ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«03» հուլիսի 2024 թ. |
N 259-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «զ1» կետով, 27-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման կարգը՝ համաձայն Հավելված N 1-ի,
2) պայմանագրեր կնքելու կարգը՝ համաձայն Հավելված N 2-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
«03» հուլիսի 2024 թ. |
7/3/2024
|
Հավելված N 1 շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի հուլիսի 3-ի N 259-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ՝ Լիազորված պետական մարմին) հետ կնքված պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 71-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում (այսուհետ՝ Կարմիր գիրք) գրանցված վայրի կենդանիների օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով՝ Լիազորված պետական մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը թույլատրվում է այդ տարածքների համար` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով և բնության հատուկ պահպանվող տարածքների կանոնադրություններով սահմանված պահպանության ռեժիմներին համապատասխան:
4. Գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տեղափոխումն իրականացվում է վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող և գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող փոխադրամիջոցներով:
5. Գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության նպատակներով Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումն իրականացնում են .
1) գիտահետազոտական հիմնարկները,
2) բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները,
3) իրավաբանական անձինք, որոնց կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան կամ նպատակները ներառում են կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրությունը, կամ որոնք պայմանագրեր են կնքել կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձանց հետ (ներառյալ աշխատանքային պայմանագրերը),
4) համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձինք:
6. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը գիտահետազոտական նպատակներով՝ անվճար է, իսկ բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով` վճարովի:
7. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրերի կնքման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:
8. Գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներն օգտագործող սուբյեկտը պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը Լիազորված պետական մարմնին ներկայացնել ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ նախորդ տարվա տեղեկատվությունը՝ համաձայն շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի N376-Ն հրամանով սահմանված կարգի:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
9. Գիտահետազոտական նպատակներով Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը գիտահեն գործունեություն է, որի հիմնական նպատակն է բացառել կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից տեսակի թվաքանակի կրճատմանը հանգեցնող ցանկացած գործունեությունը, դրանց կենսամիջավայրի վրա բացասական ազդեցությունը՝ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը գիտական ուսումնասիրությունների, բացահայտումների, գիտաճանաչողության, ուսումնական, կրթական, դաստիարակչական միջոցառումների իրականացման նպատակով, ինչպես նաև հավաքագրել տեսակի վարքագծի, տեղաշարժի, կենսագործունեության, վերարտադրության, կենսամիջավայրի հետ փոխազդեցության, գենոտիպային և ֆենոտիպային փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, վեր հանել պահպանության հիմնական սպառնալիքները և նպաստել տեսակի և դրա կենսամիջավայրի պահպանության ամրապնդմանը:
10. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների գիտահետազոտական նպատակներով օգտագործման տեսակներն են.
1) օգտագործում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով՝ էկոհամակարգում տեսակի ուսումնասիրություն վերջինիս ազդեցության, այլ օրգանիզմների հետ փոխազդեցության, ապրելավայրի նկատմամբ պահանջների վերհանման, պոպուլյացիայի դինամիկայի, տարածման և ապրելավայրերի օգտագործման՝ տեսակների պահպանության կարգավիճակը գնահատելու և պահպանության համապատասխան միջոցառումների մշակման համար,
2) օգտագործում գիտական բացահայտումների նպատակով՝ պոպուլյացիայի գենետիկական կառուցվածքի և բազմազանության, առանձին տեսակների պոպուլյացիաների միջև գենային հոսքերի, հարմարվողականության, հիվանդությունների կամ շրջակա միջավայրի սթրեսածին գործոնների արդյունքում՝ պատասխան գենետիկ փոփոխությունների ուսումնասիրություն, արդյունքում նաև գենոտիպային և ֆենոտիպային նոր հատկությունների բացահայտում,
3) օգտագործում վարքագծային հետազոտությունների նպատակով՝ տեսակների պահպանության համար անհրաժեշտ կարիքները վերհանելու համար բնական կամ վերահսկվող միջավայրում տեսակի վարքագծի, ներտեսակային սոցիալական կառուցվածքի և հաղորդակցության ուսումնասիրություն, ինչպես նաև վերարտադրողական վարքագծի, զուգավորման առանձնահատկությունների, ծնողական խնամքի և վարքագծի այլ ասպեկտների հետազոտություն,
4) օգտագործում գիտաճանաչողական, ուսումնական և կրթադաստիարակչական նպատակներով՝ ուսումնական կրթական ծրագրերում, ցուցահանդեսներում Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների, որպես կենդանի ցուցանմուշ ցուցադրման, դրանց վերաբերյալ ճանաչելության, հասարակության մոտ այդ կենդանիների և դրանց կենսամիջավայրերի պահպանության խնդիրների շուրջ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցներով, տեսաֆիլմերով և այլ գործիքների միջոցով լուսաբանման համար,
5) օգտագործում առողջապահական հետազոտությունների նպատակով՝ ֆիզիոլոգիական պրոցեսների, իմունային ռեակցիաների և առողջական ցուցանիշների ուսումնասիրություն՝ տեսակի պոպուլյացիաների առողջական վիճակն ու ճկունությունը գնահատելու համար, տեսակների պոպուլյացիաների առողջության և հարմարվողականության վրա շրջակա միջավայրի աղտոտիչների, հիվանդությունների, կլիմայի փոփոխության և ապրելավայրերի դեգրադացիայի ազդեցությունների ուսումնասիրություն:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
11. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների բնապահպանական նպատակներով օգտագործումը գիտահեն գործունեություն է, որի հիմնական նպատակն է հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող կենդանիների պահպանությունը, քանակի ավելացումը, վերարտադրության կազմակերպումը (բացառությամբ որսորդական տնտեսությունների), խոցելիության և անհետացման ռիսկերի գնահատումը, էկոհամակարգերի վերականգնումը արդյունքում վայրի բնություն բաց թողնելը կամ վերաբնակեցնելը:
12. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների բնապահպանական նպատակներով օգտագործման տեսակներն են.
1) օգտագործում էկոհամակարգի ընդհանուր վիճակի և կայունության գնահատման նպատակով՝ հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող, տվյալ էկոհամակարգի համար ցուցիչ (ինդիկատոր) տեսակի օգտագործում մշտադիտարկման (մոնիթորինգի) և ուսումնասիրությունների նպատակով,
2) օգտագործում պոպուլյացիայի վերականգնման կամ համալրման նպատակով՝ հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող տեսակների օգտագործում բուծման և վերաբնակեցման (ռեինտրոդուկցիա) միջոցով:
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
13. Առողջապահական նպատակներով Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը առողջապահության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն է դեղանյութերի, պատրաստուկների, քսուկների և բուժական այլ միջոցների ստացման նպատակով:
14. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների առողջապահական նպատակով օգտագործման տեսակներն են.
1) օգտագործում կենսաբժշկական հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ եզակի ֆիզիոլոգիական կամ կենսաքիմիական հատկություններ ունեցող որոշ տեսակների օգտագործում վերջիններիս կողմից արտադրվող հակաբիոտիկ հատկություններով օրգանական միացությունների, հակաթույների կամ այլ հատկություններով օրգանական նյութերի կենսաբժշկական հետազոտությունների համար,
2) օգտագործում դեղագիտական ուսումնասիրությունների իրականացման նպատակով՝ որոշ տեսակների հյուսվածքներում, թույնի մեջ կամ այլ կենսաբանական նյութերում հայտնաբերված կենսաբանորեն ակտիվ միացությունների օգտագործման, դեղանյութերի մշակման համար, ներառյալ՝ հակաթույների, հակաբիոտիկների, ցավազրկողների:
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
15. Վերարտադրության կազմակերպման նպատակով Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը բնական միջավայրից վերցված, բնական և ոչ բնական պայմաններում տեսակի հետագա վերահսկվող բազմացմանն ուղղված գործունեությունն է, որի հիմնական նպատակը հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող տեսակի պոպուլյացիայի վերականգնումն է և գենետիկական բազմազանության պահպանությունը, ինչպես նաև որսորդական տնտեսություններում դրանց կայուն օգտագործումը:
16. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների վերարտադրության կազմակերպման նպատակով օգտագործման տեսակներ են.
1) օգտագործում գենետիկական բազմազանության պահպանության նպատակով՝ տեսակը կարող է օգտագործվել սելեկցիոն բազմացման ծրագրերում, որի հիմնական նպատակն է տեսակի գենոտիպային և ֆենոտիպային առանձնահատկությունների և առողջ պոպուլյացիայի պահպանությունը, ինչպես նաև նվազագույնի հասցված ինբրիդինգը,
2) օգտագործում արհեստական բեղմնավորման և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներում օգտագործելու նպատակով՝ տեսակի վերարտադրողականության ցածր ցուցանիշների դեպքում՝ գամետների հավաքագրման և դրանց նկատմամբ անհրաժեշտ այլ գործողությունների միջոցով այդ ցուցանիշների բարելավման համար,
3) օգտագործում Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների երկրորդ կենսունակ սերունդ ստանալու նպատակով՝ կիսաազատ պայմաններում կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրության կազմակերպում երկրորդ կենսունակ սերնդի ստացման և կայուն օգտագործման, ինչպես նաև օգտագործման ենթակա քանակի ապահովման համար:
Հավելված N 2 շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի հուլիսի 3-ի N 259-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ
1. Գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար գիտահետազոտական հիմնարկները, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները, իրավաբանական անձինք, որոնց կանոնադրությամբ սահմանված է գործունեության առարկան կամ նպատակները ներառում են կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրությունը, կամ որոնք պայմանագրեր են կնքել կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձանց հետ (ներառյալ աշխատանքային պայմանագիրը), ինչպես նաև համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձինք (այսուհետ՝ Հայտատու) Լիազորված պետական մարմնին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.
1) պայմանագիր կնքելու մասին հայտ՝ նշելով.
ա. իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,
բ. գտնվելու վայրը (մարզը, համայնքը) կամ բնության հատուկ պահպանվող տարածքը,
գ. հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն,
դ. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման ծրագրի հակիրճ նկարագրություն, որը կներառի նաև օգտագործման նպատակների վերաբերյալ հստակ տեղեկատվություն,
ե. վտանգվածության կարգավիճակը համաձայն կենդանիների Կարմիր գրքի,
զ. օգտագործման ժամանակահատվածը,
է. օգտագործման ենթակա Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանու կամ կենդանիների տեսակը, չափաքանակը (հատ, կգ) և սեռը,
2) հայտին կից ներկայացվում են նաև.
ա. Հայտատուների կողմից տրամադրված ցուցումներ՝ հայցվող տեսակի վայրի բնությունից վերցնելու, տեղափոխելու, պահելու (այդ թվում՝ պահման վանդակների կամ ազատավանդակների չափերի և առանձնահատկությունների, սննդակարգի, անհրաժեշտ սարքավորումների առկայության, պահման տարածքի սանիտարահիգիենիկ պայմանների) վերաբերյալ,
բ. իրավաբանական անձի դեպքում՝ ոլորտում գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական կամ վերարտադրության կազմակերպման իրավունքը հավաստող փաստաթուղթ,
գ. ֆիզիկական անձի դեպքում՝ ոլորտում գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական կամ վերարտադրության կազմակերպման համապատասխան մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթուղթ,
դ. նախնական անասնաբուժական զննություն կատարելու և կարանտինն ապահովելու մասին տեղեկատվությունը (զոոնոզ հիվանդությունների տարածումից խուսափելու նպատակով):
2. Սույն կարգի 1-ին կետով սահմանված հայտը և հայտին կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
3. Լիազորված պետական մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում՝ Լիազորված պետական մարմինը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Հայտատուին, որից հետո՝ Հայտատուն հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերացնի Լիազորված պետական մարմնի կողմից նշած թերությունները: Լիազորված պետական մարմնի կողմից հայտի քննարկումը կասեցվում է մինչև հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում թերությունների վերացումը:
4. Լիազորված պետական մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուի հետ կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:
5. Հայտի մերժման հիմքեր են հանդիսանում`
1) գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների Կարմիր գրքում գրանցված չլինելու հանգամանքը,
2) սույն կարգի 1-ին կետի 2-րդ ենթակետով՝ հայտին կից պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը,
3) հայտում կամ կից փաստաթղթերում Լիազորված պետական մարմնի ծանուցված թերությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը,
4) հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու ցուցումից հետո՝ հայտը կրկին թերություններով ներկայացնելը:
6. Լիազորված պետական մարմնի կողմից հայտի մերժման դեպքում՝ վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում ծանուցում է Հայտատուին` նշելով մերժման հիմքերը:
7. Պայմանագրի կնքման մասին հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:
8. Պայմանագրի մեջ նշվում է.
1) իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անձնագրի համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,
2) օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը և չափերը,
3) օգտագործման նպատակը բնապահպանական, առողջապահական կամ վերարտադրության նպատակով օգտագործման դեպքում՝ սույն հրամանի Հավելված N 1-ով սահմանված կետերին և ենթակետերին համապատասխան,
4) օգտագործման ժամանակահատվածը,
5) Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանու կամ կենդանիների տեսակը և քանակը,
6) բնապահպանական, առողջապահական կամ վերարտադրության նպատակով օգտագործման դեպքում՝ բնօգտագործման վճարի չափը,
7) հատուկ պայմանները,
8) կողմերի իրավունքներն ու պարտականությունները,
9) պայմանագրով կատարվող վճարները և հաշվարկները,
10) վեճերի լուծման կարգը,
11) անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր),
12) պայմանագրի դադարեցման և վաղաժամկետ լուծման հիմքերը,
13) այլ դրույթներ,
14) պայմանագրի ժամկետը,
15) կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները:
9. Պայմանագիր կնքած Հայտատուները պատասխանատու են բնապահպանական նորմերի ու սահմանափակումների պահպանման և պայմանագրում նշված պայմանների կատարման համար:
10. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է Հայտատուի, մյուսը՝ Լիազորված պետական մարմնի մոտ, իսկ պատճենն ուղարկվում է ոլորտի վերահսկողությունն իրականացնող բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2024 թվական: