Գլխավոր տեղեկություն
Номер
N 41-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2024
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
07.05.2024
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
07.05.2024
Дата вступления в силу
15.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» մայիսի 2024 թ.

N 41-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-ԻՆ, 4-ՐԴ, 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Երաժշտություն» առարկայի 1-ին, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների առարկայական ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար՝

5/7/2024

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2024 թվականի մայիսի 7-ի

N 41-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-ԻՆ, 4-ՐԴ, 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 

Տարրական ծրագիր

 

Առաջին դասարան

 

Թեմա 1

Ես և երաժշտությունը

Նպատակներ

● Ձևավորել նախնական պատկերացումներ երաժշտության և նրա բովանդակության մասին, կարևորել կյանքի հետ նրա կապը:

● Ձևավորել պատկերացումներ շրջակա աշխարհի հնչյունային բազմազանության՝ բնական և արհեստական ձայների մասին:

● Ձևավորել երաժշտության մեջ բնության երևույթների ու պատկերների, մարդկային հույզերի արտացոլումը ընկալելու կարողություն:

● Ձևավորել երաժշտության նկատմամբ սեր, հետաքրքրություն և հուզական արձագանք:

● Ձևավորել ճիշտ երգեցողության կանոններով երգելու կարողություն:

● Ձևավորել երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն ստեղծելու կարողություն:

● Կարևորել երաժշտության դերը առօրյայում:

Ուղղորդող հարցեր

● Որտեղի՞ց է հայտնվում երաժշտությունը

● Ովքե՞ր են այն ստեղծում:

● Ի՞նչ երաժշտություն ես սիրում

● Ի՞նչ տեղ ունի երաժշտությունը քո կյանքում և առօրյայում:

 Վերջնարդյունքներ

Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ունկնդրվող երաժշտական նյութերի միջոցով:

● Արտահայտիչ երգեցողության և համապատասխան դիմախաղի միջոցով ստեղծի երաժշտական կերպար:

● Երաժշտական նյութին համապատասխան՝ ստեղծի ռիթմական նվագակցություն «բնական» նվագարաններով՝ ձեռքերով, ոտքերով:

Երգի (մենակ կամ խմբով)՝ ներկայացնի հայ ազգային և այլ ազգերի ժողովրդական և կոմպոզիտորական պարզ մանկական երգեր ճիշտ կեցվածքով, շնչառությամբ:

● Մեղեդու տրամադրությունը, բնույթը արտահայտի հույզերով, երգելով, պարելով կամ ռիթմական շարժումներով:

Բացատրի, թե երաժշտությունն ինչպիսի դեր ունի իր առօրյայում:

 

Թեմայի բովանդակությունը

Առաջարկվող գործունեության ձևերը

Խաչվող հասկացություններ

● Բնական և արհեստական ձայներ:

● Տարբեր բնույթի և բովանդակության երաժշտական ստեղծագործություններ:

● Երաժշտությունը՝ որպես կյանքի արտացոլում և անբաժանելի մաս:

● Ունկնդրել և կատարել տարբեր երաժշտական ստեղծագործություններ

● Կատարել երաժշտառիթմական և պարային շարժումներ:

● Բնութագրել և պատմել երաժշտությունից ստացած տպավորությունների մասին կամ ներկայացնել գույներով:

● Ներկայացնել երգի հեղինակներին (կոմպոզիտոր, բանաստեղծ), կատարողներին և ունկնդիրներին:

Անհատներ և հարաբերություններ

Սովորողը հաղորդակցվելով երաժշտական ստեղծագործություններին, հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ է իր համար երաժշտությունը, ինչպիսի երաժշտական նախասիրություններ ունի, ինչպես կարող է ինքնարտահայտվել նրա միջոցով:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Սովորողները ծանոթանում են այն հնարներին, միջոցներին, որոնցով բացահայտում և արտահայտում են երաժշտական ստեղծագործությունից ստացած իրենց տպավորությունները, զգացումները: Ճանաչելով և ուսումնասիրելով ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր՝ հասկանում են, որ ուսումնական գործունեության ընթացքում պետք է կարողանան ստեղծագործաբար արտահայտել իրենց մտքերն ու տպավորությունները և կյանքում տեսնել գեղեցիկը, դրանցով զարդարել և հարստացնել իրենց կյանքը:

Միջառարկայական կապեր

Մայրենի -Պատմել իր ընտանիքի, զբաղմունքների, զվարճանքների և դրանցում առկա երաժշտության, շրջակա աշխարհի ձայների մասին:

Կերպարվեստ - Երաժշտությունից ստացած տպավորությունները նկարել գույներով կամ պատկերներով:

Կապը Հանրակրթության Պետական Չափորոշչի վերջնարդյունքների հետ

Տ1, Տ22, Տ24, Տ25, Տ26, , Տ27, Տ29, Տ30

 

Ենթաթեմա 1

Իմ խաղերը, հեքիաթները և երաժշտությունը

Նպատակներ

● Ծանոթացնել երաժշտական խաղերին և երաժշտական հեքիաթներին:

● Խաղի և հեքիաթի միջոցով ձևավորել երաժշտության բնույթի, տեմպի, դինամիկայի մասին պատկերացումներ:

● Ձևավորել հուզական արձագանք երաժշտական խաղերին և հեքիաթներին:

● Ձևավորել և զարգացնել երգեցողության կարողություններ:

● Նպաստել ստեղծագործական կարողությունների ձևավորմանը:

● Ձևավորել երաժշտախաղային, հեքիաթային կերպարները նմանողական շարժումներով, արտահայտիչ դիմախաղով ներկայացնելու կարողություններ:

 Ուղղորդող հարցեր

● Ի՞նչ է խաղը քո կյանքում:

● Հաճելի՞ է սովորել խաղալով:

● Ինչո՞վ են տարբերվում խաղերը և հեքիաթները երաժշտական խաղերից և հեքիաթներից:

 Վերջնարդյունքներ

Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ունկնդրվող նյութի խաղային և հեքիաթային կերպարների միջոցով, կատարի համապատասխան նմանողական շարժումներ:

● Արտահայտիչ երգեցողության և համապատասխան դիմախաղի միջոցով ստեղծի երաժշտախաղային և հեքիաթային կերպարներ:

Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն, «բնական» նվագարաններով՝ ձեռքերով, ոտքերով:

Ստեղծի խաղային իմպրովիզացիաներ:

Երգի (մենակ կամ խմբով) հայ ազգային և այլ ազգերի պարզ մանկական երգեր ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, հստակ առոգանությամբ:

Բնութագրի ստեղծագործության տրամադրությունը, պատմի սեփական տպավորությունների և զգացողությունների մասին, դրանք արտահայտի հույզերով, գույների միջոցով կամ նկարելով:

Թեմայի բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

● Երաժշտական խաղեր:

● Երաժշտական հեքիաթներ:

● Խաղային իմպրովիզացիաներ:

● Թեմատիկ նկարներ:

● Խաղալ երաժշտական խաղեր, կատարել նմանողական շարժումներ:

● Սովորել և բեմադրել հատվածներ երաժշտական հեքիաթներից կամ ամբողջական հեքիաթներ:

● Հորինել երաժշտական խաղ կամ մեղեդի սիրած հեքիաթի որևէ հերոսի համար:

● Երաժշտական խաղային և հեքիաթային կերպարներից ստացած տպավորությունները ներկայացնել գույներով կամ նկարելով:

Անհատներ և հարաբերություններ

 Սովորողը հաղորդակցվելով երաժշտության հետ հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ է իր համար երաժշտությունը, ինչպիսի երաժշտական նախասիրություններ ունի, ինչպես կարող է ինքնարտահայտվել երաժշտական խաղերի, հեքիաթների, խաղային իմպրովիզացիաների միջոցով, ի՞նչ դեր ունի այն իր կյանքում:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Սովորողները երաժշտական խաղերի, խաղային իմպրովիզացիաների, երաժշտական հեքիաթային կերպարների միջոցով դրսևորում են իրենց ստեղծագործական հմտությունները և դերասանական հնարները, բացահայտում և արտահայտում են մտքեր, զգացմունքներ, նկարագրում են բնության երևույթներ, որոնց միջոցով էլ ձևավորվում է արժեհամակարգ:

 Միջառարկայական կապեր

Մայրենի - Պատմել երաժշտական հեքիաթների և մանկական խաղերի բովանդակությունը:

Կերպարվեստ - նկարել պատկերներ երաժշտական խաղերից կամ հեքիաթային կերպարներից:

Ֆիզկուլտուրա - երաժշտական խաղերի ընթացքում կիրառել սպորտային խաղերի տարրեր:

Տեխնոլոգիա - պատրաստել երաժշտական խաղերի և հեքիաթների պարագաներ:

Կապը Հանրակրթության Պետական Չափորոշչի վերջնարդյունքների հետ

Տ1, Տ7, Տ8, Տ27, Տ28, Տ30,

 

Ենթաթեմա 2

Երաժշտությունը իմ սիրած մուլտֆիլմերում

Նպատակներ

● Ձևավորել մուլտֆիլմերի երաժշտության դերի և նշանակության մասին պատկերացումներ:

● Ունկնդրել և ուսուցանել մուլտֆիլմերի երգերը:

● Ձևավորել և զարգացնել երգեցողության կարողություններ:

● Ձևավորել երաժշտությունը բնութագրելու, մեկնաբանելու և տպավորությունները խոսքով կամ նկարելով արտահայտելու կարողություններ:

Ուղղորդող հարցեր

Պե՞տք է արդյոք երաժշտությունը մուլտֆիլմերում Հետաքրքիր կլինի՞ մուլտֆիլմը դիտել առանց երաժշտության: Ո՞ր մուլտֆիլմերի երաժշտությունն ես սիրում:

 Վերջնարդյունքներ

Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ունկնդրվող նյութի միջոցով, կատարի մուլտֆիլմի կերպարին համապատասխան նմանողական շարժումներ:

Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն «բնական» և ռիթմական նվագարաններով՝ ձեռքերով, ոտքերով:

Երգի (մենակ կամ խմբով) մուլտֆիլմերից երգեր ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, արտահայտիչ:

● Մեղեդու տրամադրությունը, բնույթը արտահայտի հույզերով, երգելով, պարելով, ռիթմական կամ նմանողական շարժումներով:

Ներկայացնի ստեղծագործության բնույթը, սեփական զգացողություններն արտահայտի գույների միջոցով կամ նկարելով: Բացատրի իր և դասընկերների աշխատանքների լավ և վատ կողմերը:

Բացատրի, թե համացանցն ինչպես է օգնում իրեն հաճախակի հաղորդակցվելու մուլտֆիլմերին և երաժշտությանը:

 

Թեմայի բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

● Հայկական և արտասահմանյան մուլտֆիլմեր, դրանց երգերը և երաժշտությունը:

● Դրանց առանձնահատկությունները և համապատասխանությունը ֆիլմի կերպարին:

● Դիտել կամ ունկնդրել հայկական և այլ մուլտֆիլմերի երաժշտությունը:

● Երգել երգեր մուլտֆիլմերից՝ կատարելով երաժշտառիթմական, պարային կամ նմանողական շարժումներ:

● Բացատրել դրանց բնույթը, տրամադրությունը:

● Նկարել երաժշտությունից ստացած տպավորությունները:

Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրելով մուլտֆիլմերի երաժշտությունը, սովորողը հասկանում է, որ դրանք առանց երաժշտության հետաքրքիր չեն լինի: Բնութագրում է երաժշտությունը, ցուցաբերում հուզական արձագանք, դրսևորում է ստեղծագործական հմտություններ, դերասանական հնարներ, բացահայտում և նկարագրում է մուլտֆիլմի հերոսին, սեփական զգացողություններն արտահայտում է գույների միջոցով, նկարելով, որի արդյունքում ձևավորվում է գեղագիտական ճաշակ և արժեհամակարգ:

 Միջառարկայական կապեր

Մայրենի - ներկայացնել հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսներին և դրանց համապատասխանությունը երաժշտությանը:

Թատրոն - կատարել հերոսների նմանողական շարժումներ:

Կերպարվեստ - նկարել մուլտֆիլմերի հերոսներին կամ թեմատիկ նկարազարդումներ կատարել:

Տեխնոլոգիա - պատրաստել մուլտֆիլմերի հերոսների կերպարներով խաղալիքներ:

Կապը Հանրակրթության Պետական Չափորոշչի վերջնարդյունքների հետ

Տ1, Տ7, Տ8, Տ27, Տ28, Տ30, Տ32

 

 

Ենթաթեմա 3

Իմ սիրելի տոները և երաժշտությունը

 Նպատակներ

● Ձևավորել պատկերացումներ պետական և ընտանեկան տոների, հանդիսությունների, զվարճանքների և երաժշտության կապի մասին:

● Ձևավորել կարողություններ այդ կապը տեսնելու, բացատրելու և կարևորելու:

● Ձևավորել և զարգացնել երգեցողութան և ստեղծագործական կարողություններ:

● Նպաստել երաժշտության նկատմամբ գնահատող վերաբերմունքի դրսևորմանը:

● Արժևորել կյանքում երաժշտության դերն ու նշանակությունը:

Ուղղորդող հարցեր

● Ո՞ր տոներն են ամենակարևորը քո կյանքում:

● Ի՞նչ դեր ունի երաժշտությունն այդ տոնակատարությունների ընթացքում:

● Կարո՞ղ ես դրանք անցկացնել առանց երաժշտության:

 Վերջնարդյունքներ

Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ունկնդրվող տոնական երաժշտության միջոցով:

Երգի (մենակ կամ խմբով)՝ ներկայացնի հայ ազգային և այլ ազգերի պարզ մանկական տոնական երգեր ճիշտ կեցվածքով, շնչառությամբ:

● Երաժշտական նյութը ներկայացնի համապատասխան ռիթմական նվագակցությամբ՝ ծափերով, ճտտոցներով, դոփյուններով:

Ստեղծի տոնական (պետական և ընտանեկան) երգերի և ունկնդրվող ստեղծագործությունների շարք, ձայնագրի և օգտագործի տոների ժամանակ:

Բացատրի, թե, իր առօրյայում երաժշտությունն ինչ դեր է խաղում:

Թեմայի բովանդակությունը

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

● Տոնական (ընտանեկան, պետական) երգեր:

● Ունկնդրվող ուրախ, պարային և տոնական ստեղծագործություններ:

● Ուսուցանել ընտանեկան և պետական տոներին նվիրված երգեր:

● Ունկնդրել ուրախ երգային և պարային ստեղծագործություններ:

● Բացատրել դրանց տրամադրությունները և մեկնաբանել, թե ինչու՞ են տոնակատարություններն ուղեկցվում հենց այդպիսի ստեղծագործություններով:

● Փորձել տրված քառատողով ստեղծել փոքրիկ մեղեդի:

Անհատներ և հարաբերություններ

Սովորողը երաժշտությանը հաղորդակցվելով հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ է իր համար երաժշտությունը, ինչպիսի երաժշտական նախասիրություններ ունի, ինչպես կարող է տոնական օրերին ինքնարտահայտվել մանկական ուրախ երգերի ու պարեղանակների միջոցով: Հասկանում է, որ երաժշտությունը իր կյանքի անբաժանելի մասն է:

 Միջառարկայական կապեր

Մայրենի - ներկայացնել իր ընտանիքը, ընկերներին, հարազատներին, պատմել, թե իրենց ընտանիքում ինչպես են ընթանում ընտանեկան, պետական տոները:

Կերպարվեստ-նկարել տոնական երաժշտությունից ստացած տպավորությունները կամ ներկայացնել գույներով:

Տեխնոլոգիա - պատրաստել տոնական նվերներ:

Կապը Հանրակրթության Պետական Չափորոշչի վերջնարդյունքների հետ

Տ1, Տ16, Տ17, Տ18, Տ27, Տ28, Տ30,

 

Չորրորդ դասարան

 

Թեմա 1

Հայ ազգային երաժշտություն

Նպատակներ

● Խորացնել և զարգացնել գիտելիքներ հայ ազգային երաժշտության, նրա տեսակների և առանձնահատկությունների մասին:

● Ներկայացնել Կոմիտասին՝ որպես ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:

● Զարգացնել ազգային երաժշտությունն ուսումնասիրելու, ճանաչելու, նմուշները կատարելու և ներկայացնելու կարողություններ:

● Զարգացնել ազգային պարեր կամ պարային տարրեր կատարելու կարողություն:

● Զարգացնել հայ ազգային երաժշտության նկատմամբ հատուկ վերաբերմունք՝ սեր, հարգանք, հպարտություն դրսևորելու կարողություն:

● Արժևորել ազգային երաժշտական արվեստը:

 Ուղղորդող հարցեր

● Ի՞նչ է նշանակում ազգային երաժշտություն:

● Ի՞նչ նշանակություն ունի ազգային երաժշտությունը քո կյանքում:

● Ազգային երաժշտության ո՞ր տեսակն է քեզ ավելի հոգեհարազատ:

Վերջնարդյունքներ

Երգի (մենակ կամ խմբով) հայ ժողովրդական և կոմպոզիտորական երգեր ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, մաքուր ինտոնացիայով, հստակ ռիթմով, արտահայտիչ, անսամբլային զգացողությամբ, հետևելով խմբավարի շարժումներին: Կատարումն ուղեկցի պարային կամ ռիթմական շարժումներով:

● Արտահայտիչ երգեցողության և դերասանական հնարների միջոցով ստեղծի ազգային երաժշտության հետաքրքիր երաժշտական կերպարներ:

Ընկալի և վերլուծի ստեղծագործությունը, մեկնաբանի իր հույզերն ու ապրումները, հիմնավորի կատարած ռիթմական կամ պարային շարժումները:

Համեմատի հայ հոգևոր, ժողովրդական, կոմպոզիտորական և ժամանակակից երաժշտական ստեղծագործությունները, ընդգծի ընդհանրություններն ու առանձնահատկությունները և հիմնավորի իր նախասիրությունները:

Ընկալի և բացատրի երաժշտական արվեստի դերը ժողովուրդների հասարակական, մշակութային և պատմական համատեքստում:

Ցուցաբերի հուզական արձագանք հայ ազգային երաժշտության նկատմամբ:

Դրսևորի հետաքրքրություն կենդանի կատարումների նկատմամբ և այցելի համերգասրահներ:

Արժևորի ազգային երաժշտությունը, դառնա նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը:

Թեմայի բովանդակություն

 

 

● Հայ ազգային երաժշտություն:

● Հայ ժողովրդական ծիսական երգեր, պարեր ու խաղեր:

● Հայ հոգևոր երգեր:

● Հայ կոմպոզիտորական երգեր:

Առաջարկվող գործունեության ձևեր

 

 

● Ունկնդրել, վերլուծել, մեկնաբանել հայ ազգային երաժշտությունը:

● Սովորել և կատարել հայ ժողովրդական, ծիսական, հոգևոր և կոմպոզիտորական երգերը

● Կատարումներն ուղեկցել երաժշտառիթմական և ազգային պարային շարժումներով կամ ամբողջական պարերով:

● Բեմականացնել ազգային ծեսերը և կատարել համապատասխան երգերը, պարերը և խաղերը:

● Կատարել ուսումնասիրություններ, հետազոտական և նախագծային աշխատանքներ ազգային երաժշտության թեմաներով:

Խաչվող հասկացություններ

Անհատներ և հարաբերություններ

Ուսումնասիրելով հայ ազգային երաժշտությունը սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ արմատներ ունի, ինչ է իր համար ազգային երաժշտությունը, ինչպիսի երաժշտական նախասիրություններ ունի, ինչպես կարող է ինքնարտահայտվել ազգային մանկական երգերի և երաժշտության միջոցով: Համընկնում են արդյո՞ք իր և ընտանիքի, ընկերների նախասիրություններն ազգային երաժշտության մասին, ինչպե՞ս կարող է իր զգացմունքները և հույզերն արտահայտել երաժշտության միջոցով, ի՞նչ դեր ունի այն իր կյանքում: Կարևորը՝ բացատրի, որ ուսումնասիրելով հայ ազգային երաժշտությունը՝ դառնում է նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Գրագետ կապակցված խոսքով ներկայացնել հայ ժողովրդական հեքիաթներ, ավանդապատումներ, պատմվածքներ, որոնք հետագայում հիմք են դարձել ազգային երաժշտության համար:

Կերպարվեստ - ներկայացնել հայ ազգային կերպարվեստի նմուշները:

Պարարվեստ - կատարել հայկական ժողովրդական պարեր:

Թատրոն - բեմականացնել ազգային ծեսերը:

Տեխնոլոգիա - պատրաստել ազգային ծիսական պարագաներ:

Ֆիզկուլտուրա - ներկայացնել հայ ազգային, ծիսական խաղերը:

Կապը Հանրակրթության Պետական Չափորոշչի վերջնարդյունքների հետ

Տ1, Տ12, Տ15, Տ16, Տ17, Տ18, Տ22, Տ24, Տ27, Տ28, Տ30

Թեմա 2

Մշակութային բազմազանություն

 (Երաժշտությունը՝ որպես միջմշակութային հաղորդակցության միջոց):

Նպատակներ

● Ձևավորել պատկերացումներ մշակութային բազմազանության մասին:

● Ձևավորել և խթանել հետաքրքրություն այլ ժողովուրդների երաժշտական արվեստի նկատմամբ:

● Ձևավորել այլ ժողովուրդների երաժշտությունն ունկնդրելու, բնութագրելու և մեկնաբանելու կարողություններ:

● Զարգացնել երաժշտությունը՝ որպես միջմշակութային հաղորդակցության միջոց ընկալելու և ներկայացնելու կարողությունը:

● Ձևավորել երաժշտության միջոցով տարբեր ժողովուրդների մշակույթը, կենցաղը, սովորությունները, ավանդույթները բնութագրելու կարողություններ:

● Ձևավորել այլ մշակույթների նկատմամբ հարգանք և հանդուրժողականություն:

● Արժևորել մշակութային բազմազանությունը:

 Ուղղորդող հարցեր

● Ի՞նչ է նշանակում մշակութային բազմազանություն:

● Այլ ժողովուրդների երաժշտությունը ունկնդրելու և հասկանալու համար պե՞տք է արդյոք իմանալ նրանց լեզուն:

● Հաճա՞խ ես շփվում այլ ժողովուրդների երաժշտության և ընդհանրապես արվեստի հետ:

Վերջնարդյունքներ

Երգի (մենակ կամ խմբով) տարբեր ժողովուրդների ժողովրդական և կոմպոզիտորական երգեր ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, մաքուր ինտոնացիայով, հստակ ռիթմով, արտահայտիչ, անսամբլային զգացողությամբ, հետևելով խմբավարի շարժումներին:

Կատարումն ուղեկցի պարային կամ ռիթմական շարժումներով:

Նկարագրի ստեղծագործությունից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով, օգտագործելով երաժշտական մասնագիտական եզրույթներ և նոր տեխնոլոգիաներ:

Ընկալի և վերլուծի ստեղծագործությունը, մեկնաբանի իր հույզերն ու ապրումները, հիմնավորի կատարած ռիթմական կամ պարային շարժումները:

Ընկալի և մեկնաբանի երաժշտությունը որպես «միջմշակութային հաղորդակցության միջոց», և որպես «համամարդկային լեզու» եզրույթները:

Ներկայացնի (նախագծային կամ հետազոտական աշխատանքի միջոցով) երաժշտական արվեստի դերը ժողովուրդների հասարակական, մշակութային և պատմական համատեքստում:

Ընկալի և մեկնաբանի երաժշտությունը որպես «համամարդկային լեզու» եզրույթը, որը նպաստում է ժողովուրդների մերձեցմանը,

Արժևորի մշակութային բազմազանությունը:

Թեմայի բովանդակությունը

 

● Տարբեր ժողովուրդների երաժշտություն:

● Ժողովրդական և կոմպոզիտորական ստեղծագործություններ:

● Դասական և ժամանակակից ստեղծագործություններ:

Առաջարկվող գործունեության ձևեր

● Ունկնդրել, բնութագրել և մեկնաբանել այլ ժողովուրդների ժողովրդական և կոմպոզիտորական ստեղծագործությունները:

● Սովորել և կատարել այլ ժողովուրդների երգերը:

● Կատարումներն ուղեկցել ռիթմական և պարային շարժումներով:

● Համեմատել տարբեր ժողովուրդների երաժշտությունը, ցույց տալ դրանց ընդհանրություններն ու առանձնահատկությունները:

● Ուսումնասիրություններ, հետազոտական և նախագծային աշխատանքներ:

Խաչվող հասկացություններ

Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ

  Սովորողներն ուսումնասիրում են տարբեր ժողովուրդների երաժշտական արվեստը, ծանոթանում են նրանց կենցաղին, ապրած ժամանակաշրջանին, սովորույթներին, ազգային առանձնահատկություններին: Հասկանում են, որ երաժշտությունը համամարդկային «լեզու» է, այն վերացնում է մարդկանց միջև բոլոր սահմանները, նպաստում է ժողովուրդների մերձեցմանը: Արժևորում են մշակութային բազմազանությունը:

Միջառարկայական կապեր

● Մայրենի -ներկայացնել մշակութային բազմազանության իմաստը գրագետ կապակցված խոսքով:

● Կերպարվեստ - ներկայացնել այլ ժողովուրդների կերպարվեստի նմուշներ:

Կապը Հանրակրթության Պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

 Տ1, Տ12, Տ15, Տ16, Տ17, Տ18, Տ22, Տ24, Տ27, Տ28, Տ29, Տ30

 

Հիմնական ծրագիր

 

9-րդ դասարան

 

Թեմա 1. Երաժշտությունը՝ որպես կյանքի գեղարվեստական արտացոլման միջոց

Նպատակներ

● Ձևավորել և զարգացնել երաժշտության ազդեցությունը մարդու վրա և նրա դերը հասարակական կյանքում բացահայտելու և մեկնաբանելու հմտություններ:

● Ձևավորել և զարգացնել երաժշտական արվեստը՝ որպես գեղեցկության և ներդաշնակության մարմնավորում ներկայացնելու, մեկնաբանելու և հիմնավորելու հմտություններ:

● Զարգացնել տարբեր ոճերի և ուղղությունների երաժշտական ստեղծագործություններ (որոնք մեծ ազդեցություն են ունեցել հասարակական տարբեր իրավիճակներում) ներկայացնելու և մեկնաբանելու հմտություններ:

● Զարգացնել կյանքում և առօրյայում երաժշտության կարևորության գիտակցման և արժևորման հմտություններ:

 Ուղղորդող հարցեր

● Ի՞նչ նշանակություն ունի երաժշտությունը մարդու և հասարակության կյանքում:

● Երաժշտությունը կարո՞ղ է միավորել կամ վերափոխել մարդուն:

● Հնարավո՞ր է կյանքը պատկերացնել առանց երաժշտության:

 Վերջնարդյունքներ

Ստեղծի (մենակ կամ խմբով) երաժշտության և կյանքի կապը ներկայացնող ուսումնասիրություն, նախագիծ կամ հետազոտական աշխատանք:

Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ազգային և համաշխարհային երաժշտական ստեղծագործություններով՝ համադրելով տարբեր ոճերի երաժշտական կերպարների առանձնահատկությունները:

Մեկնաբանի և ներկայացնի մարդու, հասարակության կյանքում երաժշտության դերի կարևորությունը՝ օգտագործելով երաժշտական մասնագիտական եզրույթներ:

Վերլուծի և մեկնաբանի այն ոճերի և ուղղությունների երաժշտական ստեղծագործությունները, որոնք իր կարծիքով մեծ ազդեցություն են ունեցել և ունենում հասարակական տարբեր իրավիճակներում, մեկնաբանի պատճառահետևանքային կապը, սեփական զգացողություններն արտահայտի զեկույցներով, շնորհանդեսներով և այլ միջոցներով:

Արժևորի երաժշտությունը՝ որպես կյանքի գեղարվեստական արտացոլում:

Թեմային բովանդակություն

 

● Տարբեր ոճերի և ուղղությունների երաժշտական ստեղծագործություններ:

● Հատվածներ համերգներից և երաժշտական ներկայացումներից, կինոնկարներից:

 Առաջարկվող գործունեության ձևերը

 

● Ներկայացնել երաժշտության դերը մարդու կյանքում անհատական կամ խմբային զեկուցումներով, պաստառներով, շնորհանդեսներով:

● Ունկնդրել, կատարել, մեկնաբանել և հիմնավորել տարբեր ոճերի և ուղղությունների երաժշտության նմուշներ:

● Ներկայացնել սեփական երաժշտական ճաշակը:

● Այցելել համերգասրահներ և թատրոններ:

Խաչվող հասկացություններ

Պատճառ և հետևանք

 

Բնության մեջ, մարդկանց, ազգերի հարաբերություններում, գեղարվեստական երկերում, երաժշտական ստեղծագործություններում մշտապես կարելի է հանդիպել պատճառահետևանքային կապերի. օրինակ՝ մարդկության պատմության կարևորագույն իրադարձությունների ժամանակ ստեղծված երաժշտական ստեղծագործությունն ունենում է այդ գաղափարին համապատասխան արտահայտչամիջոցներ՝ բնույթ, տեմպ դինամիկա, ռիթմ, ձև, կառուցվածք և այլն:

 Միջառարկայական կապեր

 

● Գրականություն - Գրագետ կապակցված խոսքով վերլուծել երաժշտության և կյանքի կապը:

● Կերպարվեստ - Ներկայացնել կերպարվեստի ստեղծագործությունների հետ կյանքի կապը:

● Մշակույթ - Մեկնաբանել մշակույթի հոգևոր և նյութական արժեքների կապը կյանքի հետ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45

 

Ենթաթեմա 1. Իմ երաժշտական ճաշակը և երաժշտական միջավայրը

Նպատակներ

● Ներկայացնել ժամանակակից երաժշտական միջավայրի բազմազանությունը:

● Զարգացնել, սեփական երաժշտական ճաշակը՝ որպես շրջակա միջավայրի ազդեցության արդյունք, նկարագրելու և մեկնաբանելու հմտություններ:

● Զարգացնել սեփական կարծիք հայտնելու, հիմնավորելու, այլ կարծիքներ լսելու, քննարկելու և հարգելու հմտություններ:

● Զարգացնել իր երաժշտական նախասիրությունները կամ տարվա ընթացքում այցելած համերգների և թանգարանների հայտագրերն ու տպավորությունները ներկայացնելու հմտություններ:

● Արժևորել կյանքում երաժշտության դերը և նշանակությունը:

 Ուղղորդող հարցեր

● Հետաքրքրո՞ւմ է քեզ քո երաժշտական միջավայրը:

● Հաճա՞խ ես ստիպված լինում ունկնդրել անորակ երգեր:

● Քո երաժշտական ճաշակը կրո՞ւմ է միջավայրի ազդեցությունը:

● Ինչպիսի՞ երաժշտություն է քեզ պետք:

● Ունե՞ս նախընտրած ոճեր:

● Ո՞ր երգերն ես հաճախ ունկնդրում, կատարում, կապ ունե՞ն դրանք քո հոգեվիճակի, տրամադրության հետ:

● Կարո՞ղ ես ապրել առանց երաժշտության:

● Այցելո՞ւմ ես համերգասրահներ:

 Վերջնարդյունքներ

● Ստեղծի (մենակ կամ խմբով) «Իմ երաժշտական ճաշակը և երաժշտական միջավայրը» թեմայով զեկուցում կամ ելույթ՝ օգտվելով նոր տեխնոլոգիաներից:

Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ազգային և համաշխարհային երաժշտական ստեղծագործությունների նմուշներով:

Ներկայացնի, մեկնաբանի և հիմնավորի սեփական կարծիքը, իր տպավորություններն ու զգացողությունները ներկայացնի՝ օգտագործելով համացանցի բազմաթիվ հնարավորությունները:

● Կատարելագործի իր ճանաչողական և հաղորդակցական հնարավորությունները, իրականացնի սեփական ստեղծագործական գաղափարները, պատրաստվի և հանդես գա թեմատիկ զեկուցումներով, ընտրի համացանցի կրթական-տեղեկատվական հարթակից իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը (ճշտի դրանց հավաստիությունը), մշակի, վերլուծի, և ներկայացնի նյութեր ստեղծագործական նախագծերի համար:

Արժևորի երաժշտական արվեստի դերը գեղարվեստական մշակույթում և ներկայացնի իր երաժշտական նախասիրությունները, նախընտրած կատարողներին, փոքրիկ շնորհանդեսով ներկայացնի տարվա ընթացքում այցելած համերգների և թանգարանների հայտագրերը և ստացած տպավորությունները:

Թեմայի բովանդակությունը

● Ժամանակակից երաժշտական միջավայրի բազմաձայնությունը:

● Երաժշտական ագրեսիա:

● Բանավեճեր, քննարկումներ, ներկայացումներ, կատարումներ:

Առաջարկվող գործունեության ձևերը

● Խմբային քննարկումներ, բանավեճեր՝

- «Ի՞նչ է նշանակում բարձրակարգ երաժշտություն և ինչ է ռաբիսը»,

- «Ինչպե՞ս կարող է մարդը դիմակայել այսօրվա երաժշտական ագրեսիային»:

● Ներկայացնել շնորհանդեսներ սիրած երաժշտական ժանրերի մասին:

Խաչվող հասկացություններ

Անհատներ և հարաբերություններ

 Հաղորդակցվելով տարբեր ոճերի և ուղղությունների երաժշտությանը՝ սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչպիսի երաժշտական նախասիրություններ ունի: Համընկնո՞ւմ են իր և միջավայրի երաժշտական ճաշակները, հարմարվո՞ւմ է միջավայրի թելադրած կանոններին, թե՞ իրենն է առաջարկում: Ինչպե՞ս է կարողանում իր զգացմունքները և հույզերն արտահայտել երաժշտության միջոցով, ի՞նչ դեր ունի այն իր կյանքում, կենցաղում, կարո՞ղ է ապրել առանց երաժշտության:

 

Միջառարկայական կապեր

Հասարակագիտություն - Ներկայացնել հասարակական միջավայրի ազդեցությունը մարդու գեղագիտական ճաշակի ձևավորման և զարգացման վրա:

Հայ գրականություն - Ներկայացնել սեփական նախասիրությունները գրականության ասպարեզում:

Մշակույթ - Ներկայացնել նախասիրած մշակութային հուշարձանները:

Կինո - Ներկայացնել սիրած կինոֆիլմերը և դրանց ազդեցությունն իր գեղագիտական ճաշակի վրա:

Կերպարվեստ - Ներկայացնել կերպարվեստի նախընտրած ստեղծագործությունները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45

 

Ենթաթեմա 2. «Երաժշտությունը անհատի ու հասարակության կյանքում». դարերի ընթացքում փոփոխվող երաժշտություն

Նպատակները

● Ձևավորել և զարգացնել արվեստի (նաև սիրողական) բնագավառում սեփական գեղարվեստական գործունեության կարևորությունը գիտակցելու, դասերից դուրս երաժշտական գործունեության ծավալելու հմտություն:

● Զարգացնել հասարակական վայրերում հնչող երաժշտության նկատմամբ քննադատական վերաբերմունքի դրսևորման հմտություններ:

● Զարգացնել հմտություններ երաժշտական գործունեության տարբեր ձևերին (երգչախումբ, երաժշտական այլ համույթներ) մասնակցելու, տնային համերգներ կազմակերպելու՝ որպես ընտանիքի, բարեկամների հոգեկան միասնության միջավայր:

● Զարգացնել և արժևորել դպրոցում, համայնքում և սեփական միջավայրի մշակութային օջախներում գրական, երաժշտական, թատերական և այլ գեղարվեստական միջոցառումների կազմակերպման և իրականացման հմտություններ:

● Զարգացնել նախագծային աշխատանքի ստեղծման և ներկայացման հմտություններ և արժևորել խմբային համագործակցությունը:

● Զարգացնել և արժևորել ստեղծագործական գաղափարների, մտահղացումների արդյունքում ելույթով հանդես գալու, իր մտքերն անկաշկանդ հաղորդելու և իր կարծիքը հիմնավորելու հմտություններ:

 Ուղղորդող հարցեր

● Ի՞նչ է նշանակում «արվեստը ներկայացնում է քեզ և հասարակությունը»:

● Ինչպիսի՞ երաժշտություն է մեզ պետք:

● Կարո՞ղ է երաժշտությունը «նորաձև» լինել:

● Կազմակերպո՞ւմ ես արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներ կամ տնային համերգներ: Ինչպե՞ս:

 Վերջնարդյունքներ

Ստեղծի (մենակ կամ խմբով) հայ կամ եվրոպական երաժշտությանը նվիրված դպրոցական միջոցառման նյութ կամ սցենար:

Հաղորդակցվի և ինքնարտահայտվի տարբեր ժանրերի և ուղղությունների երաժշտական ստեղծագործությունների միջոցով:

Վերլուծի իր շրջակա միջավայրում հնչող տարբեր ոճերի երաժշտությունը և մեկնաբանի դրանց ազդեցությունը իր երաժշտական ճաշակի ձևավորման վրա, դրսևորի քննադատական մտածողություն:

Գիտակցի խմբային գործունեության արժեքն ինքնարտահայտման, մտորումների, քննարկումների, ունկնդրման և կատարման գործընթացում:

Բացատրի, թե ինչ դեր ունի երաժշտությունն իր կյանքում և արժևորի սեփական միջավայրի մշակութային օջախների գործունեությունը՝ որպես իր կյանքի և առօրյայի անքակտելի մաս:

Դրսևորի իր վերաբերմունքը հասարակական երաժշտական երևույթների նկատմամբ, կարևորի իր գեղարվեստական գործունեությունն այդ գործընթացներում, ցուցաբերի քննադատական վերաբերմունք:

Թեմայի բովանդակությունը

● Քննարկումներ, բանավեճեր, ներկայացումներ, ելույթներ:

● Բազմաբնույթ և բազմատեսակ երաժշտական ստեղծագործություններ:

● Տեսանկարահանած նյութեր շրջակա միջավայրից՝ այգիներից, սրճարաններից, տրանսպորտից:

 Առաջարկվող գործունեության ձևերը

● Խմբային քննարկումներ՝

- «Սիրողական երգեցողությունը՝ որպես մարդու ինքնարտահայտման ձև» (երաժշտական նյութը՝ երեխաների ընտրությամբ),

- «Իմ դպրոցական երաժշտական համույթը»,

- «Արտադասարանական միջոցառումների նշանակությունը դպրոցի երաժշտական կյանքում և դրանց ազդեցությունը սովորողի ինքնուրույնության և գեղագիտական ճաշակի զարգացման վրա»:

Խաչվող հասկացություններ

Անհատներ և հարաբերություններ

 Հաղորդակցվելով տարբեր ոճերի և ուղղությունների երաժշտությանը՝ սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչպիսի երաժշտական նախասիրություններ ունի: Համընկնո՞ւմ են իր և ընկերների նախասիրությունները, ինչպե՞ս կարող է իր զգացմունքները և հույզերը արտահայտել երաժշտական գործունեության միջոցով, ի՞նչ դեր ունի այն իր կյանքում, կենցաղում, կարո՞ղ է ապրել առանց երաժշտության:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Սովորողներն այս թեմայով ներգրավվում են ակտիվ քննարկումներում և բանավեճերում, հայտնում են ինքնուրույն կարծիքներ, հարգում ուրիշների կարծիքը, հիմնավորում սեփական կարծիքը: Ուսումնասիրում են այն ուղիները, միջոցները, որոնցով բացահայտում և արտահայտում են իրենց գաղափարները, համոզմունքները, նախասիրությունները, երաժշտական ճաշակը, արժեքները, արժևորում են գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու և գրականություն - Քննարկումների և բանավեճերի ընթացքում գրագետ և կապակցված խոսքով ներկայացնել իր մտքերը, մտածողության ձևերը, տրամաբանությունը, մտորումները, կարծիքը և այլն: Հասարակագիտություն - Խմբային աշխատանքների ընթացքում կրել պատասխանատվություն, դրսևորվել որպես համագործակցող, հանդուրժող, հաղորդակցվող, ապրումակցող, նպաստել աշխատանքի արդյունքի կայացմանը։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45

 

Ենթաթեմա 3. Աշխարհահռչակ համերգասրահները, թատրոնները և թանգարանները

Նպատակներ

● Ձևավորել և զարգացնել աշխարհում և Հայաստանում գործող հայտնի մշակութային օջախների համերգասրահների, թատրոնների և թանգարանների մասին գիտելիքներ (նաև առցանց):

● Խթանել նշված մշակութային օջախներն այցելելու պահանջ և դրանց նկատմամբ հատուկ վերաբերմունք՝ հետաքրքրասիրություն:

● Զարգացնել մշակութային օջախներում համապատասխան վարքագիծ դրսևորելու հմտություններ:

● Կարևորել թանգարանների կրթական ծրագրերի հետ համագործակցությունը և դրանց մասնակցելու ակտիվությունը:

● Արժևորել սովորողների գեղագիտական դաստիարակության և ճաշակի ձևավորման վրա դրանց ազդեցությունը:

 Ուղղորդող հարցեր

● Հաճա՞խ ես այցելում համերգասրահներ, թատրոններ, թանգարաններ:

● Ներկա եղե՞լ ես որևէ համերգի, եթե այո, ի՞նչ տպավորություն ես ստացել:

● Ի՞նչ ոճեր ես նախընտրում:

● Ո՞ր մշակութային օջախներն են քեզ հետաքրքրում:

 Վերջնարդյունքներ

Ներկայացնի և մեկնաբանի տարբեր մշակութային օջախներ այցելելու (նաև առցանց) շարժառիթը, նպատակը, իր տպավորություններն ու զգացողություններն առանձին զեկույցով, շնորհանդեսով կամ հետազոտությամբ՝ օգտագործելով երաժշտական մասնագիտական եզրույթներ:

Հաղորդակցվի և ինքնարտահայտվի տարբեր ոճերի և ուղղությունների երաժշտության միջոցով:

Վերլուծի տարբեր ժամանակաշրջանների և ոճերի արվեստի գործերը և դրանցում առկա արտահայտչամիջոցների բազմազանությունը:

Հասկանա և գնահատի անցյալի երաժշտական ժառանգությունը և համեմատի ժամանակակից երաժշտական արվեստի հետ, բացատրի կյանքի և երաժշտության զարգացման միտումների համապատասխանությունը:

Բացատրի, թե ինչ դեր ունի երաժշտությունը իր կյանքում և արժևորի սեփական միջավայրի մշակութային օջախների գործունեությունը՝ որպես իր կյանքի անքակտելի մաս:

● Գնահատի բարձրարվեստ կենդանի կատարումները և հաճախակի այցելի համերգասրահներ և թատրոններ:

● Դրսևորի համապատասխան պահվածք և վերաբերմունք:

Թեմայի բովանդակությունը

●Հայկական և համաշխարհային հռչակ ունեցող թանգարաններ, համերգասրահներ, թատրոններ:

●Քննարկումներ, զեկուցումներ, շնորհանդեսներ դրանց գործունեության և կրթական ծրագրերի մասին:

Առաջարկվող գործունեության ձևեր

● Կատարել ուսումնասիրություններ, դիտել համերգների հատվածներ:

● Այցելել հայկական և առցանց՝ աշխարհի հանրահայտ թանգարանները:

● Մասնակցել թանգարանների կրթական ծրագրերին:

● Ունկնդրել, վերլուծել, մեկնաբանել տարբեր ոճերի և ուղղությունների ստեղծագործություններ:

● Կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, շնորհանդեսներ:

● Ներկայացնել մշակութային օջախների կարևորությունը մարդու աշխարհայացքի և գեղագիտական ճաշակի զարգացման գործընթացում:

Խաչվող հասկացություններ

Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ

 Սովորողները, այցելելով տարբեր մշակութային օջախներ, ուսումնասիրում են հայտնի և ճանաչված մարդկանց կյանքը, կենցաղը, նրանց պատմությունները, ստեղծագործական գործունեությունը, մարդկության պատմության շրջադարձային ժամանակահատվածները, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից և արժևորում են նրանց արվեստը մարդկության պատմության զարգացման համատեքստում:

Միջառարկայական կապեր

 

 Գրականություն - Իրենց հետաքրքրող թեմաների մասին կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման միջոցներ, գրագետ և կապակցված խոսքով ներկայացնել մշակութային օջախներ այցելությունների տպավորությունները և արդյունքները:

  Հասարակագիտություն - Այցելությունների ընթացքում դրսևորել համապատասխան վարքագիծ և պահվածք:

 Համաշխարհային պատմություն - Պատմությունից ձեռք բերած գիտելիքներն օգտագործել տվյալ մշակութային գործչի ապրած պատմական ժամանակահատվածի վերլուծության համար:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ43, Հ44, Հ45

 

Միջնակարգ ծրագիր

 

12-րդ դասարան

 

Թեմա 1. Անցողիկը և հավերժականը երաժշտության մեջ (6 ժամ)

Նպատակներ

 Ընդլայնել պատկերացումներ և գիտելիքներ երաժշտության մեջ անցողիկ և հավերժական թեմաների (գեղեցիկի, սիրո, ողբերգականի, կոմիկականի, ներդաշնակության, ուրախության և այլն) առկայության մասին:

● Զարգացնել՝ երաժշտական ստեղծագործության մեջ այդ թեմաները զգալու, վերլուծելու և ներկայացնելու հմտություններ:

 Զարգացնել տվյալ թեմաներով քննարկումներ, բանավեճեր կազմակերպելու և ակտիվ մասնակցելու, սեփական կարծիք հայտնելու, մեկնաբանելու, հիմնավորելու հմտություններ:

● Նպաստել մյուսների հակադիր կարծիքը քննարկելու, հանդուրժողականություն և հարգանք դրսևորելու վերաբերմունքի ձևավորմանը:

● Զարգացնել նշված թեմաներով նախագծային կամ հետազոտական աշխատանքներ ստեղծելու և ներկայացնելու հմտություններ:

● Արժևորել մարդու հոգեկան աշխարհի վրա արվեստի վերափոխիչ ազդեցությունը:

Ուղղորդող հարցեր

● Ի՞նչ է նշանակում անցողիկ և հավերժական:

● Ի՞նչ կապ ունեն դրանք երաժշտության հետ:

● Քեզ ծանո՞թ է որևէ ստեղծագործություն, որ հիմքում ունի այս թեմաները:

Վերջնարդյունքներ

Ստեղծի (մենակ կամ խմբով) «Անցողիկ և հավերժական թեմաները կոմպոզիտորների ստեղծագործությունների մեջ» հետազոտական կամ նախագծային աշխատանքներ կամ դպրոցական միջոցառման համար երաժշտական սցենար:

Հաղորդակցվի և ինքնարտահայտվի հայ և համաշխարհային երաժշտական արվեստի գոհարներով:

Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան գրական և կերպարվեստի ձևավորումներ՝ կիրառելով նոր տեխնոլոգիաները:

● Անհատապես և խմբով առաջարկի և իրականացնի ստեղծագործական գաղափարներ:

Նկարագրի ստեղծագործություններից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված բանավոր կամ գրավոր խոսքով:

Դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն և կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին:

Հասկանա և ընկալի երաժշտական ​​եզրույթների իմաստը և գործնականում օգտագործի դրանք էսսեներում և բանավոր ելույթներում:

Բացատրի երաժշտական արվեստի դերը ժողովուրդների հասարակական, մշակութային կյանքում և պատմական համատեքստում: Հասկանա և ընկալի նրա՝ որպես միջմշակութային հաղորդակցության լեզվի, դերը, ճանաչի մշակութային բազմազանությունը:

Արժևորի հավերժական թեմաների առկայությունն արվեստի մեջ և դրանց ազդեցությունը մարդու հոգեկան աշխարհի վրա:

Թեմայի բովանդակությունը

● Անցողիկ և հավերժական թեմաների առկայությունը երաժշտության մեջ:

● Անցողիկը և մնայունը արվեստում:

Առաջարկվող գործունեության ձևեր

● Ուսումնասիրել, կատարել հետազոտություններ, նախագծային աշխատանքներ:

● Ունկնդրել, վերլուծել, կատարել, մեկնաբանել, համեմատել:

● Մասնակցել քննարկումներին, բանավեճերին:

Խաչվող հասկացություններ

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Սովորողը, ուսումնասիրելով «Հավերժական թեմաները երաժշտության մեջ» նյութը, ներկայացնում է հետազոտական կամ նախագծային աշխատանքներ, հանդես է գալիս բանավոր զեկուցումով, որով նկարագրում է իր տպավորությունները, զգացողությունները, մտորումները երաժշտության մեջ հավերժականի և անցողիկի մասին, կատարում է ինքնուրույն եզրահանգումներ: Կազմակերպում է քննարկումներ, բանավեճեր, ստեղծում է պաստառներ, շնորհանդեսներ և այլն: Այս թեմայի ուսումնասիրության ընթացքում սովորողները փորձում են պատասխանել այն հարցին, թե ի՛նչ է ստեղծարարությունը, որն է դրա դերը կամ նպատակը և ինչ հիմնախնդիրների լուծումներ է առաջարկում ամեն մարդու կյանքում:

Սովորողն արժևորում է բոլոր թեմաներով ստեղծված բարձրարժեք ստեղծագործությունները, հասկանում է դրանց գեղագիտական և բարոյական արժեքը, սովորում է դրանցով զարդարել և հարստացնել իր կյանքը:

Միջառարկայական կապեր

Հասարակագիտություն - Ուսումնասիրել հավերժական թեմաները, դրանց գաղափարը, իմաստը, մարդկության զարգացման տարբեր փուլերում:

● Հայոց լեզու և գրականություն - Ուսումնասիրել հավերժական թեմաները գրականության մեջ և կազմակերպել քննարկումներ:

● Մշակույթ - Ուսումնասիրել հավերժական թեմաները տարբեր դարաշրջանների մշակութային արժեքների մեջ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ24, Մ26, Մ29, Մ34, Մ35, Մ39, Մ40, Մ41

 

Թեմա 2.

Ես և երաժշտությունը

Նպատակները

● Կազմակերպել «Երաժշտական կրթության և դաստիարակության ազդեցությունը սովորողի՝ որպես մարդ-անհատի, հոգեկան աշխարհի վրա» թեմայով քննարկումներ, բանավեճեր կազմակերպում:

● Բացահայտել մարդու ներաշխարհի, գեղագիտական ճաշակի, նախասիրությունների, մտածողության ձևերի վրա արվեստի ազդեցությունը:

● Ապահովել՝ սովորողի ազատ և անկաշկանդ արտահայտվելու, իր վերաբերմունքը երաժշտության տարբեր ուղղությունների վերաբերյալ արտահայտելու, մտքերը և կարծիքը պարզ և մատչելի ներկայացնելու, հիմնավորելու, բարենպաստ միջավայր:

● Նպաստել բարձր արվեստին հաղորդակցվելու պահանջմունքի արժևորմանը, համապատասխան վարքագծի և ակտիվ ունկնդրի որակների դրսևորմանը:

● Արժևորել կյանքում երաժշտական արվեստի դերն ու նշանակությունը:

Ուղղորդող հարցեր

● Ինչպե՞ս է ազդել «Երաժշտություն» առարկայի դասավանդումը քո գեղագիտական ճաշակի ձևավորման վրա:

● Համընկնո՞ւմ է քո երաժշտական ճաշակը քո ընտանիքի ճաշակի հետ:

● Ի՞նչ միջոցներով ես դիմակայում այսօրվա համատարած երաժշտական ագրեսիային:

● Քննադատաբա՞ր ես արձագանքում, պայքարո՞ւմ ես դրա դեմ, թե՞ հարմարվում ես և քեզ դուր է գալիս այն:

Վերջնարդյունքներ

Ստեղծի (մենակ կամ խմբով) իր նախընտրած ժամանակաշրջանի հայ կամ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործական գործունեությանը նվիրված հետազոտություն, նախագիծ կամ երաժշտական նյութ դպրոցական միջոցառման համար:

●  Հաղորդակցվի և ինքնարտահայտվի հայ և համաշխարհային երաժշտական արվեստի գոհարներով: Երաժշտական ​​անհատական ​​կամ խմբային ստեղծագործական գործունեության ընթացքում ցուցաբերի երաժշտական գիտելիքներ և ​​հմտություններ՝ կիրառելով ինքնարտահայտման զանազան երաժշտական ​​միջոցներ, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաները և ռեսուրսները:

● Նկարագրի ստեղծագործություններից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով, էսսեներով, բանվոր ելույթով, հասկանա երաժշտական ​​եզրույթների իմաստը և գործնականում օգտագործի դրանք:

● Վերլուծի ստեղծագործությունը, մեկնաբանի իր հույզերն ու ապրումները, հիմնավորի դրանք, իր ստեղծագործական մտահղացումը իրականացնելիս օգտագործի համացանցի բազմաթիվ հնարավորությունները, ելույթները ուղեկցի տեսաձայնային միջոցներով: Ցուցաբերի վերլուծելու, համադրելու և համեմատելու հմտություններ:

● Արժևորի երաժշտության դերն ու նշանակությունն իր կյանքում, առօրյայում, կազմակերպի և ակտիվ մասնակցի ընտանեկան, դպրոցական համայնքային համերգներին, ձեռք բերի ունկնդրելու փորձ, համերգներ հաճախելու մշակույթ:

Թեմայի բովանդակությունը

● Իմ երաժշտական ճաշակն ու նախասիրությունները:

● Իմ առօրյան, հանգիստը, ժամանցը և երաժշտությունը:

● Իմ ընտանիքի երաժշտությունը:

● Իմ սիրած համերգասրահները և թանգարանները:

● Ինչպես եմ դիմակայում այսօրվա երաժշտական ագրեսիային:

Առաջարկվող գործունեության ձևեր

● Հետազոտություններ, նախագծեր, բանավեճեր, քննարկումներ, շնորհանդեսներ, բանավոր ելույթներ:

● Նախընտրելի երաժշտական ստեղծագործությունների կատարումներ ու մեկնաբանություններ:

Խաչվող հասկացություններ

Անհատներ և հարաբերություններ

Ուսումնասիրելով հայկական և համաշխարհային երաժշտական արվեստը՝ սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ արմատներ ունի, ինչ է իր համար ազգային երաժշտությունը, ինչպես կարող է իր զգացմունքները և հույզերն արտահայտել երաժշտության միջոցով, ինչ դեր ունի այն իր կյանքում: Կարևորը՝ հասկանա և բացատրի, որ ուսումնասիրելով հայ ազգային երաժշտությունը՝ դառնում է նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը:

Միջառարկայական կապեր

●  Հայոց լեզու և գրականություն - Ներկայացնել իր ճաշակն ու նախասիրությունները գրականության ասպարեզում:

● Կերպարվեստ - Ցուցադրել իր ճաշակին ու նախասիրություններին համապատասխան կերպարվեստի գործեր:

● Մշակույթ - Ներկայացնել իր գեղագիտական ճաշակն ու նախասիրությունները մշակույթում:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ24, Մ25, Մ26, Մ29, Մ39, Մ40, Մ41:

 

Օգտագործված գրականության ցանկ

 

1. «Կրթության մասին» ՀՀ օրենք։

2. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք։

3. ՀՀ կառավարության 2010 թ. ապրիլի 8-ի N 439-Ն որոշում։

4. «Հանրակրթության պետական չափորոշիչ», 2010 թ և ։2021թ

5. ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշում։

6. Հանրակրթության պետական կրթակարգ, ՀՀ կառավարության նիստի հ.33 արձանագրային որոշում, 26.08.2004թ.:

7. Կոմիտաս. Հոդվածներ և ուսումնասիրություններ: Եր., 1941:

8. Կոմիտաս. Երկերի ժողովածու, բոլոր հատորները: Եր., «Հայաստան», 1969:

9. Կոմիտաս Վարդապետ. Ուսումնասիրութիւններ և յօդուածներ: Գիրք Ա: Եր., 2005:

10. Տիգրանյան Գ. Հայ երաժշտական թատրոնի 100 տարին: Եր., «Հայաստան», 1968:

11.Բրուտյան Ց. Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու (Արվեստագիտություն): Եր., 1974:

12. Երկանյան Վ., Հայկական մշակույթ: Եր., 1982:

13. Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ. Հայ արվեստի պատմություն: Եր., «Զանգակ-97», 2009, 576 էջ:

14. Ակնարկ Հայ երաժշտության պատմության / ՀՍՍՀ ԳԱ: Եր., 1963։

15. Բորև Յու., Գեղագիտություն: Եր., «Հայաստան», 1982։

16. Գեղագիտական դաստիարակություն: Եր., «Լույս», 1975։

17. «Երաժշտություն» առարկայի չափորոշիչ և ծրագիր: Հաստատված է 2012 թ.:

18. Յուզբաշյան Յու. Երաժշտությունը 1-4-րդ դասարաններում: Ուսուցչի մեթոդական ձեռնարկ: Եր., «Զանգակ-97», 2008:

19. Յուզբաշյան Յու., Փահլևանյան Ա., Ավետիսյան Վ. Երաժշտությունը 5-7-րդ դասարաններում: Ուսուցչի ձեռնարկ: Եր., «Զանգակ-97», 2011:

20. Ղազարյան Կ., Թադևոսյան Գ., Երաժշտություն-2-7-րդ դդ.. Ուսուցչի ձեռնարկ: Եր., «Զանգակ», 2014:

21. Յուզբաշյան Յու., Ղազարյան Կ., Թադևոսյան Գ. Երաժշտություն-1. Ուսուցչի ձեռնարկ: Եր., «Զանգակ», 2016:

22. Լուկին Յու. Էսթետիկայի հիմունքներ, Եր., «Լույս», 1984:։

23. Բրուտյան Մ. Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն: Եր., ՙԼույս՚, 1983:

24. Խառատյան-Առաքելյան Հ., Հայ ժողովրդական տոները, Եր., 2005:

25. Հարոյան Ռ., Զատիկ, Եր., ՙՇաղիկ՚, 1996:

26. Նավոյան Մ. -Դրվագներ Հայ երաժշտության պատմության, «Զանգակ-97» հրատ. Երևան, 2009թ.։

27. Кабалевский Д. Воспитание ума и сердца: Кн. Для учителя.- М.: Просвещение, 1980.

28. Кабалевский Д. Основные принципы и методы программы по музыке для общеобразовательной школы. Москва, “Просвещение”, 2002.

29. “Искусство в школе”. Обшественно-педагогический и научно-методический журнал, Москва, 2010 г.

30. 3. Н. Н. Рябенко “Уроки музыки в 1-7 классах”, “Айрис пресс”, Москва, 2006.

31. Радинова О. Музыкальные шедевры. М., издательство ГНОМ и Д Москва, 2006.

32. Вёльфлин Г. Основные понятия истории искусств. Изд․ В. Шевчук, 2013. 330 с.

33. COMPETENCES FOR DEMOCRATIC CULTURE (CDC), ձեռնարկ, ԵԽ, 2018։

34. ՅՈՒՆԵՍԿՕ, Կրթություն հանուն կայուն զարգացման ծրագիր:

 

Էլեկտրոնային հասցեներ

35. https://www.nationalartsstandards.org/,

36. https://www.incredibleart.org/,

37. https://www.australiancurriculum.edu.au/,

38. https://www.wabisabilearning.com/case-study,

39. https://www.thelearningweb.net/music-learning.htm,

40. https://www.slideshare.net/mrsnazlan/a-curriculum-framework-for-art-education,

41. http://www.koolibri.ee/download/?action=binary&id=3414

42. https://jfks.de/high-school/academics/departments/music/

43. http://oppekava.innove.ee/wp-content/uploads/sites/6/2016/09/Kunstiained.pdf

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական: