Գլխավոր տեղեկություն
Номер
N 44-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.05.2024
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
14.05.2024
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
14.05.2024
Дата вступления в силу
18.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«14» մայիսի 2024 թ.

N 44-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 113-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի «Պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 113-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

 

5/14/2024

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հավելված

 ՀՀ կրթության, գիտության,

 մշակույթի և սպորտի նախարարի

2024 թվականի մայիսի 14-ի

N 44-Ն հրամանի

 

«Հավելված

 ՀՀ կրթության և գիտության

 նախարարի 2010 թվականի

մարտի 18-ի N 113-Ն հրամանի»

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) ձևավորման հետ կապված իրավահարաբերությունները։

2. Պետական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) հիմնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն), մարզպետի աշխատակազմը և Երևանի քաղաքապետարանը (այսուհետ` լիազորված մարմին) հաստատության հիմնադրման կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում 30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության կազմակերպում և ապահովում են հաստատության խորհրդի անդամների ընտրության գործընթացը:

3. Խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով՝

1) իբրև առանձին խորհուրդ, եթե հաստատությունում սովորողների թիվը 1500 և ավելի է.

2) իբրև միասնական խորհուրդ՝ միավորելով միևնույն ենթակայության մինչև 1499 սովորող ունեցող առավելագույնը 7 հաստատություն, որոնցում սովորողների ընդհանուր թիվը չի գերազանցում 2500-ը:

4․ Խորհրդի գործունեության եռամյա ժամկետի ընթացքում, եթե առաջանում է սովորողների թվի փոփոխություն, ապա խորհրդում ներառված հաստատությունների ցանկում փոփոխություն տեղի չի ունենում:

5. Խորհրդի անդամներին առաջադրում են.

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ՝ նախարար),

2) համապատասխան լիազորված մարմինը,

3) յուրաքանչյուր հաստատության մանկավարժական խորհուրդը,

4) յուրաքանչյուր հաստատության ծնողական խորհուրդը,

5) համայնքի ղեկավարը:

6. Ուսումնական հաստատության տեղակայման վայրի համայնքից խորհրդի կազմում կարող է ներգրավվել կենսաթոշակի անցած՝ հանրակրթության ոլորտի փորձառու մասնագետ կամ ուսուցչական արհեստակցական միության ներկայացուցիչ՝ համայնքի ղեկավարի առաջարկով:

7. Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի խորհրդի կազմում ընդգրկվում է նաև հաշմանդամության համապատասխան ուղղությամբ մասնագետ:

8. Նախարարը մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների խորհուրդներում առաջադրում է մեկական անդամ, իսկ նախարարության ենթակայության հաստատությունների խորհրդում՝ երկուական անդամ:

9. Մարզերում նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունները միավորվում են մեկ միասնական խորհրդում՝ պահպանելով սույն կարգի պահանջները:

10. Խորհուրդներում, ըստ ենթակայության, առաջադրվում է համապատասխան լիազորված մարմնի մեկ անդամ։

11. Հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդներն իրենց կազմից փակ քվեարկությամբ ընտրում են խորհրդի մեկական անդամ:

12. Հաստատության խորհրդի կազմում նախարարի, համապատասխան լիազորված մարմնի, համայնքի ղեկավարի, մանկավարժական խորհրդի և ծնողական խորհրդի կողմից չի կարող առաջադրվել տվյալ հաստատության աշխատակից համարվող անձը:

13. Հաստատության տնօրենը և վարչատնտեսական մասի համակարգողը չեն կարող լինել տվյալ հաստատության խորհրդի կամ այն միասնական խորհրդի կազմում, որում ընդգրկված է տվյալ հաստատությունը:

14. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտականությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ:

15. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց 15 աշխատանքային օր առաջ խորհրդի անդամին առաջադրող մարմինը, սույն կարգի պահանջներին համապատասխան, առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու:

16. Հաստատության ենթակայության փոփոխության դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամների ընդգրկվածության համամասնությունը և խորհրդի անդամների առաջադրումը համապատասխանեցվում է սույն կարգի 10-րդ կամ 12-րդ կետերի պահանջներին:

17. Լիազորված մարմինը, հիմք ընդունելով առաջադրող մարմնի կողմից ներկայացված խորհրդի անդամի թեկնածուի տվյալները, սույն կարգի 15-րդ կետի պահանջներին համապատասխան՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ ենթակայության, հաստատում է խորհրդի անվանական կազմը կամ սույն կարգի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերի պահանջների խախտման առկայության դեպքում մերժում է խորհրդի անվանական կազմում առաջադրված անձի թեկնածությունը:

18. «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված դեպքերում՝ խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման կամ լիազորված մարմնի կողմից խորհրդի անվանական կազմում սույն կարգի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերի պահանջների խախտմամբ առաջադրված անձի թեկնածությունը մերժելու դեպքերում, նրան առաջադրող մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու` սույն կարգի 17-րդ կետի պահանջներին համապատասխան:

19. «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված դեպքերում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ժամկետից շուտ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում խորհրդի նոր անդամի լիազորություններն ավարտվում են խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտի հետ միաժամանակ:

20. Խորհրդի առաջին նիստը վարում է խորհրդի՝ տարիքով ավագ անդամը:

21. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսից ավելին։

22. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող անդամների կեսից ավելի ձայների դեպքում։

23. Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

24. Եթե քվեարկության արդյունքում որևէ թեկնածու չի ստանում սույն կարգի 23-րդ կետով նախատեսված ձայները, ապա 2 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է նոր քվեարկություն:

25. Նոր քվեարկության արդյունքում ևս խորհրդի նախագահ չընտրվելու դեպքում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ հավասար ձայների դեպքում խորհրդի նախագահը որոշվում է վիճակահանությամբ: Հավասար ձայներ ստացած թեկնածուների անուններով թերթիկներից մեկը խորհրդի կազմում ընդգրկված տարիքով ամենակրտսեր ներկայացուցչի կողմից դուրս է բերվում պատահականության սկզբունքով:

26. Խորհրդի նախագահի առաջադրմամբ և խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ ընտրվում է քարտուղար, որն արձանագրում է խորհրդի նիստերը։ Քարտուղարը խորհրդի յուրաքանչյուր նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ խորհրդի նիստի օրվա, վայրի և ժամի և օրակարգի մասին գրավոր ծանուցում է յուրաքանչյուր անդամի։

27. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի՝ սույն կարգի 22-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան ընդունված որոշմամբ ընտրված հաստատությունում՝ յուրաքանչյուր եռամսյակում առնվազն մեկ անգամ (առկա կամ հեռավար)՝ ըստ խորհրդի կողմից հաստատված ժամանակացույցի, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, լիազորված մարմնի, հաստատության տնօրենի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ: Նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով: Տնօրենին անվստահություն հայտնելու որոշումն ընդունվում է խորհրդի անդամների առնվազն երկու երրորդի կողմ ձայների առկայության դեպքում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2024 թվական: