Գլխավոր տեղեկություն
Номер
N 915-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (20.04.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.04.2024
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
02.04.2024
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
02.04.2024
Дата вступления в силу
20.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«02» ապրիլի 2024 թ.
ք. Երևան

N 915-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ, ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․5-րդ կետը՝

 

Հրամայում եմ․

 

1. Հաստատել հավատարմագրման չափանիշները, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-Ի N 1201-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

Գ. ՊապոՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարի

2024 թվականի ապրիլի 2-ի

N 915-Ն հրամանի

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ, ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հավատարմագրման չափանիշների, համապատասխանության գնահատման (պարտադիր և կամավոր) գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կազմակերպման ու իրականացման ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Հավատարմագրման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք), «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքով և ԻՍՕ/ԻԷԿ 17000 շարքի ստանդարտներով սահմանված նշանակությունները:

3. Հավատարմագրման և համապատասխանության գնահատման գործընթացների մասնակիցներն են Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմինը (այսուհետ՝ ԱՐՄՆԱԲ), ներառյալ՝ հավատարմագրման խորհուրդը, հավատարմագրման կոմիտեները, խորհրդատվական տեխնիկական կոմիտեները և հանձնաժողովները, այդ թվում՝ բողոքարկման հանձնաժողովը, ինչպես նաև հավատարմագրված ու հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ` ՀԳՄ)։

4. Հավատարմագրման գործընթացը, համապատասխանության գնահատման մարմինների գնահատումների գործընթացները և դրանց մասնակիցների հարաբերությունները կարգավորվում են Օրենքի, սույն կարգի, ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի (այսուհետ՝ ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011), միջազգային, տարածաշրջանային (Եվրոպական հավատարմագրման համագործակցություն (EA)) պայմանագրերի, համաձայնագրերի և դրանցից բխող՝ ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետությունում ՀԳՄ-ների հավատարմագրումն իրականացնում է ԱՐՄՆԱԲ-ը:

6. Օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման գործընթացի հետ կապված պարբերաբար արդիականացվող ամբողջական տեղեկատվությունը տեղադրվում է ԱՐՄՆԱԲ-ի պաշտոնական էլեկտրոնային կայքում՝ www.armnab.am (այսուհետ՝ կայք):

 

2. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

7. Հավատարմագրման չափանիշները պահանջների համախումբ է, որին պետք է բավարարեն հավատարմագրված և հավատարմագրմանը հավակնող ՀԳՄ-ները հավատարմագրման որոշակի ոլորտում գործունեություն իրականացնելիս:

8. Հավատարմագրման չափանիշները սահմանվում են Օրենքով, հավատարմագրման ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով, միջազգային ստանդարտներին ներդաշնակ ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17020, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17021-1, ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17024, ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17029, ՀՍՏ ԻՍՕ 17034, ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17043, ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065, ՀՍՏ ԻՍՕ 15189 միջպետական և ազգային ստանդարտներով, Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցություն (ILAC) և Հավատարմագրման միջազգային ֆորում (IAF), ինչպես նաև տարածաշրջանային (Հավատարմագրման եվրոպական համագործակցություն (EA) հավատարմագրման կազմակերպությունների փաստաթղթերով:

 

3. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Սույն կարգին համապատասխան հավատարմագրման ընթացակարգը, և հավատարմագրման փորձագետների (գնահատողների), տեխնիկական փորձագետների վճարների հաշվարկման կարգը սահմանվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից, իսկ ՀԳՄ-ների հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար ՀԳՄ-ի կողմից իրականացվող վճարման, ինչպես նաև ՀԳՄ-ի տարեկան վճարի վճարման չափը և կարգը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից:

10. Հավատարմագրման գործընթացին առնչվող փաստաթղթերը, այդ թվում՝ հավատարմագրման էլեկտրոնային հայտի (այսուհետ՝ հայտ) և կից փաստաթղթերի ձևերը սահմանվում են ԱՐՄՆԱԲ-ի կողմից՝ հիմք ընդունելով ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի և միջազգային, տարածաշրջանային հավատարմագրման կազմակերպությունների փաստաթղթերով սահմանված պահանջները և տեղադրվում են ԱՐՄՆԱԲ-ի կայքում:

11. Հավատարմագրումն իրականացվում է հավատարմագրման էլեկտրոնային ավտոմատացված համակարգի միջոցով (e-accreditation) (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ), իսկ տվյալ պահին էլեկտրոնային համակարգի աշխատանքների խափանման դեպքում՝ էլեկտրոնային փոստով և ներառում է հետևյալ փուլերը՝

1) ՀԳՄ-ի կողմից հավատարմագրման նպատակով ԱՐՄՆԱԲ-ին ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ընդունում, լրակազմի ստուգում, ԱՐՄՆԱԲ-ի ռեսուրսների վերլուծություն և հայտի գրանցում,

2) նախնական այց իրականացնելու համար պայմանագրի կնքում (հայտատուի պահանջով՝ առաջին հավատարմագրման դեպքում), նախնական այց, հաշվետվության կազմում,

3) մինչհավատարմագրման պայմանագրի կնքում, հայտի և դրան կից փաստաթղթերի փորձաքննություն, լրամշակված փաստաթղթերի փորձաքննություն (անհրաժեշտության դեպքում), հաշվետվության կազմում,

4) գնահատման նախապատրաստում և ՀԳՄ-ի ըստ գտնվելու վայրի գնահատում (այսուհետ՝ տեղում գնահատում), այդ թվում՝ ՀԳՄ-ի գործունեության հետևում, լրացուցիչ գնահատում (անհրաժեշտության դեպքում),

5) տեղում գնահատման արդյունքների վերլուծություն և հաշվետվության կազմում,

6) հավատարմագրման մասին համապատասխան որոշման ընդունում: Հավատարմագրման մասին դրական որոշման ընդունման դեպքում հավատարմագրման վկայագրի գրանցում և ներառում համապատասխան ռեեստրում, հավատարմագրման պայմանագրի կնքում և հավատարմագրման վկայագրի, ոլորտի (ոլորտների) ու հավատարմագրման նշանի տրամադրում,

7) հավատարմագրված ՀԳՄ-ների պարբերական գնահատումների իրականացում:

12. Վերահավատարմագրման գործընթացը ներառում է սույն կարգի 11-րդ կետում ներառված փուլերը՝ վերահավատարմագրման համապատասխան նշումներով՝ բացառությամբ նախնական այցի։

13. Հիմնավորված դեպքերում, ՀԳՄ-ի կամ ԱՐՄՆԱԲ-ի առաջարկությամբ, սույն կարգի 11-րդ կետի 1-ին, 3-7-րդ ենթակետերով սահմանված յուրաքանչյուր փուլի ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, սակայն նշված փուլերի երկարաձգման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել երեք ամիսը: Հիմնավորված դեպքերը սահմանվում են ԱՐՄՆԱԲ-ի կողմից հաստատված ընթացակարգով:

14. Գնահատումներն իրականացնելիս կիրառվում են տարբեր գնահատման տեխնիկաներ կամ դրանց համադրությունը: Գնահատման տեխնիկան ԱՐՄՆԱԲ-ի կողմից գնահատումներ իրականացնելու համար կիրառվող մեթոդն է (մեթոդներն են): Գնահատման տեխնիկաների մանրամասն նկարագրությունը սահմանվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից հաստատված ընթացակարգով:

15. Գնահատման տեխնիկա է հանդիսանում.

1) տեղում գնահատումը,

2) հեռավար գնահատումը,

3) գործունեության հետևումը,

4) փաստաթղթերի վերլուծությունը,

5) գրառումների վերլուծությունը,

6) չափման աուդիտները,

7) որակավորման ստուգման և այլ միջլաբորատոր համեմատությունների իրականացման վերլուծությունը,

8) վավերացման (վալիդացման) աուդիտները,

9) առանց նախազգուշացման այցը,

10) հարցազրույցների վարումը ՀԳՄ-ի աշխատակիցների հետ:

16. Հավատարմագրման (ներառյալ մինչհավատարմագրման) գնահատումների ընթացքում արգելվում է նշյալ գործընթացների մասնակիցների, գնահատողների, տեխնիկական փորձագետների կողմից ՀԳՄ-ին խորհրդատվության տրամադրումը:

17. ՀԳՄ-ն հավատարմագրման գործընթացի յուրաքանչյուր փուլում կարող է հետ վերցնել հավատարմագրման հայտը` երեք աշխատանքային օրվա ընթացքում գրություն ներկայացնելով ԱՐՄՆԱԲ-ին և վճարելով մինչ այդ կատարված աշխատանքների համար:

18. ՀԳՄ-ն կարող է հավատարմագրման որևէ փուլի գնահատման արդյունքների վերաբերյալ բացասական որոշման մասին տեղեկատվություն ստանալուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում դիմել բողոքարկման հանձնաժողով` ԱՐՄՆԱԲ-ի կողմից ընդունված որոշումը վերանայելու նպատակով:

19. Բողոքարկման հանձնաժողովի գործունեության և բողոքարկման քննարկման կարգը սահմանում է հավատարմագրման խորհուրդը:

20. Հավատարմագրմանը հավակնող իրավաբանական անձը յուրաքանչյուր ՀԳՄ-ի հավատարմագրման համար էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ տվյալ պահին էլեկտրոնային համակարգի աշխատանքների խափանման դեպքում՝ էլեկտրոնային փոստով ԱՐՄՆԱԲ-ին ներկայացնում է առանձին հայտ կից փաստաթղթերով՝ առաջնորդվելով «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով:

21. ԱՐՄՆԱԲ-ն իրականացնում է ռեսուրսների վերլուծություն, ներկայացված էլեկտրոնային հայտի և հայտին կից փաստաթղթերի լրակազմի ստուգում՝ համապատասխանության դեպքում ՀԳՄ-ին երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ տվյալ պահին էլեկտրոնային համակարգի աշխատանքների խափանման դեպքում՝ էլեկտրոնային փոստով ծանուցելով (այսուհետ՝ ծանուցում) հայտը գրանցելու վերաբերյալ:

22. Ռեսուրսների բացակայության դեպքում սահմանվում են լրացուցիչ պայմաններ (օրինակ՝ ժամկետի երկարաձգում), որոնց համաձայն ԱՐՄՆԱԲ-ը կարող է ՀԳՄ-ի հետ էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ տվյալ պահին էլեկտրոնային համակարգի աշխատանքների խափանման դեպքում՝ էլեկտրոնային փոստով համաձայնեցնելուց հետո հավատարմագրման աշխատանքներում ներգրավել օտարերկրյա գնահատող(ներ)/տեխնիկական փորձագետ(ներ), ինչից հետո գրանցում է հավատարմագրման հայտը կամ ՀԳՄ-ի գրավոր անհամաձայնությունը ստանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ տվյալ պահին էլեկտրոնային համակարգի աշխատանքների խափանման դեպքում՝ էլեկտրոնային փոստով ծանուցում է հայտի գրանցումը մերժելու մասին՝ նշելով մերժման հիմքերը:

23. Հայտը, հայտին կից փաստաթղթերը սահմանված ձևանմուշներին չհամապատասխանելու կամ լրակազմ չլինելու դեպքում ԱՐՄՆԱԲ-ն առաջարկում է ՀԳՄ-ին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

24. ՀԳՄ-ի կողմից սահմանված ժամկետում թերությունները վերացնելու վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու, ինչպես նաև թերությունները չվերացնելու դեպքում հայտի գրանցումը էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ տվյալ պահին էլեկտրոնային համակարգի աշխատանքների խափանման դեպքում՝ էլեկտրոնային փոստով մերժվում է՝ ՀԳՄ-ին երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով հայտը մերժելու մասին՝ նշելով մերժման հիմքերը:

25. ՀԳՄ-ի առաջին հավատարմագրման դեպքում ԱՐՄՆԱԲ-ը ՀԳՄ-ի պահանջով կարող է իրականացնել նախնական այց, ինչի վերաբերյալ կողմերի միջև կնքվում է նախնական այց կատարելու մասին պայմանագիր և կատարվում է համապատասխան վճարում: Նախնական այցի արդյունքում կազմվում է հաշվետվություն և տրամադրվում է ՀԳՄ-ին:

26. Հավատարմագրման հայտը գրանցելուց հետո, հիմք ընդունելով ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտով սահմանված պահանջները, ԱՐՄՆԱԲ-ի և ՀԳՄ-ի միջև կնքվում է մինչհավատարմագրման պայմանագիր, որով սահմանվում է ՀԳՄ-ի կողմից վճարման ենթակա գումարի չափը: ՀԳՄ-ի կողմից սահմանված վճարումը կատարելուց հետո ԱՐՄՆԱԲ-ը ապահովվում է տվյալ փուլով նախատեսված հավատարմագրման աշխատանքների կատարումը:

27. Մինչհավատարմագրման պայմանագրով (փաստաթղթերի փորձաքննության մասով) սահմանված վճարման մասին ԱՐՄՆԱԲ-ը հավաստիանում է գանձապետական առցանց համակարգի միջոցով: Մինչհավատարմագրման պայմանագրով սահմանված ժամկետում սույն կարգի 26-րդ կետով սահմանված վճարում չկատարելու դեպքում հավատարմագրումը մերժվում է:

28. ՀԳՄ-ի կողմից սույն կարգի 26-րդ կետով սահմանված վճարումը կատարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է գնահատման խումբ ԱՐՄՆԱԲ-ի կողմից վարվող հավատարմագրման փորձագետների (գնահատողների), տեխնիկական փորձագետների ռեեստրներից: Հավատարմագրման փորձագետները (գնահատողները) հանդիսանում են կառավարման համակարգի գնահատողներ կամ տեխնիկական փորձագետներ: Գնահատման խմբում ընդգրկված գնահատողների և (կամ) տեխնիկական փորձագետների քանակը կախված է հավատարմագրման ոլորտի բարդությունից և ծավալից:

29. Գնահատման խմբում որպես սկսնակ գնահատողներ և (կամ) դիտորդներ ընդգրկվում են ԱՐՄՆԱԲ-ի աշխատակիցները, ինչպես նաև դիտորդ հանդիսացող երկկողմ (բազմակողմ) ճանաչման համաձայնագրեր կնքելու նպատակով այլ երկրների հավատարմագրման մարմինների գնահատողները, ԱՐՄՆԱԲ-ի գնահատողներ (փորձագետներ) դառնալուն հավակնողները:

30. Գնահատման խմբի անդամներից, ինչպես նաև դիտորդներից (առկայության դեպքում) յուրաքանչյուրը ստորագրում է անկողմնակալության և գաղտնիության վերաբերյալ հայտարարագիր:

31. ԱՐՄՆԱԲ-ը գնահատման խմբի կազմը, ինչպես նաև դիտորդների (առկայության դեպքում) մասնակցությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր համաձայնեցնում է ՀԳՄ-ի հետ։ Շահերի բախման, կողմնակալության կամ այլ դեպքերում ՀԳՄ-ն երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հիմնավոր առարկություն է ներկայացնում գնահատման խմբում ընդգրկված հավատարմագրման փորձագետի (գնահատողի), տեխնիկական փորձագետի վերաբերյալ՝ համաձայն ԱՐՄՆԱԲ-ի կողմից հաստատված քաղաքականության:

32. Հավատարմագրման աշխատանքներում գնահատողներն/տեխնիկական փորձագետներն ընտրվում են էլեկտրոնային համակարգում ընդգրկված գնահատողների/տեխնիկական փորձագետների ռեեստրից՝ պատահականության սկզբունքով՝ հաշվի անելով նրանց իրազեկության ոլորտը, զբաղվածությունը, մոնիթորինգի արդյունքները և այլն։ Էլեկտրոնային համակարգի միջոցով ընտրված գնահատող (ներ)ի/տեխնիկական փորձագետ(ներ)ի թեկնածությունները երեք աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցվում են տվյալ ՀԳՄ-ի հետ: ՀԳՄ-ի համաձայնությունը ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատման խմբի կազմը հաստատվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից և դրան հաջորդող աշխատանքային օրվանից սկսվում է ՀԳՄ-ի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունը: Սույն կարգի 31-րդ կետով սահմանված ժամկետում ՀԳՄ-ի կողմից պատասխան չստանալու դեպքում համարվում է, որ գնահատման խմբի վերաբերյալ առարկություն չկա:

33. Սույն կարգի 32-րդ կետով սահմանված ժամկետում գնահատողի/ների /տեխնիկական փորձագետի/ների թեկնածությունները ՀԳՄ-ի հետ չհամաձայնեցնելու դեպքում էլեկտրոնային համակարգը թույլատրում է երկու անգամ թեկնածության փոփոխում սույն կարգի 32-րդ կետով սահմանված ընթացակարգով, ինչից հետո համաձայնությունը (հաստատումը) ստանալու դեպքում գրանցում է հավատարմագրման հայտը: ՀԳՄ-ի գրավոր անհամաձայնությունը ստանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ԱՐՄՆԱԲ-ը ծանուցում է հայտի գրանցումը մերժելու մասին՝ նշելով մերժման հիմքերը:

34. Գնահատման խմբի կողմից երեսուն աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է փաստաթղթերի փորձաքննություն և կազմվում է հաշվետվություն, որը տրամադրվում է ՀԳՄ-ին: Եթե փաստաթղթերի փորձաքննության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունները, որպես հավատարմագրման պահանջների կատարման շեղում, չեն ազդում ՀԳՄ-ի գործունեության արդյունքների և գնահատման աշխատանքները շարունակելու վրա, ապա ՀԳՄ-ի կողմից համաձայնեցումը ստանալուց և տեղում գնահատման գործընթացն իրականացնելու համար մինչհավատարմագրման պայմանագրով (տեղում գնահատման գործընթացն իրականացնելու մասով) սահմանված վճարումը կատարելուց հետո սկսվում է տեղում գնահատման նախապատրաստման գործընթացը: Այդ դեպքում փաստաթղթերի փորձաքննության ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման արդյունավետության ստուգումն իրականացվում է տեղում գնահատման ընթացքում:

35. Սույն կարգի 34-րդ կետով սահմանված վճարման մասին ԱՐՄՆԱԲ-ը հավաստիանում է գանձապետական առցանց համակարգի միջոցով: Մինչհավատարմագրման պայմանագրով սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում ՀԳՄ-ի հավատարմագրումը մերժվում է:

36. Եթե ՀԳՄ-ն պատրաստ չէ ընդունել գնահատման խմբին կամ փաստաթղթերի փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են այնպիսի անհամապատասխանություններ, որոնք բացասաբար են ազդում ՀԳՄ-ի գործունեության արդյունքների վրա և կարող են ազդել գնահատման աշխատանքները շարունակելու վրա, ապա անհամապատասխանությունների վերացման համար տրվում է ժամկետ մինչև հիսուն աշխատանքային օր։ Սահմանված ժամկետում ՀԳՄ-ի կողմից լրամշակված փաստաթղթեր չներկայացնելու դեպքում հավատարմագրումը մերժվում է:

37. ՀԳՄ-ի կողմից լրամշակված փաստաթղթերը հավատարմագրման էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ տվյալ պահին էլեկտրոնային համակարգի աշխատանքների խափանման դեպքում՝ էլեկտրոնային փոստով ԱՐՄՆԱԲ-ին ներկայացնելուց հետո գնահատման խումբը քսան աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դրանց լրացուցիչ փորձաքննություն և կազմում է լրացուցիչ փորձաքննության հաշվետվություն:

38. Փաստաթղթերի լրացուցիչ փորձաքննության բացասական եզրակացության (հավատարմագրման պահանջներին չհամապատասխանելու) դեպքում ԱՐՄՆԱԲ-ի կողմից կասեցվում է ՀԳՄ-ի գնահատման գործընթացը մինչև սույն կարգի 45-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան որոշման ընդունումը: ԱՐՄՆԱԲ-ը ՀԳՄ-ին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է գնահատման գործընթացի կասեցման վերաբերյալ:

39. Փաստաթղթերի փորձաքննության (լրացուցիչ փորձաքննության) դրական եզրակացության կամ սույն կարգի 34-րդ կետով սահմանված դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է ՀԳՄ-ի՝ գնահատման խմբի հետ համաձայնեցված տեղում գնահատման պլանը էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ տվյալ պահին էլեկտրոնային համակարգի աշխատանքների խափանման դեպքում՝ էլեկտրոնային փոստով ներկայացվում է ՀԳՄ-ին երեք աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցնելու նպատակով: ՀԳՄ-ի գործունեության հետևելու հետ կապված գործողությունները համաձայնեցվում են ՀԳՄ-ի հետ, այնուհետև՝ ներառվում են գնահատման պլանում:

40. ՀԳՄ-ի համաձայնությունը ստանալուց հետո գնահատման պլանով նախատեսված ժամկետներում ութ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում է ՀԳՄ-ի տեղում գնահատումը, այդ թվում՝ ՀԳՄ-ի գործունեության հետևում: Գնահատման խմբի անդամները տասը աշխատանքային օրվա ընթացքում կազմում են գնահատման վերաբերյալ հաշվետվությունը, որը սույն կարգի 20-րդ կետում նշված կարգով տրամադրվում է ՀԳՄ-ին:

41. Գնահատման խմբի կողմից անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում հաշվետվությունը ՀԳՄ-ին տրամադրելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում ՀԳՄ-ն, հիմք ընդունելով անհամապատասխանությունների թերթիկները, մշակում և ԱՐՄՆԱԲ-ին է ներկայացնում ուղղումների, ուղղիչ գործողությունների ծրագիրը՝ անհամապատասխանությունների վերացման համար սահմանելով հաշվետվությունը ստանալու օրվանից հետո հիսուն աշխատանքային օրվանից ոչ ավելի ժամկետ:

42. Ուղղումների, ուղղիչ գործողությունների ծրագիրը տասը աշխատանքային օրվա ընթացքում գնահատվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով ՀԳՄ-ին լրամշակման համար: ՀԳՄ-ի կողմից անհամապատասխանությունները չվերացնելու կամ վերացնելու վերաբերյալ ապացույցները չներկայացնելու դեպքում՝ հավատարմագրումը մերժվում է:

43. Սույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում անհամապատասխանությունների վերացման փաստաթղթավորված ապացույցները ստանալուց հետո ԱՐՄՆԱԲ-ը դրանք տրամադրում է գնահատման խմբին: Գնահատման խումբը տասը աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է լրացուցիչ գնահատում՝ ուսումնասիրելով ստացված տեղեկատվությունը և անհրաժեշտության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է լրացուցիչ գնահատման պլան և հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է լրացուցիչ տեղում գնահատում: Լրացուցիչ գնահատման արդյունքների հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է հաշվետվություն:

44. Մինչհավատարմագրման, հավատարմագրման, վերահավատարմագրման պայմանագրերով սահմանված ժամկետներում վճարները ՀԳՄ-ի կողմից կատարվելուց հետո ՀԳՄ-ի հավատարմագրման վերաբերյալ համապատասխան որոշում ընդունելու նպատակով ԱՐՄՆԱԲ-ը հավատարմագրման հետ կապված փաստաթղթերը (այդ թվում՝ գնահատման հաշվետվություն(ներ)ը) երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստեղծված հավատարմագրման կոմիտեին: Սահմանված ժամկետներում վճարում չկատարելու դեպքում ՀԳՄ-ի հավատարմագրումը մերժվում է:

45. Հավատարմագրման կոմիտեն, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրելով ԱՐՄՆԱԲ-ի կողմից տրամադրած փաստաթղթերը (գնահատման արդյունքները), ընդունում է հավատարմագրման, վերահավատարմագրման կամ հավատարմագրումը, վերահավատարմագրումը մերժելու մասին որոշում: Անհրաժեշտության դեպքում, նախքան հավատարմագրման վերաբերյալ որոշում կայացնելը, հավատարմագրման կոմիտեն Խորհրդատվական տեխնիկական կոմիտեի կամ տվյալ ՀԳՄ-ի գնահատումն իրականացրած գնահատման խմբի կողմից պարզաբանում կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 20-րդ կետով նշված եղանակով կարող է դիմել ԱՐՄՆԱԲ-ին: Հավատարմագրման կոմիտեի կողմից ներկայացված ծանուցումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ԱՐՄՆԱԲ-ը սույն կարգի 20-րդ կետով նշված եղանակով խորհրդատվական տեխնիկական կոմիտեի կամ տվյալ ՀԳՄ-ի գնահատումն իրականացրած գնահատման խմբի կողմից տրամադրած պարզաբանումը կամ լրացուցիչ տեղեկատվությունը ծանուցում է հավատարմագրման կոմիտեին։ Հավատարմագրման կոմիտեն ծանուցումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հավատարմագրման վերաբերյալ համապատասխան որոշում։

46. Հավատարմագրման կամ վերահավատարմագրման մասին դրական որոշման ընդունման դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով, ԱՐՄՆԱԲ-ը երկու աշխատանքային օրվա ընթացքում ՀԳՄ-ին ներառում է հավատարմագրված ՀԳՄ-ների համապատասխան ռեեստրներում (այսուհետ՝ ռեեստր): ՀԳՄ-ն հավատարմագրված կամ վերահավատարմագրված է համարվում ռեեստրում ներառման պահից:

47. ԱՐՄՆԱԲ-ը ութ աշխատանքային օրվա ընթացքում՝

1) կնքում է հավատարմագրման կամ վերահավատարմագրման պայմանագիր՝ հիմք ընդունելով ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտով սահմանված պահանջները,

2) ՀԳՄ-ին տրամադրում է հավատարմագրման նշան և հավատարմագրման վկայագիր և հավատարմագրման ոլորտը (ոլորտներ) ամրագրում է հավատարմագրման վկայագրի հավելվածում, որը հավատարմագրման վկայագրի անբաժանելի մասն է։ Հավատարմագրման վկայագրի պատճենը պահվում է ԱՐՄՆԱԲ-ում:

48. Սույն կարգի 27-րդ, 35-րդ, 36-րդ, 42-րդ և 44-րդ կետերով սահմանված դեպքերում ԱՐՄՆԱԲ-ը երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 20-րդ կետում նշված եղանակով ծանուցում է հավատարմագրման մերժման որոշման վերաբերյալ` նշելով մերժման հիմքերը:

49. ՀԳՄ-ի հավատարմագրման և վերահավատարմագրման ժամկետ է սահմանվում չորս տարին:

50. Վերահավատարմագրման դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է հավատարմագրման ժամկետի ավարտից առնվազն ութ ամիս առաջ: Եթե վերահավատարմագրման գործընթացը չի ավարտվել, ապա ՀԳՄ-ի հավատարմագրման վկայագիրը շարունակում է գործել մինչև հավատարմագրման կոմիտեի կողմից հավատարմագրման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը, սակայն հավատարմագրման վկայագրի տրամադրման օրվանից մինչև համապատասխան որոշման ընդունումը չպետք է գերազանցի երեք ամիսը: Նշված ժամկետը գերազանցելու դեպքում հավատարմագրման վկայագրի գործողությունը դադարեցվում է, իսկ վերահավատարմագրման գործընթացը շարունակվում է: Հավատարմագրման վկայագրի գործողության երկարաձգման, ինչպես նաև դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է էլեկտրոնային համակարգում և համապատասխան ռեեստրում:

51. Վերահավատարմագրման գործընթացն իրականացվում է սույն կարգի 9-48-րդ կետերով սահմանված կարգով՝ հաշվի առնելով հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում իրականացված գնահատումների արդյունքում ստացված տեղեկատվությունը:

52. ՀԳՄ-ի հավատարմագրման դադարեցման դեպքում ցանկացած փուլում գտնվող վերահավատարմագրման գործընթացը ԱՐՄՆԱԲ-ի կողմից դադարեցվում է:

 

4. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

53. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման համար հիմք են ՀԳՄ-ի`

1) հավատարմագրման պայմանների փոփոխությունները` վերակազմակերպումը կամ գործունեության իրականացման վայրի կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխությունը,

2) անվանման փոփոխությունը,

3) հավատարմագրման ընդլայնումը, կրճատումը, արդիականացումը (անհրաժեշտության դեպքում),

4) հավատարմագրման չափանիշների փոփոխությունը:

54. ՀԳՄ-ն սույն կարգի 53-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման վերաբերյալ հայտ է ներկայացնում ԱՐՄՆԱԲ՝ տրամադրելով հիմքերը, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաձևակերպման հիմքերը տրամադրվում են վերահավատարմագրման կամ պարբերական գնահատման ընթացքում:

55. ԱՐՄՆԱԲ-ի կողմից իրականացվում է հավատարմագրման վկայագրի վերաձևակերպմանն առնչող փաստաթղթերի ուսումնասիրություն:

56. Սույն կարգի 53-րդ կետի 1-ին ենթակետում նշված հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման ժամանակ սույն կարգի 28-29-րդ կետերի համաձայն ձևավորված գնահատման խումբը փորձարկման, տրամաչափարկման, բժշկական լաբորատորիաների, հսկողություն իրականացնող մարմնի (կիրառելիության դեպքում), ստանդարտ նմուշ արտադրողի, որակավորման ստուգում իրականացնողի (կիրառելիության դեպքում) գործունեության իրականացման վայրի փոփոխության դեպքում համաձայն սույն կարգի և ԱՐՄՆԱԲ-ի կողմից հաստատված ընթացակարգի իրականացնում է ՀԳՄ-ի տեղում գնահատում: ՀԳՄ-ն չի կարող համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնել մինչև հավատարմագրման կոմիտեի կողմից համապատասխան որոշման ընդունումը: Սույն կարգի 53-րդ կետի 4-րդ ենթակետում նշված հավատարմագրման չափանիշի փոփոխության դեպքում իրականացվում է փաստաթղթերի փորձաքննություն և տեղում գնահատում՝ համաձայն սույն կարգի և ԱՐՄՆԱԲ-ի կողմից հաստատված ընթացակարգի:

57. Հավատարմագրման չափանիշների փոփոխության դեպքում տեղում գնահատման գործընթացը կարող է համատեղվել ՀԳՄ-ի պարբերական գնահատման հետ: Այդ դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է նշված գնահատումից առնվազն 4 ամիս առաջ:

58. Հավատարմագրման վկայագիրը վերաձևակերպվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից դրական եզրակացության արդյունքում, ինչպես նաև հավատարմագրման ոլորտ(ներ)ում փոփոխությունների դեպքում՝ համաձայն ԱՐՄՆԱԲ-ի կողմից հաստատված ընթացակարգի:

59.Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման գործընթացը ԱՐՄՆԱԲ-ի կողմից մերժվում է.

1) ներկայացված փաստաթղթերի և տվյալների վերաբերյալ ոչ ամբողջական տեղեկատվության տրամադրման դեպքում,

2) սույն կարգով սահմանված ժամկետներում փաստաթղթերի փորձաքննության կամ տեղում գնահատման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում:

60. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման ժամանակ հավատարմագրումը չի ընդհատվում:

 

5. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

61. ԱՐՄՆԱԲ-ը, հիմք ընդունելով ՀԳՄ-ի հետ կնքված հավատարմագրման կամ վերահավատարմագրման պայմանագիրը, ՀԳՄ-ի հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում սույն կարգի 28-29-րդ կետերի համաձայն ձևավորված գնահատման խմբի միջոցով իրականացնում է պարբերական և արտահերթ գնահատում, այդ թվում՝ ՀԳՄ-ի գործունեության հետևում:

62. ԱՐՄՆԱԲ-ը ՀԳՄ-ի առաջին հավատարմագրման դեպքում պարբերական գնահատումն իրականացնում է հավատարմագրումից ոչ ուշ, քան 12 ամսվա ընթացքում` մեկ անգամ, վերահավատարմագրման դեպքում՝ ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում՝ մեկ անգամ: Հաջորդ պարբերական գնահատումն իրականացվում է նախորդ պարբերական գնահատումից հետո ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում՝ մեկ անգամ:

63. Նախքան պլանավորված պարբերական գնահատումը ՀԳՄ-ն ԱՐՄՆԱԲ-ի պահանջով գնահատումից տաս աշխատանքային օր առաջ ԱՐՄՆԱԲ-ին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն՝ ԱՐՄՆԱԲ-ի կողմից հաստատված կարգին և ձևաչափին համապատասխան: Մինչև պարբերական գնահատում իրականացնելը ԱՐՄՆԱԲ-ը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սույն կարգի 20-րդ կետով սահմանված եղանակով ՀԳՄ-ի կողմից տրամադրած տեղեկատվությունը, երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է պարբերական գնահատման պլանը և երեք աշխատանքային օրվա ընթացքում այն համաձայնեցնում ՀԳՄ-ի հետ:

64. ՀԳՄ-ի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում համաձայնությունը ստանալուց հետո ԱՐՄՆԱԲ-ը ութ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ՀԳՄ-ի պարբերական գնահատում (տեղում գնահատում, ՀԳՄ-ի գործունեության հետևում (կիրառելիության դեպքում)):

65. ՀԳՄ-ի գործունեության հետևումը ԱՐՄՆԱԲ-ն իրականացնում է հավատարմագրման ոլորտի շրջանակում, ՀԳՄ-ում կամ ՀԳՄ-ի հայտատուների գործունեության իրականացման վայրում (վայրերում): Գործունեության հետևումը կարող է իրականացվել պարբերական գնահատման ընթացքում կամ գնահատման ժամանակահատվածից դուրս՝ համաձայն ՀԳՄ-ի կողմից ներկայացված տեղեկատվության կամ հսկողության պլանի:

66. Պարբերական գնահատման, ՀԳՄ-ի գործունեությանը հետևելու արդյունքների հիման վրա տասը աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է հաշվետվություն և տրամադրվում ՀԳՄ-ին: Գնահատման խմբի կողմից անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում, հաշվետվությունը ՀԳՄ-ին տրամադրելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում ՀԳՄ-ն, հիմք ընդունելով անհամապատասխանությունների թերթիկները, մշակում և ԱՐՄՆԱԲ-ին է ներկայացնում ուղղումների, ուղղիչ գործողությունների ծրագիրը՝ անհամապատասխանությունների վերացման համար սահմանելով հաշվետվությունը ստանալու օրվանից հետո քսանհինգ աշխատանքային օրվանից ոչ ավելի ժամկետ:

67. Ուղղումների, ուղղիչ գործողությունների ծրագիրը տաս աշխատանքային օրվա ընթացքում գնահատվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է ՀԳՄ-ին՝ լրամշակման: ՀԳՄ-ի կողմից անհամապատասխանությունները չվերացնելու կամ վերացնելու վերաբերյալ ապացույցները չներկայացնելու դեպքում հավատարմագրումը դադարեցվում է:

68. Անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում դրանց վերացման համար ՀԳՄ-ին հաշվետվությունը տրամադրելուց հետո նրան տրվում է սույն կարգի 66-րդ կետով սահմանված ժամկետ, բացառությամբ Օրենքի 17.1-ին հոդվածի 6-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի:

69. ԱՐՄՆԱԲ-ը արտահերթ գնահատումներն իրականացնում է այն դեպքերում, երբ առկա է.

1) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական ու ոչ պետական մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ստացված բողոք,

2) ԱՐՄՆԱԲ-ի հիմնավոր կասկած՝ ՀԳՄ-ի հավատարմագրման պահանջները կատարելու ունակության կամ իրազեկության վերաբերյալ,

3) հավատարմագրման պայմանների փոփոխությունների վերաբերյալ ՀԳՄ-ի դիմում (դեպքերն ամրագրվում են հավատարմագրման պայմանագրում),

4) հավատարմագրման կասեցումից հետո վերականգնման անհրաժեշտություն:

70. Արտահերթ գնահատումն իրականացնելիս կիրառվում են ԱՐՄՆԱԲ-ի ընթացակարգով հաստատված տարբեր գնահատման տեխնիկաներ կամ դրանց համադրությունը: Սույն կարգի 69-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում արտահերթ գնահատումը, համաձայն ԱՐՄՆԱԲ-ի կողմից հաստատված ընթացակարգի, կարող է իրականացվել՝ կիրառելով «առանց նախազգուշացման այց» տեխնիկան:

71. ՀԳՄ-ի գործունեության վերաբերյալ ստացված բողոքների դեպքում ԱՐՄՆԱԲ-ը բողոքների քննարկման ընթացակարգի համաձայն ուսումնասիրում է տեղեկատվության հավաստիությունը և անհրաժեշտության դեպքում իրականացնում ՀԳՄ-ի գնահատում (փաստաթղթային և (կամ) տեղում գնահատում): Անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում ՀԳՄ-ին հաշվետվությունը տրամադրելուց հետո դրանց վերացման համար ՀԳՄ-ն սույն կարգի 66-րդ կետով սահմանված ժամկետում կազմում և ԱՐՄՆԱԲ-ին է ներկայացնում ուղղումների, ուղղիչ գործողությունների ծրագիրը՝ անհամապատասխանությունների վերացման համար սահմանելով հաշվետվությունը ստանալու օրվանից հետո քսանհինգ աշխատանքային օրվանից ոչ ավելի ժամկետ, բացառությամբ Օրենքի 17.1-ին հոդվածի 6-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի։ Դրանց մասով անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում գնահատումից հետո հաշվետվությունը ներկայացվում է հավատարմագրման կոմիտե ՀԳՄ-ի հետագա գործունեության վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով:

72. Գնահատումների արդյունքում հավատարմագրման կոմիտեն ընդունում է ՀԳՄ-ի հավատարմագրումը պահպանելու, կրճատելու, վերականգնելու, կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ որոշում:

 

6. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ

 

73. Հավատարմագրման ընդլայնման գործընթացը, համապատասխան որոշման ընդունումն իրականացվում են համաձայն սույն կարգի 9-48-րդ կետերի և ԱՐՄՆԱԲ-ի կողմից հաստատված ընթացակարգի:

74. Հավատարմագրման ընդլայնման դեպքում իրականացվում է հավատարմագրման վկայագրի վերաձևակերպում: Հավատարմագրման վկայագրին կցվում է փոփոխված հավատարմագրման ոլորտի հավելվածը, ինչի մասին համապատասխան նշում է կատարվում հավատարմագրված ՀԳՄ-ների ռեեստրում:

75. Հավատարմագրման ընդլայնման գործընթացը կարող է համատեղվել ՀԳՄ-ի պարբերական գնահատման հետ: Այս դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է նշված գնահատումից առնվազն չորս ամիս առաջ:

76. Հավատարմագրման ընդլայնման վավերության ժամկետ է սահմանվում ՀԳՄ-ի հավատարմագրման ժամկետի ավարտը:

77. Հավատարմագրման ընդլայնման արդյունքում հավատարմագրման կոմիտեն ընդունում է համապատասխան որոշում:

 

7. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿՐՃԱՏՈՒՄԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

78. ՀԳՄ-ի՝ հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանության դեպքում ՀԳՄ-ի հավատարմագրումը կարող է կրճատվել, կասեցվել կամ դադարեցվել:

79. ՀԳՄ-ն կարող է դիմել ԱՐՄՆԱԲ-ին հավատարմագրումը կրճատելու, կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու, ինչպես նաև հավատարմագրման ոլորտը արդիականացնելու համար:

80. Հավատարմագրման կրճատման, կասեցման, դադարեցման, վերականգնման հիմքերը սահմանված են Օրենքի 17.1-ին հոդվածով, իսկ ընթացակարգերը հաստատվում են ԱՐՄՆԱԲ-ի կողմից:

81. Հավատարմագրման կրճատման դեպքում իրականացվում է հավատարմագրման վկայագրի վերաձևակերպում: Հավատարմագրման վկայագրին կցվում է փոփոխված հավատարմագրման ոլորտի հավելվածը, ինչի մասին համապատասխան նշում է կատարվում համապատասխան ռեեստրում:

82. Հավատարմագրման ոլորտի արդիականացումն իրականացվում է ՀԳՄ-ի պահանջով հավատարմագրման ոլորտում վկայակոչված իրավական ակտի, ստանդարտացման, համապատասխանության գնահատման փաստաթղթի փոփոխության, նոր իրավական ակտի, ստանդարտացման, համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողության մեջ մտնելու (եթե նշված փաստաթղթի ներառումը չի ենթադրում հավատարմագրման ոլորտի ընդլայնման գործընթաց), հավատարմագրման ոլորտի և կից փաստաթղթերի ձևաչափի փոփոխության կամ ուղղումների դեպքերում:

83. Հավատարմագրման արդիականացման գործընթացը սահմանվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից հաստատված ընթացակարգով:

 

8. ԿԱՄԱՎՈՐ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԸ (ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ)

 

84. Եթե սխեմայի սեփականատեր հանդիսացող և (կամ) կիրառող ՀԳՄ-ն (սերտիֆիկացման մարմինները, հսկողություն իրականացնող մարմինները) կամավոր ոլորտում իրականացնում է համապատասխանության գնահատում, իսկ կիրառվող համապատասխանության գնահատման ընթացակարգը (այսուհետ՝ սխեմա) սահմանված չէ ազգային, միջազգային, տարածաշրջանային (միջպետական, եվրոպական), այլ պետության ստանդարտով կամ իրավական ակտով, ապա սխեմայի վերլուծության և պիտանիության գնահատման նպատակով դիմում է ԱՐՄՆԱԲ-ին:

85. Սխեմայի վերլուծությունը և պիտանիության գնահատումն իրականացվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից հաստատված ընթացակարգի համաձայն:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան