Գլխավոր տեղեկություն
Номер
N 161-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
10.05.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
10.05.2024
Дата вступления в силу
05.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«10» մայիս 2024 թ.

N 161-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 33-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի ««Հայաստանի Հանրապետությունում փայտացման համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N3.1.1-014-10 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 33-Ն հրամանը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅՏԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-014-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում փայտացման կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-014-10 սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն հավելվածի:

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 14-ի

N 33-Ն հրամանի

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅՏԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-014-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ՝ Կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն) համար:

2. Կանոնները սահմանում են բժշկական օգնության և սպասարկման դիմած անձանց (այսուհետ` պացիենտ) շրջանում փայտացման դեպքերի հայտնաբերմանը, հաշվառմանը և հաղորդմանը, փայտացման դեպքի վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը, կասկածելի կամ հաստատված դեպքի նկատմամբ իրականացվող միջոցառումներին՝ վերքերի մշակմանը, փայտացման դեմ պատվաստումների իրականացմանը ներկայացվող պահանջներ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ

 

3. Փայտացման դեպքի հայտնաբերումը՝ համաձայն Ձև 1-ի և Ձև 2-ի, իրականացնում են բժշկական կազմակերպության ավագ և միջին բուժաշխատողները.

1) բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում, ներառյալ՝ մասնագիտացված շտապօգնությունը, ինչպես նաև բժշկական տարհանման ժամանակ՝ տրանսպորտում),

2) արտահիվանդանոցային պայմաններում՝ շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում չպահանջող դեպքերում (ներառյալ՝ տնային կանչը),

3) ցերեկային ստացիոնարի պայմաններում (ցերեկային ժամերին բժշկական հսկողություն և բուժում ապահովելու պայմաններով, որոնք չեն պահանջում շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում),

4) հիվանդանոցային, երբ անհրաժեշտ են շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ, ՀԱՂՈՐԴՈՒՄ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

4. Փայտացման յուրաքանչյուր կասկածելի և հաստատված դեպքի շտապ հաղորդումը, հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների համաձայն:

5. Փայտացման դեպքի ախտորոշումը փոփոխելու, ժխտելու, հաստատելու կամ մահվան մասին հաղորդումը և հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների համաձայն:

6. Փայտացման կամ դրա կասկածելի յուրաքանչյուր դեպքի լիարժեք, հավաստի և ժամանակին հաշվառումը, հաշվետվությունների ամբողջականությունը, ինչպես նաև՝ դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման գործընթացը կազմակերպվում է բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից:

7. Բոլոր բժշկական կազմակերպություններում յուրաքանչյուր փայտացման դեպք հաշվառվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի հավելվածի Ձև 5-ով հաստատված «Հիվանդությունների հաշվառման մատյան»-ում:

8. Փայտացման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում «Կառավարելի վարակիչ հիվանդությունների վերաբերյալ» Ձև N Պ-4/հ (ամսական, տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի N 08-Ն հրամանի:

9. Դեպքերի բացակայության պայմաններում ներկայացվում է զրոյական հաշվետվություն: Յուրաքանչյուր հիվանդության տողում «Ընդամենը» սյունակում նշվում է «0» թիվը:

10. Հաշվետվությունների կրկնօրինակները պահպանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշմամբ սահմանված ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՓԱՅՏԱՑՈՒՄ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԴԵՊՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

11. Փայտացում ախտորոշմամբ պացիենտի կամ կասկածելի դեպքի հիվանդության պատմագրում նշվում են հիվանդության առաջնային ախտանշանները, պացիենտի պատվաստումային կարգավիճակի մասին տեղեկատվությունը:

12. Փայտացում ախտորոշմամբ պացիենտի ստացիոնարից դուրս գրումն իրականացվում է առողջացումից, լավացումից հետո:

13. Փայտացում ախտորոշմամբ պացիենտի օջախում հակահամաճարակային միջոցառումներ չեն իրականացվում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ, ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

14. Փայտացման դեմ կանխարգելիչ պատվաստումների կազմակերպումը, հաշվառումը, հաշվետվությունների ներկայացումը, բժշկական հակացուցումների վարումը, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի գրանցումը, հաշվառումը, հաղորդումը և հետազոտությունն իրականացվում են համաձայն Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանի պահանջների:

15. Փայտացման դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են համաձայն Պատվաստումների ազգային օրացույցի:

16. Փայտացման դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են պլանային և համաճարակաբանական ցուցումով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՈՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՎԵՐՔԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

 

17. Փայտացման դեմ համաճարակաբանական ցուցումով արտակարգ կանխարգելումն իրականացվում է համաձայն Ձև 3-ի, եթե առկա են`

1) վնասվածքներ` մաշկային ծածկույթների և լորձաթաղանթների ամբողջականության խախտումով,

2) սառեցում և այրվածքներ 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի,

3) արտահիվանդանոցային վիժումներ,

4) արտահիվանդանոցային ծննդաբերություն,

5) հյուսվածքների ցանկացած տեսակի փտախտ, մեռուկացում (նեկրոզ),

6) թափանցող վնասվածքներ՝ ստամոքսաղիքային ուղու վիրահատությունների ժամանակ,

7) վայրի և ընտանի կենդանիների կողմից կծված վերք:

18. Բոլոր տեսակի վերքերի ժամանակ իրականացվում է վիրաբույժի կողմից զննում, դրանց անհապաղ մանրամասն մշակում` օտար մարմինների և մեռուկացած հյուսվածքների հեռացմամբ: Զանգվածային աղտոտված վերքերի առաջնային մշակման ժամանակ առաջնային կար չի դրվում, եթե վնասվածքի պահից անցել է 24 ժամից ավելի: Խուլ կար դնելու դեպքում կատարվում է վերքի դրենավորում:

19. Փայտացման դեմ համաճարակաբանական ցուցումով արտակարգ կանխարգելումն արտահիվանդանոցային ծննդաբերության դեպքում կատարվում է`

1) ծննդկաններին` համաձայն Ձև 3-ի,

2) նորածիններին` ներարկում են հակափայտացման մարդկային իմունոգլոբուլին (250 ՄՄ) կամ հակափայտացման շիճուկ (3000 ՄՄ): Նորածնին համաճարակաբանական ցուցումով արտակարգ կանխարգելում չի կատարվում, եթե ծննդկանի մոտ առկա են պատվաստումների վերաբերյալ փաստաթղթերով հաստատված տվյալներ` Պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան և եթե վերջին պատվաստումից հետո չի անցել 10 տարի:

 

Ձև 1

 

ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ

 

Դեպքի սահմանում

1.Կլինիկական նկարագիր

1) Ծամիչ, պարանոցային մկանների լարված, ցավոտ և ջղակծկումով դեպք: Առավել հաճախակի հանդիպող առաջին ախտանիշը որովայնային մկանների կարկամությունն է: Փայտացմանը բնորոշ մկանային սպազմերի դրսևորումներից են մարմնի հարկադրական դիրքը (tetanus acrօbaticսs կամ opisthotonus), ինչպես նաև դեմքի յուրօրինակ արտահայտությունը` հայտնի կեղծ ծիծաղ (risսs sardonicus) անվամբ:

2.Դեպքի դասակարգում

1) Կասկածելի դեպք՝
Ծամիչ մկանների լարվածություն և ջղակծկում (տրիզմ) սուր շրջանում,

2) Հավանական դեպք՝ կասկածելի դեպք գումարած ներքոհիշյալ ախտանիշներից որևէ մեկը.
ա. անամնեզում մաշկի վնասվածքի առկայություն,
բ. մկանների կարկամում,
գ. կլման ակտի դժվարացում,

3) Հաստատված դեպք՝ կասկածելի կամ հավանական դեպք գումարած հետևյալ նշաններից որևէ մեկը`
ա. կեղծ ծիծաղ (risսs sardonicus),
բ. ջղաձգության նոպա (օրվա մեջ մեկ և ավելի անգամ),
գ. մարմնի հարկադրական դիրք (tetanus acrօbaticսs):

3.Ախտորոշման լաբորատոր չափանիշ

1) Ախտորոշումն ամբողջովին հիմնված է կլինիկական ախտանիշների վրա և կախված չէ մանրէաբանական հաստատումից:

Ձև 2

 

ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ

 

Դեպքի սահմանում

1.Դեպքի դասակարգում

1) Կասկածելի դեպք՝
Պերինատալ շրջանում մահվան ցանկացած դեպք՝ ծնվելուց հետո 3-րդ և
28-րդ օրերի միջև, որի մահվան պատճառը պարզված չէ,

2) Հավանական դեպք՝ կասկածելի դեպք գումարած հիվանդության դեպք` ծնվելուց հետո 3-րդ և 28-րդ օրերի միջև, որը գրանցված է որպես փայտացում, բայց հետազոտված չէ,

3) Հաստատված դեպք՝ կասկածելի կամ հավանական դեպք գումարած հետևյալ նշաններից որևէ մեկը`
ա. նորածինը առաջին երկու օրը նորմալ կրծքով կերակրվել և ճչացել է, իսկ 3-րդ և 28-րդ օրերի միջև ծծել չի կարողանում,
բ. ունի ցնցումներ (մկանների թեթևակի կծկում):

2.Ախտորոշման լաբորատոր չափանիշ

1) Ախտորոշումն ամբողջովին հիմնված է կլինիկական ախտանիշների վրա և կախված չէ լաբորատոր հաստատումից:

Ձև 3

 

ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՈՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

ԱՓ պատրաստուկով պատվաստումային կարգավիճակ

Տարիքային խումբ

Վերջին պատվաստման ժամկետ

Կիրառվող պատրաստուկներ

ԱՓ (փայտացման անատոքսին) 1, մլ

ՄՀՓԻ2, ՄՄ

ՀՓՇ, ՄՄ

Առկա է պատվաստումների փաստաթղթային հաստատում

Տարիքին համապատասխան պլանային պատվաստումների լրիվ կուրս /ըստ պատվաստումների ազգային օրացույցի/

Երեխաներ և դեռահասներ

Անկախ ժամկետից

Չի կատարվում3

Չի կատար-վում

Չի կատար-վում

Պլանային պատվաստումների լրիվ կուրս, առանց վերջին կրկնապատվաստման

Երեխաներ և դեռահասներ

Անկախ ժամկետից

0.5

Չի կատար-վում

Չի կատար-վում

Պատվաստումների լրիվ կուրս4

Մեծահասակներ

5 տարուց ոչ ավելի

Չի կատար-վում

Չի կատար-վում

Չի կատար-վում

2 պատվաստում5

Բոլոր տարիքներ

5 տարուց ոչ ավելի

0.5

Չի կատար-վում

Չի կատար-վում

5 տարուց ավելի

1.0

250

3000

1 պատվաստում

Բոլոր տարիքներ

2 տարուց ոչ ավելի

0.5

Չի կատար-վում6

Չի կատար-վում6

2 տարուց ավելի

1.0

250

30007

Չպատվաստված

Մինչև 5 ամսական երեխաներ

-

Չի կատար-վում

250

30008

 

Մնացած տարիքներ

-

1.0

250

30007

Առկա չէ պատվաստումների փաստաթղթային հաստատում

Վերհուշում առկա չեն պատվաստումների նկատմամբ հակացուցումներ

Մինչև 5 ամսական երեխաներ

-

Չի կատարվում

250

3000

5 ամսականից բարձր երեխաներ, դեռահասներ, զինվորականներ, նախկին զինվորականներ

-

0.5

Չի կատար-վում

Չի կատար-վում

Մնացած քանակակազմեր

Բոլոր տարիքներ

-

1.0

250

3000

 

1. ԱՓ-ի (փայտացման անատոքսին) փոխարեն, 18 տարեկանից բարձր, կարելի է կիրառել ԱԴՓ-Մ (դիֆթերիայի և փայտացման անատոքսին):

2. Կիրառել ՄՀՓԻ (մարդու հակափայտացումային իմունոգլոբուլին) կամ ՀՓՇ (հակափայտացումային շիճուկ):

3. «Ինֆեկցված վերքերի» դեպքում կատարվում է 0.5մլ ԱՓ, եթե վերջին պատվաստումից անցել է 5 տարուց ավելի: «Ինֆեկցված վերքեր» են համարվում արտահիվանդանոցային ծննդաբերության ժամանակ պորտի, հղիության արտահիվանդանոցային ընդհատման, աղիների թափածակած, կծված վերքերը, ինչպես նաև թարախակույտերը, նեկրոզը:

4. Մեծահասակների փայտացման դեմ պատվաստումների լրիվ կուրսը կազմված է 2 դեղաչափ պատվաստումից` 4 շաբաթ ինտերվալով, և խթանիչ դեղաչափից` 6-12 ամիս հետո:

5. Պատվաստումների սովորական սխեմայով երկու պատվաստումները (մեծահասակների և երեխաների համար) կամ 1 պատվաստում` մեծահասակների համար պատվաստումների կրճատված սխեմայով:

6. Ինֆեկցված վերքերի ժամանակ ներարկվում են ՄՀՓԻ կամ ՀՓՇ:

7. Ակտիվ-պասիվ կանխարգելում ստացած անձինք 6 ամիս-2 տարի հետո ստանում են կրկնապատվաստում (0.5 մլ ԱՓ)` լրիվ կուրսն ավարտելու համար:

8. Վերքի լավացումից հետո փայտացման դեմ պատվաստումները շարունակվում են իրականացվել ըստ Պատվաստումների ազգային օրացույցի:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:

 

 

10.05.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2024 թվական: