Գլխավոր տեղեկություն
Номер
N 336-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (07.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2023
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
26.06.2023
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
26.06.2023
Дата вступления в силу
08.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հունիսի 2023 թ.
քաղ. Երևան

N 336-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործող կառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և նոր կառավարման մարմիններ ձևավորելու նպատակով ընդհանուր ժողովի գումարման և անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Գ. Մինասյան

 

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2023 թվականի հունիսի 26-ի

N 336-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան՝ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործող կառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և նոր կառավարման մարմիններ ձևավորելու նպատակով հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովի (այսուհետ նաև՝ Ընդհանուր ժողով) գումարման և անցկացման կարգը։

 

 II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

2. Ընդհանուր ժողովը հրավիրվում և անցկացվում է ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որակավորման ստուգման հիման վրա որակավորման վկայագրի տրամադրման և նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վերապատրաստման դասընթացի ավարտման արդյունքով հաշտարարների ռեեստրի համալրումից հետո՝ երեք ամսվա ընթացքում։

3. Ընդհանուր ժողովին մասնակցում են որակավորման ստուգման արդյունքում որակավորման վկայագիր ստացած, ինչպես նաև մինչև ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի ուժի մեջ մտնելը որակավորված և նշված օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան վերապատրաստում անցած և նոր որակավորման վկայագիր ստացած բոլոր հաշտարարները:

4. Ընդհանուր ժողովը հրավիրվում է սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված հաշտարարների (այսուհետ՝ հաշտարար) համատեղ հավաքի ձևով: Ծանուցման մեջ նշվում է ժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև ժողովի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ, քան 10 օր առաջ պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով կամ հաշտարարության առցանց հարթակի միջոցով կամ օրենքով սահմանված այլ եղանակներով ծանուցում է ուղարկվում հաշտարարներին և այդ մասին հայտարարությունը տեղադրվում է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Ընդ որում՝ էլեկտրոնային կամ ֆիզիկական հասցեի փոփոխության պատճառով հաղորդագրության չստանալու ռիսկը կրում է հաշտարարը։ Արտոնագրված հաշտարարների ռեեստրում հաշվառված փոստային հասցեին պատվիրված նամակի ուղարկումը կամ էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային նամակով ծանուցման ուղարկումը համարվում է պատշաճ ծանուցում նամակի ուղարկման հաջորդ օրվանից:

5. Ընդհանուր ժողովի օրակարգում ներառվում են հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործող մարմինների լիազորությունները դադարեցնելու և նոր կառավարման մարմիններ՝ ընդհանուր ժողով, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդ ձևավորելու վերաբերյալ հարցերը: Ընդհանուր ժողովի որոշմամբ օրակարգում կարող են ներառվել նաև կազմակերպության կառավարմանը և գործունեությանը վերաբերող այլ հարցեր: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի ընտրության հարցը համարվում է ներառված Ընդհանուր ժողովի օրակարգում:

(5-րդ կետը լրաց. 06.08.24 N 468-Ն)

6. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հաշտարարների կեսից ավելին: Քվորումի բացակայության դեպքում ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում հայտարարվում է նոր ընդհանուր ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը: Նոր ընդհանուր ժողովի գումարման դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում: Չկայացած ընդհանուր ժողովի փոխարեն գումարվող նոր ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված հաշտարարների 30 տոկոսից ավելին:

7. Ընդհանուր ժողովը վարում է տարիքով ավագ հաշտարարը։ Ընդհանուր ժողովի մեկնարկից հետո վիճակահանության միջոցով ընտրվում է Ընդհանուր ժողովի քարտուղարը։

8. Ընդհանուր ժողովի օրակարգում ներառված հարցերի ընդունումը, այդ թվում ընտրությունները իրականացվում են փակ գաղտնի քվեարկության միջոցով, որտեղ յուրաքանչյուր հաշտարար ունի մեկ ձայն: Հաշտարարները քվեարկությանը մասնակցում են բացառապես անձամբ։ Քվեարկությունը կազմակերպվում է քվեաթերթիկները լրացնելու և հանձնելու միջոցով:

9. Քվեաթերթիկը պետք է պարունակի ժողովի որոշմանը առաջադրված բոլոր հարցերը և ընտրության տարբերակները: Հաշտարարը լրացնում է իր ընտրած տարբերակի տակ առկա վանդակում V լատինատառ տառի գրառմամբ: Ցանկացած այլ նշումով կամ մեկից ավել վանդակ նշելու կամ որևէ վանդակ չնշելու դեպքում քվեաթերթիկը համարվում է անվավեր:

10. Հեռակա կարգով ժողովի անցկացման դեպքում քվեարկության արդյունքները ամփոփվում են Ընդհանուր ժողովի անցկացման օրը: Ժողովի արդյունքներով կազմվում է արձանագրություն, որը պետք է պարունակի քվեարկության արդյունքները պարունակող ցուցակը ըստ քվեարկությանը մասնակցած անդամների, ինչպես նաև անվավեր ճանաչված քվեաթերթիկների մասին տեղեկատվություն: Անվավեր են համարվում բոլոր այն քվեաթերթիկները, որոնք ներկայացվել են քվեարկելու ձևի խախտմամբ:

11. Ընդհանուր ժողովի կողմից քվեարկությունները կազմակերպելու և քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելու նպատակով կազմավորվում է հաշվիչ հանձնաժողով։ Հաշվիչ հանձնաժողովի կազմը բաղկացած է 3 անդամից, ովքեր հանդիսանում են հաշտարարներ և որոնք ընտրվում են ընտրվող մարմնի անդամի թեկնածու չհանդիսացող և նրանց հետ չփոխկապակցված անձանց թվից՝ վիճակահանության միջոցով ժողովի գումարումից անմիջապես հետո։

12. Հաշվիչ հանձնաժողովը, ձևավորվելուց հետո իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) վերահսկողություն է իրականացնում ընտրության տարածքում սույն հավելվածի պահանջների կատարման և կարգուկանոնի պահպանման նկատմամբ,

2) կազմակերպում և ամփոփում է քվեարկության արդյունքները,

3) ապահովում է ընտրությունների պատշաճ ընթացքը և իրականացնում է ձայների հաշվարկը,

4) կազմում է քվեարկության արդյունքների արձանագրություն,

5) իրականացում է ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված սույն հավելվածով, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ։

13. Յուրաքանչյուր հաշտարար կարող է առաջադրել ընտրվող մարմնի, ինչպես նաև հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի թեկնածու կամ թեկնածուներ: Թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվում է Ընդհանուր ժողովի գումարման վերաբերյալ ծանուցման օրվանից և ավարտվում է ծանուցման մեջ նշանակված վերջնաժամկետի օրը՝ ժամը 23:59-ին, որը պետք է նշանակվի ոչ ուշ քան Ընդհանուր ժողովի անցկացման օրվանից երեք օր առաջ:

(13-րդ կետը լրաց. 06.08.24 N 468-Ն)

14. Ինքնաառաջադրման կամ թեկնածու առաջադրելու մասին դիմումը ներառում է`

1) թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը,

2) թեկնածուի աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը) (մի քանի վայրեր և պաշտոնների դեպքում ներկայացվում են բոլորը),

3) թեկնածուի հաշտարարի վկայագրի համարը,

15. Առաջադրումից հետո նախարարությունը ուսումնասիրում է ներկայացված նյութերը և թեկնածուներ առաջադրելու վերջնաժամկետից հետո հաստատված թեկնածուների ցանկը և վերջիններիս առաջադրած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ուղարկում է հաշտարարներին։

16. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի անդամները ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից վարկանիշային կարգով։ Ընդհանուր ժողովի այլ որոշումներն ընդունվում են Ընդհանուր ժողովին ներկա հաշտարարների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

(16-րդ կետը լրաց. 06.08.24 N 468-Ն)

17. Քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է կողմ քվեարկել՝ առավելագույնը այնքան թեկնածուի, որքան կազմում է խորհրդի՝ ընդհանուր ժողովի կողմից ընտրվող անդամների թվի կեսը, եթե այդպիսի անդամների թիվը երկու կամ ավելի է կամ առավելագույնը մեկ թեկնածուի, եթե ընտրվելու է մեկ անդամ:

18. Ընտրված են համարվում համապատասխան մարմնի ընտրվող անդամների թվի չափով առավելագույն կողմ քվեարկված թեկնածուները: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած թեկնածուին, ապա նվազագույն հավասար ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:

19. Սույն կարգի 9-րդ մասին չհամապատասխանող քվեաթերթիկները համարվում են անվավեր, և հաշվի չեն առնվում քվեարկությունների արդյունքներն ամփոփելիս:

20. Ընդհանուր ժողովի վերաբերյալ արձանագրությունը կազմվում է ժողովի ավարտից հետո 5 օրվա ընթացքում` առնվազն 2 օրինակից։ Արձանագրությունը ստորագրում են ժողովը վարողը և քարտուղարը։

(հավելվածը լրաց. 06.08.24 N 468-Ն) 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.08.2024, N 468-Ն 07.08.2024, N 336-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան