Գլխավոր տեղեկություն
Номер
N 02-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (21.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2024
Принят
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата принятия
11.03.2024
Подписан
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата подписания
11.03.2024
Дата вступления в силу
21.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«11» մարտի 2024 թ.
ք. Երևան

N 02-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈԽԱԲԵՌՆՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 4․2-րդ հոդվածի 1-ին մասի 4․1)-ին կետի դրույթներով՝

 

Հրամայում եմ

 

1․ Հաստատել փոխաբեռնման կայանների շահագործման նորմերը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

3/11/2024

Գ. Սանոսյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2024 թվականի մարտի 11-ի

N 02-Ն հրամանի

 

ՓՈԽԱԲԵՌՆՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն նորմերը սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում աղբահանության գործընթացի բարելավման նպատակով փոխաբեռնման կայանների (այսուհետ՝ Կայան) շահագործման կանոնները:

2. Սույն նորմերի սահմանումը բխում է աղբի ժամանակավոր պահման գործընթացներում բնապահպանական, քաղաքաշինական և հրդեհային անվտանգ պայմանների ապահովման անհրաժեշտությունից:

3. Սույն նորմերով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է Կայանը շահագործող կազմակերպությունների (այսուհետ՝ Օպերատոր) համար, որոնք «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով ստացել են վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա և լիցենզիայի համապատասխան ներդիրներ։

4. Սույն ընթացակարգով սահմանված Կայանների շահագործման գործընթացներում իրականացվում են գոյացող, հեռացվող (ոչնչացվող, վնասազերծվող, տեղադրվող) և օգտահանվող թափոնների հաշվառում՝ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի «Թափոնների հաշվառման` գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման կարգը սահմանելու մասին» թիվ 1343-Ն որոշման։

5. Սույն նորմերի սահմանման նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում աղբահանության համակարգի բարելավումը՝ առավել ծախսարդյունավետ աղբահանության երթուղիների ներդրմամբ:

6. Սույն նորմերի սահմանմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում նախադրյալներ ստեղծել աղբի ժամանակավոր պահման ենթակառուցվածքների ձևավորման, առավել ապահով բնապահպանական և սանիտարահիգիենիկ պայմանների հասնելու նպատակով։

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7. Կայանները նախատեսված են բնակավայրերի բնակելի, հասարակական, կոմերցիոն նշանակության տարածքներից հավաքված և աղբատար մեքենաներով տեղափոխված աղբը ժամանակավոր պահելու, սեղմման միջոցով աղբի ծավալները փոքրացնելու, այնուհետև առավել տարողունակ բեռնատարների միջոցով աղբավայր հեռացնելու և/կամ վերաօգտագործման կամ վերամշակման ուղղելու նպատակով։

8. Կայանների կիրառումը առավել արդյունավետ է, եթե աղբի գոյացման ու հավաքման վայրից մինչև աղբավայր, կամ վերամշակման ու վերաօգտագործման կայաններ/գործարաններ հեռավորությունը 30 կմ և ավել է։

9. Կայանը հանդիսանում է մի քանի փուլով աղբահանության արդյունավետ ենթակառուցվածք։ Առաջին փուլում աղբատար մեքենաները տեղափոխում են աղբը Կայան, որտեղ աղբը սեղմվում է հատուկ մեծ տարողությամբ պահեստային տարաների մեջ։ Երկրորդ փուլում խտացված աղբի տարաները տեղափոխվում են աղբավայր կամ վերամշակման գործարան:

10. Կայաններում աղբի սեղմման շնորհիվ նվազեցվում է աղբի ծավալը 5-6 անգամ։ Սա թույլ է տալիս մեկ բեռնատարին միաժամանակ տեղափոխել 2 կոնտեյներ, ինչը զգալի նվազեցնում է աղբի հեռացման ծախսերը: Բացի այդ, խտացված աղբի տեղադրումը աղբավայրում երկարացնում է աղբավայրի կյանքը՝ զբաղեցնելով ավելի քիչ տարածք:

11. Կայանը արդյունավետ կիրառվում է նաև փոքր բնակավայրերում՝ տարածաշրջանային աղբահանության սխեմայի համատեքստում, որի շնորհիվ անհրաժեշտություն չի առաջանում յուրաքանչյուր փոքր բնակավայրի համար կառուցել աղբավայր կամ վերամշակման գործարան։

 

3. ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Կայանի տեղակայման վայրի ընտրությունից առաջ պետք է հաշվի առնվեն մի շարք սոցիալ-տնտեսական (բնակչության տեղաբաշխման, հողօգտագործման, ծառայությունների ցանցի տեղաբաշխման, տրանսպորտային հոսքերի, հողերի գնի, տրանսպորտային ծախսերի և այլն) և բնական ու բնապահպանական (խոցելի տարածքներ, դրենաժային ցանց, կլիմայական առանձնահատկություններ, գերակշռող քամիների ուղղություն և այլ) գործոններ: Բացի այդ Կայանի տեղակայումը պետք է համապատասխանի բնակավայրերի, տարածաշրջանների տարածական պլանավորման փաստաթղթերին, գլխավոր հատակագծերին: Կայանը շահագործման ազդեցությունը հավանականորեն իրենց վրա կրող օբյեկտներից պետք է նվազագույնը տեղակայված լինի.

1) Խմելու ջրի ռեզերվուարներից/ջրհորներից/օրվա կարգավորման ջրավազաններից՝ 100 մետր հեռավորության վրա,

2) Մակերևութային ջրերից՝ 100 մետր հեռավորության վրա,

3) Բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենք շինություններից՝ 100 մետր հեռավորության վրա,

4) Օդանավակայանների հսկիչ կետերից 8 կմ հեռավորության վրա:

13. Կայանի կառուցման համար գեոտեխնիկական մանրակրկիտ հետազոտություն չի պահանջվում, սակայն տարածքի հիմքի կայունության գնահատումները, գրունտային ջրերի խորության և հոսքի ուղղությունների որոշումը անհրաժեշտ է: Կայանի մուտքի կետերը, երթևեկելի գոտիները պետք է ամրացված լինեն լրիվ բեռնված աղբատար մեքենաների ծանրությունը անվտանգ կրելու համար: Տարածքի նվազագույն հետազոտվող խորությունը պետք է լինի 10 մետր:

 

4. ԿԱՅԱՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

14. Կայանների դասակարգման հիմնական չափորոշիչ է հանդիսանում դրանց օրական արտադրողական հզորությունն ըստ ընդունվող աղբի զանգվածի (տոննա): Առանձնացվում են հետևյալ հզորության կայանները.

1) Փոքր՝ մինչև 50 տ/օր հզորությամբ,

2) Միջին՝ 50-150տ/օր հզորությամբ,

3) Խոշոր՝ 150տ/օր և ավելի հզորությամբ:

15. Ըստ աղբի բեռնման եղանակի Կայանները կարող են լինել.

1) Ուղղակի բեռնման մեթոդով, որի դեպքում աղբատարներից աղբը հավաքվում է անմիջականորեն ձագարաձև բունկերի միջով: Այսպիսի Կայանները երկու մակարդակով են լինում՝ վերին մակարդակով անցնում են աղբը փոխաբեռնող աղբատարները, ստորին մակարդակում կանգնում են առավել բեռնունակ աղբատարները: Աղբատարների հզորությունն առավելագույնս օգտագործելու համար դրանք պետք հագեցած լինեն սեղմման հատկանիշներով: Նմանատիպ կայաններում վերին մակարդակի պլատֆորմի համար օգտագործվում են տեղանքի ռելիեֆի բնական բարձունքները կամ գրունտով ձևավորած արհեստական բարձունքները:

2) Սեղմման մեթոդով, որի դեպքում աղբատար մեքենաներից աղբը դատարկվում է կոնտեյների մեջ և ստացիոնար սեղմման մեխանիզմով սեղմվում, ինչից հետո տեղափոխվում է կցորդիչով բեռնատարով:

3) Փաթեթավորման մեթոդով, որն առավել կիրառական է թղթի, պլաստիկ թափոնների, պահածոների տարաների հետագա վերամշակման համար:

 

5. ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

16. Կայանի հիմնական կառուցվածքային տարրերն են հանդիսանում Կայանի ճանապարհը, աղբի փոխաբեռնման կետերը, լվացման կետերը, վարչական շենքը, ինժեներական կառույցները, կոմունիկացիները: Բացի այդ Կայանում նախատեսվում են դիսպետչերական կետ, կշեռք (բեռնված աղբատարների քաշի գրանցման համար), վերին մակարդակի պլատֆորմի ամրացման երկաթբետոնե պատեր (եթե կիրառելի է,) տեսակավորվող թափոնների պահեստավորման տարածքներ (եթե կիրառելի է):

17. Կայանի ճանապարհը մոտակա միջպետական, հանրապետական կամ տեղական նշանակության ճանապարհից Կայան հասնող ճանապարհն է, որը պետք է երկկողմանի երթևեկելի լինի: Կայանի ներքին շենք շինությունների, փոխբեռնման, լվացման կետերի հատվածում նախատեսվում են միմյանց հետ չհատվող անցումներ: Կայանի ճանապարհը և անցումները պետք է լինեն ասֆալտբետոնե ծածկույթով:

18. Փոխաբեռնման կետերում կոշտ կենցաղային աղբը համեմատաբար փոքր աղբատարներից դատարկվում է առավել տարողունակ բեռնատարաների և/կամ կոնտեյներների մեջ:

19. Լվացման կետերը նախատեսված են յուրաքանչյուր երթուղուց հետո, փոքր աղբատարների լվացման համար:

 

6. ԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

20. Օպերատորը պարտավոր է ունենալ «Կայանի շահագործման ձեռնարկ», որն իր մեջ ներառում է արտակարգ իրավիճակներում արձագանքման պլանը, աղբի ընդունման գործընթացները և կանոնները, Կայանի հատակագիծը և Կայանի ընդհանուր շահագործման շղթայի նկարագրությունը: Կայանի շահագործման ձեռնարկը կարող է լրամշակվել, ինչը հաստատվում է Լիազոր մարմնի կողմից: Շահագործման ձեռնարկը պետք է առնվազն պարունակի հետևյալ բաժիններով տեղեկատվությունը.

1) Նախաբան.

ա․ Կայանի տարածքի հակիրճ նկարագիր,

բ․ Կայանի կառավարում,

գ․ Հետադարձ կապ (օպերատոր, կոնտակտային տվյալներ, աշխատանքային ժամեր և այլն):

2) Կայանի նախագիծ/հատակագիծ.

ա․ Մակերևութային ջրերի կառավարում/հսկողություն,

բ․ Անձրևաջրերի/հալոցքաջրերի կառավարում,

գ․ տարածքի ցանկապատում և մուտքի հասանելիություն,

դ․ Աղբի պահպանման տարածք,

ե․ Վերաօգտագործվող/վերամշակվող նյութերի պահպանման տարածք (եթե կիրառելի է),

3) Ընդհանուր գործողություններ.

 ա․ Կայանի տարածքի հսկողություն,

 բ․ Ցուցանակներ,

 գ․ Ընդհանուր անվտանգության միջոցառումներ,

4) Աղբի հավաքման և հեռացման գործողություններ.

 ա․ Աղբահանություն և մատակարարում,

 բ․ Աշխատանքային գրաֆիկ,

 գ․ Աղբի ընդունման հաճախականություն,

 դ․ Ընդունելի թափոններ,

 ե․ Արգելված թափոններ,

5) Կայանի անվտանգություն.

 ա․ Աշխատողների պաշտպանիչ հանդերձանք և սարքավորումներ,

 բ․ Աշխատողների ուսուցում/վերապատրաստում,

 գ․ Հանրային անվտանգություն,

6) Հրդեհների կանխում և Արտակարգ իրավիճակների արձագանքման պլան,

21. Օպերատորը յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ին Լիազոր մարմնին է ներկայացնում տարեկան հաշվետվություն, որն իր մեջ ներառում է նախորդող տարվան առնչվող Կայանի գործունեության վերաբերյալ հետևյալ նվազագույն տեղեկատվությունը.

1) Կայանի տարեկան ընդունած թափոնների զանգվածը և ծավալը,

2) Հաջորդող տարվա շահագործման պլանը,

3) Աղբաջրերի և ջրային ռեսուրսների մշտադիտարկման արդյունքները և ամփոփումները,

4) Ընդունված հաշվետվությունների և պլանների մեջ փոփոխությունները, եթե այդպիսիք կան,

5) Արտակարգ իրավիճակների արձագանքման պլանը, տարվա ընթացքում դրանում կատարված փոփոխությունները, եթե այդպիսիք կան:

22. Արտակարգ իրավիճակների արձագանքման պլանը պետք է փակցված լինի Կայանի ամբողջ աշխատակազմին հասանելի վայրերում և պետք է ներառի.

1) Վտանգի նույնականացումը,

2) Հրդեհաշիջման պլանը և միջոցները,

3) Արտակարգ իրավիճակների արձագանքման անձնակազմի ցուցակը,

4) Արտակարգ իրավիճակների ծառայության կոնտակտային տվյալներ,

5) Տարհանման պլան,

6) Սարքավորումների ցուցակ,

7) Քարտեզ/հատակագիծ,

8) Վտանգավոր նյութերի ցանկ:

23. Կայանի տարածքի հսկողությունն իրականացնում է Օպերատորը, որն ունի հետևյալ գործառույթները.

1) Մուտքի հսկողություն և արգելված թափոնների ստուգում,

2) Կայանի այցելուների անվտանգության ապահովում,

3) Աղբի ծավալների գրանցում և վճարների ընդունում (եթե կիրառելի է),

4) Ընթացիկ ստուգումների և տեխնիկական սպասարկման իրականացում,

5) Կայանի տարածքի սանիտարական մաքրում, Կայանի ճանապարհի պահպանություն և շահագործման այլ գործողություններ:

24. Կայանի տարածքը պետք է պատնեշով/ցանկապատով առանձնացված լինի՝ ոչ աշխատանքային ժամերին Կայանի հասանելիությունը սահմանափակելու նպատակով (հանրային հասանելիություն, վայրի կենդանիների հասանելիություն և այլն):

25. Կայանի արտաքին ցուցանակների առկայությունը պահանջվում է տարածքի վտանգների նախազգուշացման համար, իսկ ներքին ցուցանակները՝ աղբի փոխաբեռնման, պահեստավորման տարածքների ուղենշման, արագության սահմանափակման, անվտանգության այլ միջոցառումների համար: Կայանի մուտքի արտաքին ցուցանակը պետք է առնվազն պարունակի.

1) կայանի անվանումը,

2) կայանի աշխատանքային ժամերը,

3) կայան պահեստավորվող ընդունելի թափոնների տեսակները,

4) կայանում արգելված թափոնների տեսակները,

5) շուրջօրյա կոնտակտային հեռախոսահամար:

26. Կայանի աշխատակիցների հանդերձանքի և սարքավորումներով ապահովումը պետք է իրականացվի ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7.002-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 25-Ն հրամանով հաստատված նորմերի պահանջներին համապատասխան:

27. Կայանի տեխնիկական անվտանգությունը և հրդեհային անվտանգությունը պետք է բավարարի հետևյալ պայմաններին.

1) Կայանի անցումների լայնությունը, հետադարձի հատվածի, թեքահարթակների, բեռնաթափման/փոխաբեռնման հարթակների չափերը պետք է ապահովեն ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը,

2) Թեքահարթակները, բեռնաթափման հարթակները պետք է հագեցած լինեն եզրաքարերով կամ մետաղական սահմանափակիչներով,

3) Փոխաբեռնման հարթակները պետք է ունենան կողային պարիսպ և ծածկ՝ տեղումներից պաշտպանելու համար,

4) Աղբի պահեստավորման կոնտեյներները պետք է ունենան հարթ ներքին մակերես՝ աղբի խցանումից և դատարկման դժվարություններից խուսափելու համար,

5) Կայանը պետք ապահովված լինի հրդեհաշիջման առաջնային պարագաներով՝ օդային-փրփուրային (2 հատ) և ածխածնային կրակմարիչներով (1 հատ): Բացի այդ անհրաժեշտ է նաև ավազի որոշակի պաշար: Կայանում պետք է նշանակված լինի հրդեհային անվտանգության ապահովման, առաջնային հրդեհաշիջումը կազմակերպող պատասխանատու աշխատակից:

6) Հաշվի առնելով կոշտ կենցաղային թափոնների բռնկման հատկությունները՝ Կայանում անհրաժեշտ է ապահովել խիստ հակածխախոտային քաղաքականություն:

28. Կայանում արգելվում է հետևյալ թափոնների ընդունումը/պահեստավորումը.

1) Ասբեստ,

2) Բենզինով և այլ նավթամթերքով աղտոտված հողազանգված,

3) Պոլիքլորացված բիֆենիլներով աղտոտված նյութեր,

4) Բժշկական թափոններ,

5) Ռադիոակտիվ թափոններ,

6) Մահացած կենդանիների մարմիններ:

29. Կայանի տարածքում կարող են առանձնացվել հատուկ նշանակության պահեստավորման տարածքներ, ինչի համար նախադրյալ կարող է հանդիսանալ հետևյալ տեսակի թափոնների առաձնացումը. ապակի, թուղթ, պլաստիկ, մետաղական, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոններ, օգտագործված մարտկոցներ, սառնարաններ/օդորակիչ սարքավորումներ:

30. Կայան ընդունվող սառնարանները և օդորակիչները պետք է պահվեն գետնից բարձր ուղղաձիգ դիրքով առանձնացված տարածքում, եթե դրանցից հեռացված չեն Օզոն քայքայող նյութերը:

31. Կայան ընդունվող հեղուկ թափոնները պետք պահեստավորվեն առանձնացված տարածքում՝ ուղղաձիգ դիրքով:

 

7. ԿԱՅԱՆԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

 

32. Կայանի սանիտարապաշտպանիչ գոտու չափը սահմանվում է 100 մետր՝ համաձայն «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N04-Ն ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանի:

33. Կայանի սանիտարապաշտպանիչ տարածքում արգելվում է բնակելի, հասարակական նշանակության շենք շինությունների, քաղցրահամ ջրի ջրհորների, ջրամբարների տեղակայումը:

34. Կայանի սանիտարապաշտպանիչ գոտու և մոտակա բնակելի զանգվածի միջև պետք է ապահովել առնվազն 30 մետր լայնությամբ տնկարկների շերտ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2024 թվական: