Գլխավոր տեղեկություն
Номер
N 841-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (24.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата принятия
23.04.2024
Подписан
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата подписания
23.04.2024
Дата вступления в силу
24.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«23» ապրիլի 2024 թ.

ք. Երևան

N 841-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԴԱՎԻԹ ՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00036 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով և ուսումնասիրելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2024 թվականի փետրվարի 15-ի N ՔՏՄ/14.1/5285-24 գրությունը և գրությանը կից ներկայացված նյութերը՝ «ԴԱՎԻԹ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերությունում անցկացված ստուգումների և վերստուգման վերաբերյալ 09.01.2024թ. N Տ/762-2023 և 07.02.2024թ. N Տ/12-2024 կարգադրագրերը և ակտերը

 

ՊԱՐԶԵՑԻ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 553-Ա հրամանով հարուցվել է վարչական վարույթ «ԴԱՎԻԹ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) նկատմամբ։ Վարչական վարույթի հարուցման համար հիմք է հանդիսացել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) գրությունը առ այն, որ Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի հունվարի 9-ի թիվ Տ/762-2023 հանձնարարականի հիման վրա Ընկերությունում իրականացվել է ստուգում՝ 2023 թվականի հունվարի 2-ից մինչև դեկտեմբերի 21-ը ընկած ժամանակահատվածի համար: Ընկերությունը չի ներկայացրել նշված ժամանակահատվածում տեխնիկական զննության անցկացման փաստը հավաստող տեսագրությունները, ուստի Ընկերության գործունեության ընթացքում խախտվել է ՀՀ Կառավարության սեպտեմբերի 21-ի 1565-Ն որոշման հավելվածի 15-րդ կետի պահանջը՝ այն է՝ տեխնիկական զննության գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունը կայանում պահպանվում է մեկ տարի ժամկետով, ինչի մասով կազմվել է ստուգման ակտ։ Ընկերությանը 2024 թվականի հունվարի 9-ին տրվել է թիվ Տ/762-2023 կարգադրագիր՝ մինչև 2024 թվականի հունվարի 24-ը առկա խախտումը վերացնելու մասով։

Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի հունվարի 18-ի թիվ Տ/12-2024 հանձնարարականի հիման վրա 2024 թվականի հունվարի 25-ին Ընկերությունում իրականացվել է վերստուգում, որի արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունը առկա խախտումը չի վերացրել, որի մասին կազմվել է վերստուգման ակտ և 2024 թվականի փետրվարի 7-ին տրվել է թիվ Տ/12-2024 կարգադրագիր՝ առկա խախտումը վերացնելու մասով, սակայն կրկին խախտումը Ընկերության կողմից չի վերացվել։ Իրականացված գործառույթների արդյունքում Տեսչական մարմինը միջնորդություն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն)՝ Ընկերությանը տրամադրված տեխնիկական զննության գործունեության կազմակերպման լիցենզիան կասեցնելու համար։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում Նախարարության լիցենզավորման հանձնաժողովը քննարկվող փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու նպատակով 2024 թվականի ապրիլի 5-ին, ապրիլի 11-ին և ապրիլի 16-ին անցկացրել է լսումներ՝ Կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Լսումների ընթացքում արձանագրվել է, որ Ընկերության կողմից 2023 թվականի ընթացքում Տեխնիկական զննության էլեկտրոնային հարթակ է մուտքագրվել 20 հազարից ավելի, իսկ 2024 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսներին՝ ավելի քան 6 հազար տրանսպորտային միջոցների տվյալներ, սակայն կրկին չի ներկայացվել տեխնիկական զննության անցկացման փաստը հավաստող տեսաձայնագրությունները։ Ավելին, 2024 թվականի ապրիլի 5-ին անցկացված լսումների ժամանակ Ընկերության ներկայացուցիչները հավաստեցին, որ Ընկերությունը վերացրել է տեխնիկական զննության գործունեության թերությունները, գործընթացը տեսագրվում է և ապրիլի 11-ին նշանակված լսումների ժամանակ ներկայացրին 2024 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 10-ը ընկած ժամանակահատվածի տեսագրությունները։

Ընկերության կողմից ներկայացված տեսագրական նյութերի և տեխնիկական զննության հարթակի տվյալների համադրության արդյունքում պարզվեց, որ 2024 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 10-ը ընկած ժամանակահատվածում Ընկերությունը կողմից տեխնիկական զննության հարթակ է մուտքագրվել 1070 (մեկ հազար յոթանասուն) տրանսպորտային միջոցների տվյալներ, մինչդեռ ներկայացված են ընդամենը 14 տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ծառայության մատուցման փաստը հավաստող տեսագրություններ։

Միաժամանակ՝ տեսագրությունների ուսումնասիրությամբ պարզվեց, որ Ընկերության կողմից տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը իրականացվում է ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի խախտումներով, մասնավորապես՝ ըստ ներկայացված տեսագրությունների Ընկերությունը իրականացնում է միայն արգելակային համակարգի արատորոշում, իսկ տրանսպորտային միջոցների ղեկային կառավարման համակարգերը, արտաքին լուսավորման սարքերը, շարժիչը և դրա համակարգերը, շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը և նշված կարգով սահմանված այլ արատորոշումներ չեն իրականացվում, սակայն տրամադրվում են արատորոշման թերթիկներ՝ տրանսպորտային միջոցի բոլոր տեխնիկական համակարգերի դրական նշումներով։

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով և 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 16-ի N 07 եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Կասեցնել «ԴԱՎԻԹ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանը 2018 թվականի սեպտեմբերի 11-ին տրամադրված՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00036 լիցենզիայի գործողությունը՝

1.1 «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ մինչև խախտման պատճառի վերացումը,

1.2 «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով՝ մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Լիցենզավորման հանձնաժողովի քարտուղարին՝ վարչական ակտը ընդունումից հետո` եռօրյա ժամկետում ծանուցել վարույթի մասնակիցներին:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկու ամսվա ընթացքում:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

 

Նախարար`

 

4/23/2024

Գ. Սանոսյան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան