջների խիստ պահպանմամբ.

բ. տեխնիկական ջրերի դեպքում՝ ջրօգտագործողների պահանջներին համապատասխան.

գ. հանքային ջրերի դեպքում՝ ԳՕՍՏ 13273-88 և ՕՍՏ 18-107-73 պահանջների խիստ պահպանմամբ.

դ. որպես մեթոդական ուղեցույց կարող է կիրառվել նախկին ԽՍՀՄ «Կենցաղային և խմելու ստորերկրյա ջրերի որոնման և հետախուզման ժամանակ քիմիական-անալիտիկ հետազոտությունների իրականացման ժամանակավոր մեթոդական ուղեցույց»-ը:

ե. բոլոր դեպքերում գնահատելով ստորերկրյա ջրերի կոռոզիոն ակտիվությունը:

3) Արտադրական, կենցաղային և այլ հոսքաջրերով, ինչպես նաև ագրոքիմիական գործընթացներում կիրառվող նյութերով ստորերկրյա ջրերի հնարավոր աղտոտման շրջաններում անհրաժեշտ է որոշել տվյալ շրջանը աղտոտող բնութագրական բաղադրիչները։

4) Հանքային ջրերի որակի ուսումնասիրվածության աստիճանը պետք է ապահովի դրա բուժիչ արժեքավորությունը որոշող ցուցանիշների ստացումը և հատկությունների բնութագրումը։ Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել ջրի և դրանում պարունակվող գազի լրիվ ծրագրով քիմիական անալիզներ՝ այլ տեսակի (սպեկտրալային, ռադիոքիմիական) անալիզների համալիրով և որոշվեն տվյալ հանքավայրին բնորոշ առանձին և կենսաբանորեն ակտիվ բաղադրիչները (ռադոնի, օրգանական նյութերի և այլն)։ Առաջադրված նշանակությամբ ջրի օգտագործման հնարավորությունը սահմանափակող մանրէաբանական ցուցանիշները և վնասակար բաղադրիչները անհրաժեշտ է որոշել ոչ միայն խմելու, հանքային ստորերկրյա ջրերում, այլ նաև բուժական նպատակներով օգտագործվող ջրերի համար։

5) Ջրի նմուշառումը, նմուշների պահպանումը և տեղափոխումը պետք է իրականացվի ԳՕՍՏ 4979-49-ի և ԳՕՍՏ 18963-73-ի պահանջներին համապատասխան, իսկ քիմիական անալիզները՝ նաև առանձին քիմիական էլեմենտների պարունակությունների որոշման համար մշակված ստանդարտներով:

6) Անհրաժեշտ է իրականացնել նաև ջրի քիմիական կազմի անալիզների արդյունքների վերահսկողական (ներքին և արտաքին) աշխատանքներ, որոնք կարող են իրականացվել օգտագործելով այդ նպատակով մշակված մեթոդաբանությունները, մասնագիտական գրականությունը, ինչպես նաև «Ջրի որակի քիմիական անալիզների ներլաբորատորային հսկողության հրահանգ» փաստաթղթով սահմանված կարգավորումները:

7) Հանքային ջրերի գնահատման չափորոշիչները, տարանջատումը և անվանումը՝ ըստ ընդհանուր հանքայնացման, հատուկ բաղադրիչների և կազմի բերվում են ստորև.

Հիմնական ցուցանիշները

Ջրերը որպես հանքային դասակարգելու համար անհրաժեշտ նորմաները

Հանքային ջրերի տեսակները

Ցուցանիշի արժեքը

Ջրի անվանումը

Ընդհանուր հանքայնացում, գ/լ

2.0*

2.0-5.0

Թույլ հանքայնացված

5.0-10.0

Միջին հանքայնացված

10.0-35.0

Ուժեղ հանքայնացված

35.0-150.0

Աղայնացված

>150

Խիստ աղայնացված

Ազատ CO2-ի պարունակություն (լուծված), գ/լ

0.5

0.5-1.4

Թույլ ածխաթթվային

1.4-2.5

Միջին ածխաթթվային

>2.5

Ուժեղ ածխաթթվային (առանձնացված ազատ CO2  գազավորված)

Ընդհանուր H2S-ի պարունակություն (H2S+HS-), մգ/լ

10

10-50

Թույլ սուլֆիդային

50-100

Միջին սուլֆիդային

100-250

Ուժեղ սուլֆիդային

250-500

Շատ ուժեղ սուլֆիդային

>500

Չափազանց ուժեղ սուլֆիդային

(pH-ի արժեքից կախված սուլֆիդային ջրերի անվանումներում կատարվում են լրացուցիչ նշումներ. pH<6՝ ծծմբաջրածնային, pH=6.5-7.5՝ ծծմբաջրածնահիդրոսուլֆիդային, pH>7.5՝ հիդրոսուլֆիդային

As-ի պարունակություն,

մգ/լ

0.7

0.7-5.0

Արսենային (արսենաջրածնային)

5.0-10.0

Ուժեղ արսենային (արսենաջրածնային)

>10

Շատ ուժեղ արսենային (արսենաջրածնային)

Պարունակություն Fe (Fe2++F3 +), մգ/լ

20

20-40

Երկաթային

40-100

Ուժեղ երկաթային

>100

Շատ ուժեղ երկաթային

Պարունակություն Br, մգ/լ

25**

-

Բրոմային

Պարունակություն I, մգ/լ

5**

-

Յոդային

Պարունակություն (H2 SiO3 -), մգ/լ

50

-

Սիլիցիումային

Ծավալային ակտիվություն, Rn, նԿի/լ

(14 Մախեյի միավոր)

5-20 (14-55 Մախեյի միավոր)

Շատ թույլ ռադոնային

20-40 (55-110 Մախեյի միավոր)

Թույլ ռադոնային

40-200 (110-550 Մախեյի միավոր)

Միջին խտության ռադոնային

>200 (>550 Մախեյի միավոր)

Բարձր ռադոնային

Ջրածնային ցուցիչ (pH)

-

<3.5

Ուժեղ թթվային

3.5-5.5

Թթվային

5.5-6.8

Թույլ թթվային

6.8-7.2

Չեզոք

7.2-8.5

Թույլ հիմնային

>8.5

Հիմնային

Ջերմաստիճան, °C

-

<20

Սառը

20-35

Գոլ (թույլ ջերմային)

35-42

Տաք (ջերմային)

>42

Շատ տաք (բարձր ջերմային)

ա. (*) hանքային ջրերին են դասվում նաև թույլ հանքայնացված (մինչև 2 գ/լ), դեղագործական ակտիվ բաղադրիչներ պարունակող ջրերը.

բ. (**) նշված պարունակությունները վերաբերում են նոսրացումից հետո նպատակային նշանակությամբ օգտագործման համար թույլատրելի հանքայնացմամբ ջրերին:

47. Ստորերկրյա խմելու և հանքային ջրերի որոնման և հետախուզման ժամանակ պետք է ստացվեն գնահատվող տարածքի սանիտարական պայմանները բնութագրող տվյալներ: Սանիտարական հետազոտությունները իրականացվում են նախագծային կազմակերպության և սանիտարահամաճարակային կայանի ներկայացուցիչների մասնակցությամբ և ներառում են ստորերկրյա ջրերի աղտոտման հնարավոր բոլոր օջախների և աղբյուրների տեսողական հայտնաբերումը ու նույնականացումը: Անհրաժեշտության դեպքում հորատվում են հատուկ հորատանցքեր՝ ստորերկրյա ջրերի աղտոտվածության բնույթն ու աստիճանը ուսումնասիրելու և աղտոտման շրջանները եզրագծելու համար:

1) Ստորերկրյա ջրերը աղտոտումից պաշտպանելու անհրաժեշտ միջոցառումները հիմնավորելու համար, սանիտարահամաճարակային կայանի համաձայնությամբ, կարող են իրականացվել ջրի և գրունտի հատուկ ֆիզիկաքիմիական ուսումնասիրություններ և ինդիկատորային փորձեր: Աշխատանքների կազմը, ծավալները և մեթոդաբանությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կախված է աղտոտման բնույթից և լուծվող խնդրի նպատակային նշանակությունից:

48. Հանքային ջրերի հանքավայրերի հետախուզման ժամանակ պետք է ստացվեն ընդերքի և շրջակա միջավայրի պահպանության նպատակով անհրաժեշտ միջոցառումների մշակման համար բավարար տվյալներ՝ կախված օգտագործված ջրերի հեռացման մեթոդից։ Օգտագործված ջրերը ստորգետնյա միջավայր հեռացնելու դեպքում անհրաժեշտ է գնահատել ջրատար հորիզոնների և ջրակլանող հորիզոնի ջրապարունակ ապարների հետ դրանց համատեղելիությունը։

1) Բոլոր դեպքերում օգտագործված ջրերի հեռացման առաջարկվող մեթոդը և վայրը (տեղը) պետք է համաձայնեցնել պետական լիազոր մարմինների հետ։

49. Հետախուզական աշխատանքների ընթացքում պետք է ուսումնասիրել հանքավայրում (տեղամասում) ջրառման կառույցի շինարարության և դրա շահագործման նախագծի կազմման համար անհրաժեշտ ինժեներաերկրաբանական (սողանքների առկայություն, թույլ և նստող հողեր, ափերի ողողաքայքայում և վերամշակում (փոփոխություն) և այլն) պայմանները և ստանալ շահագործական հորատանցքերով բացվող ապարների կայունությունը բնութագրող տվյալներ:

1) Հանքային ջրերի հանքավայրերի դեպքում նաև պետք է որոշվեն ապագա ընկերությանը (սանիտարահանգստյան կազմակերպությանը) խմելու ջրով ապահովելու հնարավոր աղբյուրները։

 

5. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱՋՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ

 

50. Ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները, Դասակարգման համաձայն, ըստ երկրաբանական և ջրաերկրաբանական հետախուզվածության աստիճանի ստորաբաժանվում են հետախուզված՝ A, B, С1 և նախնական գնահատված՝ C2, կարգերի։

51. Ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների առանձնացումն իրականացվում է ընդերքօգտագործման նպատակով տրամադրված ընդերքի մասերի սահմաններում՝ հետախուզական աշխատանքների արդյունքներով կամ գործող ջրառման կառույցների շահագործման տվյալներով, ինչպես նաև ստորերկրյա ջրերի հանքավայրերի (տեղամասերի) շահագործական պաշարների վերագնահատման ժամանակ։

52. Ընդերքի մասերում և հանքավայրերում (տեղամասերում) A, B, C1 և C2 կարգերի պաշարների առանձնացման համար հիմք են հանդիսանում.

1) ընդերքի մասի կամ հանքավայրի (տեղամասերի) երկրաբանական կառուցվածքի և ջրաերկրաբանական պայմանների, ինչպես նաև ընդերքի մասի կամ հանքավայրի (տեղամասերի) ներառող տարածքի ընդհանուր տարածաշրջանային երկրաբանական և ջրաերկրաբանական ուսումնասիրվածության աստիճանը.

2) նպատակային ջրատար ստորաբաժանումների ստորերկրյա ջրերի որակի ուսումնասիրվածության աստիճանը՝ ըստ կատարված անալիզների քանակի և նմուշառման կետերի տարածական տեղաբաշխման հաշվառմամբ՝ անալիզներով որոշված նորմավորվող ցուցանիշների թվաքանակի, իսկ տեխնիկական ստորերկրյա ջրերի համար` ըստ անալիզների քանակի և տեխնիկական պայմաններով սահմանված ցուցանիշների քանակի.

3) երկրաէկոլոգիական իրավիճակը, մասնավորապես նախագծային ջրահան կառույցների սանիտարական (լեռնասանիտարական) պաշպանության գոտիների և շրջանների ստեղծման հնարավորությունը՝ գործող պահանջների հաշվառմամբ կամ ստորերկրյա ջրերի արդյունահանման համար գործող ջրառման կառույցների այդպիսի գոտիները և դրանց վիճակը.

4) ստորերկրյա ջրերի պաշարների հաշվարկի արժանահավատությունն ու հուսալիությունը որոշող ջրաերկրաբանական պարամետրերի և այլ ցուցանիշների ուսումնասիրվածության աստիճանը.

5) ստորերկրյա ջրային պաշարների ձևավորման սնող աղբյուրների ուսումնասիրվածության աստիճանը և գնահատման արժանահավատությունը.

6) ընդերքի մասերի կամ նախկինում գնահատված և հետախուզված հանքավայրերի (տեղամասերի) սահմաններում գործող ջրհան կառույցների առկայությունը և դրանց աշխատանքի տևողությունը.

7) գործող ջրառման կառույցներով ընդերքի մասերում ստորերկրյա ջրերի մոնիտորինգի համակարգի առկայությունը և նման մոնիտորինգի իրականացման արդյունքում ստացված տվյալների տեղեկատվականության աստիճանը:

53. A կարգի պաշարներ առանձնացվում են գոյություն ունեցող շահագործական, հետախուզական փորվածքներով (ջրհան կառույցներով), աղբյուրներով, տևական ժամանակ (երեք և ավելի տարի) ստորերկրյա ջրերի արդյունահանման ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում): A կարգի պաշարների առանձնացման համար պետք է բավարարվեն հետևյալ պահանջները.

1) արժանահավատորեն ուսումնասիրվել են ընդերքի մասի կամ հանքավայրի (տեղամասերի) և պաշարների ձևավորման հարակից գոտու երկրաբանական կառուցվածքը (այդ թվում՝ ջրատար հորիզոնների հզորությունը, կառուցվածքը և տեղադրման պայմանները, ջրերի մակարդակների դիրքը, ջուր պարունակող ապարների լիթոլոգիական կազմը, ճեղքածակոտկենությունը), ջրաերկրաբանական, ֆիզիկաաշխարհագրական (այդ թվում՝ ջրաբանական (հիդրոլոգիական)), ջրատնտեսական և էկոլոգիական պայմանները, ինչպես նաև այլ հանքավայրերի և ընդերքի մասերի վրա ստորերկրյա ջրերի ջրառման ազդեցությունը.

2) հավաստիորեն՝ շահագործման փորձով և ջրերի խմբային փորձարարական արտամղումների (ճնշումային ջրերի դեպքում՝ բացթողումների) տվյալներով, որոշվել են շահագործվող ջրատար հորիզոնների ջրաերկրաբանական պարամետրերն ու այդ պարամետրերի փոփոխության սահմանային արժեքները, տրվել է դրանց փոփոխությունների տարածական գնահատականը և այլ ջրհան կառույցների հետ փոխազդեցության պայմանները.

3) ըստ մակերեսի ու խորության (կտրվածքի) որոշվել են թույլ ջրաթափանց շերտերի դիրքը, դրանց հզորությունները և պարփակող ապարների ֆիլտրացիոն հատկությունները.

4) գնահատվող ջրատար հորիզոնների սնման պայմանները և մյուս հորիզոնների ու մակերևութային ջրերի հետ փոխադարձ կախվածության բնույթն ուսումնասիրված են ջրերի շահագործական պաշարները ձևավորող սնող աղբյուրների հավաստի քանակական գնահատման և ջրերի պաշարների հաշվարկի ժամանակ ընդունվող սահմանային պայմանների հիմնավորման համար բավարար մանրամասնությամբ.

5) ստորերկրյա ջրերի որակը ուսումնասիրվել է ջրհան կառույցների շահագործման ընթացքում կամ կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ՝ ըստ տնտեսության մեջ դրանց նպատակային օգտագործման պահանջներին (ստանդարտներին, տեխնիկական պայմաններին) համապատասխան բոլոր ցուցանիշների և ապացուցվել է, որ ջրօգտագործման հաշվարկային ժամկետում ստորերկրյա ջրերի կազմը կլինի կայուն կամ շահագործման ընթացքում կփոփոխվի թույլատրելի սահմաններում (ապացուցված է դրա փոփոխությունների օրինաչափությունների հաստատունությունը).

6) ջրերի հանքավայրերի շահագործման պայմաններն ուսումնասիրված են ջրերի հանքավայրի (տեղամասի) յուրացման նախագծի մշակման, այդ թվում` գործող ջրհան կառույցների և մակերևութային ջրաղբյուրների հիման վրա նախագծվող փորվածքների ազդեցության գնահատման համար անհրաժեշտ տվյալներն ապահովող մանրամասնությամբ, սահմանված է ջրհան կառույցներով ստորերկրյա ջրերի ջրառի ազդեցության աստիճանը շրջակա միջավայրի և ընդերքի վիճակի վրա.

7) ջրերի A կարգի շահագործական պաշարներին են վերագրվում շահագործական փորվածքների փաստացի ու հաշվարկային ջրածախսերի, հետախուզական փորվածքների տևական (երեք տարվա) խմբային փորձարարական արտամղումների (բացթողումների) փաստացի ու հաշվարկային ջրածախսերի, աղբյուրների տևական (առնվազն երեք) ռեժիմային դիտարկումների ջրածախսերի հիման վրա, իսկ պարզ ջրաերկրաբանական պայմաններում ջրերի շահագործական պաշարների լրացուցիչ հաշվարկը կատարված է փորձարկված հորատանցքերին հարակից նախագծային փորվածքների հաշվարկային ջրածախսերով (մ3/օր, լ/վ). Ընդ որում, պետք է պահպանվեն հետևյալ պայմանները.

ա. շահագործմանը հաջորդող ժամանակահատվածում՝ կանխատեսումային հաշվարկների տվյալների, այդ թվում մաթեմատիկական մոդելավորման մեթոդի կիրառման հիման վրա, ընդունված արտադրողականությունը պահպանելու հնարավորությունը,

բ. շահագործման եռամյա տևողության ընթացքում ստորերկրյա ջրերի որակը համապատասխանել է նորմավորվող ցուցանիշների սահմանված պահանջներին (տեխնիկական ստորերկրյա ջրերի դեպքում՝ տեխնիկական պայմաններին), իսկ շահագործման հաջորդող ժամանակահատվածի համար՝ հիմնավորված է ստորերկրյա ջրերի որակի նորմատիվային պահանջներին կամ տեխնիկական պայմաններին համապատասխանության պահպանման հնարավորությունը:

8) Սույն կետի 1-ից 7-րդ ենթակետերում գրված պայմանների պահպանման դեպքում, A կարգի պաշարներին վերագրվում է.

ա. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերում գործող ջրառման կառույցների փաստացի արտադրողականությունը, իսկ ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 3-րդ խմբի հանքավայրերում՝ հիդրոդինամիկական և ջրաքիմիական ռեժիմներով սահմանված ջրառման քանակը.

բ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին խմբի հանքավայրերում գործող ջրառման կառույցների հաշվարկային արտադրողականությունը՝ ջրառման փաստացի արտադրողականության կրկնակի արտարկման սահմաններում.

գ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին խմբի հանքավայրերում՝ փորձարարական արտամղումներով նմուշարկված և դրանց հարակից նախագծային փորվածքներով (փորվածքների հանգույցներով)՝ ըստ մակերեսի եռակի արտարկման սահմաններում՝ հաշվարկային ծախսը, իսկ ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 2-րդ խմբի հանքավայրերում՝ փորձարարական արտամղումներով նմուշարկված փորվածքներով (փորվածքների հանգույցներով)՝ հաշվարկային ծախսը, եթե նմուշարկման ժամանակ ծախսը կազմել է նախագծային ծախսի կեսից ոչ պակաս։ Հաշվարկային ծախսը պետք է հիմնավորված լինի փորձարարական հետազոտություներով.

դ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 3-րդ խմբի հանքավայրերում՝ միաժամանակ փորձարարաշահագործական արտամղումներով նմուշարկված փորվածքների փաստացի ծախսը՝ կայունացած հիդրոդինամիկ և ջրաքիմիական ռեժիմում և շահագործման ամբողջ ժամանակահատվածի համար այդ ծախսի պահպանման հնարավորության հավաստման դեպքում.

ե. աղբյուրների միջին օրական ծախսը՝ 95% գերազանցելու հավանականությամբ, եթե շահագործումը նախատեսվում է իրականացնել աղբյուրների ուղղակի աղբյուրակապմամբ կամ նույն աղբյուրների միջին տարեկան ծախսը՝ 95% գերազանցելու հավանականությունը, եթե ջրառման ռեժիմը համապատասխանում է ըստ տարվա եղանակների որոշված աղբյուրային հոսքին։ Միևնույն ժամանակ աղբյուրների հաշվարկային ծախսերը պետք է հիմնավորված լինեն դրանց ռեժիմի բազմամյա դիտարկումների տվյալներով։

9) նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան.

ա. գործող ջրհան կառույցների համար կազմակերպված, համաձայնեցված և սահմանված կարգով հաստատված են սանիտարական պահպանման գոտիները կամ լեռնասանիտարական պահպանության շրջանները, իսկ էկոլոգիական իրադրությունը ապահովում է ջրհան կառույցների սանիտարական (լեռնասանիտարական) պահպանության գոտիների և շրջանների հետագա գործունեությունը։

բ. նախագծվող ջրհան կառույցների դեպքում, շահագործման ջրատնտեսական, սանիտարական (լեռնասանիտարական), էկոլոգիական և այլ պայմաններն ուսումնասիրված են դրանց սանիտարական պահպանության գոտիների հիմնավորումն ապահովող մանրամասնությամբ։

10) ստորերկրյա ջրերի A կարգի պաշարների հաշվարկման ժամանակ հաշվարկային սխեմայում հաշվի են առնվում միայն շահագործական պաշարների ձևավորման այն աղբյուրները, որոնք ստորերկրյա ջրերի շահագործման փորձով կամ ջրաերկրաբանական հետախուզական աշխատանքների տվյալներով արժանահավատորեն սահմանված և գնահատված են։

11) երկրաբանական կառուցվածքի բարդությամբ 3-րդ խմբի հանքավայրերում A կարգի պաշարներ չեն առանձնացվում:

12) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը մինչև ±15 տոկոս է:

54. B կարգի պաշարներ առանձնացվում են արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրման տրամադրված ընդերքի մասերում, գործող ջրհան կառույցներով ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում), ինչպես նաև ընդերքօգտագործման տրամադրված ընդերքի մասերի հանքավայրերում (տեղամասերում)՝ պետական հաշվեկշռում հաշվառված ստորերկրյա ջրերի պաշարների վերագնահատման դեպքում: B կարգի պաշարների առանձնացման համար պետք է բավարարվեն հետևյալ պահանջները.

1) անհրաժեշտ արժանահավատությամբ ուսումնասիրվել են ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում) և պաշարների ձևավորման հարակից գոտու երկրաբանական կառուցվածքը (այդ թվում՝ ջրատար հորիզոնների հզորությունը, կառուցվածքը և տեղադրման պայմանները, ջրերի մակարդակների դիրքը, ջուր պարունակող ապարների լիթոլոգիական կազմը և ֆիլտրացիոն հատկությունների փոփոխություններն ըստ մակերեսի և խորության), ջրաերկրաբանական, ֆիզիկաաշխարհագրական (այդ թվում՝ ջրաբանական (հիդրոլոգիական)), ջրատնտեսական և էկոլոգիական պայմանները, ինչպես նաև այլ հանքավայրերի և ընդերքի մասերի վրա ստորերկրյա ջրերի ջրառման ազդեցությունը.

2) ստացվել է անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում) ջրաերկրաբանական մոդելի (անհրաժեշտության դեպքում նաև մաթեմատիկական) հավաստիության և ջրհան կառույցների շահագործման ժամանակ ստորերկրյա ջրերի ջրառի հնարավոր ազդեցության տարածական բաշխվածության հիմնավորման համար.

3) պաշարների հաշվարկի համար անհրաժեշտ ջրաերկրաբանական պարամետրերը և այլ առաջնային տվյալները որոշվել են եզակի և խմբային արտամղումների (ճնշումային ջրերի դեպքում՝ բացթողումների), երկրաֆիզիկական, ջրաչափական (հիդրոմետրիկ) և այլ տեսակի աշխատանքների տվյալներով, ինչպես նաև նախկինում այլ նպատակներով կատարված երկրաբանականհետախուզական աշխատանքների արդյունքների հիման վրա։ Պարզաբանված են այդ պարամետրերի տարածական փոփոխությունների հիմնական օրինաչափությունները.

4) նախագծային ջրհան հորատանցքերի ջրածախսերը (դեբիտները) պետք է հիմնավորված լինեն հետախուզական հորատանցքերի նմուշառման (փորձարկումների) արդյունքներով.

5) հաշվարկային եղանակով հիմնավորված և գնահատված են պաշարների ձևավորման ջրատար հորիզոնները սնող աղբյուրներն ու պայմանները և մյուս հորիզոնների ու մակերևութային ջրերի հետ փոխադարձ կապը՝ այնպիսի մանրամասնությամբ, որը հնարավորություն է ընձեռում տալ ջրերի պաշարները ձևավորող սնող աղբյուրների ընդհանուր քանակական գնահատականը և որոշել դրանց պաշարների հաշվարկի ժամանակ ընդունվող սահմանային պայմանների բնույթը.

6) ստորերկրյա ջրերի որակը ուսումնասիրվել է հետախուզական հորատանցքերի նմուշառման կամ գործող ջրհան կառույցների շահագործման ընթացքում ջրի նմուշների հետազոտման տվյալներով՝ ըստ տնտեսության մեջ դրանց նպատակային օգտագործման պահանջներին համապատասխան բոլոր ցուցանիշների (խմելու և հանքային ստորերկրյա ջրերի դեպքում ըստ նորմավորվող ցուցանիշների, տեխնիկական ստորերկրյա ջրերի դեպքում՝ սահմանված տեխնիկական պայմանների) և միաժամանակ ապացուցված է, որ ջրօգտագործման հաշվարկային ժամկետում ջրերի որակը կլինի կայուն կամ կփոփոխվի թույլատրելի սահմաններում։ Խմելու ստորերկրյա ջրերի դեպքում պետք է առկա լինի ոլորտի լիազոր մարմնի դրական եզրակացությունը, իսկ հանքային ստորերկրյա ջրերի դեպքում՝ հանքաջրաբուժական եզրակացությունը (եզրակացության մեջ սահմանված կոնդիցիաների մասին նշումով).

7) նախագծվող (կամ գործող) ջրհան կառույցների պահպանության սանիտարական (լեռնասանիտարական) գոտիների և շրջանների ստեղծման հնարավորությունը գնահատելու համար ստացվել են անհրաժեշտ առաջնային տվյալները.

8) գնահատվել է նախագծային (կամ գոյություն ունեցող, այդ թվում՝ վերակառուցման ենթակա) ջրհան կառույցներով ստորերկրյա ջրերի ջրառի ազդեցության աստիճանը շրջակա միջավայրի և ընդերքի վիճակի վրա (գործող ջրհան կառւյցներով ընդերքի մասերում, հանրապետական հաշվեկշռում հաշվառված պաշարներով հանքավայրերում (տեղամասերում)) և ապացուցված է սպասվող ազդեցությունների թույլատրելիությունը.

9) B կարգի պաշարներին նպատակահարմար է վերագրել.

ա. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերին վերագրվող ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում) տեղակայված գործող ջրհան կառույցներով ստորերկրյա ջրերի ջրառի հաշվարկային մեծությունը՝ շահագործման հաջորդող ժամանակահատվածում ստորերկրյա ջրերի որակի պահպանման կամ թույլատրելի սահմաններում դրա փոփոխության հիմնավորման դեպքում՝ բացառելով A կարգի պաշարները.

բ. ընդերքի հետախուզված մասերում ստորերկրյա ջրերի ջրառի հաշվարկային մեծությունը, որը ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին և 2-րդ խմբերին վերագրվող ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում) հիմնավորված է նմուշառված և նախագծային հորատանցքերի ջրածախսերով (դեբիտներով)՝ հորատանցքերի փորձարարական արտամղումների (ճնշումային ջրերի դեպքում՝ բացթողումների) միջին փաստացի հասանելի ջրածասխի (դեբիտի) կրկնակի արտարկման սահմաններում։

գ. ջրերի պաշարները հաշվարկված են փորվածքների փաստացի ու հաշվարկային ջրածախսերի, աղբյուրների՝ առնվազն մեկ տարվա ռեժիմային դիտարկումների ջրածախսերի հիման վրա, իսկ պարզ երկրաբանական պայմաններում ջրերի շահագործական պաշարների լրացուցիչ հաշվարկը կատարված է ըստ հանքավայրի մակերեսի` ջրաերկրաբանորեն հիմնավորված արտարկման (էքստրապոլյացիա) սահմաններում՝ նախագծային փորվածքների հաշվարկային ջրածախսերի հիման վրա։

դ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 3-րդ խմբի 3ա-րդ ենթախմբին վերագրվող ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում) տևական փորձարարաշահագործական, իսկ 3-րդ խմբի 3բ-րդ ենթախմբին վերագրվողների դեպքում՝ փորձարարաարդյունաբերական շահագործման արտամղումների (ճնշումային ջրերի դեպքում՝ բացթողումների) փաստացի ջրածախսը (դեբիտը).

10) Սույն կետի 1-ից 9 ենթակետերում գրված պայմանների պահպանման դեպքում, B կարգի պաշարների քանակներին վերագրվում է.

ա. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին խմբի հանքավայրերում՝ գործող ջրհանման կառույցների փաստացի ջրառման եռակի արտարկման սահմաններում՝ հաշվարկային ծախսը, իսկ ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 2-րդ խմբի հանքավայրերում՝ կրկնակի արտարկման սահմաններում՝ հաշվարկային ծախսը, շահագործման ամբողջ ժամանակահատվածի համար այդ ծախսի պահպանման հնարավորության հավաստման դեպքում՝ բացառությամբ A կարգի պաշարների.

բ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 3-րդ խմբի հանքավայրերում՝ գործող ջրհանման կառույցների ստացված փաստացի ջրառման քանակը չգերազանցող հաշվարկային ծախսը՝ շահագործման ամբողջ ժամանակահատվածի համար այդ ծախսի պահպանման հնարավորության հավաստման դեպքում.

գ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին խմբի հանքավայրերում՝ նմուշարկված փորվածքներից կրկնակի հեռավորության վրա գտնվող նախագծային փորվածքների (փորվածքների հանգույցների) հաշվարկային ծախսը, իսկ ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 2-րդ խմբի հանքավայրերում՝ նմուշարկված փորվածքներին հարակից նախագծային փորվածքների հաշվարկային ծախսը, եթե նմուշարկված փորվածքները (փորվածքների հանգույցները) հիմնավորում են A կարգի պաշարներ.

դ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին խմբի հանքավայրերում՝ միաժամանակ փորձարարաշահագործական արտամղումներով նմուշարկված փորվածքների փաստացի ծախսը՝ շահագործման ամբողջ ժամանակահատվածի համար այդ ծախսի և ջրի պահանջվող որակի պահպանման հնարավորության հավաստման դեպքում.

ե. աղբյուրների միջին օրական ծախսը՝ 95% գերազանցելու հավանականությամբ, եթե շահագործումն նախատեսվում է իրականացնել աղբյուրների ուղղակի աղբյուրակապմամբ կամ նույն աղբյուրների միջին տարեկան ծախսը՝ 95% գերազանցելու հավանականությունը, եթե ջրառման ռեժիմը համապատասխանում է ըստ տարվա եղանակների որոշված աղբյուրային հոսքին։ Միևնույն ժամանակ աղբյուրների հաշվարկային ծախսերը պետք է հիմնավորված լինեն դրանց ռեժիմի առնվազն մեկ տարվա դիտարկումների տվյալներով՝ կիրառելով նմանակ աղբյուրների ռեժիմային դիտարկումների բազմամյա փորձը։

11) ստորերկրյա ջրերի B կարգի պաշարների հաշվարկման ժամանակ հաշվարկային սխեմայում հաշվի են առնվում միայն շահագործական պաշարների ձևավորման այն աղբյուրները, որոնց ստորերկրյա ջրերի շահագործման փորձով կամ ջրաերկրաբանական հետախուզական աշխատանքների տվյալներով տրվել է ընդհանուր գնահատական։

12) Գործող ջրհան կառույցներով ընդերքի մասերում, շահագործման փորձի տվյալներով, A կարգի պաշարների առանձնացման անհնարինության դեպքում նպատակահարմար է դրանք վերագրել B կարգին.

13) երկրաբանական կառուցվածքի բարդությամբ 3-րդ խմբի 3բ ենթախմբի հանքավայրերում B կարգի պաշարներ չեն առանձնացվում.

14) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±15-±35 տոկոս է:

55. C1 կարգի պաշարներ առանձնացվում են երկրաբանական ուսումնասիրության կամ հետախուզման և արդյունահանման արդյունքներով գնահատված և հետախուզված ընդերքի մասերում և հանքավայրերում (տեղամասերում): C1 կարգի պաշարներ կարող են առանձնացվել նաև պետական հաշվեկշռում հաշվառված պաշարներ չունեցող գործող ջրհան կառույցներով ստորերկրյա ջրերի ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում), ինչպես նաև ընդերքօգտագործման տրամադրված ընդերքի մասերի հանքավայրերում (տեղամասերում)՝ պետական հաշվեկշռում հաշվառված ստորերկրյա ջրերի պաշարների վերագնահատման դեպքում: C1 կարգի պաշարների առանձնացման համար պետք է բավարարվեն հետևյալ պահանջները.

1) ընդերքի մասի կամ հանքավայրի (տեղամասի) և նախագծային (կամ գոյություն ունեցող, այդ թվում նաև վերակառուցման ենթակա) ջրառման կառույցների շահագործման ժամանակ ստերերկրյա ջրերի ջրառման հնարավոր ազդեցության գոտու երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները, ջրաերկրաբանական (այդ թվում՝ ջրատար հորիզոնների հզորությունը, կառուցվածքը և տեղադրման պայմանները, ջրերի մակարդակների դիրքը, ջուր պարունակող ապարների լիթոլոգիական կազմը և ֆիլտրացիոն հատկությունների փոփոխություններն ըստ մակերեսի և խորության) պայմանները, ինչպես նաև ֆիզիկաաշխարհագրական, ջրաբանական (հիդրոլոգիական), ջրատնտեսական, էկոլոգիական և այլ պայմանների մասին տվյալները պարզաբանված են այնպիսի աստիճանով, որը հնարավորություն է տալիս մոտավոր որոշելու ջրերի պաշարների հաշվարկի ժամանակ ընդունվող սահմանային պայմանները.

2) ստացվել է տեղեկատվություն ընդերքի մասի կամ հանքավայրի (տեղամասի) և նախագծային (կամ գոյություն ունեցող, այդ թվում նաև վերակառուցման ենթակա) ջրառման կառույցների շահագործման ժամանակ ստորերկրյա ջրերի ջրառման հնարավոր ազդեցության տարածման գոտու ջրաերկրաբանական մոտարկված մոդելի (անհրաժեշտության դեպքում նաև մաթեմատիկական) հիմնավորման համար.

3) ջրաերկրաբանական պարամետրերը և այլ առաջնային տվյալները որոշվել են պաշարների հաշվարկման հնարավորությունը ապահովող մանրամասնությամբ՝ եզակի (առանձին դեպքերում խմբային արտամղումների, ճնշումային ջրերի դեպքում՝ նաև բացթողումների), երկրաֆիզիկական, ջրաչափական (հիդրոմետրիկ) և այլ տեսակի աշխատանքների և հետազոտությունների, ինչպես նաև նախկինում այլ նպատակներով կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների տվյալներով։ Մոտավորապես պարզաբանված են այդ պարամետրերի փոփոխությունների հիմնական օրինաչափությունները.

4) ջրերի շահագործական պաշարները ձևավորող սնող աղբյուրները որոշված են նույնպես մոտավոր կամ գնահատված են շահագործվող կամ հետախուզված հանքավայրերի համանմանությամբ.

5) ստորերկրյա ջրերի որակը և դրա փոփոխությունները ջրօգտագործման հաշվարկային ժամկետում ուսումնասիրվել են անհրաժեշտ արժանահավատությամբ ստորերկրյա ջրերի կազմի խմելու և հանքային ջրերի համար գործող նորմատիվային պահանջներին, իսկ տեխնիկական ջրերի համար տեխնիկական պայմաններին համապատասխանելիության սահմանումն ապահովող ծավալներով՝ եզակի հետախուզական հորատանցքերի նմուշառման և նախկինում հիմնական նորմավորվող ցուցանիշների որոշման նպատակով կատարված տարբեր նշանակության երկրաբանահետախուզական աշխատանքների տվյալներով.

6) նախագծվող (կամ գործող) ջրհան կառույցների պահպանության սանիտարական (լեռնասանիտարական) գոտիների և շրջանների ստեղծման հնարավորությունը հիմնավորելու համար ստացվել են կողմնորոշիչ առաջնային տվյալներ.

7) նախնական գնահատվել է նախագծային (կամ գոյություն ունեցող, այդ թվում՝ վերակառուցման ենթակա) ջրառման կառույցներով ստորերկրյա ջրերի ջրառի հնարավոր ազդեցության աստիճանը շրջակա միջավայրի և ընդերքի վիճակի վրա.

8) C1 կարգի պաշարներին նպատակահարմար է վերագրել.

ա. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերին վերագրվող ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում) տեղակայված գործող ջրառման (ջրհան) կառույցներով ստորերկրյա ջրերի ջրառի հաշվարկային մեծությունը՝ բացառելով A և B կարգի պաշարները.

բ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հանքավայրերին վերագրվող ընդերքի հետախուզված մասերում ստորերկրյա ջրերի հաշվարկային նախագծային ջրառը՝ բացառությամբ B կարգի պաշարները.

գ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերին վերագրվող ընդերքի գնահատված մասերում ստորերկրյա ջրերի հաշվարկային նախագծային ջրառը՝ հաշվարկային եղանակով հիմնավորված պաշարների սնման աղբյուրների սահմաններում.

դ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 3-րդ խմբի 3բ ենթախմբի հանքավայրերում (տեղամասերում) և ընդերքի մասերում փորձարարաարդյունաբերական շահագործման աշխատանքների ժամանակ ստացված փաստացի ծախսը (դեբիտը).

ե. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի ընդերքի մասերի և հանքավայրերի (տեղամասերի) պաշարների վերագնահատման ժամանակ, պաշարների ձևավորման աղբյուրների հաշվարկային եղանակով գնահատված սահմամաններում հաշվարկված ջրառը՝ բացառելով A և B կարգի պաշարները։

9) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±35-±55 տոկոս է:

56. C2 կարգի պաշարները առանձնացվում են ընդերքի գնահատված և հետախուզված տեղամասերում։ C2 կարգի պաշարները կարող են առանձնացվել պետական հաշվեկշռում ներառված ընդերքի մասերի և հանքավայրերի (տեղամասերի) պաշարների վերագնահատման ժամանակ՝ հետևյալ նախապայմանների հիման վրա.

1) սահմանվել են ընդերքի մասի կամ հանքավայրի (տեղամասի) և ստորերկրյա ջրերի արդյունահանման նպատակով ջրառման կառույցների ստեղծման դեպքում ստորերկրյա ջրերի ջրառի հնարավոր ազդեցության հարակից գոտու երկրաբանական կառուցվածքի սկզբունքային առանձնահատկությունները, ջրաերկրաբանական պայմանները, ինչպես նաև առկա են ֆիզիկաաշխարհագրական, ջրաբանական (հիդրոլոգիական), ջրատնտեսական, էկոլոգիական և այլ պայմանների մասին նախնական տվյալներ.

2) առկա են տեղեկություններ ընդերքի մասի և ստորերկրյա ջրերի ջրառի ազդեցության հնարավոր տարածման գոտու ենթադրական (հիպոթեզային) բնական մոդելի (հազվադեպ դեպքերում՝ նաև մաթեմատիկական) հիմնավորման, ինչպես նաև պետական հաշվեկշռում ներառված նախկինում հետախուզված և գնահատված պաշարներով հանքավայրերի այլ ջրառման կառույցների ընդերքի մասի վրա ազդեցության գնահատման համար.

3) ջրաերկրաբանական պարամետրերը և այլ առաջնային ցուցանիշները որոշվել են ընդերքի գնահատվող մասում ջրառման կառույցների ընդհանրացված պայմանական սխեմաների կիրառմամբ՝ պաշարների նախնական հաշվարկման հնարավորությունը ապահովող մանրամասնությամբ՝ եզակի որոնողական հորատանցքերի հորատման և նմուշարկման, երկրաֆիզիկական, ջրաչափական (հիդրոմետրիկ) և այլ տեսակի աշխատանքների և հետազոտությունների, ինչպես նաև նախկինում այլ նպատակներով կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների տվյալներով կամ մանրազնին հետախուզված հանքավայրերի համանմանությամբ.

4) ստորերկրյա ջրերի որակը ուսումնասիրվել է եզակի որոնողական հորատանցքերի նմուշարկման և նախկինում հիմնական նորմավորվող ցուցանիշների որոշման նպատակով կատարված տարբեր նշանակության երկրաբանահետախուզական աշխատանքների տվյալներով՝ ըստ հիմնական նորմավորվող բաղադրիչների և ցուցանիշների, այնպիսի ծավալներով, որը հնարավորություն է տալիս սահմանել նպատակային նշանակությամբ ստորերկրյա ջրերի օգտագործման սկզբունքորեն հնարավորությունը. խմելու ստորերկրյա ջրերի համար ստացված է լիազոր մարմնի եզրակացությունը, իսկ հանքային ստորերկրյա ջրերի համար՝ հանքաջրաբուժական (բալնեոլոգիական) եզրակացությունը.

5) ստորերկրյա ջրերի արդյունահանման համար նախագծային ջրհան կառույցների պահպանության սանիտարական (լեռնասանիտարական) գոտիների և շրջանների ստեղծման հնարավորությունը հիմնավորելու համար ստացվել են ընդհանուր բնույթի առաջնային տվյալները.

6) նախնական գնահատվել է ստորերկրյա ջրերի նախագծային ջրառի ազդեցությունը՝ ազդեցության գոտում գտնվող գործող ջրհան կառույցներով ընդերքի մասերի, ինչպես նաև հանրապետական հաշվեկշռում հաշվառված պաշարներով ստորերկրյա ջրերի հանքավայրերի վրա և հակառակը՝ այդ օբյեկտների ազդեցությունը ընդերքի գնահատվող մասի վրա.

7) C2 կարգի պաշարներին նպատակահարմար է վերագրել.

ա. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերին վերագրվող ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում) տեղակայված գործող ջրառման կառույցներով ստորերկրյա ջրերի հաշվեկշռային ապահովվածության սահմաններում ջրառի հաշվարկային նախագծային մեծությունը՝ բացառելով A, B և C1 կարգի պաշարները.

բ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հանքավայրերին վերագրվող ընդերքի հետախուզված մասերում ստորերկրյա ջրերի պաշարների ձևավորման աղբյուրների ընդհանուր ապահովվածության սահմաններում ջրառման հաշվարկային նախագծային մեծությունը՝ բացառությամբ B և C1 կարգի պաշարները.

գ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հանքավայրերին վերագրվող ընդերքի հետախուզված մասերում ստորերկրյա ջրերի պաշարների ջրառման հաշվարկային նախագծային մեծությունը՝ բացառությամբ C1 կարգի պաշարները.

դ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 3-րդ խմբի 3բ ենթախմբի հանքավայրերում (տեղամասերում) և ընդերքի մասերում հորատանցքերի փորձարարաշահագործական կամ փորձարարական աշխատանքների ժամանակ ստացված փաստացի ծախսը (դեբիտը).

ե. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի ընդերքի մասերի և հանքավայրերի (տեղամասերի) պաշարների վերագնահատման ժամանակ, պաշարների ձևավորման աղբյուրների ընդհանուր հաշվարկային ապահովվածության սահմաններում հաշվարկված նախագծային ջրառը՝ բացառելով A, B և C1 կարգի պաշարները։

8) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±55-±80 տոկոս է:

57. Դասակարգման համաձայն՝ Ստորերկրյա ջրերի կանխատեսումային ռեսուրսներն ըստ հիմնավորվածության աստիճանի վերագրվում են P կարգին:

1) P կարգին վերագրվող ջրերի կանխատեսումային ռեսուրսները գնահատվում են տարածաշրջանային ջրաերկրաբանական հետազոտությունների կամ փոքրամասշտաբ երկրաբանական-ջրաերկրաբանական քարտեզագրման արդյունքում ստացված ընդհանուր պատկերացումների հիման վրա, ինչպես նաև առավել ուսումնասիրված նույնատիպ տարածքների համանմանությամբ: Ընդ որում դրանք կարող են հաշվարկվել՝

ա. հետախուզված և գնահատված հանքավայրերի թևերում կամ ոչ բավարար ուսումնասիրված ջրատար հորիզոններում (համալիրներ) կամ այլ ջրաերկրաբանական ստորաբաժանումներում Ստորերկրյա ջրերի պաշարների հավելաճի հնարավորությունը հիմնավորելու համար, ինչպես նաև հեռանկարային տարածքներում (ընդերքի մասերում) ստորերկրյա ջրերի հանքավայրերի հայտնաբերման հնարավորությունները և ընդերքի մասերի օգտագործման նպատակով տրամադրելու հնարավորությունը հիմնավորելու համար։

բ. ջրատար հորիզոններում (համալիրներում) և այլ ջրաերկրաբանական միավորներում՝ գետային ավազանների (հովիտների) հեռանկարային ընդերքի մասերում տարբեր կարգերի ջրաերկրաբանական կառույցների կամ դրանց մասերի բացահայտման հնարավորությունը հիմնավորելու նպատակով։ Այս կերպ հաշվարկված կանխատեսումային ռեսուրսները կարող են վերագրվել նաև վարչական (քաղաքային) սուբյեկտների տարածքներին։

գ. Ստորերկրյա ջրերի հանքավայրեր հայտնաբերելու նպատակով ընդերքի հեռանկարային մասերում հետախուզական և հետախուզական-գնահատման աշխատանքների կատարման վայրի ընտրության ժամանակ՝ խոշոր ջրաերկրաբանական կառույցների տարածքների ներուժը գնահատելու համար:

2) Կանխատեսումային ռեսուրսների գնահատումն իրականացվում է.

ա. ավելի վաղ կատարված աշխատանքների ընթացքում ստացված առկա երկրաբանական, ջրաերկրաբանական, հիդրոլոգիական և այլ նյութերի ընդհանրացման և վերլուծության, ինչպես նաև ընդերքի մասերի երկրաբանական ուսումնասիրության տվյալների հիման վրա: Նյութերը պետք է բավարար լինեն ընդերքի մասերի երկրաբանաջրաերկրաբանական պայմանների և դրանց հավանական բնական ջրաերկրաբանական մոդելի, կանխատեսումային ռեսուրսերի ձևավորման աղբյուրների հնարավոր ապահովվածության, ստորգետնյա ռեսուրսների հավանական որակի և դրանք համապատասխան նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորության մասին ընդհանուր պատկերացումները հիմնավորելու համար.

բ. օգտագործելով միջին մասշտաբի հանութային նյութերը, ինչպես նաև երկրաֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոլոգիական և այլ երկրաբանական հետախուզման և հետազոտությունների տվյալները:

գ. օգտագործելով փոքրամասշտաբ հանութային նյութերը, ինչպես նաև երկրաբանական, ջրաերկրաբանական, երկրաֆիզիկական և այլ տեսակի աշխատանքների ու տարբեր նշանակության հետազոտությունների արդյունքները և որոշ դեպքերում՝ առանց կոնկրետ ջրաերկրաբանական օբյեկտների հղվելով:

դ. ջրային ռեսուրսներով տարածքների ընդհանուր ապահովվածությունը գնահատելու համար՝ ջրային ռեսուրսների համալիր օգտագործման և պաշտպանության սխեմաներ մշակելու ժամանակ:

3) Կանխատեսումային ռեսուրսները հաշվարկվում են.

ա. հիդրոդինամիկական մեթոդով՝ ընդհանրացված մակերեսային կամ գծային պայմանական ջրառ համակարգերի համար, ինչպես նաև կանխատեսումային ռեսուրսների մոդուլի արժեքով կամ ջրահաշվեկշռային մեթոդի կիրառմամբ.

բ. կիրառելով հնարավոր սնուցման ներգրավման գործակիցը կամ փորձագիտական եղանակը՝ կանխատեսումային ռեսուրսների ռեգիոնալ գնահատման դեպքում.

4) Ջրերի կանխատեսումային ռեսուրսների գնահատման հիման վրա ջրհան կառույցների տեղադրումը բացառվում է:

5) Ջրերի կանխատեսումային ռեսուրսները կարող են հիմք հանդիսանալ հեռանկարային տեղամասերում ջրահաշվեկշռային հաշվարկումների, ինչպես նաև ջրաերկրաբանական որոնողագնահատման աշխատանքների կատարման համար:

 

6. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄՆ ԸՍՏ ԴՐԱՆՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ

 

58. Ստորերկրյա ջրերի հանքավայրերը ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով ըստ իրենց հետախուզվածության աստիճանի ստարաբաժանվում են 2 խմբի՝ գնահատված կամ հետախուզված:

59. Գնահատված հանքավայրերին վերագրվում են երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման տրամադրված այն հանքավայրերը (տեղամասերը), որոնց համար ընդհանուր երկրաբանական ու ջրաերկրաբանական, ստորերկրյա ջրերի որակի, պաշարների ձևավորման աղբյուրների, լեռնաերկրաբանական պայմանների, ինչպես նաև բնապահպանական և ջրատնտեսային իրավիճակի ուսումնասիրվածության աստիճանը ապահովում է.

1) C2 կամ C2 և C1 կարգերով պաշարների և ստորերկրյա ջրերի հանքավայրերի (տեղամասերի) առանձնացում՝ ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված սահմաններում կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքներով.

2) ստորերկրյա ջրերի արդյունահանման համար ջրառման կառույցների ստեղծման և սանիտարական (լեռնասանիտարական) պահպանության գոտիների ու շրջանների ստեղծման հնարավորությունների վերաբերյալ սկզբունքային որոշումների ընդունումը.

3) ստորերկրյա ջրերի նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորության գնահատումը.

4) պաշարների ձևավորման աղբյուրների մոտավոր որոշումը` հաշվարկային, փորձագիտական կամ համանմանության եղանակներով.

5) շրջակա միջավայրի և ընդերքի վիճակի վրա ստորերկրյա ջրերի արդյունահանման հնարավոր ազդեցության մոտավոր գնահատումը.

6) արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար ստորերկրյա ջրերի գնահատված հանքավայրերի տրամադրման հնարավորության և նպատակահարմարության հիմնավորումը։

60. Հետախուզված հանքավայրերին վերագրվում են հանրապետական հաշվեկշռում հաշվառված A, B և C1 (որոշ դեպքերում, ներառյալ C2 կարգի) կարգի պաշարներով հանքավայրերը, ինչպես նաև ստորերկրյա ջրերի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության տրամադրված ընդերքի մասերը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների կամ ընդերքի մասերում գործող ջրառման կառույցների շահագործման փորձի տվյալներով, որոնց երկրաբանական ու ջրաերկրաբանական պայմանների ու ստորերկրյա ջրերի որակի ուսումնասիրվածության աստիճանը, պաշարների ձևավորման աղբյուրների քանակական գնահատականի արժանահավատության, լեռնաերկրաբանական պայմանների ուսումնասիրվածության, բնապահպանական և ջրատնտեսային պայմանների ուսումնասիրվածության աստիճանը պետք է ապահովի.

1) պետական ընդերքաբանական փորձաքննության չենթարկված և հանրապետական հաշվեկշռում չհաշվառված, ջրօգտագործման թւյլտվության տրամադրման արդյունքում ջրօգտագործում իրականացվող ընդերքի մասերում, այդ թվում նաև գործող ջրհան կառույցներով, ըստ դրանց երկրաբանական կառուցվածքի բարդության խմբի (սույն Հավելվածի 3-րդ գլուխ) պաշարների առանձնացումը.

2) ստորերկրյա ջրերի համապատասխան նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորության գնահատումը, ինչպես նաև ստորերկրյա ջրերի արդյունահանման համար ջրհան կառույցների ստեղծման և սանիտարական (լեռնասանիտարական) պահպանության գոտիների ու շրջանների ստեղծման հնարավորությունը՝ պետական լիազոր մարմինների կողմից սահմանված կարգով հաստատված եզրակացությամբ.

3) ընդերքի մասի արժանահավատորեն սահմանված ջրաերկրաբանական մոդելի, շահագործական ջրատար հորիզոնների կառուցվածքի, ջրաերկրաբանական պարամետրերի մեծությունների և դրանց փոփոխությունների օրինաչափությունների, ջրառման կառույցների շինարարության լեռնաերկրաբանական պայմանների, գնահատման ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների կիրառմամբ՝ պաշարների ձևավորման աղբյուրների քանակական գնահատականի հիման վրա ստորերկրյա ջրային պաշարների հաշվարկը.

4) հանրապետական հաշվեկշռում հաշվառված հանքավայրերի (տեղամասերի) ընդերքօգտագործման իրավունքով չտրամադրված ընդերքի տեղամասերի ու ազդեցության գոտում գտնվող գործող ջրառման կառույցների և շրջակա միջավայրի վրա ստորերկրյա ջրերի արդյունահանման հնարավոր ազդեցության հիմնավորված գնահատումը.

5) ընդերքի վիճակի, ըստ ստորերկրյա ջրերի, մշտադիտարկման կազմակերպման և վարման համար անհրաժեշտ ծրագրի մշակումը.

6) հետախուզված հանքավայրերի (տեղամասերի) և պաշարների ստորերկրյա ջրերի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու հնարավորությունը.

7) ջրառման կառույցների նախագծման ու կառուցման կամ պետական ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով հաստատված և հանրապետական հաշվեկշռում հաշվառված պաշարներ չունեցող ընդերքի մասերում առկա ջրառման կառույցների վերակառուցման համար անհրաժեշտ առաջնային տվյալների ամբողջականությունը։

61. Պաշարների հաշվարկման հաշվետվության նյութերը պետք է պարունակեն առաջարկություններ հայտնաբերված ստորերկրյա ջրերի հանքավայրերը և դրանց պաշարները գնահատված կամ հետախուզված հանքավայրերին (տեղամասերին) վերագրելու վերաբերյալ:

 

7. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

62. Արդյունաբերական յուրացման համար Ստորերկրյա ջրերի հանքավայրերի նախապատրաստվածությունը որոշվում է Դասակարգման V բաժնի պահանջներին համապատասխան:

63. Նախագծման ժամանակ A և B կարգի պաշարների հետ մեկտեղ C1 կարգի պաշարների ամբողջական կամ մասնակի օգտագործման նպատակահարմարությունը և հնարավորությունը պետք է հիմնավորված լինի ջրաերկրաբանական ուսումնասիրությունների տվյալներով։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև ավելի բարձր կարգերի պաշարների նկատմամբ C1 կարգի պաշարների տեղադրությունը, պաշարների հաշվարկման հիմքում դրված տվյալների բնույթը, արտարկման եղանակների կիրառված մեթոդների հուսալիությունը շահագործման կանխատեսվող պայմանների գնահատման համար համանմանությունը, գնահատվող ընդերքի մասի այլ տեղամասերում կամ նմանակ հանքավայրերում C1 կարգի պաշարները ավելի բարձր կարգերի տեղափոխման արդյունքների հավաստվելիությունը։

64. Արդյունաբերական յուրացմանը նախապատրաստված հանքավայրերում (անկախ ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության խմբից).

1) ջրի որակը պետք է ուսումնասիրված լինի նպատակային նշանակությամբ դրա օգտագործմանը ներկայացվող պահանջներին համապատասխանող բոլոր ցուցանիշներով.

2) ջրօգտագործման հաշվարկային ժամանակահատվածի համար պետք է ապացուցված լինի ջրի որակի համապատասխանելիությունը դրան ներկայացվող պահանջներին.

3) ստորերկրյա ջրերի արդյունահանման պայմանները պետք է ուսումնասիրված լինեն ջրառի և հանքավայրի շահագործման տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար անհրաժեշտ առաջնային տվյալները ապահովող մանրամասնությամբ։

 

8. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

65. Ստորերկրյա ջրերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկը բերված է աղյուսակ 2-ում.

 

Աղյուսակ 2

 

Ստորերկրյա ջրերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկ

Որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանները սահմանող փաստաթղթի

Համարը

Անվանումը

1. Ոլորտային ստանդարտներ

ՀՍՏ 191-2019

Բնական հանքային խմելու ջրեր փաթեթավորված. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 32220-2013

Շշալցված խմելու ջուր. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 2874-82

Խմելու ջուր. Հիգիենիկ պահանջներ և որակի վերահսկողություն

ԳՕՍՏ 13273-88

Հանքային խմելու, բուժիչ և բուժիչ-սեղանի ջրեր: Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 13273-73*

Հանքային խմելու, բուժիչ և բուժիչ-սեղանի ջրեր: Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 17.1.1.02-77

Բնության պաշտպանություն. Հիդրոսֆերա. Ջրային օբյեկտների դասակարգում

ԳՕՍՏ 17.1.1.03-86

Բնության պաշտպանություն. Հիդրոսֆերա. Ջրօգտագործման դասակարգում

ԳՕՍՏ 17.1.1.04-80

Բնության պաշտպանություն. Հիդրոսֆերա. Ստորերկրյա ջրերի դասակարգումն ըստ ջրօգտագործման նպատակների

ԳՕՍՏ 17.1.3.03-77

Բնության պաշտպանություն. Հիդրոսֆերա. Տնտեսական-խմելու կենտրոնական ջրամատակարարման աղբյուրների ընտրության և որակի գնահատման կանոններ

ԳՕՍՏ 4979-49

Տնտեսական-խմելու և արդյունաբերական ջրամատակարարման ջուր: Քիմիական անալիզի մեթոդներ:

ԳՕՍՏ 18963-73

Խմելու ջուր: Սանիտարամանրէաբանական անալիզների մեթոդներ

ԳՕՍՏ 24481-80

Խմելու ջուր: Անալիզների մեթոդներ

ՕՍՏ 18-107-73*

Հանքային ջուր բնական սեղանի

2. Ոլորտային ստանդարտներ

СанПиН 2.1.4.1110-02

 Ջրամատակարարման աղբյուրների ու տնտեսական-խմելու ջրերի ջրամատակարարման խողովակաշարերի սանիտարական պաշտպանության գոտիներ։ Սանիտարական պաշտպանության նորմաներ և կանոններ

СанПиН 2.1.4.1175-02

 Ոչ կենտրոնացված ջրամատակարարման ջրի որակի հիգիենիկ պահանջներ: Աղբյուրների սանիտարական պաշտպանություն։ Սանիտարահամաճարակային նորմաներ և կանոններ

СанПиН 2.1.4.1074-01

 Խմելու ջուր: Կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի ջրի որակի հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն։ Սանիտարահամաճարակային նորմաներ և կանոններ

ГН 2.1.5.1315-03

 Տնտեսական-խմելու, կուլտուր-կենցաղային ջրօգտագործման ջրային օբյեկտներում քիմիական նյութերի սահամանային թույլատրելի կոնցենտրացիաները։ Հիգիենիկ նորմաներ

СниП 2.04.02-84

Ջրամատակարարում։ Արտաքին ցանցեր և կառուցվածքներ

СП 4416-87

Խմելու հանքային ջրերի մշակում և շշալցում իրականացնող կազմակերպությունների սանիտարական նորմեր

3. Ենթաօրենսդրական ակտեր

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1009-Ն որոշման Հավելված N 10

Ջրամաքրման և ջրապատրաստման համար օգտագործվող նյութերին, ռեագենտներին, սարքավորումներին ներկայացվող պահանջներ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1484-Ն որոշում

Ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների, ջրային ռեսուրսների սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումների կարգը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 803 հրաման

Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III-Ա2-2 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրաման

Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի ապրիլի 5-ի թիվ 09-Ն հրաման

«Ռեկրեացիոն նպատակով ջրօգտագործման վայրերում մակերևութային ջրային ռեսուրսների ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.1.5.001-18 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 53-Ն հրաման

Մարդու սպառման համար նախատեսված ջրի որակին ներկայացվող պահանջներ» 2.1.4.001-23 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի N335-Ն հրաման

Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանելու մասին

4. Այլ նորմատիվային փաստաթղթեր

Եվրասիական տնտեսական խորհրդի 2018 թվականի փետրվարի 16-ի թիվ 3 որոշում (ք. Մոսկվա)

«Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 044/2017

(https://eec.eaeunion.org/comission/department/deptexreg/tr

/tr_EAEU_044-2017.php)

1) (*)-ով նշված փաստաթղթերը կիրառման համար պարտադիր չեն, այլ կարող են ծառայել որպես մեթոդական։

2) Ռուսաստանի Դաշնությունում միջպետական (ԳՕՍՏ) ստորև նշված ստանդարտների փոխարեն գործում են ՌԴ-ի (ԳՕՍՏ Ռ) ստանդարտները.

ա. ԳՕՍՏ 2874-82-ի փոխարեն ԳՕՍՏ Ռ 51232-98 ստանդարտը.

բ. ԳՕՍՏ 13273-88-ի փոխարեն ԳՕՍՏ Ռ 54316-2020 ստանդարտը.

գ. ԳՕՍՏ 17.1.1.02-77-ի փոխարեն ԳՕՍՏ Ռ 59054-2020 ստանդարտը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2024 թվական: