Գլխավոր տեղեկություն
Номер
N 94-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.03.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 31.01.2022
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
31.01.2022
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
31.01.2022
Дата вступления в силу
01.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

31 հունվարի 2022 թ.

 N 94-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ) ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային ծառայության մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

1) Մաքսային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի․

2) դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  Ռ. Բադասյան

 

Հավելված 1

Պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2022 թ. հունվարի 31-ի

N 94-Ն հրամանի

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ) ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի (այսուհետ՝ դասընթաց) կազմակերպման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, քննական հանձնաժողովի կազմավորման հետ կապված հարաբերությունները, դասընթացի արդյունքներն ամփոփելու և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները։

2. Սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանման բաժինների պետերը։ Դասընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ Ուսումնական կենտրոն)։

(2-րդ կետը փոփ. 15.03.24 N 298-Ն)

3. Դասընթացը բաղկացած է երկու փուլից՝ տեսական և գործնական։

3.1.Դասընթացը կազմակերպվում է ըստ ընդունելության արդյունքում մասնակիցների կողմից հավաքած միավորների՝ մասնակիցներին բաշխելով երկու մակարդակների խմբերի։

(3.1-ին կետը լրաց. 13.03.23 N 227-Ն)

4. Տեսական մասը ըստ մակարդակների կազմում է սույն հրամանով սահմանված քանակի դասերից, յուրաքանչյուր դասի տևողությունը 45 րոպե է։ Տեսական մասի ավարտից հետո կազմակերպվում է դասընթացի գործնական մասը՝ 4 շաբաթ տևողությամբ։

(4-րդ կետը խմբ. 13.03.23 N 227-Ն)

5. Դասընթացի տեսական մասը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի հրամանով հաստատված ժամանակացույցին համապատասխան, իսկ գործնական մասը՝ ստորաբաժանումների աշխատանքային գրաֆիկից ելնելով։

6. Դասընթացի տեսական մասը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնում՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում (այդ թվում՝ լսարանային սենյակներ, համակարգչային սենյակ)։ Դասընթացի տեսական մասի առանձին թեմաների դասավանդումը կարող է կազմակերպվել նաև այլ կազմակերպությունների՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում։

7. Դասընթացի տեսական մասը կազմակերպվում է դասընթացի ուսումնական պլանի հիման վրա Ուսումնական կենտրոնի կողմից հաստիքային կամ արտահաստիքային կարգով ներգրավված դասախոսական կազմի միջոցով։

8. Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ։

9. Դասընթացի գործնական մասը կազմակերպվում է մաքսային մարմնի ստորաբաժանումներում։ Գործնական մասը մաքսային ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներն են, որն անցկացվում է գործնական խնդիրների լուծման համար տեսական գիտելիքները կիրառելու, գործնական ունակությունների և հմտությունների ձեռքբերման, մշակման և ամրապնդման նպատակով:

 

2. Դասընթացի բովանդակությունը

 

10.Դասընթացն անց է կացվում հետևյալ թեմաներով.

 

Դասընթացի թեման

Դասերի քանակը

Ընդհանուր դրույթներ և սահմանումներ
(Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրք (այսուհետ՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք), «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք)

2

Հայտարարատու և հայտարարագրման ժամանակ ներկայացվող փաստաթղթեր և տեղեկություններ
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք)

2

Միության տարածք ապրանքների ժամանումը և դրա հետ կապված մաքսային գործառնությունները, Միության տարածքից ապրանքների մեկնումը և դրա հետ կապված մաքսային գործառնությունները
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք 80-րդ հոդված, 14-րդ և 15-րդ գլուխներ, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենքի 68-րդ և 69-րդ հոդվածներ)

4

Մաքսային ընթացակարգեր
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք,
«Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր, ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը սահմանելու մասին» թիվ 1359-Ն որոշում)

10

Արգելքներ և սահմանափակումներ
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք,
ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և(կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» թիվ 1524-Ն որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժական և սանիտարական միջոցառումների կիրառման մասին» թիվ 317 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում բույսերի կարանտինային հսկողություն ապահովելու մասին» թիվ 318 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշում, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենքի 7-րդ հոդված)

4

Մաքսային արժեք
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք՝ 37-ից 45-րդ հոդվածներ, 313-րդ հոդված, 325-րդ հոդված, 105-րդ հոդված, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 27-ի ««Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության անցկացման առանձնահատկությունների մասին» N 42 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 283 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 19-ի «Ապրանքների մաքսային արժեքի հետաձգված որոշման կարգը հաստատելու մասին» N 103 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի «Մաքսային արժեքի որոշման ժամանակ պահուստային մեթոդի կիրառման մասին» N 138 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 160 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 22-ի թիվ 83 որոշում)

4

Ընդհանուր դրույթներ մաքսային վճարների վերաբերյալ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր, մաքսային մարմիններին վճարվող այլ վճարներ
(«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 5 և N 8 հավելվածներ, ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք 2-րդ բաժին, «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենք, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգիրք)

3

Ծագման երկրի վերաբերյալ կարգավորումներ
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, ԵԱՏՄ մասին պայմանագիր հոդված 37, հոդված 102, Ազատ առևտրի մասին համաձայնագրեր և ոլորտը կարգավորող ԵՏՀ որոշումներ, ՀՀ կառավարության 2015թ-ի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1772 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 514-Ն որոշում)

2

Ապրանքների բացթողում և ապրանքային հայտարարագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը (էլեկտրոնային կառավարման համակարգ)
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք Գլուխ 18 և Հոդված 112,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի «Ապրանքների բացթողնմանն առնչվող հարցերի մասին» թիվ 188 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու և մաքսային միության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մի քանի որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 289 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշում, Մաքսային միության հանձնաժողովի կոլեգիայի 2010թ հունիսի 18-ի թիվ 289 որոշում)

4

Ապրանքների և տարանցման հայտարարագրերը և դրանց լրացման կարգը (էլեկտրոնային կառավարման համակարգ)
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք,
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Մաքսային հայտարարագրերի լրացման հրահանգների և մաքսային հայտարարագրերի ձևերի մասին» թիվ 257 որոշում,
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Տարանցման հայտարարագրի ձևերի և լրացման կարգի մասին» թիվ 289 որոշում, ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի
«Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները» թիվ 194-Ն որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հուլիսի 2-ի «Ապրանքային հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժման կարգի վերաբերյալ» թիվ 98 որոշում,
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշում)

4

Ուղևորային մաքսային հայտարարագիրը և մաքսային մուտքի օրդերի լրացման կարգը (էլեկտրոնային կառավարման համակարգ)
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի 79 որոշում, Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 311 որոշում)

2

Ապրանքների դասակարգում
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ պարզաբանումներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14.09.2021թ.-ի թիվ 80 որոշում)

4

Մաքսային տարանցում
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք՝ Գլուխ 43, Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի թիվ 438 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 170 որոշում)

4

Մաքսային հսկողություն
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք 2-րդ հոդվածի 1-ին կետի 41-րդ ենթակետ, 14-րդ հոդված, 310-321-րդ հոդվածներ, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի N 1 հավելվածի 310-րդ հոդվածի 3-րդ կետ, ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի և/կամ միջոցների ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործման և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության ձևերի և միջոցների կիրառման ուղեցույցը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի թիվ 236 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1327-Ն որոշում)

6

Հետբացթողումային հսկողություն
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենք)

2

Ժամանակավոր պահպանություն
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք, ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» թիվ 592-Ն որոշում)

2

Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխում
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք (գլուխ 37), «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 177-րդ հոդված, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» 107 որոշում, Մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 24/13 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 130 որոշում, ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի թիվ 1133-Ն որոշում, ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի թիվ 1131-Ն որոշում, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 26-ի թիվ 359-Ն որոշում)

4

Նախնական հայտարարագրում
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք՝ հոդված 114)

2

Մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգեր, այդ թվում՝

 

1. ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան

3

2. թույլատվական փաստաթղթեր

1

3. Մասնակիցների կողմից մաքսային հայտարարագրերի կազմում

4

Հաճախորդների սպասարկման և հոգեբանության հիմունքներ

3-9

Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ

4

(10-րդ կետը խմբ. 13.03.23 N 227-Ն)

 

11. Գործնական մասի կազմակերպման համար դասընթացի մասնակիցները ներառվում են, որպես կանոն, 20-30 հոգուց բաղկացած խմբերում, որոնց համար մաքսային ծառայող հանդիսացող անձանցից նշանակվում են գործնական մասի ղեկավարներ։

12. Գործնական մասը կազմակերպվում է՝ մաքսային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցին և ծրագրին համապատասխան՝ ծրագրով նախատեսված ստորաբաժանումներում։

(12-րդ կետը խմբ. 13.03.23 N 227-Ն)

 

3. Դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման կարգը

 

13. Դասընթացի տեսական մասի յուրաքանչյուր շաբաթվա դասերի տևողությունն առավելագույնը կարող է կազմել մինչև 20 ժամ, օրական առավելագույնը՝ մինչև 5 ժամ։ Դասընթացի տեսական մասի 50%-ը դասավանդելուց հետո կազմակերպվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 20 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով։ Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 40 րոպե։

(13-րդ կետը խմբ. 13.03.23 N 227-Ն)

14. Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված հարցերից։ Թեստավորման հարցաշարը պետք է պարունակի դասավանդված բոլոր նյութերի վերաբերյալ հարցեր։

(14-րդ կետը փոփ. 13.03.23 N 227-Ն)

15.Թեստավորման անցկացումից հետո ամփոփվում է մասնակիցների առաջխաղացումը։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է՝ սույն հավելվածի 13-րդ կետին համապատասխան կազմակերպվող թեստավորման արդյունքը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում դասերից անհարգելի պատճառով բացակայել են 10 և ավել դաս՝ զրկվում են տվյալ դասընթացին մասնակցելու հետագա իրավունքից:

(15-րդ կետը խմբ. 13.03.23 N 227-Ն)

16.Դասընթացի տեսական մասի ավարտից հետո կազմակերպվում է տեսական մասում ստացված գիտելիքների ստուգման քննություն՝ թեստավորման միջոցով, որի ընթացքում մասնակից պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով։ Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 60 րոպե։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է՝ սույն կետին համապատասխան կազմակերպվող թեստավորման արդյունքը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ դասերից անհարգելի պատճառով բացակայել են 20 և ավել դաս՝ զրկվում են դասընթացին մասնակցելու հետագա իրավունքից:

(16-րդ կետը խմբ. 13.03.23 N 227-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 13.03.23 N 227-Ն)

18. (կետն ուժը կորցրել է 13.03.23 N 227-Ն)

18.1. Մասնակիցներին գործնական մասի խմբերի միջև բաշխումն իրականացնում է Ուսումնական կենտրոնը։ 

(18.1-ին կետը լրաց. 13.03.23 N 227-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 13.03.23 N 227-Ն)

20. Դասընթացի գործնական մասի ղեկավարը լրացնում է մասնակցի բնութագիրը` համաձայն սույն հավելված N2 Ձևի:

21. (կետն ուժը կորցրել է 13.03.23 N 227-Ն)

22. Սույն հավելվածի 20-րդ կետում նշված գնահատում իրականացնող անձինք Ուսումնական կենտրոն են ներկայացնում հայտարարություն այն մասին, որ մասնակիցը իրենց հետ փոխկապակցված անձ չի հանդիսանում: Ընդ որում, սույն կարգի իմաստով փոխկապակցված անձինք են մասնակցի ամուսինը, մասնակցի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, մասնակցի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները:

(22-րդ կետը փոփ. 13.03.23 N 227-Ն)

23. Դասընթացի գործնական մասի ավարտից հետո Ուսումնական կենտրոնը կազմակերպում է մասնակիցների ավարտական քննությունը։

24. Ավարտական քննության անցկացման համար կոմիտեի նախագահի հրամանով ձևավորվում է ավարտական քննական հանձնաժողով։

25. Ավարտական քննական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմված է 5 անդամից։

26. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մաքսային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կամ նրան փոխարինող անձը, Կոմիտեի ստորաբաժանումների աշխատակիցներ, ինչպես նաև Կոմիտեի այլ աշխատակիցներ։

(26-րդ կետը խմբ. 02.09.22 N 910-Ն)

27. Հանձնաժողովի քարտուղարության աշխատանքներն իրականացնում է Ուսումնական կենտրոնը։

28. Քննական առաջադրանքները կազմում է Ուսումնական կենտրոնը՝ դասընթացի տեսական մասի ընթացքում դասավանդված առարկաների շրջանակից և գործնական մասում մասնակցի կողմից իրականացված գործառույթների շրջանակից և ապահովում է դրանց գաղտնիությունը։

(28-րդ կետը փոփ. 13.03.23 N 227-Ն)

28.1. Հանձնաժողովի քարտուղարը յուրաքանչյուր մասնակցի մասով համակարգչային ծրագրի օգտագործմամբ ձևավորում է 7 հարցից բաղկացած հարցաշար և տրամադրում մասնակցին։

(28.1-ին կետը լրաց. 02.09.22 N 910-Ն)

28.2. Մասնակցին տրամադրվում է 10 րոպե ժամանակ հարցաշարի հարցերին ծանոթանալու նպատակով։

(28.2-րդ կետը լրաց. 02.09.22 N 910-Ն)

28.3. Ավարտական քննությունն իրականացվում է հարցաշարում ներառված հարցերը մասնակցի կողմից բանավոր պատասխանելու միջոցով։

(28.3-րդ կետը լրաց. 02.09.22 N 910-Ն)

28.4. Սույն հավելվածի 28.1-րդ կետում նշված հարցերից բացի մասնակցին տրամադրվում է նաև ապրանքային կամ տարանցման հայտարարագիր կազմելու կամ լրացված ապրանքային կամ տարանցման հայտարարագրերում առկա խնդիրները բացահայտելու առաջադրանք։

(28.4-րդ կետը լրաց. 13.03.23 N 227-Ն)

29. Հանձնաժողովը սույն հավելվածի 28.1-ին կետով նախատեսված հարցաշարում ներառված հարցերից բացի ավարտական քննության ընթացքում մասնակցին կարող է ուղղել նաև այլ հարցեր՝ հնչեցված պատասխանները հստակեցնելու նպատակով, ինչպես նաև հարցեր կարող է ուղղել՝ հաշվի առնելով սույն հավելվածի 20-րդ կետերով նախատեսված գնահատման թերթիկը և սույն հավելվածի 28.4-րդ կետով նախատեսված առաջադրանքի կատարումը։

(29-րդ կետը խմբ. 02.09.22 N 910-Ն, 13.03.23 N 227-Ն)

30. Ավարտական քննության արդյունքում սույն հավելվածի 28.1-րդ կետում նշված հարցերի գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ՝ ամբողջական պատասխանի դեպքում՝ 2 բալ, թերի պատասխանի դեպքում՝ 1 բալ, իսկ սխալ պատասխանի կամ պատասխան չհնչեցնելու դեպքերում՝ 0 բալ, իսկ սույն հավելվածի 28.4-րդ կետով նախատեսված առաջադրանքի կատարումը գնահատվում է 0-3 բալ միջակայքում։

(30-րդ կետը խմբ. 13.03.23 N 227-Ն)

30.1. Ավարտական քննության գնահատականը հանձնաժողովի բոլոր անդամների գնահատականների հանրագումարն է։

(30.1-ին կետը լրաց. 02.09.22 N 910-Ն)

31. Եթե ավարտական քննության արդյունքում ձևավորված գնահատականը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից, ապա տվյալ մասնակիցը համարվում է դասընթացը հաջողությամբ չանցած և չի ընդգրկվում թեկնածուների ցուցակում։

32. Ավարտական քննությունից առնվազն 3 (երեք) օր առաջ քննության վայրի, օրվա և ժամի մասին տեղեկությունները ուղարկվում են մասնակիցներին նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներին: Ուսումնական կենտրոնի կողմից նշանակված քննության օրվա և ժամի փոփոխության դեպքում այն չի կարող նշանակվել նախկինում նշանակված օրից կամ ժամից ավելի շուտ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է քննությունը հանձնող բոլոր մասնակիցների համաձայնությունը: Քննության օրվա և ժամի փոփոխության մասին տեղեկությունը մասնակցին ուղարկվում է ոչ ուշ քան քննությանը նախորդող օրը։

(32-րդ կետը փոփ. 13.03.23 N 227-Ն)

32.1. Եթե Հանձնաժողովի նախագահը ավարտական քննության անցկացման օրը չի կարող մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, ապա նա այդ մասին առնվազն նիստի նախորդ օրը պետք է հայտնի մաքսային մարմնի ղեկավարին (բացառությամբ այն դեպքերի երբ հանձնաժողովի նախագահը ՊԵԿ նախագահն է)։ Մաքսային մարմնի ղեկավարը որոշում է ընդունում Հանձնաժողովի նախագահին մեկ այլ անձով փոխարինելու մասին, իսկ դրա անհնարինության դեպքում ավարտական քննության անցկացման օրը տեղափոխվում է։

(32.1-ին կետը լրաց. 02.09.22 N 910-Ն)

32.2. Սույն հավելվածի 32.1-ին կետով նախատեսված դեպքում ավարտական քննության օրվա տեղափոխման և ավարտական քննության անցկացման նոր օր նշանակելու մասին մասնակիցները տեղեկացվում են ավարտական քննության նոր օրվա մասին ավարտական քննության անցկացումից առնվազն 2 օր առաջ։

(32.2-րդ կետը լրաց. 02.09.22 N 910-Ն)

33. Ավարտական քննության ընթացքը ձայնագրվում է։

34. Մասնակիցը ավարտական քննությանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

34.1. Հանձնաժողովի որոշման մասին մասնակիցը էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում է ավարտական քննության անցկացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում։

(34.1-ին կետը լրաց. 02.09.22 N 910-Ն)

35. Ավարտական քննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մասնակիցը կարող է բողոք ներկայացնել ավարտական քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունը հայտնի դառնալուց հետո 1 օրվա ընթացքում։ Ներկայացվող բողոքում պետք է հստակ նշված լինի ավարտական քննության կոնկրետ հարցը (խնդիրը) ու տրված պատասխանը:

36. Ավարտական քննության արդյունքները բողոքարկվում են կոմիտեի նախագահին` գրավոր:

37. Բողոքարկումը ավարտական քննության որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև քննության արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

38. Մասնակցի կողմից ավարտական քննության արդյունքների բողոքարկման դեպքում Ուսումնական կենտրոնը բողոքը ստանալուց հետո ոչ ուշ, քան քննության մասնակցի (մասնակիցների) քննության արդյունքների բողոքարկման դիմումի ներկայացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Կոմիտեի նախագահին է ներկայացնում ավարտական քննության բողոքարկման վերաբերյալ դիմումը՝ համապատասխան առաջարկությամբ, հարցը (հարցերը), դրա ճիշտ պատասխանի ձևանմուշը և քննության մասնակցի ձայնագրությունը: Կոմիտեի նախագահը ոչ ուշ, քան համապատասխան առաջարկի և դրան կցված բողոքարկման դիմումի ստացմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննում է դիմումը և որոշում է կայացնում հարցազրույցի արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին:

(38-րդ կետը խմբ. 13.03.23 N 227-Ն)

39. (կետն ուժը կորցրել է 13.03.23 N 227-Ն)

40. Եթե կոմիտեի նախագահը մասնակցի քննության հարցի արդյունքի վերաբերյալ բողոքը համարում է հիմնավոր և որոշում է բավարարել այն, ապա կատարվում է հարցազրույցի արդյունքների վերահաշվարկ մյուս բոլոր մասնակիցների համար, եթե սխալ է համարվում հարցազրույցի որևէ հարց (խնդիր):

41. Ավարտական քննության բողոքարկման արդյունքներով ընդունված որոշման մասին մասնակիցը ծանուցվում է էլեկտրոնային եղանակով:

(41-րդ կետը խմբ. 13.03.23 N 227-Ն)

 

4. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(բաժինը խմբ. 13.03.23 N 227-Ն)

 

42. Դասընթացի արդյունքներն ամփոփում է Ուսումնական կենտրոնը։

43. Դասընթացի ամփոփումն իրականացնելիս հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝

1) դասընթացին մասնակցություն,

2) տեսական մասի գնահատականը, որը տեսական դասընթացի ավարտական քննության գնահատականն է։

3) գործնական մասի արդյունքներ (գործնական մասի ղեկավարի գնահատման թերթիկներով տրված բնութագիր)

4) ավարտական քննության գնահատական։

44. Դասընթացի ամփոփման համար սույն հավելվածի 43-րդ կետում նշված բաղադրիչները ունեն հետևյալ կշռային միավորները՝

 

Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի գործակիցը

Կշռային գնահատականը (միավոր)

դասընթացին մասնակցություն

6

տեսական մասի գնահատական

 12

գործնական մասի արդյունքներ (գործնական մասի ղեկավարի գնահատման թերթիկով տրված բնութագիր)

 12

ավարտական քննության գնահատական

30

45. Կշռային միավորները հաշվարկելիս կիրառվում է հետևյալ մեթոդաբանությունը՝

1) ավարտական քննության արդյունքում՝

ա. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 91-100%՝ 30 կշռային միավոր,

բ. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 85-90%` 28 կշռային միավոր,

գ. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 80-84%` 26 կշռային միավոր,

դ. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 75-79%` 24 կշռային միավոր,

ե. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 70-74%` 21 կշռային միավոր։

2) գործնական մասի ղեկավարի գնահատման թերթիկներով տրված բնութագիր՝

ա. Մակարդակ 1՝ 0-2 միավոր,

բ. Մակարդակ 2՝ 3-5 միավոր,

գ. Մակարդակ 3՝ 6-7 միավոր,

դ. Մակարդակ 4՝ 8-9 միավոր,

ե. Մակարդակ 5՝ 10-12 միավոր։

3) տեսական մասի գնահատականի դեպքում՝

ա. առավելագույն հնարավորից 90-100%՝ 12 կշռային միավոր,

բ. առավելագույն հնարավորից 80-89%` 10 կշռային միավոր,

գ. առավելագույն հնարավորից 70-79%` 8 կշռային միավոր:

4) դասընթացին մասնակցություն`

ա. 90-100%- մասնակցություն՝ 5-6 կշռային միավոր,

բ. 85-89% մասնակցություն՝ 3-4 կշռային միավոր,

գ. 81-84% մասնակցություն՝ 1-2 կշռային միավոր,

դ. մինչև 80 % մասնակցություն՝ 0 կշռային միավոր:

45.1. Սույն կարգի 45-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մակարդակներն ունեն հետևյալ իմաստը.

1) «Մակարդակ N 1»` մասնակիցը չի կարողանում ճանաչել, հիշել և վերհիշել տերմինները կամ հասկացությունները կամ թեպետ հիշում է տերմիններն ու հասկացությունները, սակայն չի կարողանում օգտագործել կամ բացատրել դրանք.

2) «Մակարդակ N 2»՝ մասնակիցը կարողանում է բացատրել տերմիններն ու հասկացությունները, կարողանում է դասակարգել, տարանջատել դրանց կիրառման ոլորտները, կարողանում է համեմատություններ անել, սակայն չի կարողանում դրանք կիրառել պրակտիկ միջավայրում.

3) «Մակարդակ N 3»՝ մասնակիցը ընդհանուր առմամբ լրացուցիչ օգնություն և ուղղություն ցույց տալու դեպքում կարողանում է կիրառել ստացված գիտելիքները գործնական միջավայրում, սակայն պահանջում է մշտական վերահսկողություն.

4) «Մակարդակ N 4»՝ մասնակիցը կարողանում է կիրառել ստացված գիտելիքները գործնական միջավայրում, կարողանում է հիմնավորել որոշումները.

5) «Մակարդակ N 5»՝ մասնակիցը կարողանում է կիրառել ստացված գիտելիքները գործնական միջավայրում, կարողանում է հիմնավորել որոշումները, կարողանում է բացահայտել և կառուցել օրինաչափություններ փաստերում, ներկայացնել նոր տեսակետ, հիմնավորել նշված տեսակետը և որոշել դրա կիրառելիությունը տվյալ իրավիճակում:

 

5. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

46. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած են համարվում 45 և ավել կշռային միավոր հավաքած մասնակիցները։

(46-րդ կետը փոփ. 13.03.23 N 227-Ն)

47. Սույն հավելվածի 46-րդ կետով նախատեսված կշռային միավորներ հավաքած մասնակիցներն ընդգրկվում են մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ իրենց կողմից հավաքած կշռային միավորների՝ բարձրից ցածր սկզբունքից ելնելով։ Հավասար կշռային միավորների դեպքում հաշվի է առնվում ավարտական քննության արդյունքներով առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը։ Ավարտական քննության արդյունքներով առավելագույն հնարավորից հավաքած տոկոսի հավասարության դեպքում հաշվի է առնվում տեսական մասին գնահատականի՝ առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը։

48. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է սույն որոշման հավելված 2-ով սահմանված ձևին համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետով։

 

Ձև 1

 

Գործնական դասընթացներն ավարտած մասնակցի ինքնաբնութագիր

(ձևն ուժը կորցրել է 13.03.23 N 227-Ն)

 

Ձև 2

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ

ՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

«__»________202__ թ․

 

Մասնակից_________________________________________________________________ -ի

(Անուն, ազգանուն, հայրանուն)

 

Դասընթացի գործնական մասի ժամկետ՝

 

Դասընթացի գործնական մասի ընթացքում մասնակցի գործունեության արդյունքների նկարագրությունը՝

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________

 

Հաշվի առնելով վերոգրյալը` գնահատում եմ`

 

Մակարդակ 1

Մակարդակ 2

Մակարդակ 3

Մակարդակ 4

Մակարդակ 5

         

 

Ղեկավար՝

______________
(Ստորագրություն)

_______________________________________
(Անուն, ազգանուն)

   

 ______________________________________

(Պաշտոն)

   

______________________________________

(ձևը խմբ. 13.03.23 N 227-Ն)

Ձև 3

 

3600 գնահատման թերթիկ

(ձևն ուժը կորցրել է 13.03.23 N 227-Ն)

 

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 13.03.23 N 227-Ն, փոփ. 15.03.24 N 298-Ն)

 

Հավելված 2

Պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2022 թ. հունվարի 31-ի

N 94-Ն հրամանի

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎ

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ

 

Ներմուծեք նկարագրությունը_21504

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2022 թվական: