Գլխավոր տեղեկություն
Номер
N 1242-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.01.18/2(415).1 Հոդ.12.3
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
17.11.2011
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
17.11.2011
Дата вступления в силу
28.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011570

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 նոյեմբերի 2011 թ.

N 1242-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ (ԱԶԱՏՄԱՆ) ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը, սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին:

4. Սույն հրամանը ուժի մեջ Է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

  Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2011 թ. նոյեմբերի 17-ի

N 1242-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ (ԱԶԱՏՄԱՆ) ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ

(վերնագիրը խմբ. 17.12.18 N 1676-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) ուսանողների հեռացման (ազատման) և ուսանողական իրավունքների վերականգնման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են.

1) ակադեմիական պարտք՝ կիսամյակի քննաշրջանի արդյունքներով՝ ներառյալ երկու վերահանձնման փուլերը, տվյալ առարկայական դասընթացի (մոդուլի) համար սահմանված կրեդիտը չհավաքելը,

2) ակադեմիական անբավարար առաջադիմություն՝ քննաշրջանի արդյունքներով անհրաժեշտ կրեդիտները չհավաքելը,

3) առարկայական (ծրագրային) տարբերություն՝ ուսանողի ուսումնառած ուսումնական պլանում չընդգրկված առարկան կամ որևէ առարկայից կրեդիտների մեկ երրորդից ավելի տարբերություն,

4) ուսումնառության ընդհատում՝ սույն կարգով սահմանված հիմքերով հաստատությունից ուսանողի հեռացում կամ ազատում կամ ուսումնառության դադարեցում:

 

II. ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ

 

3. Հաստատությունից ուսանողը հեռացվում է.

1) ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերի,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով կամ հաստատության և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում,

3) հաստատության կողմից սահմանված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում:

4. Հաստատությունից ուսանողը ազատվում է.

1) իր դիմումի համաձայն,

2) այլ հաստատություն տեղափոխվելու դեպքում:

5. Հաստատությունից ուսանողի ազատման մասին հրաման իր դիմումի համաձայն չի կարող տրվել, եթե նա ենթակա է հեռացման համաձայն սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:

6. Ուսանողի ուսումնառությունը դադարեցվում է.

1) ժամկետային պարտադիր կամ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների՝ ծառայության ընթացքում պայմանագրային զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու դեպքում,

2) հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում,

3) առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդ ձևակերպելու դեպքում:

(6-րդ կետը փոփ. 14.12.23 N 148-Ն) 

7. Հեռացված կամ ազատված արական սեռի ուսանողների վերաբերյալ հրամանները 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատության կողմից ներկայացվում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով ընդունված, սակայն հաստատությունից հեռացված (ազատված) ուսանողը զրկվում է տարկետման իրավունքից:

8. Քննություններին չներկայացած կամ ակադեմիական անբավարար առաջադիմություն ունեցող ուսանողների ակադեմիական պարտքերի անվճար հիմունքներով մարումն իրականացվում է հաստատության կողմից սահմանված կարգով ձևավորված քննական հանձնաժողովներով: Ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվում մինչև ընթացիկ կիսամյակի երրորդ շաբաթվա ավարտը:

9. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում, հաստատությունից ուսանողի հեռացման հրամանը տրվում է կիսամյակի քննաշրջանի ակադեմիական պարտքերի վերահանձնման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես գրավոր տեղեկացվում է:

10. Ուսանողի հեռացման կամ ազատման դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ պահանջի՝ հաստատության կողմից սահմանված կարգով նրան տրամադրվում են համապատասխան հրամանի պատճենը, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթը: Հաստատության կողմից հաստատված ավարտական փաստաթղթի պատճենը պահվում է ուսանողի անձնական գործում:

11. Ընթացիկ ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին թույլատրվում է մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը լրացնել առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը՝ հաստատության կողմից սահմանված կարգով և ժամկետներում ևս երկու անգամ վերահանձնելով համապատասխան առարկայական դասընթացները, որոնց ցանկը հաստատում է հաստատությունը՝ հաշվի առնելով առարկաների շարունակականության սկզբունքը, ըստ ուսումնական պլանի:

 

III. ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

12. Ուսանողական իրավունքների վերականգնումը թույլատրվում է սկսած առաջին կուրսի երկրորդ կիսամյակից, ուսուցման բոլոր ձևերում, տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակում, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքերում ուսումնառությունը դադարեցրած ուսանողների, որոնք վերականգնում են իրենց ուսանողական իրավունքներն այն պահից, երբ ընդհատել են, անկախ լիցենզիայով սահմանված տեղերի քանակից: Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան հաստատությունից հեռացված կամ ազատված ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնվում են ուսումնառությունն ընդհատելուց առնվազն մեկ կիսամյակ հետո, անկախ ուսուցման ձևից:

13. Սույն կարգի 6-րդ կետի նշված դեպքերում ուսումնառությունը դադարեցրած ուսանողները վերականգնվում են մինչև ուսումնառության դադարեցումն ունեցած կարգավիճակի պահպանմամբ: Մնացած դեպքերում ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնվում են վճարովի ուսուցման համակարգում:

14. Չի թույլատրվում հավատարմագրում չունեցող հաստատությունների (մասնագիտությունների) նախկին ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնել հավատարմագրում ունեցող հաստատություններում (մասնագիտություններում):

15. Առկա ուսուցման համակարգում ուսանողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ դիմումները ներկայացվում են ընդունող հաստատության ռեկտորին՝ կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում, իսկ հեռակա ուսուցման համակարգում` կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երեք շաբաթների ընթացքում: Վերականգնման դիմումին կցվում է ակադեմիական տեղեկանքը կամ ստուգման գրքույկի պատճենը:

16. Վերականգնման պահին միայն տվյալ կիսամյակի ակադեմիական պարտքեր ունենալու դեպքում ուսանողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ դրական որոշում կայացնելիս հաստատության կողմից տրվում է վերականգնման հրաման:

17. Առարկայական տարբերությունների կամ նախկին կիսամյակներից ակադեմիական պարտքերի առկայության դեպքում ուսանողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ դրական որոշում կայացնելիս հաստատության կողմից տրվում է կցագրման հրաման: Հաստատության կողմից սահմանված կարգով, մինչև տվյալ կիսամյակի քննաշրջանի սկիզբը, առարկայական տարբերությունները հանձնելուց (առավելագույնը մեկ վերահանձնման հնարավորությամբ) հետո՝ սովորողը հրամանագրվում է տվյալ հաստատությունում:

18. Ակադեմիական պարտքերի մարումը իրականացվում է ուսումնական պլանով նախատեսված քննաշրջանի ժամանակահատվածում՝ ներառյալ երկու վերահանձնման փուլերը:

19. Վճարովի ուսուցման համակարգում ուսանողական իրավունքները վերականգնող ուսանողի հրամանագրումը կատարվում է միայն անհրաժեշտ վճարումները կատարելուց հետո հաստատության կողմից սահմանված կարգով և ժամկետներում: Ուսանողն ազատվում է նախկինում կրեդիտներ հավաքած առարկաների ուսումնական պարապմունքներից և ատեստավորումից: Ուսանողը պարտավոր է վճարել միայն այն առարկայական դասընթացների (մոդուլների) համար, որոնք ուսումնառելու է: Վճարը հաշվարկվում է ըստ դասընթացների ընդհանուր գումարային կրեդիտների քանակի՝ հաշվի առնելով տվյալ հաստատությունում համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար տվյալ կուրսում սահմանված մեկ կրեդիտի արժեքը:

20. Ուսանողը վերականգնվում է այն կիսամյակում, որից ուսումնառությունն ընդհատվել է, եթե վերականգնման պահին վերահանձնման ենթակա առարկայական տարբերությունները և ակադեմիական պարտքերը չեն գերազանցում 20 կրեդիտը, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքերի: Հակառակ դեպքում ուսանողին առաջարկվում է իր ուսանողական իրավունքները վերականգնել ավելի ցածր այն կիսամյակից, որից ուսումնառության շարունակման դեպքում առարկայական տարբերությունների սույն կետում նշված պահանջը բավարարվում է:

21. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ուսումնառությունը դադարեցրած ուսանողը վերականգնվում է ուսումնառության դադարեցման պահից, եթե ուսանողն իր իրավունքները վերականգնելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է ուսումնառության դադարեցման պատճառը վերանալու օրվանից հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում ձմեռային զորակոչի դեպքում և երեք ամսվա ընթացքում ամառային զորակոչի դեպքում՝ անկախ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից, առաջացած առարկայական տարբերություններից ու ակադեմիական պարտքերից: Նշված ժամանակահատվածի ընթացքում վերականգնման դիմում չներկայացնելու դեպքում ուսանողը հեռացվում է հաստատությունից:

21.1. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ուսումնառությունը դադարեցրած ուսանողը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դեպքում, կարող է վերականգնել ուսանողական իրավունքները հեռակա ուսուցման համակարգում կամ մինչև պայմանագրի ավարտը երկարաձգել ուսումնառությունը դադարեցնելու ժամկետը:

(21.1-ին կետը լրաց. 14.12.23 N 148-Ն) 

22. Սույն կարգի 6-րդ կետի համաձայն ուսումնառությունը դադարեցրած ուսանողը վերականգնման պահին նախկին մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսի բացակայության դեպքում՝ հաստատության առաջարկությամբ և ուսանողի համաձայնությամբ, կարող է վերականգնվել հարակից մասնագիտությամբ (կրթական ծրագրով), իսկ վերջինիս բացակայության պարագայում՝ այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրով)՝ անկախ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից, առաջացած առարկայական տարբերություններից ու ակադեմիական պարտքերից:

23. Վճարովի ուսուցման համակարգում վերականգնված ուսանողը կարող է մասնակցել ուսանողական նպաստի հատկացման (փոխատեղման) համար անցկացվող մրցույթին առնվազն մեկ ուսումնական տարի սովորելուց հետո: Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ուսումնառությունը կարող են շարունակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ ունեցող ուսանողները:

24. Վերականգնված ուսանողի դիմումը, ակադեմիական տեղեկանքը, վերականգնման մասին հրամանի պատճենը, հաստատության հետ կնքած պայմանագիրը, միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթը և ուսման վարձավճարի վճարման անդորրագրի պատճենը պահվում են նրա անձնական գործում:

 

IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

25. Սույն կարգի 11-րդ կետի դրույթը չի տարածվում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով հաստատություններ ընդունված ուսանողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորող ուսանողների և կուրսանտների վրա:

(հավելվածը խմբ. 17.12.18 N 1676-Ն, փոփ., լրաց. 14.12.23 N 148-Ն)