Գլխավոր տեղեկություն
Номер
N 310-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.09.04-2023.09.17 Պաշտոնական հրապարակման օրը 12.09.2023
Принят
Շրջակա միջավայրի նախարար
Дата принятия
04.09.2023
Подписан
Շրջակա միջավայրի նախարար
Дата подписания
04.09.2023
Дата вступления в силу
13.09.2023

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

04 սեպտեմբերի 2023 թ. 

N 310-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻՑ ՄԱՍՀԱՆՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի մշակման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

04 սեպտեմբերի 2023 թ.

ք. Երևան

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2023 թվականի սեպտեմբերի 04-ի

N 310-Ն հրամանի

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻՑ ՄԱՍՀԱՆՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի (այսուհետ՝ Ծրագիր) մշակման կարգը, Ծրագրի կառուցվածքը, Ծրագրի փաթեթում ներառվող տեղեկատվությունը և փաստաթղթերը:

2. Ծրագրի նախագծի մշակման ընթացքում համայնքի ղեկավարը կազմակերպում է համայնքի բնապահպանական ու առողջապահական հիմնախնդիրների բացահայտման, ուսումնասիրման, գնահատման, դրանց լուծման երկարաժամկետ ու կարճաժամկետ միջոցառումների մշակման, բնապահպանական ու առողջապահական հիմնախնդիրների և համայնքի վարչական տարածքում ընկերությունների տնտեսական գործունեության միջև պատճառահետևանքային կապի ուսումնասիրման աշխատանքները։

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված՝ աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով համայնքի ղեկավարը Ծրագրի մշակման և իրականացման շրջափուլում իրազեկման միջոցառումների, քննարկումների, հանրային լսումների, առաջարկությունների ներկայացման հարթակի ստեղծման ու կիրառման միջոցով ապահովում է համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների, տնտեսվարողների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությունը։

4. Անհրաժեշտության դեպքում, Ծրագրի մշակման և իրականացման փուլերում համայնքի ղեկավարի կողմից պայմանագրային կամ կամավորության հիմունքներով ներգրավում են համապատասխան փորձագետներ։

5. Ծրագիրը ներառում է.

1) Ծրագրի նպատակը,

2) Ծրագրի խնդիրները,

3) Ծրագրի միջոցառումների իրականացման առաջնայնությունները,

4) Ծրագրի արժեքը (ըստ միջոցառումների),

5) Ծրագրի մշակման համար հիմք հանդիսացած հիմնախնդիրները,

6) տեղեկատվություն համայնքի ազդակիր բնակավայրերի ու դրանց բնապահպանական կամ առողջապահական հիմնախնդիրների վերաբերյալ,

7) կապը տվյալ մարզի կամ համայնքի զարգացման կամ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրերի կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերի կամ շրջակա միջավայրի կամ առողջապահության ոլորտներում համայնքի առաջնահերթություններից բխող առաջարկությունների հետ,

8) տեղեկատվություն՝ Ծրագրի իրականացմանը պետական կառավարման համակարգի մարմինների կամ այլ կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) մասնակցության վերաբերյալ,

9) տեղեկատվություն Ծրագրի շահառուների վերաբերյալ,

10) տեղեկատվություն Ծրագրի համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),

11) Ծրագրի կատարողականի կանխատեսումը (քանակական և որակական ցուցանիշներ` ըստ առանձին միջոցառումների),

12) Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները (կարճաժամկետ և երկարաժամկետ),

13) Ծրագրում ներառված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի պատճենները կամ տեղեկատվություն դրանց ստացման ուղղությամբ իրականացվող կամ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։

6. Ծրագրի ֆինանսական արժեքը գնահատվում է ծրագրի նախահաշվային արժեքի հաշվարկման միջոցով: Նախահաշվային ծախսերը հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի կամ տվյալ տարվա բյուջետային ծախսերի հաշվարկման համար ֆինանսների ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատված՝ պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումներին համապատասխան:

7. Սույն որոշման դրույթները տարածվում են նաև հաստատված Ծրագրերում նախատեսվող փոփոխությունների մշակման վրա։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան