Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 3-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 01.03.2024
Принят
Ներքին գործերի նախարար
Дата принятия
29.02.2024
Подписан
Ներքին գործերի նախարար
Дата подписания
29.02.2024
Дата вступления в силу
02.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«29» փետրվարի 2024 թ․

թիվ 3-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 43.1-ին հոդվածի 8-րդ մասով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և հրամանի գործողությունը տարածվում է 2024 թվականի փետրվարի 24-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Վահե Ղազարյան

 

«29» փետրվարի 2024 թ․

ք․ Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ ներքին գործերի նախարարի

2024 թվականի փետրվարի 29-ի

N 3-Ն հրամանի

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ

 

Հասարակական միավորումների 6 ներկայացուցիչներ

 

 

Հավելված N 2

ՀՀ ներքին գործերի նախարարի

2024 թվականի փետրվարի 29-ի

N 3-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կարգապահական հանձնաժողովի գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Նախարարության կարգապահական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) Նախարարությունում մշտապես գործող մարմին է, որի նպատակը Նախարարության ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն է և նրանց գործողությունների իրավաչափության որոշումը:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների ներկայացուցիչների ընտրությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է Նախարարությունը:

5. Հասարակական միավորման ներկայացուցչի ընտրության համար սույն կարգով նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունն է (այսուհետ` Վարչություն):

6. Հանձնաժողովում հասարակական միավորումներից ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ Նախարարության կողմից զանգվածային լրատվամիջոցներով տարածվում է հայտարարություն, որը Նախարարությունը հրապարակում է մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը` հասարակական միավորումների տվյալների շտեմարանի ձևավորման և վարման համար: Հայտարարությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով:

7. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) հայտերի ներկայացման վայրը (հասցեն) և հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հայտերի ընդունման օրերը և ժամերը.

3) հայտ ներկայացնող հասարակական միավորումներից պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

8. Հասարակական միավորումները հայտերը ներկայացնում են Նախարարություն՝ համաձայն ձևի (կցվում է):

 

III. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

 

9. Նախարարությունը հասարակական միավորումների հայտերի հիման վրա ձևավորում է տվյալների շտեմարան:

10. Տվյալների շտեմարանն իր մեջ պարունակում է հետևյալ տվյալները`

1) հասարակական միավորման անվանումը.

2) հասարակական միավորման գտնվելու վայրը.

3) հասարակական միավորման գործունեության բնույթը.

4) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները.

5) ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն:

11. Հասարակական միավորումների տվյալների շտեմարանը վարում է Վարչությունը:

12. Տվյալների շտեմարանը ձևավորվում է յուրաքանչյուր տարի` հայտարարությունը հրապարակելուց հետո 30-օրյա ժամկետում` հասարակական միավորումների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:

13. Հասարակական միավորումը որևէ տվյալի փոփոխման դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է Նախարարությանը:

 

IV. ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

14. Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն վեց ամսվա գործունեություն:

15. Յուրաքանչյուր հասարակական միավորում հայտը ներկայացնում է մեկ լիազոր ներկայացուցչի համար: Ներկայացուցիչը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, տիրապետի հայերեն գրավոր և բանավոր լեզվին։

16. Ներկայացուցիչը պետք է լինի այն հասարակական միավորման անդամ, որը զբաղվում է իրավապաշտպան, կոռուպցիայի դեմ պայքարի կամ իրավական այլ ոլորտի հասարակական գործունեությամբ:

17. Եթե հայտը ներկայացնողը հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը չէ, ապա հայտի հետ ներկայացնում է նաև հասարակական միավորման կողմից տրված լիազորագիրը:

18. Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար, ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ և (կամ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով:

19. Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված պահանջների ապահովման համար պատասխանատու են հայտը ներկայացնող հասարակական միավորման ներկայացուցիչը և հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը:

 

V. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

20. Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու վերաբերյալ հասարակական միավորումների կողմից ներկայացված հայտերը և թեկնածությունները քննարկվում են Վարչությունում։

21. Ներկայացված հայտը կարող է մերժվել, եթե ներկայացվել է սույն կարգի պահանջների խախտմամբ:

22. Հայտում ձևական սխալների առկայության դեպքում Վարչությունը տեղեկացնում է այդ մասին հայտը ներկայացնողին և հնարավորություն տալիս մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտը շտկելու դրանք։

23. Հայտերի ներկայացման վերջնաժամկետին ներկայացված հայտում ձևական սխալների առկայության դեպքում Վարչությունը տեղեկացնում է այդ մասին հայտը ներկայացնողին և հնարավորություն տալիս՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում շտկելու դրանք։

24. Հայտը մերժվում է Վարչության կողմից գրավոր ծանուցման միջոցով՝ հայտը ստացվելուց հետո յոթ օրացուցային օրվա ընթացքում` նշելով սույն կարգի այն դրույթը, որի չպահպանելը մերժման համար հիմք է հանդիսացել:

25. Հայտի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

26. Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու վերաբերյալ հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել Հանձնաժողովում ընդգրկված միևնույն ներկայացուցչի վերաբերյալ երկու տարի անընդմեջ:

 

VI. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

27. Վարչությունը յուրաքանչյուր տարի տվյալների շտեմարանի ձևավորումից հետո 10-օրյա ժամկետում տվյալների շտեմարանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, որի կողմից Հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով ընտրվում է վեց հասարակական միավորում:

28. Եթե տվյալ տարում կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար ներկայացվել է թվով վեց հայտ, ապա ընտրված են համարվում այդ թեկնածուները:

29. Եթե ներկայացված հայտերի թիվը վեցից պակաս է, ապա Նախարարությունը հրապարակում է նոր հայտարարություն` հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը տասնհինգ օրով երկարաձգելու վերաբերյալ:

30. Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար ընտրված հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով:

31. Հանձնաժողովի Եթե մինչև հաստատման ներկայացնելը թեկնածուն հրաժարվում է ընդգրկվել կարգապահական հանձնաժողովի կազմում կամ նրա ընդգրկվելը որևէ պատճառով (մահ, հիվանդություն և այլն) դառնում է անհնարին, ապա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարն առկա տվյալների շտեմարանից կատարում է լրացուցիչ ընտրություն:

32. Եթե Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կողմից թեկնածությունները հաստատելուց հետո Հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական միավորման ներկայացուցիչը հրաժարվում է Հանձնաժողովում իր անդամությունից կամ նրա մասնակցությունը Հանձնաժողովի աշխատանքներին որևէ պատճառով (մահ, հիվանդություն և այլն) դառնում է անհնարին, ապա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարն առկա տվյալների շտեմարանից կատարում է լրացուցիչ ընտրություն և համապատասխան փոփոխություն կատարում սույն կարգի 30-րդ կետի համաձայն ընդունված հրամանում:

33. Եթե շտեմարանում առկա հայտերի թիվը չի բավարարում սույն կարգի 31-րդ և 32-րդ կետերով նախատեսված ընտրությունը կատարելու համար, ապա Նախարարությունն անմիջապես հրապարակում է լրացուցիչ հայտարարություն, որն իրականացվում է հիմնական հայտարարության ընթացակարգին համապատասխան:

34. Կարգապահական հանձնաժողովի կազմում ընտրվելու մասին Վարչությունը գրավոր տեղեկացնում է թեկնածուին՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով Հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներին ընդգրկելուց հետո` հնգօրյա ժամկետում:

35. Կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչների ընդգրկվելու մասին տեղեկատվությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում։

36. Հանձնաժողովի կազմում ընտրված և ընդգրկված հասարակական միավորման ներկայացուցիչը հանձնաժողովի նիստերին ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

37. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից և տասներկու անդամից:

38.Հանձնաժողովի նիստերը հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նախագահը։

39.Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը․

2) հրավիրում է Հանձնաժողովի նիստերը և վարում դրանք․

3) կազմակերպում է Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները․

4) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, նրա գործունեությանը վերաբերող մյուս փաստաթղթերը:

40. Նախագահի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ Հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի անդամներից մեկը, իսկ Հանձնաժողովի նախագահի հանձնարարության բացակայության դեպքում Հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Վարչության պետը։

41. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

42. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի անդամները, կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը և նրա անմիջական ղեկավարը ծանուցվում են հանձնաժողովի նիստից 3 օր առաջ:

43. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, ինչպես նաև նրա ղեկավարներն ունեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովում լսվելու իրավունք:

44. Հանձնաժողովի նիստերի հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են Վարչության կողմից:

45. Կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերի առկայության մասին Վարչությունն իրազեկում է հանձնաժողովի նախագահին, ով այդ մասին տեղեկանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, հրավիրում է Նախարարության կարգապահական հանձնաժողովի նիստ՝ այդ մասին համապատասխան հանձնարարականներ տալով Վարչությանը։

46. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

47. Այն դեպքերում, երբ կարգապահական հանձնաժողովի քննությանը ներկայացվում է կարգապահական հանձնաժողովի անդամի կողմից առերևույթ կարգապահական կոպիտ խախտման վերաբերյալ հարց, ապա նշված անդամը չի մասնակցում Հանձնաժողովի նիստերին:

48. Հանձնաժողովի նախագահը կամ անդամը չի կարող մասնակցել կարգապահական հանձնաժողովի նիստին, եթե տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ կամ կարգապահական կոպիտ խախտում թույլ տված ոստիկանության ծառայողի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական, ծառայողական կախվածության այլ հարաբերությունների մեջ։

49. Հանձնաժողովի նախագահը կամ անդամը պարտավոր է ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել, եթե

1) կանխակալ վերաբերմունք ունի կարգապահական կոպիտ խախտում թույլ տված ոստիկանության ծառայողի, նրա ներկայացուցչի, փաստաբանի նկատմամբ.

2) ականատես է եղել այն հանգամանքներին, որոնք պետք է քննարկվեն Հանձնաժողովի նիստի ընթացքում․

3) հանդիսանում է կարգապահական կոպիտ խախտում թույլ տված ոստիկանության ծառայողի ազգականը։

50․ Հանձնաժողովի նախագահը կամ անդամը, ով ինքնաբացարկ է հայտնել, պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը ենթակա է բառացի արձանագրման: Հանձնաժողովը կարող է ինքնաբացարկ հայտնած անդամի միջնորդությունը քննարկել առանց նրա ներկայության։ Ինքնաբացարկը մերժվելու դեպքում ինքնաբացարկ հայտնած Հանձնաժողովի նախագահը կամ անդամը մասնակցում է Հանձնաժողովի նիստին՝ իրականացնելով իր լիազորությունները:

51․ Ինքնաբացարկի միջնորդության քննարկման, բավարարման կամ մերժման հիմքերի, ինչպես նաև դրա արդյունքում կայացված որոշման մասին նշվում է Հանձնաժողովի նիստի արձանագրությունում։

52. Հանձնաժողովը քննության է առնում ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը և դրա արդյունքներով կազմված եզրակացությունը` մինչև համապատասխան որոշում ընդունելու համար ծառայողական քննություն նշանակող անձին ներկայացնելը: Այդ նպատակով Վարչությունը նախապատրաստում է համապատասխան տեղեկանք՝ Հանձնաժողովի անդամների համար:

53. Հանձնաժողովը պարտավոր է պարզել հետևյալ փաստական հանգամանքները.

1) ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ոստիկանության ծառայողը.

2) ապացուցված է արդյոք ոստիկանության ծառայողի մեղավորությունը տվյալ կարգապահական խախտումը կատարելու մեջ.

3) ինչ կարգապահական տույժ պետք է նշանակվի կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի նկատմամբ:

54. Սույն կարգի 53-րդ կետով նախատեսված փաստական հանգամանքները պարզելու համար Հանձնաժողովը կաշկանդված չէ ծառայողական քննության նյութերով և կարող է ծառայողական քննություն իրականացնող անձից սեփական նախաձեռնությամբ պահանջել լրացուցիչ փաստական տվյալներ, ինչպես նաև կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կրկին լսել այլ անձանց բացատրությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկություններ ստանալ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից, հետազոտել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի կողմից լրացուցիչ ներկայացված փաստական տվյալները:

55. Պարզված փաստական հանգամանքների հիման վրա Հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին՝ ոստիկանության ծառայողին ենթարկել կարգապահական պատասխանատվության.

2) միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին՝ ոստիկանության ծառայողին ազատել կարգապահական պատասխանատվությունից կամ կիրառել ավելի մեղմ կարգապահական տույժ, եթե՝

ա․ ոստիկանության ծառայողը նման արարք կատարել է առաջին անգամ, կամ անկեղծորեն զղջացել է, ներողություն է խնդրել կամ կամավոր հատուցել է իրավախախտմամբ պատճառված վնասը,

բ. ոստիկանության ծառայողն օժանդակել է ծառայողական քննությանը, նպաստել է հանրորեն առավել մեծ վտանգավորություն ներկայացնող խախտումների հայտնաբերմանն ու բացահայտմանը։

3) միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին՝ դադարեցնել ծառայողական քննությունը, եթե՝

ա․ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը մահացել է, և կարգապահական պատասխանատվության ենթակա այլ ոստիկանության ծառայողներ չկան,

բ․ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, իրեն լրիվ մեղավոր ճանաչելով, տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև հիմնավորված բացատրություն` քննվող դեպքի վերաբերյալ,

գ․ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի արարքում բացակայում են կարգապահական խախտման հատկանիշները,

դ․ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի մասնակցությունը կարգապահական խախտման կատարմանն ապացուցված չէ, և սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները,

ե․ ոստիկանության ծառայողի գործունեության վրա տարածվում են օրենքով սահմանված անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի, հիմնավորված ռիսկի և հրաման կամ կարգադրություն կատարելու կանոնները:

4) ծառայողական քննության նյութերն ուղարկել լրացուցիչ քննության։ Եթե, ժամկետներով պայմանավորված, չկա նման հնարավորություն, ապա օրենքով սահմանված կարգով նշանակվում է նոր ծառայողական քննություն համապատասխան դեպքի մասով։

56. Հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում հանձնաժողովը միջնորդում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` ծառայողական քննության նյութերը նախաքննության մարմին ուղարկելու համար:

57. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է տվյալ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում՝ ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի համար:

58. Հանձնաժողովի որոշման պատճենը կամ դրանից քաղվածքը եռօրյա ժամկետում ուղարկվում է կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին: Եթե որոշումը պարունակում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն, ապա ոստիկանության ծառայողին ուղարկվում է որոշումից քաղվածք, պահպանելով՝ պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն պարունակող տեղեկությունների համար օրենքով սահմանված պահանջները:

59. Հանձնաժողովի նիստերի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն է հրապարակվում լիազոր մարմնի պաշտոնական կայքի միջոցով:

60. Յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 20-ը, Նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրվում է հանձնաժողովի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

 

Ձև

ՀՀ ներքին գործերի նախարարի

2024 թվականի փետրվարի 29-ի

N 3-Ն հրամանի հավելվածի

 

 

Հայաստանի Հանրապետության ներքին

գործերի նախարար

___________________________________________

(անունը, ազգանունը)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ _________________________________________________________________-ն ընդգրկել

(հասարակական միավորման անվանումը)

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հասարակական միավորումների տվյալների շտեմարանում` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորման ներկայացուցչին ներգրավելու նպատակով:

 

Ներկայացնում եմ հետևյալ տեղեկությունները`

1. հասարակական միավորման գտնվելու վայրը`______________________________________

___________________________________________________________________________

 

2. հասարակական միավորման գործունեության բնույթը` _______________________________

___________________________________________________________________________

 

3. գործադիր մարմնի ղեկավար` __________________________________________________

(անունը, ազգանունը)

___________________________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարին) (անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

4. ներկայացուցիչ` _____________________________________________________________

(անունը, ազգանունը) (ծննդյան օրը, ամիսը, տարին)

____________________________________________________________________________

(անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

____________________________________________________________________________

(հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Հայտնում եմ, որ ներկայացվող անձը Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով չի տառապում:

Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ`

 

Հայտատու` ___________________________

(ստորագրություն)

____________________________

(անունը, ազգանունը)

 

«____» _____________ 20 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան